Jump to content

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պրն. Էդ. Նալբանդյանին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պրն. Էդ. Նալբանդյանին

Մեծարգո՛ պարոն նախարար,

Ս.թ. հոկտեմբերի 1-ին Հայաստան-Թուրքիա չարաբաստիկ զույգ արձանագրություններին նվիրված խորհրդարանական լսումների ավարտին, նախապես Ձեզ ուղղված հարցերին ի պատասխան Դուք հայտարարել եք հետևյալը. «Վիլսոնի որոշումն իրավական ուժ չունի, քանի որ այն չի վավերացվել ԱՄՆ Սենատի կողմից»: (Նախապես ներողություն եմ խնդրում, եթե Ձեր բառերն ինձ փոխանցելիս որոշ նրբերանգային փոփոխություններ կրած լինեն: Սակայն, կարծում եմ, որ միտքը ճիշտ է փոխանցվել): Ցավում եմ, որ այդ պահին արդեն դահլիճում չէի: Ես չէի կարող կանխատեսել, որ Ձեր պատասխանները կարող են տեղափոխվել օրվա վերջում և նախնական պայմանավորվածության պատճառով ստիպված էի հեռանալ ԱԺ դահլիճից:

Սակայն չկա չարիք առանց բարիքի: Հիմա ստիպված եմ բաց նամակով պատասխանել Ձեր պնդմանը: Վայել չէ նախարարի խոսքը թողնել անպատասխան: Դուք բառացիորեն կրկնել եք Ձեր համերկրացի Անդրանիկ Միհրանյանի՝ 2 շաբաթ առաջ Երևանում արտասանած միտքը: Այդ առիթով ես պատիվ ունեցել եմ արդեն պարզաբանումներ տալու, ուստի կկրկնեմ իմ իսկ փաստարկները:

Դուք, ինչպես և պրն. Միհրանյանը, ակնհայտորեն շփոթել եք ժամանակագրական առումով իրար շատ մոտ, սակայն 2 տարբեր՝ Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների վերաբերյալ հարցերը, հետևաբար, երկուսդ էլ հանգել եք սխալ եզրակացության: Հաշվի առնելով խնդրի այժմեականությունը՝ նպատակահարմար եմ գտնում համառոտակի անդրադառնալ վերոհիշյալ հարցերին:

Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների հարցը

[խմբագրել]

Փարիզի խաղաղության վեհաժողովն ի վերջո անդրադարձավ Օսմանյան կայսրության հիմնահարցերին Սան Ռեմոյի նիստի ժամանակ՝ 1920թ. ապրիլի 24-27: Այս հարցի շրջանակում Վեհաժողովը ձեռնամուխ եղավ Հայաստանի հետագա ճակատագրի հստակեցմանը: Ըստ այդմ, Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) 1920թ. ապրիլի 26-ին պաշտոնապես դիմում հղեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին երկու՝ իրարից անկախ խնդրանքով, որ.

ա) Միացյալ Նահանգներն ստանձնեն Հայաստանի մանդատը (the United States to assume a mandate for Armenia),
բ) ԱՄՆ նախագահն իրավարարությամբ վճռի Հայաստանի սահմանները (to arbitrate the frontiers of Armenia):[1]

Նշյալ հարցերն իրարից էապես տարբեր էին, հետևաբար ունեին և տարբեր հասցեատերեր ու գտնվում էին տարբեր իրավասությունների շրջանակներում:

Առաջին՝ մանդատի հարցով Փարիզի վեհաժողովը դիմում էր ԱՄՆ-ին՝ որպես պետության: Նման խնդրանքի իրավական հիմքը Ազգերի լիգայի Կանոնադրության (Covenant) 22-րդ հոդվածն էր, համաձայն որի՝ Ազգերի լիգայի անդամ-պետությունները կարող էին Ազգերի լիգայի անունից իրականացնել խնամակալություն (tutelage): Քանի որ այս հարցը վերաբերում էր միջազգային պայմանագրով ստանձնելիք պարտավորությանը, ուստի ԱՄՆ նախագահը, ըստ ԱՄՆ սահմանադրության, պիտի ստանար ԱՄՆ սենատի «խորհուրդն ու համաձայնությունը»: Այսու, ԱՄՆ Սենատը, 1920թ. մայիսի 24-ից հունիսի 1-ը քննության առնելով Հայաստանի մանդատը ստանձնելու հարցը, քվեարկությամբ մերժեց այն: Բուն պատճառն այն էր, որ ԱՄՆ չէր հանդիսանում Ազգերի լիգայի անդամ, հետևաբար բացակայում էր այդ կազմակերպության անունից որևէ գործողություն կատարելու համար իրավական հիմքը:

