Բաց նամակ «Հայոց աշխարհ» թերթի խմբագիր Գագիկ Մկրտչյանին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բաց նամակ «Հայոց աշխարհ» թերթի խմբագիր Գագիկ Մկրտչյանին

Արա Պապյան

Հարգելի՛ պարոն խմբագիր,

Միջպետական հարաբերություններում առկա խնդիրները կարելի է լուծել չորս ճանապարհով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և իրավական կամ դրանց համադրմամբ: Իրատեսական մոտեցման դեպքում ակնհայտ է, որ նշածս առաջին երեք ոլորտներում մենք ավելի թույլ ենք և մշտապես ավելի թույլ ենք լինելու, քան Թուրքիան: Միակ ոլորտը, որտեղ մենք ոչ միայն չենք զիջում, այլև Թուրքիայի նկատմամբ էական առավելություն ունենք, միջազգային իրավունքն է:

«Հայոց աշխարհ» օրաթերթի սեպտեմբերի 19-ի համարի առաջին էջի լուսանկարի տակ կա հետևյալ պնդումը. «Արձանագրությունների վավերացումը չէ, որ պետք է խանգարի տեր կանգնելու մեր հողերին»: Սա Վազգեն Մանուկյանի պնդումն է և, քանի որ այն ակնառու զետեղված է առաջին էջում, նաև՝ Ձերը:

Թո՛ւյլ տվեք չհամաձայնել ձեզ հետ: Արձանագրությունների ստորագրումը, առավել ևս վավերացումը հետագայում էապես խանգարելու են մեզ «տեր կանգնելու մեր հողերին»: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 5-րդ կետն ամրագրում է «գոյություն ունեցող սահմանի» ճանաչման փոխադարձ պարտավորություն: Սա նշանակում է ոչ միայն հրաժարում հայոց հողային պահանջներից, այլև երբևէ պահանջելու իրավունքից:

Միջազգային իրավունքի մեջ գոյություն ունի էստոպելի (estoppel) սկզբունքը: Այսինքն, երբ կողմերից մեկն իր անգործությամբ (ինչպես եղել է նախորդ տարիներին) կամ գործողությամբ (ինչպես ուզում են անել ս.թ. հոկտեմբերի 13-ին) հստակ հասկացնում է, որ հաշտվել է ստեղծված իրավիճակին կամ համարում է հարցը լուծված, ապա նա զրկվում է հետագայում նույն հարցը վերաբացելու հիմքերից և իրավունքից: Արձանագրությունների ստորագրումը մեզ կզրկի ապագայում մեր իրավունքները վկայակոչելուց:

Քաղաքական զարգացումներն անկանխատեսելի են: Թող որևէ մեկն այսօր չհավակնի քաղաքական պայծառատես գուրու լինել: Երբ 1989թ. գարնանը ՆԱՏՈ-ի ամենաբարձր ուսումնական հաստատության (NATO Defence College) 72 ուսանողների (ցածրագույն զինվորական աստիճանը՝ գնդապետ, ցածրագույն դիվանագիտական աստիճանը՝ խորհրդական) հարցրել էին. «Արդյո՞ք ձեր կյանքի օրոք հնարավոր է երկու Գերմանիաների միավորումը», – 72-ից 72-ը ասել էր՝ ՈՉ: Վեց ամիս հետո (1989թ. նոյեմբերի 9-ին) Գերմանիաներն արդեն միացած էին, իսկ մեկուկես տարի հետո (1990թ. հոկտեմբերի 3-ին)՝ պաշտոնապես միավորված:

Այո՛, այսօր մեր երկիրը ծանր վիճակի մեջ է, ավելի ծանր, քան շատերն են պատկերացնում կամ ներկայացնում: Այսուհանդերձ, դրա մեղավորը մեր զավակները չեն: Մեղավորը մենք ենք: Հետևաբար, մենք իրավունք չունենք մեր զավակների հաշվին լուծել մեր խնդիրները: Մենք իրավունք չունենք նրանց համար փակել ապագա հնարավորությունների դուռը:

Արձանագրությունները ելք չեն իրավիճակից: Հնդկացիների նման չտանք մեր հայրենիքը փայլփլուն ուլունքների դիմաց:



19 սեպտեմբերի, 2009թ.