Սքանչելի՜ պատկեր: Կանաչ պարտիզում
Ո՛հ, ինչ ոգելից շարժումն է տիրում,
Ամեն ինչ ծաղկած, ամեն ինչ փթթած.
Նոր կյանք է շնչում: Եվ ես ներշնչված
Անխոս դիտում եմ այդ կախարդական
Կենդանությունը գեղազարդ գարնան:
Ահա՛ փըչում է զեփյուռ հովասուն,
Երգում է սոխակ, և նրա զգայուն,
Սիրալից ձայնը, կարծես թե մագնիս,
Դեպ ինքն է քարշում միտքս ու հոգիս…
Բայց միայն ես չեմ ակնապիշ այդպես
Լսում սոխակին:— Ո՛չ, ամբողջ պարտեզ
Կախարդված նորա երգից ոգեշունչ,
Լսում է նորան, լսում անմռունչ…
II
Ահա ժպտում է և՛ ծաղիկների
Վսեմ թագուհին — վարդը նազելի,
Եվ նորա դեմքին չքնաղ, սիրալիր
Կարծես կարդում եմ. «Պատանի՛, նայի՛ր,
Այն իմ ժըպիտն է, ժըպիտ կուսական
Ոգի ներշնչել երգչին բընության.
Այն իմ հայացքն է՝ անարա՛տ, պայծառ,
Որին նա վառված՝ ձոնում է քընար»:
Նայում եմ շուրջըս — ա՛ջ, ձա՛խ, ե՛տ, առա՛ջ
Ճոճում են ծառեր, ծփում է կանաչ.
Եվ մանիշակը հեզ, կապուտաչիկ
Ժպտում է թաքուն: Բացվել է հասմիկ:
Բացվել են դալար ծաղկալից թփեր
Եվ շուրջ տարածել հովասուն ստվեր:
III
Անվե՜րջ տեսարան… Առաջ եմ գընում,
Եվ որքան առաջ, նույնքան իմ սրտում
Բոցավառվում են սրբազան կայծեր…
Ես աղոթում եմ… և հոգույս լարեր
Ազատ հնչելով՝ մեծ բարերարին
Փառաբանում են երգով սրտագին…
Բայց ահա ինձ հետ և՛ օդասլաց
Երգում են թռչունք: Նայեցեք նորանց,
Տեսեք որպիսի՜ անխարդախ սիրով
Եվ քաղցրահնչուն մեղեդիներով
Նույնպես օրհնում են արարչի անուն.
Եվ երկնքիցը հավետ վառվռուն
Լուսո աղբյուրը սփռելով շողեր,
Ոսկեզօծում է այդ դյութիչ պատկեր:
IV
Հրճվում է հոգիս… Բայց, ավա՜ղ, հանկարծ
Տխրության ամպեր իրար կուտակված՝
Ծածկում են աչքիցս այդ անպատմելի
Սրբազան պատկեր — պարգևն արարչի.
Ծանր զգացմունք է պաշարում հոգիս,
Այլ պատկերներ են նկարվում աչքիս…
Մինչդեռ բընության լայնարձակ գրկում
Փոխադարձ սուրբ սեր և կյանք է եռում,
Մարդկային կյանքը… օ՜, արարի՛չ տեր,
Որպիսի՞ տխուր, դառն հակապատկեր…
Բռնությո՜ւն, կապա՜նք, ո՜խ դըժոխային
Ճնշում, խեղդում են կյանքը մարդկային…
Եվ ո՞ւր է անկյուն այս չար աշխարհում,
Ուր թույլն, անզորը չի հարստահարվում…
1888, 5 ապրիլի
*
(Օր. Սոֆիա Դ.–ին)
Սիրավառ սոխակն յուր անուշ երգով
Սեր էր ներշնչում դեռաբույս վարդին.
Սիրահար երգիչն յուր անկեղծ քնարով
Սեր էր նվիրում մատաղհաս կուսին։
Եկավ վառ գարուն — և վարդը ծաղկեց,
Նորա ջերմ սիրով հագեցավ սոխակ.
Անցա՜ն տարիներ… և կույսը փթթեց,
Բայց երգչի սերը մընաց անպըսակ…