Jump to content

Բացակա ձայներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԲԱՑԱԿԱ ՁԱՅՆԵՐ


Ճանապարհս (կամ՝ ես) ավելի շատ կայծակների լույս
        է տեսել, քան՝ լույս։ Իմ շղթան օղակներից չէ
        հյուսված, այլեւ տարբեր ու հաճախ
        իրարամերժ ձայներից, ասենք՝ քար, սեր, թռչուն, ամպ,
        ծաղիկ, արյուն եւ այլն։ Ո՞վ է մթան պատվիրատուն։

Հազար տարվա ծանոթ աստղերն անգամ, որոնց հետ զրուցում էի
        իմ սիրո մանկասիրտ գիշերներին, օտար երկրում անվեր-
        ծանելի նշաններ են թվում։ Փուշը հակավարդ է եւ,
        միաժամանակ, հովանավոր բույրի։
        Իմ ամբողջ կյանքը ուսումնասիրություն է մերժումի։

Հեռավորությունն, անշուշտ, հայկական երեւույթ է, ազգային հասկացություն։
        Իմ արյան գնդիկները մեկ-մեկ խոսում են (դեռեւս
        չհայտնաբերված մոլորակներում) անմիաբանությամբ իրար
        սիրող հայրենակիցներիս հետ։ Իսկ Պաուլո Կոելհոն ինձ հետ
        զրուցում է բառերից անդին գտնվող ինչ որ լեզվով։

Հասունանում է հեռուն քայլերի մեջ։ Բառերը լույսի առաքյալներ են։
        Քո չասած խոսքով ես ավելի հեռուն եմ գնում,
        քան՝ հեռուն գնալով։ Մեր Մասրուտի
        թումբում այն է ով է, կանգնել է այնպես, որ ուսին իջած
        ոչ ոսկե աքաղաղն «անընդհատ կարծում է, թե օրը նոր է բացվում»։

Ես (կամ՝ ճանապարհս) ավելի շատ կայծակների լույս եմ տեսել, քան՝
        լույս։ Ինչի դիպչում է ձեռքս (քար, թուփ, մեղեդի), իմ
        ձայնով զրնգում է՝ ծաղկաթափուր դաշտերին
        բերելով հոգիս։ Ես միայն ես չեմ։ Ճամփեզրի ծառին
        երգում էին երեք թռչուններ, թեպետ նրանցից մեկը չէր երգում։