Բինգյոլի ջուրեր,
Ձեզի պես զուլալ
Այնքան ջուրեր կան
Աշխարհի վրա,
Բայց անրջանքով՝
Բոկոտն ու զվարթ
Ես հազար անգամ
Եկած ձեր ափին
Ձեր հայելին
Դիտած եմ արփին
Աստղեր ու լուսին։
Ու իմ հոգիիս
Անմար կարոտի
Կրակները բյուր
Հանձներ եմ ձեզի,
Ձեզմով զովացեր,
Բինգյոլի ջուրեր։
Բայց այսօր ալ դեռ
Կարոտ մը անմեռ
Իջեր է սիրտիս
Զերդ աստղոտ գիշեր։
— Ըլլալ ձեր ափին,
Նախահայրերուս
Հետքերով քալել։
Ըլլալ ձեր ափին,
Ու ծաղիկ դարձած
Նախահայրերուս
Ըմբոշխնել հոգին․
Ըլլալ ձեր ափին,
Ու ցավ չխառնել,
Արցունք չխառնել
Բնավ ձեր երգին,
Հավերժագնա
Ձեր զվարթ երթին,
Ջուրեր Բինգյոլի։
Բինգյոլի ջուրեր,
Ջուրեր հայրենի,
Ժողովուրդիս պես
Հավետ կենսատու
Ու հավետ անմեռ,
Հազար ջուրեր կա
Աշխարհի վրա,
Ձեզի չափ զուլալ,
Բայց ձեզ կտենչա
Հոգիս անխափան
Եվ տիվ ու գիշեր,
Բյուրակնյա ջուրեր։