Բիչանագ
ԲԻՉԱՆԱԳ
Սիսիանից Նախիջևան տանող ճանապարհն անցնում է Սալվարթուի լեռներով: Վեց ժամ անընդհատ պիտի բարձրանալ և ապա իջնել:
Ու վերև, գագաթից բացվում է մի հսկա տեսարան: Հեռվում կապույտ մշուշի մեջ երևում են Ղարադաղի ժայռերը, ավելի մոտ անտառոտ Ղափանը գանգուր մորթու պես փռվել է բլուրների վրա, իսկ արևմուտքում՝ Նախիջևանի հարթավայրը բերրի:
Հունիսին Սալվարթուի վրա դեռ ձյուն է լինում: Զուլալ առուները քչքչում են կայտառ, ծաղիկները գույնզգույն, կանաչ ֆոնի վրա, ասես գորգեր են փռած:
Ձմեռն է սոսկալի: Սիսիանի գյուղացին գիտե ինչ ասել է ձմռան բուքին Նախիջևանի սարն անցնել. քանի՛ հոգի են բքախեղդ եղել, ձի ու չարվադար մնացել ձյունի հաստ շերտերի տակ մինչև գարուն, մինչև հալոցքը ձյունի:
Լուսաբացը հեռու է դեռ: Վայրէջքն է սկսվում: Նեղ կածանն անցնում է փոքրիկ մացառուտների միջով: Քանի իջնում ենք, այնքան մացառուտը խտանում է ու վերջում դառնում անտառ:
— Որ մեշին հասնենք, տաք կլինի, — ասում է չարվադար Աբոն, որն իր գլխի մազի համրանքի չափ գնացել-եկել է այդ ճանապարհով ու գիտե ամեն քար ու քոլ:
Ցուրտ քամի է փչում, բայց ինչքան ներքև ենք իջնում, այնքան օդն ավելի տաքանում է: Աբոն փորձված է, ձիու կողքից է քայլում: Այդպես ավելի լավ է պաշտպանվել ցրտից:
Մեզ հանդիպում է մի մեծ քարվան: Արմենտորգի ապրանքն են փոխադրում: Հարցնում են, թե սարում հո ցուրտ չի: Աբոն գիտե բոլորին, ճանաչում է, ով որ գյուղից է:
Իջնում ենք նեղ կածանով: Մեկը ներքևից բարկացած կանչում է ձիուն, հայհոյում: Հավասարվում ենք: Ծանր բեռան տակ ձին չոքել է, չի կարողանում վեր կենալ:
— Թամահդ մի քիչ պակաս արա, էլի՜, բա էդ ձին էդքանը կտանի՞, որ բեռնել ես, — կանչում է Աբոն և մոտենում:
Օգնում ենք: Բեռը նորից բարձում է ու ճանապարհը շարունակում:
— Էհ, սրանք չարվադար ե՞ն: Հե՛յ գիտի ժամանակ: Էնպես ադաթ կար առաջ, որ եթե չարվադարը ճանապարհին իր ընկերոջ թողներ, էլ նրա հետ ոչ ոք ճանապարհ չէր գնա: Թողել են բեռը վեր ընկած, իրենք գնացել, — տրտնջում է Աբոն:
— Հասանք հա: Հրեն Բիչանագի ծուխն երևաց:
Ձորից ծուխ էր բարձրանում:
Բիչանագում առաջ մալական էր ապրում: Գյուղը կոչվում էր Կարմալինովկա: Պատերազմի տարիներում մալականները քոչել են ուրիշ գավառներ, որը՝ Շամախի, որը՝ Դիլիջան, որն էլ Ռուսաստան: Գյուղում այժմ թուրքեր են բնակվում:
Բիչանագը Նախիջևանի սահմաններումն է: Կտրված լինելով կենտրոնից և ընկած հեռու ձորում, Բիչանագն առաջ էլ իր ուրույն կյանքով էր ապրում: Այժմ էլ շարունակվում է այդ դրությունը:
Բիչանագում ոչ մի կազմակերպություն չկա. չկա կոոպերատիվ, դպրոց: Գյուղում կուսակցական մարդ չկա: Առանձին գյուղխորհուրդ չունեն: Նայում են Շահբուզ գյուղին, որ 20 վերստի վրա է: Հողաշինարարական աշխատանք ամենեվին չի տարված:
Գյուղում զանազան վեճեր լինելու դեպքում այս կամ այն ախսախկալն է վճիռ տալիս, համաձայն ադաթի ու հին սովորության:
— Սեյիդ ամու մոտ մի լավ չայ խմենք, — ասում է Աբոն:
Ձիերից իջնում ենք: Սեյիդ ամին բարևում է մեզ մի առանձին ախորժով և պես-պես շարժ ու ձևով ներս կանչում:
Նրա խրճիթը մալականի մի հին տուն է: Նոր կենվորը փոխել է ըստ ճաշակի: Տան անկյունում դեռ մնացել է ռուսական վառարանի մի մասը, որի վրա դարսած է աթար:
