Բաց նամակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Բաց նամակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին

Արա Պապյան

Հարգելի՛ պարոն խմբագիր,

Ձեր թերթում ս.թ. սեպտեմբերի 3-ի հրապարակած առաջնորդողը Դուք ավարտում եք մի շատ կարևոր հարցադրումով. «Պետք է վերջապես հստակեցնել՝ արդյո՞ք Ցեղասպանության միջազգային ճանաչումը և պահանջատիրությունն այսօր մեր պետության ամենաառաջնակարգ և ամենահրատապ խնդիրներն են»: Հաշվի առնելով վեցշաբաթյա քննաշրջանը, որի մեջ ներկայումս գտնվում է հայ ժողովուրդը՝ միանգամայն ժամանակին արված հարցադրում է:

Փորձեմ ինքս պատասխանել այդ հարցադրմանը և միևնույն ժամանակ հույս հայտնել, որ իրենց քաղաքական գործիչ համարող անձինք, իսկ դրանք գրեթե անհաշիվ են Հայաստանում, նույնպես կարձագանքեն Ձեր հարցադրմանը:

Անձամբ ինձ համար Ցեղասպանության ճանաչումն առաջնային ու էական չէ և չի եղել, թեև անձնապես մեծ և բարեավարտ ջանքեր եմ գործադրել ճանաչման ուղղությամբ [օրինակ, Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը]: Ցեղասպանության ճանաչման գործընթացը պետականազուրկ հայ ժողովրդի սփյուռքի հատվածի միակ հնարավոր գործողությունն էր՝ նպատակամղված մասնակի՝ բարոյական, հատուցում ստանալուն: Իհարկե կար և կա Ցեղասպանության ճանաչումը նյութական և տարածքային հատուցումով «պտղավորելու» աղոտ ձգտումը, որի իրականացման գործնական ուղին մինչև հիմա ինձ համար անըմբռնելի է մնում:

Բոլորովին այլ է պահանջատիրության հարցը: Ընդհանրապես, պահանջատիրություն բառն ընկալվում է որոշակի բացասական ստվերով, ուստի ներկա հայ քաղաքական կյանքում, հատկապես պետականամերձ շրջանակներում, դրանից հեռու մնալու ձգտում կա: Պահանջատիրությունը «claims under international law» (պահանջներ՝ ըստ միջազգային իրավունքի) երկարաշունչ եզրույթի բավականին հաջող թարգմանությունն է: Պահանջները և պահանջներին հետամուտ լինելը միջազգային հարաբերությունների մեջ մշտապես գոյություն ունեցող երևույթներ են, և դրա մեջ ինքնին որևէ բացասական բան չկա: Պահանջատիրության բնույթը որոշվում է ոչ թե պահանջի ընդգրկմամբ, այլ նրա օրինական կամ անօրինական լինելով, այսինքն՝ տվյալ երկրի հավակնությունները որքանով են խարսխված միջազգային իրավունքի վրա: Այս առումով, ՀՀ տարածքային իրավունքները միանգամայն անթերի են, քանի որ խարսխված են անժամանցելի և անբեկանելի միջազգային փաստաթղթի՝ այն է Իրավարար վճռի (Arbitral Award) վրա: Ավելին, հայոց պահանջատիրության հարցը, որն ըստ էության հայրենատիրության ջատագովություն է, նաև մարդու իրավունքների հարց է, քանի որ այն կոչված է վերականգնելու սեփական հայրենիքից ու ազգային ժառանգությունից զրկված անհատ մարդու և միևնույն հանրությանը պատկանող անհատների հավաքական իրավունքը:

Այսուհանդերձ, ես կողմ եմ պահանջատիրության քաղաքականությանը ոչ թե այն պատճառով, որ դրա օրինական իրավունքն ունենք կամ միայն ուզում եմ օգնել իմ հայրենակիցներին վերականգնել մեր ոտնահարված իրավունքները, այլև այն պատճառով, որ դա՛ է հայոց պետականության հզորացման միակ հնարավորությունը, ըստ այդմ՝ հայ ժողովրդի հարատևման եզակի ուղին:

