Jump to content

Բնանկար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բնանկար


ԲՆԱՆԿԱՐ

Հեռո՜ւն, հեռո՜ւն,
Սա ծովակի մյուս ափերուն,
Ծունկի եկած լեռները նուրբ
Կարծես խումբ են հուրիներու,
Որոնք ահա շողերուն դեմ
Առավոտյան արեգակին,
Հեքիաթային ու ձյունաթույր
Զգեստն իրենց պիտի հանեն…

Հեռո՜ւն, հեռո՜ւն,
Ծառերուն վրա ու միջոցին
Դեղձանիկներ, ճնճղուկներ
Կը կտցեն շողն այգաբացի։

Հեռո՜ւն, հեռո՜ւն
Ձկնորսները՝
Արձանացած ափին վրա,
Առավոտին նման անձայն,
Առավոտի պես բազմախոհ,
Լուռ կը սպասեն
Լեցվիլն իրենց ուռկաններուն։

Հեռո՜ւն, հեռո՜ւն
Ջուրերուն վրա առագաստներ
Երազներու պես կը ծփան։


Հեռո՜ւն, հեռո՜ւն,
Գործարանի մը ծուխն ահա
Դեպի երկինք կը բարձրանա,
Ու արտերու ոսկիին մեջ
Սյուքերու հետ այգաբացի
Երգեր, երգեր կը տարածվին։

Կյանքը երգի կը վերածվի։

1969