Երկրորդ՝ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն իրավարարությամբ որոշելու հարցը չի եղել Սենատի լիազորությունների շրջանակում, ուստի ԱՄՆ օրենսդիր մարմինը չէր կարող և երբևէ չի անդրադարձել այդ հարցին: Միջպետական իրավարարությունը (international arbitration) միջազգային իրավունքի հարց է և կառավարվում է բացառապես միջազգային հանրային իրավունքով: Հետևաբար, հայցադիմումի 2-րդ կետին, դեռևս Սենատի կողմից Հայաստանի մանդատի հարցի քննարկումներն սկսելուց 1 շաբաթ առաջ՝ 1920թ. մայիսի 17-ին, նախագահ Վիլսոնը տվել է դրական պատասխան և ստանձնել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի լիազորությունն ու պարտականությունները: Այսինքն՝ Սևրի պայմանագիրը կլիներ, թե՝ ոչ, իրավարարության օրինական հայցադիմումը կար, հետևաբար օրինական վճիռը կայացվելու էր:

Հարցի հետագա ընթացքը համեմատաբար ավելի հայտնի է: Սան Ռեմոյի (26.04.1920թ.), ինչպես նաև Սևրի (10.08.1920թ.) հայցադիմումների (compromis) հիման վրա, ԱՄՆ նախագահ Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին կայացնում է Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը (Arbitral Award), որն, ըստ պայմանավորվածության, ուժի մեջ է մտնում անմիջապես և առանց նախապայմանների: Երկու օր հետո՝ նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ՝ Խաղաղության վեհաժողովի և Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն՝ Հայաստանի Հանրապետությունը, 1920թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց:

Վիլսոնի իրավարար վճռի կարգավիճակի հարցը

[խմբագրել]

Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրավարար վճիռ, եթե իրականացվել է առանց ընթացակարգային խախտումների, ոչ միայն վերացականորեն «իրավական ուժ» ունի, այլև անվերապահորեն պարտադիր է կատարման համար (binding document): Ավելին, իրավարար վճիռները «վերջնական են և անբեկանելի» (final and without appeal):[2] «Իրավարար վճիռն իրավարարի վերջնական և կատարման համար պարտադիր որոշում է» (The arbitral award is the final and binding decision by an arbitrator):[3]

Իրավարար վճիռների վերջնական և անբեկանելի լինելը ամրագրված է (codified) միջազգային իրավունքի մեջ: Ի մասնավորի՝ Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes)՝ 1899թ. խմբագրման #54 և 1907թ. խմբագրման #81 հոդվածներում:

Վերոշարադրյալից ակնհայտ է, որ Իրավարար վճիռը՝

ա) ինքնին պարտադիր և անբեկանելի վճիռ է,
բ) կարիք չունի ներպետական որևէ վավերացման կամ հավանության:

Ըստ այդմ, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն իր Իրավարար վճռով մեկընդմիշտ որոշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մեջ է առ այսօր և ենթակա չէ բեկանման:


Անդրադառնանք մի կարևոր հարցի ևս. Իսկ ԱՄՆ իշխանական և հանրային կառույցները երբևէ որևէ դիրքորոշում արտահայտե՞լ են նախագահ Վիլսոնի՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող իրավարար վճռի նկատմամբ:

ԱՄՆ գործադիր իշխանության դիրքորոշումը

[խմբագրել]

ԱՄՆ բարձրագույն գործադիր իշխանությունը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրավարար վճիռը, այլև վավերացրել է այն և, ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրենսդրության մաս (the law of the land): ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց ստորագրություններով և Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության Մեծ կնիքով (The Great Seal of the United States) վավերացրել են իրավարար (Arbitrator) Վիլսոնի վճիռը: Ըստ միջազգային իրավունքի՝ իրավարարի անձնական ստորագրությունը և կնիքը, եթե կա այդպիսին, միանգամայն բավարար են Իրավարար վճռի վավերականության համար: Վիլսոնը կարող էր բավարարվել միայն իր ստորագրությամբ կամ նաև իր նախագահական կնիքով: Այդ դեպքում վճիռը կլիներ անհատական, թեկուզ և նախագահական, պարտավորություն: Սակայն Իրավարար վճիռը վավերացված է պետության մեծ կնիքով և ամրագրված է այդ կնիքի պահապան (keeper) պետքարտուղարի կողմից: Ըստ այդմ, Վիլսոնի իրավարար վճիռը Միացյալ Նահանգներ պետության անվերապահ պարտավորությունն է:

ԱՄՆ օրենսդիր իշխանության դիրքորոշումը

[խմբագրել]

Ինչպես նշել էի վերը, Իրավարար վճիռները ենթակա չեն որևէ օրենսդրական հավանության կամ վավերացման: Հետևաբար, ԱՄՆ Սենատը, որին՝ ըստ ԱՄՆ սահմանադրության, վերապահված է արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալու իրավունքը, երբևէ ուղղակիորեն քննության չի առել հայ-թուրքական սահմանը որոշող իրավարար վճիռը: Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը միանշանակորեն, առնվազն մեկ անգամ, արտահայտել է իր վերաբերմունքը նշյալ վճռի նկատմամբ:

Երբ 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923թ. օգոստոսի 6-ի թուրք-ամերիկյան պայմանագրին հավանություն տալ, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մեկն այն էր, որ «Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդեպ» (failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia):[4] Այդ առիթով սենատոր Ուիլյամ Քինգը պաշտոնական հայտարարության մեջ շատ ավելի հստակ է արտահայտվել. «Ակնհայտորեն Միացյալ Նահանգների կողմից ոչ ճիշտ և անհիմն կլիներ հավատ և հարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հավաստիացումներին, քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողության ու ինքնիշխանության տակ պահել Վիլսոնյան Հայաստանը» (Obviously it would be unfair and unreasonable for the United States to recognize and respect the claims and professions of Kemal so long as he persist in holding control and sovereignty over Wilson Armenia):[5] 1927թ. Սենատի քվեարկությունը միանշանակորեն վկայում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը 1927թ. վավերական և իրավական ուժ ունեցող վճիռ է եղել: Դրանից հետո իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվել, հետևաբար, այն շարունակում է ուժի մեջ մնալ առ այսօր: Առանձնակի շեշտեմ, որ վերոհիշյալ քննարկումն ու քվեարկությունը տխրահռչակ զույգ արձանագրությունների մեջ վկայակոչված «սահմանը որոշող համապատասխան պայմանագրերից» տարիներ հետո էին:

Ի դեպ, առ այսօր թուրք-ամերիկյան հարաբերությունների վերահաստատումը չունի պայմանագրային հիմք և այդտեղ առկա են բազմաթիվ բաց մնացած և խնդրահարույց իրավական հարցեր:

ԱՄՆ հանրային կառույցների դիրքորոշումը

[խմբագրել]

Միացյալ Նահանգներում ամենակարևոր հանրային կառույցները կուսակցություններն են: Կուսակցությունների ծրագրային հիմնադրույթները ամփոփվում են Կուսակցությունների հիմնածրագրի (Party Platform) մեջ, որոնք հաստատվում են կուսակցությունների համագումարների կողմից: Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը (ներկա նախագահ Օբամայի կուսակցությունը) 2 անգամ՝ 1924թ. և 1928թ., պաշտոնական դիրքորոշում է արտահայտել Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ:

Դեմոկրատական կուսակցությունը 1924թ. իր ծրագրի մեջ առանձին տողով՝ որպես հիմնադրույթ-նպատակ, ամրագրել է «Հայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրականացումը» (Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia):[6] Դեմկուսի 1928թ. ծրագիրը մի քայլ առաջ է գնում և խոսում է ԱՄՆ՝ որպես պետության և Դաշնակից պետությունների «խոստումների և պարտավորությունների» մասին. «Մենք զորակցություն ենք հայտնում Միացյալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղված են Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդող տարիներին Միացյալ Նահանգների և դաշնակից ուժերի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին տված խոստումների և պարտավորությունների իրականացումն ապահովելուն»:[7] Հայաստանին ԱՄՆ տված միակ անկատար «խոստումն ու պարտավորությունը» եղել և մնում է Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ:


Մեծարգո՛ պարոն նախարար,

Դուք նաև ասել եք, որ «Հայաստանը ԽՍՀՄ պայմանագրերի իրավահաջորդն է»: (Դարձյալ ներողություն, եթե նրբերանգային անճշտություններ կան):

Դուք ճիշտ չեք: ԽՍՀՄ իրավահաջորդը Ռուսաստանի Դաշնությունն է: Նայե՛ք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմին: Միջազգային ինքնությունը (international personality) չի կարող տրոհվել: Երբ, օրինակ, Հնդկաստանը տրոհվեց Հնդկաստանի և Պակիստանի, ինքնությունը չբաժանվեց: Այն ժառանգեց Հնդկաստանը, իսկ Պակիստանը ստիպված էր քայլ առ քայլ կերտել իր միջազգային ինքնությունը, այսինքն ստորագրել պայմանագրեր, հաստատել հարաբերություններ: Երբ Պակիստանից բաժանվեց Բանգլադեշը, Պակիստանի ինքնությունը չտրոհվեց և Բանգլադեշը սկսեց սեփական միջազգային ինքնության կերտումը:

ԽՍՀՄ տրոհման պարագայում էլ ինքնության անվերապահ ժառանգորդը ՌԴ-ն էր, բայց ոչ երբեք՝ Հայաստանը: Նորաստեղծ Հայաստանը, ինչպես նաև մյուս նորանկախ երկրները, ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագրի 12-րդ հոդվածով hռչակել են սոսկ հետևյալը. «Բարձր պայմանավորվող կողմերը երաշխավորում են նախկին ՍՍՀ Միության պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը»:[8] Այսինքն՝ նորաստեղծ պետությունները ստանձնել են որոշակի վարքականոնային պարտավորություններ, սակայն սա չի նշանակում, որ սկսել են մաս կազմել ԽՍՀՄ կնքած պայմանագրերին: Հակառակ պարագայում, ՀՀ կարիք չէր ունենա մեկ առ մեկ կամ միանալու բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, պայմանագրերի, արձանագրությունների, որոնց վաղուց ի վեր մաս էր հանդիսանում ԽՍՀՄ-ը: Օրինակ, ՀՀ-ն այս օրերին հաճախ հիշատակվող Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային (1961թ.) միացել է 1993թ. հուլիսի 23-ին, այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ը (ներկայումս՝ ՌԴ) նշյալ կոնվենցիային մաս է կազմել 1964թ. փետրվարի 11-ից:

ԽՍՀՄ պարագայում գործել է tabula rasa-ի (մաքուր տախտակի) սկզբունքը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից Հարավային Կովկասի երկրները եղել են բռնատիրված երկրներ, որովհետև երբ 1920/21թ. բոլշևիկյան Ռուսաստանը վերանվաճեց Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, դրանք արդեն ճանաչված երկրներ էին: Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ պայմանագրերի իրավահաջորդը չէ, («երկրի համար ընդհանրապես իրավական հիմք չի կարող առաջացնել որևէ պայմանագիր կամ պարտավորություն, եթե տվյալ երկրի պաշտոնյաները բացահայտորեն գործել են օտար ուժի հրահանգով»[9]), այլև Սովետական Ռուսաստանի (1920-1922թթ.), ապաև ԽՍՀՄ բռնատիրության (1922-91թթ.) տարիներին ՀՀ տարածքի որևէ փոփոխություն օրինական չի եղել. «բռնատիրման ժամանակ երկրի տարածքի որևէ մասի զիջում հետևանազուրկ է»:[10]

Ընդունեցե՛ք, պարո՛ն նախարար, հարգանացս խորին հավաստիքը:

Հ.Գ. Պարո՛ն նախարար, եթե համաձայն չեք իմ փաստարկներին, խնդրում եմ ինձ հրավիրել ուղիղ եթերում բանավեճի: Ձեր լռությունը, այսինքն՝ բանավեճի հրավերի բացակայությունը կդիտարկվի որպես իմ փաստարկներին համաձայն լինելու նշան:


Հղումներ և ծանոթագրություն

[խմբագրել]
  1. Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, App I, No 10. (The National Archives, Washington, 760J.6715-760J.90C/7).
  2. Schlochauer H.-S. Arbitration, In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of the Public International Law, Amsterdam, 1992, v. I, p. 226.
  3. A Dictionary of Arbitration and its Terms (ed. by Seide K.), NY, 1970, p. 32.
  4. Lausanne Treaty is Defeated. Davenport Democrat, 19 Jan 1927, p. 1.
  5. The New York Times, 19 Jan 1927, p. 1.
  6. National Party Platforms (1840-1968) (compl. by Porter K., Johnson D.), Urbana-Chicago-London, 1972, p. 277.
  7. National Party Platforms (1840-1968) (compl. by Porter K., Johnson D.), Urbana-Chicago-London, 1972, p. 277.
  8. ՀՀ ԱԳՆ պաշտոնական տեղեկագիր, 20.12.2004թ., #3(11), էջ 13:
  9. Brownlie I. Principles of Public International Law. Oxford, 5th ed., 2001, p. 449.
  10. Fiedler W. Continuity. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of Public International Law. Amsterdam, 1992, v. I, p. 808.


2 հոկտեմբերի, 2009թ.