Ուղին, որով այսօր փորձում են ընթանալ ՀՀ իշխանությունները, ամենադյուրին, սակայն անհեռանկարային ճանապարհ է: Դրանով չի լուծվում ՀՀ առջև ծառացած և ոչ մի կենսական խնդիր, այն է՝

ա) պետության ինքնիշխանության և այդ պետության քաղաքացիների անվտանգության ապահովումը,
բ) երկրի տնտեսական զարգացման և այդ երկրի քաղաքացիների բարեկեցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը,
գ) նախորդ երկուսի հենքի վրա, այսինքն՝ ապահով և բարեկեցիկ երկրի մեջ, ազգային ինքնության և մշակույթի զարգացումը:

Մենք անասելի բարձր գնով Վրաստանից մեր կախվածության փոխարեն ստանում ենք կախվածություն Թուրքիայից, այսինքն՝ դառնում ենք Թուրքիայի բարեհաճության և ներքին կայունության պատանդը:

Վերջերս հայաստանյան թերթերից մեկը, նկատի ունենալով Հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունների վերաբերյալ իմ արտահայտած մտքերը, գրել էր, որ ես ամենահոռետեսական կանխատեսումներն եմ արել: Ուզում եմ հիշեցնել, որ հոռետեսները ուղղակի լավ տեղեկացված իրատեսներ են: Ես պարզապես շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է մեզ սպասում, եթե ստորագրենք վերոհիշյալ արձանագրությունները...

Այսօր մենք միջազգային հարաբերություններում անհամամասնորեն մեծ տեղ ենք գրավում, քանի որ համաշխարհային ուժերը Հայաստանի նկատմամբ իրավական և բարոյական պարտավորություններ ունեն: Բնական է նրանց ձգտումը՝ ձերբազատվելու դրանցից: Ի վերջո, այսօր Հայաստանն այս ծանր վիճակի մեջ է նաև նրանց մեղքով և Հայաստանի հանդեպ իրենց դաշնակցային պարտավորություններն ուրանալու պատճառով:

Ուրեմն այսպես, հայ-թուրքական հարաբերությունների՝ այսպես կոչված կարգավորումից հետո, մենք պարզապես կդադարենք աշխարհի քաղաքական հոլովույթի մեջ գոյություն ունենալուց և կդառնանք ոչինչ՝ ռուսական ռազմական միջուկով Թուրքիայի տնտեսական կցորդը: Պահանջատիրությունը այն զրոն է, որը տասնապատկում է մեր դերն ու նշանակությունը:

Ուզում եմ հավատալ, որ դա հասկանում է նաև երկրի քաղաքական ղեկավարությունը, քանի որ նույն այն ուժերը, որ այսօր ՀՀ իշխանություններին դրդում են ուրանալու պետության և ազգի օրինական իրավունքները, վաղն առաջին հերթին օգնելու են իշխանափոխություն իրականացնել Հայաստանում: Անհեռատեսություն է քաղաքականության մեջ հույսը դնել երախտագիտության վրա: Եթե մեկն այսօր նոր էջ է բացում պատմության մեջ, պիտի ընդունի նաև, որ նոր էջը լրացնելու են նոր մարդիկ: Առավել ևս, երբ դրանով թուլացնելու է իր դիրքերը: Այսօր, ըստ ամենայնի, մենք կորցրել ենք ազգային ինքնապահպանման բնազդը: Սակայն արդյո՞ք մենք ինքնապահպանման բնազդը կորցրել ենք նաև անհատական մակարդակի վրա... դա ցույց կտան առաջիկա շաբաթները:

Այսպիսով, Հայոց պահանջատիրությունն է Հայաստանի Հանրապետության կենսապահովման միակ հնարավորությունը, հայ ժողովրդի արժանապատիվ գոյության միակ հենքը:


03 սեպտեմբերի, 2009թ.