Բզոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գեշ երազ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Բզոն

Վարդան Հակոբյան

Վանեսի ականջը կանչի

-Սեթո, մանչս, մի գավաթ ջուր բեր աղբրից, շուրթս ծարավից ճաքում է։

-Հոգնած եմ, պապ, թող Շոշոն բերի...

-Սեթո, հոգյակս, ձին հանդում է, պիտի բերել։

-Բա դա՞սս... Թող Շոշոն բերի...

-Սեթո, ջանս, դասերդ սովորիր, վաղը դասի ես։

-Մամ, քունս տանում է, թող Շոշոն սովորի...

-Սեթո, մանչս...

-Սեթո, հոգյակս...

-Սեթո, ջանս...

Ու էսպես, օր - օրի Սեթոն ծուլանում - թուլանում է, իսկ Շոշոն աչքի առաջ կայտառանում է, պարապ պահ չի ունենում։ Ով գլուխը բարձրացնում է, Շոշոյին է տեսնում։ Շոշոն դարձել էր ասես հայտնի Սիմոնի քույրը.

-Սիմոն, տար... Սիմոն, բեր...

Աստված վերից տեսնում է, սիրտը ցավում է մեր էս Սեթոյի համար, ասում է.

-Չէ, պիտի էնպես անեմ, որ Սեթոն խելքի գա։

-Բա ո՞նց,- հարցնում է բարի հրեշտակը։

-Աստված իր գործը գիտե։

Ու ամեն բան այսպես է լինում։ Մի բզեզ մոտակա դաշտից թռչում-գալիս է, տեսնում Սեթոն բազմոցի մեջ ծուլորեն խրվել, խռմփացնում է։ Սեթոն մի օր առաջ պարսատիկով ջարդել էր պատուհանի ապակին։ Բզեզը այդտեղով գաղտնի ներս է մտնում, կանգնում Սեթոյի սնարին։

-Սեթոյին երես եք տվել,- թոնթորում է Շոշոն,- էնքան «մինուճար» եք ասել ու բաց թողել, որ... Գոնե մի անգամ ծեծ կերե՞լ է... Չէ՛... Որ ուտեր՝ գործ էլ կաներ։

-Չէ, աղջիկս,- խոսում է պապը,- ծեծը էշին է օգնում...

-Իրեն էլ կօգնի...

-Դե լավ, Շոշո, քո երեխայությանը կաց, դու մի խառնվիր...

Փոքրիկ բզեզը լսում էր այս ամենը։ Ու մտածեց՝ ոնց անի, ոնց չանի, որ Սեթոն ծեծ ուտի։ Եվ հանկարծ միտք ծագեց Բզոյի /դաշտային բզեզի անունն է/ գխլում. ինչու պիտի մեկն էլ դեռ ժամանակ կորցնի, թե՝ ծեծում եմ անբանին։ Հարկավոր է այնպես անել, որ հենց ինքը՝ Սեթոն, իր բաժին ծեծը իր ձեռքով ուտի։ Ախր, Սեթոն սովոր է, որ գդալն էլ ուրիշի ձեռքով իր բերանը գնա ու գա...

Եվ գործի անցավ Բզոն։

-Բը՜զզ...

Ու քեզ տեսնեմ, Բզո... Բզոն երկար ոտիկները տնկեց Սեթոյի շուրթերին։ Սեթոն դես ծռեց բերանը, դեն ծռեց, Բզոն չգնաց...

-Դրը՜մփ...

Ինքն իրեն խփողը Սեթոն էր։ Վերեւի ատամը կիսով խրվեց պռոշի մեջ։

Բզոն տզզալով վեր ցատկեց, մի պահ մնաց օդում, ապա իջավ ավելի կեղտոտ մի տեղ, Սեթի քթի ծայրին։ Սեթոն քիթը վեր քաշեց, վար քաշեց, բան դուրս չեկավ։

-Շրը՜մփ...