Թոնիրը թեժացրել են: Մուխն ու ալավը իրար են խառնվել: Սեյիդ ամու ամբողջ ընտանիքը բոլորել է թոնրի շուրջ: Ետ են քաշվում, մեզ էլ տեղ տալիս:
— Սարից եք եկել, մրսած կլինեք, — ասում է Սեյիդ ամին:
Թոնրի վրա մի խաչափառ երկաթ ձգված, վրան ապուրով լի մի կաթսա: Սեյիդ ամու պառավ կինը, չորացած ձեռքով՝ խառնում է ապուրը: Աչքիս այնպես է երևում, կարծես մխից սևացած շերեփն էլ կնոջ ձեռքի շարունակությունն է, և կինը ապուրը ձեռքով է խառնում:
Թոնրի շուրջը շարվել են երեք կիսամերկ մանուկներ՝ անլվա, ճպռոտ աչքերով: Նրանցից ամենափոքրը դժգոհ մռմռում է քթի տակ. հաց է ուզում:
— Եղբորս երեխաներն են, ես եմ պահում, — ասում է Սեյիդը:
Աբոն արդեն ձիերը տեղավորել է:
— Սեյիդ, մի լավ չայ գցի մեզ համար:
— Գլխիս վրա: — Ու ձայն տվավ:
Անկյունից, ասես թաքստոցից, դուրս եկավ մի մանկահասակ աղջիկ, սամավարն առավ ու դուրս գնաց:
— Նորապսակ է Սեյիդը. էս երեխան նրա թազա կնիկն է, — կամացուկ ասաց Աբոն: — Հինգ կնիկ է առել, չեն դիմացել, մեռել են, հիմա էլ էս երեխին է բերել:
Ներս մտավ մի երիտասարդ, որ անդամալույծի էր նման, ոտքերը զոռով էր քարշ տալիս ու խոսելիս էլ բերանը ծռմռատում:
— Սեյիդի տղան էլ էս է. հոր մեռնելուց հետո նա պիտի նրա տեղն անցնի: Էդպես է օրենքը, — բացատրում էր Աբոն:
Ապուրն արդեն եփվեց: Պառավ կինը հողե ամանների մեջ լեցրեց ապուրից, տվավ երեխաներին, մի կտոր էլ գարու բոքոն: Փոքրիկը, որ մռմռում էր քթի տակ, ի՛նչ ախորժով էր ուտում տաք ապուրն ու գարու բոքոնը, ծպացնում շրթունքով ու գդալից ծլծլացնում կիսաբաց կրծքին, մերկ ոտքերին:
— Էհ ո՞նց ես, Սեյիդ ամի, — հարցնում է Աբոն: Սեյիդն աստծուն փառք է տալիս, գոհ է ապրուստից:
Մի բանից էր դժգոհում. որ ուժը պակասում է, ծերությունը հաղթել էր: Խոսում էր դանդաղ, ծոր տալով, կարծես աղոթք էր անում: Ժողովուրդն իրեն լավ է նայում, գյուղի գործերից շատերն իր ձեռքով են անցնում:
Մանկամարդ կինը սամավարը բերեց, բաժակները շարեց և էլի քաշվեց անկյուն:
Թեյ եմ առաջարկում Սեյիդին: Իրենք շաքար չունեն, շատ վաղուց է, ինչ բերանը շաքար չի դրել: Հրաժարվում է:
— Դուք անուշ արեք:
Աբոն ինձ կամացուկ ասում է, որ Սեյիդը շատ մոլեռանդ է, «հարամ» մարդու շաքար կամ հաց չի գործածի:
Նորից առաջարկեցի: Ես էլ, ընկերս էլ, Աբոն էլ, կարծես խոսք մեկ էինք արել, որ Սեյիդին չայ տանք:
Վերջում համաձայնվեց, առավ իմ բաժակը, տվավ կնոջը և կարգադրեց, որ...14 անգամ լվա: Հետո խմեց:
Չոքել էր գետնին ուղտի պես, բաժակը բռնել էր ձեռքին, ոնց որ քահանան սկիհն է բռնում, մի կում էր անում, տնքում, լեզվով շաքարը բերանում խաղացնում ու մեկ-մեկ էլ ազատ ձեռքով միրուքը սղալում:
Բաժակը լվալուց հետո «հարամն» այնպես էր հալածվել, որ Սեյիդը թեյից ետ կենալու միտք չուներ: Բաժակներն իրար ետևից դատարկում էր, առանց տեղից շարժվելու: Ասես մտքում դրել էր սամավարը դատարկել:
— Էն ո՞նց ես ասում, Սեյիդ, թե աստված հեռու պահի մին...Էն ոնց է, մի ասա, Սեյիդ ամի, — դիմեց Աբոն նրան ու ծածուկ էլ մեզ աչքով արավ:
Եվ առանձին պատկառանքով ու վեհությամբ (երևի այդպիսի դեմք ուներ Մովսեսը Սինայի պատգամները բերելու ժամանակ) Սեյիդ ամին միրուքը սղալելով ու փոքրիկ, փոս ընկած աչքերը կկոցելով, ասաց.
