Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 12, համար 1, 1919)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հատվածներ Հայաստանից ստացած նամակներից


Քույր Հեդվիգ Բյուլը գրում է Մարաշի գինու լեռներից, որտեղ մեկնել է հանգստանալու 1918 թվականի հուլիսի 18-ին․

«Երբ հետ ենք նայում, այնքան բանի համար պետք է շնորհակալ լինենք։ Մինչև այսօր Աստված օգնել է մեզ ամենամեծ դժվարությունների ժամանակ։ Ե՛վ Հարունիեում, և՛ Մարաշում, Աստված միշտ դուռ է բացել և օգնություն ուղարկել մեզ, այնպես որ դրա պակասը չունեինք։ Ադել Հերհոլդը մեծ գործ է սկսել, որտեղ աղջիկները մանում են, հյուսում և գործում, ինչն այնքան բան տվեց որբանոցին։ Այս գարուն էլ ծանր փոթորկոտ ամպեր տեսանք, բայց դրանք անցան և թվում է՝ պայծառ օրեր են կրկին բացվելու մեր ընկերների համար։ Գները դեռ բարձրանում են․ ամեն ինչ շատ թանկ է։ Հարունիեում երեխաներն այս տարի ավելի առողջ էին․ դպրոցում էլ մեծ բավականություն էի ստանում նրանցից։ Գրեթե մեր բոլոր մեծ տղաներն ամռանն աշխատում էին ճանապարհին կամ զինվորների տներում, աղջիկները բավականին զբաղված էին կար-կարկատանով։ Քույր Յոհաննան էլ շատ գործ ուներ գյուղի հիվանդների շրջանում և կլինիկայում։ Ասեցի՞, որ նամակներ եմ ստացել Հոփսալ֊Էստոնիայի իմ սիրելիներից։ Չեմ կարող ասել, թե ինչ զգացի․ կարծես նրանց նորից ինձ հետ տվեցին։ Օրհնյա՜լ լինի Աստված։ Սարսափելի ժամանակների միջով են անցել, բայց Աստված զարմանալիորեն փրկել է նրանց բոլորին»։

Հարունիեի մեր ուսուցչուհիներից մեկը՝ Արմենուհին, գրում է 1918 թվականի հունիսի 28-ին․

«Շատ շնորհակալություն նամակիդ համար։ Այնքան եմ ուրախանում, որ քեզնից նամակ եմ ստանում և տեսնում, որ չես մոռացել մեզ։ Շատ կցանկանայի, որ դու նորից մեզ հետ լինես։ Նամակ եմ ստացել եղբորիցս (որն արտաքսված է)։ Նա կնոջ հետ մեծ վշտի մեջ է, և չգիտեմ, թե ինչ անեմ, բայց հավատում եմ, որ իմ Փրկիչն ամեն ինչ գիտի և ճիշտ ժամանակին կօգնի»։

* 

Տիկին ֆոն Դոբլերը գրում է Հարունիեից 1918 թվականի սեպտեմբերի 22-ին․

«Շատ էի ուզում գրել քեզ։ Նոր 32 նամակ գրեցի երեխաների խորթ ծնողներին։ Պետք է նաև մի քիչ պատմեմ այստեղից։ Մեր երկու ուսուցիչները լավ են իրենց ընտանիքների հետ, լավ է նաև Գրիգորը՝ մեր գնորդը։ Կարողանում էինք ինչ-որ չափով օգնել նրանց, որ որոշ բաներ գնեն, բայց հիմա պարոն Շուկարդտից իմացանք, որ էլ ոսկեդրամ չենք ստանալու, այնպես որ անօգնական վիճակում ենք։ Եթե Աստված հրաշք չգործի, որբանոցը գոյություն չի ունենա։ 150 երեխա ունենք և չգիտենք՝ ինչպես հոգ տանենք նրանց կարիքները։ Պատրաստվում ենք արտադրություն սկսել, որը կօգնի մեզ, բայց բավարար չէ բոլորի կարիքը հոգալու համար և որտեղից պետք է գումար գտնենք արտադրություն սկսելու համար։ Հիմա կտրված ենք Ամերիկայից, որ օգնություն ստանանք, բայց չենք հանձնվի, Աստված կօգնի, եթե նույնիսկ ճար չգտնենք։ Մեր տղաներից 32-ն իրենց ապրուստը վաստակում են զինվորների տներում, բայց նրանց փոխարեն 21 նոր երեխա ենք բերել Էնթիլլիից, երբեմն էլ նորից երեխա ենք վերցնում։ Սիրելինե՛րս, աղոթե՛ք, որ Աստված հրաշք գործի և փրկի մեզ այս մեծ կարիքից։