Ինքն իր քթին զարկողը Սեթոն էր։ Քիթը մի պահ տափակած մնաց։

Բզոն քրքջալով վեր ցատկեց, մի պահ մնաց օդում, ապա իջավ ավելի հարթ մի տեղ, Սեթի ճակատին։ Սեթոն ճակատը դես կնճռեց, դեն ձգեց, բան դուրս չեկավ։

-Թրը՜մփ...

Ինքն իր ճակատին զարկողը Սեթոն էր։ Ճակատը կապտեց։

Բզոն վզզալով վեր ցատկեց, մի պահ մնաց օդում, ապա իջավ ավելի ապահով մի տեղ, Սեթի ձախ ականջի վրա... Սեթոն ականջը դես ծռեց, դեն ծռեց, բան դուրս չեկավ։

-Դեե՜հ...

Ինքն իր ձախ ականջը քաշողը Սեթոն էր։ Ձախ ականջը կրակ էր կտրել։

Բզոն բզզալով վեր ցատկեց, մի պահ մնաց օդում, ապա իջավ ավելի հարմար մի տեղ, Սեթոյի աջ ականջին։ Սեթոն ականջը բարձին քսեց, բոլոր տեղերին քսեց, բան դուրս չեկավ։

-Վաա՜հ...

Ինքն իր աջ ականջից ձգողը Սեթոն էր։ Աջ ականջը կարմրել, աքլորակռվից նոր դուրս եկած աքլորի կատար էր դառել։

Բզո, ի՜նչ Բզո... Հնդուստանից եկած մի փահլեւան ասա... Օդում չէր երեւում... Անխոս վեր էր ցատկում ամեն անգամ, մի պահ մնում անտես, ապա իջնում Սեթոյի մեկ աջ աչքատակին, մեկ ձախ այտին, մեկ քթի տակ, մեկ ծնոտին, մեկ մի ձեռքին, մեկ մյուս ձեռքին։ Մեկ...

Եվ Բզոն զսպում էր քրքիջը, որ խորը նինջի մեջ հանկարծ իրեն չճանաչի ծույլ Սեթոն... Այդպես՝ մի տաս-տասնհինգ րոպե անցավ։ Սեթոն բազմոցի վրա, արդեն արնափալալ, քիթ-մռութը ջարդոտված, քրտինքի մեջ կորած, թավալվում էր։ Հանկարծ դա նկատում է տատը.

-Վո՜ւյ, քոռանամ, էս երեխի հալը ի՞նչ է... Հոգյա՜կս...

Պապը.

-Երեխան ձեռքից գնում է... Մանչս...

-Աստված իմ... Ջա՜նս...

-Երեւում է երազում քաշկերի մեջ է ընկել,- եզրակացնում է ծվծվոցի վրա հասած ծեր հարեւանուհին,- արթնացրե՛ք, արթնացրե՛ք...

-Մանչս, վեր կաց... Էս ի՞նչ եղավ էս տղին։

-Հոգյակս, վեր կաց... Չար շունչ է կպել բալիս։

-Ջա՜նս... Էս ո՞վ աչքով տվեց մինուճարիս։

Սեթոն աչքերը մի կերպ բացում է, տեսնում՝ չեն բացվում, ձեռքն ուզում է բարձրացնել, տեսնում է՝ չի բարձրանում։ Ջարդված, ծեծ կերած...

Էդ է լինում ու էդ...Սեթոն փոխվում է միանգամից, դառնում անճանաչելի։ Վախից թողնում է օր ու ցերեկով բազմոցին պառկելն ու քնելը։ Ու որպեսզի նինջը հաճախ վրա չկոխի, Շոշոյին սկսում է օգնել, պապին լսել, տատին լսել, մորը ձեռք հասցնել...

Իսկ Բզոն, քանի որ Սեթենց տանն էլ կեղտոտ-քրտինքոտ ու ծույլ մարդ չի լինում, այնտեղ չի գնում։ Դրսում վեր ու վար է թռչկոտում միշտ, բզզում է, վազում է, այս կողմ ու այն կողմ է ընկնում, Վարարակնի ամեն թաղում լինում է, տեսնի՝ ում տանը կա ծույլ ու անբան, անլվա երեխա, որ նրան էլ դաս տա։