— Ալլահը թող մարդուն հեռու պահի նախ բեկի բանտարկությունից, հետո կնոջ խարդավանքից և վերջում էլ…
Նա արաբերեն էր ասում: Այդ երրորդ պատգամը վերաբերում էր Սեյիդի «հանդերձյալ» կյանքին: «Ըստ օրինաց» նրան բարձր տեղ թաղել, որ նրա հոգին ավելի մոտ լինի երկնքին:
Հետո նամազն էր, ավելի շուտ նամազի դասը: Որդին բերանը ծռմռելով կրկնում էր հոր ասած խոսքերը արագ, կատարում էր այն, ինչ հայրն էր անում:
Մենք լռել էինք: Տնեցիք անշարժ նստել էին: Միայն փոքրիկն էր, որ ապուրը կերել էր և փորը կուշտ՝ քորում էր ետևի փափուկ մսերն ու նայում աղոթողներին:
Նամազը վերջացավ: Աբոն ձիերը հանեց գոմից. բակում՝ դիմացի սենյակից լսեցինք կուփիչի հավասար զարկերի ձայն:
Սենյակի ներսում, գերանների վրա կարպետի հենք էր ամրացված, որի դիմաց նստել էր մի աղջիկ: Նա նուրբ ու բարակ մատներով գույնզգույն թելեր էր հագցնում հինածին և կարպետ գործում:
Մեզ որ տեսավ, գլուխը կախեց, գլխի շալն ավելի քաշեց, որ երեսը չտեսնենք: Լղարիկ, բարակիրան մի աղջիկ է:
— Սեյիդի աղջիկն է, մայրը հերու մեռավ, — ականջիս փսփսաց Աբոն:
Աղջիկն իր օժիտն էր գործում: Սեյիդն ասաց, որ շուտով քյաբինը կտրելու է:
— Տեսնես ի՜նչ քավթառ մարմին պիտի գրկի այս փոքրիկին, ո՜ր ծերունու չորացած շրթունքները պիտի համբուրեն սրան, — զայրացած ասաց ընկերս ու դուրս եկավ:
Ես էլ դուրս եկա սենյակից: Դռան մոտ ետ նայեցի, աղջիկն էլ նայեց: Ու այնպե՛ս ծով խեղճություն, անտերունչ գառան վիշտ կար նրա աչքերում:
Հանկարծ լեզու առներ կարպետը գունավոր ու պատմեր, թե ինչ մտքեր է հյուսել աղջիկը հենքին, ինչպես ծանր հառաչել է կուփիչի զրնգան ձայնի հետ ու ինչպես նրա բարակ, դեղին մատները ամեն մի թելի հետ մի ծանր միտք են կապել կարպետին:
* * *
Մեր ճանապարհը շարունակեցինք Ղզլ-Բողազի ձորով, որի երկու կողմում տձև ապառաժներ և ահռելի քարակույտեր են: Ճանապարհի հետ, ձորով, կեռ ու մեռ հոսում է մի փոքրիկ վտակ, որ հետո կորչում է Նախիջևանի տափարակում:
— Է՛, էն քաղաքի լուսավորությունը երբ է հասնելու էս մեր ձորերին, — լռությունը խախտելով ասաց չարվադար Աբոն: Ու վրա բերեց. — էս մեկը լավ ադաթ չի: Ախր ի՞նչ կյանք պիտի քաշի էն փոքր երեխան:
Ետ նայեցի Բիչանագին:
Տան կտուրի վրա պահապան արագիլի պես կանգնել էր Սեյիդ ամին, ձեռքերը կողքին. հեռվից ռուսերեն «ֆ» տառի էր նման:
Մի քիչ էլ ու ճանապարհը ծռվեց, Բիչանագն է՛լ չէր երեվում:
Ճանապարհն ասես վերջ չպիտի ունենար: Աջ ու ձախ ժայռեր, որոնց վրա, ոնց որ քյոսա մարդու բեղ, բուսել էին հատ ու կտոր թփեր, գորշ, մոխրագույն:
Վայրի բադերի մի երամ կռնչյունով անախորժ՝ սլացավ գետն ի վեր:
— Սրանց տեղ որ այրոպլան գա, էն ժամանակ ամեն ինչ լավ կլինի, — ասաց Աբոն: