Բարեւ, աստղեր՝ որ դրվում են բանաստեղծությունից
վերեւ՝ որպես վերնագիր։ Վաղուց ձեզ չեմ տեսնում,
չեմ լսում, չեմ... գրում։
Աստղեր...
Իսկ ես ընդամենը մի կույր ճրագ ունեմ, որով
կորամեջք շրջում եմ գիշերում, չեմ ուզում ոչ մեկին
հանդիպել, չեմ ուզում ոչ մեկին տեսնել, ուզում եմ
մեռնել։
Թող նա չգա։ Չլսի։ Չիմանա։ Թող նա
զրկվի ինձ հիշելու կարողությունից, ինձ համար թեկուզ
բույլ մը հառաչ արձակելու առիթից,
թող նա գնա մոլորված։
Աստղեր։
Որքան եմ շտապում դեպի առավոտը, որ նրան
ասեմ՝ ատում եմ։ Բայց ափսոս չե՞ն սերը,
առավոտը։ Ատո՞ւմ եմ։ Կատեմ, կատեմ... իմ մեռնելուց հետո։
Աստված իմ։
Ինձ մի պահիր այնքան, որ իմ աչքով տեսնեմ
իմ կործանումը։ Չեմ ուզում։ Տար
ինձ, Աստված։ Գիտեմ, որ շիրմիս վրա, եթե ունենամ
շիրիմ, երեք ծաղիկ, առանց որեւէ մեկի օգնության,
միշտ կբուսնեն՝ որպես բանաստեղություններից վերեւ դրվող
աստղեր։ Ու ես միշտ կլինեմ չգրված, անգրելի խոսք։
Աստղեր...