Jump to content

Բեդոլվաթ տղեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

39. ԲԵԴՈԼՎԱԹ ՏՂԵՆ

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի թագավոր: Էս թագավորը ունենում ա իրեք տղա։ Էս տղեքը քանի պուճուրին, գլխները դինջ ապրում ին, համա որ մենծանում են, իրանց յաշն առնում, էլ «ջրները մի առվով չի էթում»։

Ասսու իրան օրը ուշունց, կռիվ, ղալմաղալ, տուր ու դմփոց, մախլասի՝ էլ իրար հեննա յոլա չեն էթում։

Օրեն մի օրը գալիս են իրանց հորն ասում․— Թագա՛վորն ապրած կենա, չունքի իրար հեննա չենք կարում յոլա էթա, ուզում ենք բաժանվի, ի՞նչ կասես:

— Դո՛ւք գիտաք, ա՛յ որդիք,— ասում ա հերը,— որ յոլա չեք էթում, ամեն օր իրար «յախից ձավար եք հավաքում», լավն էն ա բաժանվեք, ամեն մարդ իրա փայն առնի, էթա՛ իրա հմար տուն դնի ո՛նց ուզում ա ապրի։

Էս թագավորն ա՝ բերում ա տղեքանցը ամեն մեկին իրա փայը տալի, ճամփու դնում։ Էս աղպորտանցից ամեն մեկը իրա փայն առնում ա, էթում ա իրա հմար ջոկ տուն դնում, պսակվում, տնավորվում, ապրում։ Համա մենծ աղպերը քոմմըքից բեդոլվաթ դուս էկավ. իրա փայը տարավ սաղ կերավ, փչացրեց, ղրաղին կաննեց: Գնաց էլ եդ հոր յախեն կպավ, թե իրա փայը աղպորտանց փայիցը քիչ ա էլե, ղոռով-գյուջով էնքամ արեց, որ հորիցը ինչքամ աղաք էր առե, մի էնքամ էլ հմի առավ: Էլի տարավ կերավ, էն դիհը կաննեց: Էկավ հորիցը էլի թազադան փայ ուզեց, տարավ ըն էլ խժռեց, կունդ արեց, էլ եդ էկավ հոր յախեն կպավ, թազադան փայ ուզեց։ Մախլաս՝ ըսենց չորս-հինգ հետ փայ ուզեց, տարավ կեր ու խումի տվեց, փչացրեց, մնաց մատը լպստելոն։

Վերջը էս մենծ աղպերը ինքն իրան միտք արեց. «Մի էթամ,— ասեց,— ասսու կուշտը դանդատ, տենամ ես ինչ մեղքի տեր ի, որ իմ մալ ու դոլվաթը ըս էլ քանի հետ ձեռիցս առավ, թողաց աղքատ, քյաֆրի ֆողումը։ Է՛ն ինչ աղպորտանցս դհա հարստացրեց, դհա մալ ու դոլվաթի տեր շինեց»։

Ճամփի թադարեք տեհավ, մի քանի ամսվա պաշար վե կալավ, վե կացավ, ընկավ ճամփա՝ դպա ասսու կուշտը։

Էկավ, էկավ, էկավ, մի օր, էրկու օր, իրեք օր, չորս օր, մախլասի՝ մի շաբաթ, մի մեշի միշի սրան մի յարա-փարեն կոխած, քոսոտ Արջ ռաստ էկավ։

Արջը սրան որ տեհավ, հարցրեց.— Թագա՛վորի ցեղ, էդ ո՞ւր ես էթում։

— Էթում եմ,— ասեց,— ասսու կուշտը գանգատ․ էնքա՜մ մալ ու դոլվաթ, էնքա՜մ հարստություն ունեի, քոմմա ձեռիցս գնաց, մնացի ըսենց աղքատ, օրեն հացի մուրացկան։ Հմի էթում եմ,— ասեց,— ասսու կուշտը, մի հարցնեմ, տենամ մեղքս ի՞նչ ա, որ ինձ էս օրը քցեց։