Այս ամռանը Հասանբեյլիի լեռներում էինք, ապրում էինք վրաններում և տերևներով պատրաստված հյուղակներում։ Շատ լավ ժամանակ անցկացրինք, երեխաներն էլ լավ ապաքինվեցին։ Բանջարեղենը շատ էժան էինք գնում, համեղ ջուր էլ կար մոտակայքում, վառելափայտն էլ լիքն էր։

Քույր Մարին հիվանդ է տիֆով։ Եղբայր Ստորքը թույլտվություն ստացավ մեկնել Մարաշ՝ ղեկավարելու այնտեղի արական դպրոցը։ Մարաշում իսպանական գրիպ է բռնկվել, 150 աղջիկ է հիվանդացել Բեթելի որբանոցում։ Այստեղ երեխաները, չնայած աղքատիկ սննդին, այս տարի այնքան առողջ էին, միայն մի քանիսը հիվանդացան մալարիայով»։

Էլմաս Նշանյանը՝ Մուշի մեր նախկին ուսուցիչը, գրում է Մեզերեից 1918 թվականի սեպտեմբերի 30-ին․ «Իմ սիրելի՛ մայր, սեպտեմբերի 10-ին կրկին բացվեց արական դպրոցը։ Շատ աշակերտներ ունենք։ Թուրքերեն ու գերմաներեն եմ դասավանդում՝ շաբաթական 29 ժամ․ թվում է՝ այս տարի շատ ավելի հեշտ է լինելու։ Պարոն Էհմանի դստերը՝ Ինգեբորգին, դասավանդում եմ կրոն և գերմաներեն ընթերցանություն։ Վաղը կբացվի նաև իգական դպրոցը։ Եթե միայն մտածենք, որ այսքան ժամանակ աղջիկները դպրոց չեն ունեցել․․․ Ինչքա՜ն լավն էին Մուշի աղջիկները, այնքա՜ն լավ էին սովորում, շատ հեզ ու աշխատասեր էին։ Ո՞ւր են հիմա բոլորը։ Աստված շատ հավատարիմ է եղել ինձ այս 4 տարիների ընթացքում։ Երեկ երախտագիտական աղոթք արեցինք։ Չգիտեմ, թե Աստված ինչ կորոշի ինձ համար, լիովին նվիրվել եմ Նրան։ Եթե կամենա, ճանապարհ կբացի և ինձ քեզ մոտ կբերի։ Նա գիտի, թե ինչն է ինձ համար ամենալավը։

Այս տարի բերքն այնքան առատ էր, բայց նորից թանկ։ Որբանոցները նախկինի նման չեն կարող ձմեռվա համար պաշար պատրաստել։ Սաթենիկը՝ Մուշի մեր աղջիկներից մեկը, որը մեզ հետ եկել էր Մեզերե, ջերմորեն բարևում է քեզ։ Նա Աստծո սիրելի զավակն է։ Իմ կողմից բարևիր բոլոր բարեկամներին և ընկերներին»։

Աստծո գթությամբ հայերի ապագան սկսում է պայծառանալ, թեև այս օրերին հաղորդում են Կովկասում նոր սարսափելի կոտորածների մասին։ Հավատում ենք, որ տարբեր միսիոներ-պատվիրակներ շատ հնարավորություններ կունենան աշխատել ճնշված ժողովրդի շրջանում։ Ամեն դեպքում աղոթենք, որ Աստված հարուստ բերք տա այս բոլոր արյան կաթիլներից հետո։

Սրտագին բարևներ հայ ընկերներին,

Բոդիլ Բյորն

Քրիստիանիա, դեկտեմբերի 5, 18։

</pages>