— Բա՛ս որ ըտենց ա,— ասեց Արջը,— ես էլ իմ դարտը քեզ ասեմ. որ ասսու կուշտը հասնես, իմ դհիցն էլ գանգատ ա՛րա։ Էսքամ տարի ա,— ասեց,— յարա-փարի միջին կորել եմ, ի՛նչ անում եմ, չեմ անում, լավանալու ճար, իլլաճ չիլնում. մի՛ հարցրա, տես ի՞մ վերջը ի՛նչ պտի ըլնի։

— Ա՛չքիս վրեն,— ասեց,— կհարցնեմ. եդ գալիս քեզ մի ջուղաբ կբերեմ։

Ըսենց գնաց, գնաց, գնաց, շատն ու քիչն աստոծ գիտա, հասավ մի մենծ քաղաք։ Էս քաղաքի միջովն անց կենալիս սրան մի մարդ ռաստ էկավ։

— Բարո՛վ, թագա՛վորի ցեղ,— ասեց էդ մարդը։

— Բարո՛վ, ասսու հա՛զար բարին,— ասեց թագավորի տղեն։

— Էդ ո՞ւր ես էթում,— հարցրեց։

— Էթում եմ ասսու կուշտը գանգատ։

— Որ էթում ես,— ասեց,— ի՛նչ կըլնի իմ դհիցն էլ գանգատ անես։ Մի եքա գյուլլի բաղ ունեմ,— ասեց,— որ ասսու ինչ բար ու նուբար ասես միջին կա, համա որ գարունքը գալիս ա, ծառերը ծաղկում են, բար բռնում, դեռ չհասած բարը վեր ա տալի: Ասսուն մի հարցրա՛, տես սրա ճարն ի՞նչ պտի ըլնի։

— Լա՛վ,— ասեց թագավորի տղեն,— քու գանգատն էլ տեղ կհասցնեմ։

Ասեց, տվեց անցկացավ: Գնաց, գնաց, գնաց՝ մի օր, էրկու օր, իրեք օր դուս էկավ մի ուրիշ թագավորի երկիր: Էդ երկրի թագավորը սրա գալը որ իմացավ, կանչեց իրա կուշտը:

— Ի՞նչ մարդ ես,— հարցրեց թագավորը,— էդ ո՞ւր ես էթում։

— Ֆլա՛ն թագավորի տղեն եմ,— ասեց,— Էթում եմ ասսու կուշտը գանգատ:

— Որ էթում ես,— ասեց,— ի՛նչ կըլնի իմ գանգատն էլ տեղ հասցնես: Ես,— ասեց,— էսքամ տարի ա թագավորություն եմ անում, ի՛նչ անում եմ, չեմ անում, ի՛նչ պատիճ ասես տալիս եմ, չեմ կարում ընենց անի, որ իմ երկրումը գողություն, մարդասպանություն չպատահի։ Ասսուն իմ դհիցը գանգատ արա՛, տես ի՛մ ճարն ինչ պտի ըլնի, ո՞նց անեմ, որ կարենամ էս խալխի հախիցը գա:

— Ջո՛ւխտ աչքիս վրեն, թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— քու գանգատն էլ տեղ կհասցնեմ:

Ասեց, տվեց անցկացավ։ Գնաց, գնաց, գնաց՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, գշեր գնաց, ցերեկ գնաց, լիս գնաց, մութ գնաց՝ հասավ աշխարքի վերջը. էն ա էթա պտի ծովն ընկներ, աստոծ իրա հրեշտակը ղրկեց, որ էթա նրան ճամփից եդ դարձնի, հարցնի, տենա նրա գանգատն ի՞նչ ա։ Հրեշտակը գնաց թագավորի տղի աղաքը կտրեց:

— Ի՞նչ մարդ ես, էդ ո՞ւր ես էթում,— հարցրեց հրեշտակը։

— Ֆլա՛ն թագավորի տղեն եմ,— ասեց,— էթում եմ ասսու կուշտը գանգատ: Աղպորտանցիցս բաժանվեցի,— ասեց,— նրանք իրանց փայն առան, գնացին տուն ու տեղ դառան, հարստացան. ես ի՛նչ ունեի, չունեի՝ կերա, փչացրի, վերջը միտք արի գամ ասսու կուշտը գանգատ, տենամ ի՞նչ մեղքի տեր ի, որ ինձ էս օրը քցեց:

— Ես որ քու շաբթերը քոմմա կտրեմ,— ասեց հրեշտակը,– ղա՞բուլ ես։

— Ղա՛բուլ եմ,— ասեց,— զաթի ես էլ դրա հմար եմ աշխարե-աշխար, երկրե-երկիր ընկե, որ իմանամ իմ ճար ի՞նչ պտի ըլնի։

— Ե՛ս,— ասեց,— ասսու հրեշտակն եմ. աստոծ ինձ ղրկեց, որ քեզ ասեմ, էթաս էլ եդ քու երկիրը, ընդե կորցրած հարստությունդ էլ եդ քու ձեռը կընկնի։

— Ասսու փառքը շա՛տ ըլնի,— ասեց թագավորի տղեն,— ոնց որ հրամայել ա, ընենց էլ կանեմ: Մի ուրիշ գանգատ էլ ունեմ,— ասեց,— ճամփին գալիս մի մեշի միջին մի յարա-փարեն կոխած Արջ ռաստ էկավ։ «Ո՞ւր ես էթում»,— հարցրեց։ Ասեցի․ «Էթում եմ ասսու կուշտը գանգատ»։ «Որ էթում ես,— ասեց,— ինչ կըլնի իմ դհիցն էլ գանգատ անես, էսքամ տարի յարեն սաղ ջանս վեր ա կալե, ի՛նչ անում եմ, չեմ անում, չեմ կարում լավանա. մի հարցրա՛, տես իմ ճարն ի՞նչ պտի ըլնի»:

— Էն Արջը,— ասեց հրեշտակը,— որ մի իսան բռնի ուտի, ալբիալը նրա յարեն կսաղանա։

— Էդ հո էդ,— վրա բերեց թագավորի տղեն.— Ճամփին մի քաղաքի միջով անցկենալիս մի մարդ ռաստ էկավ։— Ո՞ւր ես էթում,— հարցրեց։ Ասեցի. «Էթում եմ ասսու կուշտը գանգատ»։— Որ էթում ես,— ասեց,— ինչ կըլնի իմ գանգատն էլ տեղ հասցնես, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց գյուլլի բազ ունեմ, որ ի՛նչ բար ու նուբար ասես մեջը լիքն ա. համա գարունքը որ գալիս ա, ծառերը ծաղկում են, բարը խակ-խակ վեր ա տալի, մի լոլոկ էլ ա չեմ կարում բերանս դնեմ, ասսուն մի հարցրա՛, տես սրա ճարն ի՞նչ պտի ըլնի։

— Էդ մարդի բաղի բանն էլ ընդուր ա վե տալի, որ նրա ամեն մի ծառի տակին մի գյուգյում ոսկի ա ֆորած, էն ոսկու ժանգը չի թողում բարը հասնի։ Գնա՛, ասա՛ թող քանդի, էն գյուղում ոսկիքը հանի, էն վախտը իրա բաղի բարին արժանի կըլնի։

— Էդ էլ հո էդ,— ասեց թագավորի տղեն։— Ճամփին մի ուրիշ թագավորությունի միջով անցկացա. էն երկրի թագավորը ինձ կանչեց, հարց ու փորձ արեց.— Ի՞նչ մարդ ես,— ասեց,— ո՞ւր ես էթում։ «Ֆլան թագավորի տղեն եմ,— ասեցի,— էթում եմ ասսու կուշտը գանգատ»։— Որ էթում ես,— ասեց,— իմ գանգատն էլ տեղ հասցրա: Ես,– ասեց,— էսքամ տարի ա ըստե թագավոր եմ, ի՛նչ անում եմ, չեմ անում, ի՛նչ պատիճ ասես տալիս եմ, չեմ կարում իմ երկրի դողությունը, մարդասպանությունը վերջացնի, մի ասսուն հարցրա՛, տես իմ ճարն ի՞նչ պտի ըլնի։

— Էդ երկրի թագավորը,— ասեց հրեշտակը,— կնիկ ա, ընդուր նրա խոսքը կապի չեն դնում․ նրա տեղակ որ տղամարդ ըլնի, նրա մի խոսքն էլ ա գեննին չի մնա, արած դիվանն էլ կանցկենա ու մարդասպանաթյունը, գողությունն էլ կվերջանա։

Հրեշտակը էս կասի թե չէ, ալբիալը անէրևութք կըլնի:

Թագավորի տղեն ասսուն փառք ա տալի, վե կենում, ուրախ֊ուրախ իրա էկած ճամփովը եդ դառնում։ Գալիս ա, գալիս ա, գալիս ա, հասնում ա էն թագավորի երկիրը։ Էթում ա դրան մին-մին նաղլ անում հրեշտակի ասածը։

— Դրո՛ւստ ա,— ասում ա էդ երկրի թագավորը,— ես կնիկ եմ, դրա հմար էլ խոսքս չի անցկենում։ Բաս որ ըտենց ա,— ասում ա,— ա՛րի դու ինձ ա՛ս, իմ տեղը նստի թագավոր, հազիր աստոծ քեզ ինձ ղսմաթ ա արե։

— Չէ՛,— ասում ա թագավորի տղեն,— ես պտի էթամ իմ երկիրը, բալի իմ կորցրած հարստությունը, մալ ու դոլվաթը էլ եդ իմ ձեռը քցեմ։

Ասեց, տվեց անցկացավ։ Էկավ, էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, հասավ էն մի քաղաքը։ Ման էկավ, էն մարդին գտավ, ասեց, թե աստոծ նրա գանգատին ինչ դիվան ա կտրե։ Էն հիքատիրոնչ հեննա գնաց, նրա ծառերի քոքերի տակը փորեց, տեհավ, ղորթ որ, ամեն մի ծառի տակիցը հրես մի դյուգյում ոսկի դուս էկավ։ Հիքատերը ուրախանում, աշխարով մին ա ըլնում։

— Թագա՛վորի ցեղ,— ասում ա հիքատերը,— քեզ մի բան պտի ասեմ, չեմ գիտա անկաջ կանես, թե չէ։

— Ա՛սա,— ասում ա թագավորի տղեն,— խի՛ չեմ անկաջ անի։

— Չունքի դու ինձ ըսենց մի լավություն արիր, իմ գանգատը տեղ հասցրիր, էս հարստությունի, էս խաղինի տեր դարձրիր, ես էլ ուզում եմ քեզ մի լավություն անեմ։ Ես եմ,— ասում ա,— մի մինուճար աղջիկ,– էլ զադ չունեմ․ ա՛րի աղջկանս ա՛ռ, դառի ինձ փեսա, ըստե կաց։ Իմ էլ հա՛յ-հա՛յր գնացե, վա՛յ-վա՛յն ա մնացե. մեռնելուցս եդը էսքամ հարստությունը, մալ ու դոլվաթն էլ կմնա քեզ. քանի սաղ ու կենդանի եք՝ մարդ ու կնիկ կուտեք, կխմեք, դովրան կքաշեք։

— Չէ՛,– ասում ա թագավորի տղեն,— ես ըստե չեմ կարա մնա, պտի էթամ էլ եդ իմ երկիրը, իմ կորցրած հարստությունը էլ եդ ձեռ քցեմ։

Ըսենց թագավորի բեդոլվաթ տղեն իրա բախտին քացի տվեց, հիքատիրոնչ ասածին անկաջ չարեց, իրա ճամփեն բռնեց, գնաց:

Գնաց, գնաց, գնաց, էն մեշի միջի յարալու Արջին ռաստ էկավ։

— Հը՛, թագա՚վորի ցեղ,— ասեց Արջը,— ասսուն տեհա՞ր, իմ գանգատն արե՞ցիր։

— Հա՛,— ասեց թագավորի տղեն,— արեցի։

— Բա ի՞նչ ասեց,— հարցրեց Արջը։

— Ասեց՝ թո՛ղ մի իսան բռնի, ուտի, ջանի յարեն ալբիալը կսաղանա:

— Բա՛ս որ ըտենց ա,— ասեց Արջը,— ա՛րի քեզ ուտեմ, հազիր աստոծ քեզ ինձ ղսմաթ ա արե. մոտիկը թողած էլ խի՞ հեռու ման գամ։

Էս ասեց թե չէ, վրա պրծավ, բեդոլվաթ տղին ձվիգ-ձվիգ արեց, կերավ։ Ուտելու բաշտան յարա-փարեն սաղացավ։ Ասսու հրամանն էր, որ թագավորի բեդոլվաթ տղեն էս յարա-փարեն կոխած Արջին փայ ըլնի։