Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 13, համար 1, 1920)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հայաստանից


Նորվեգիայում գտնվող «Կանանց առաքելության աշխատողներ»-ի սիրելի՛ ընկերներ, խնդրում եմ աղոթեք հայ ժողովրդի համար, որոնք հոգևոր և ֆիզիկական մեծ դառնության մեջ են և մեր աղոթքների կարիքն ավելի շատ ունեն, քան աշխարհի որևէ այլ ժողովուրդ։ Կա վտանգ, որ ժողովրդի մնացած մասն էլ կմահանա անսահման ողբի և տառապանքի մեջ։ Եսայիա 62,6։

Օրիորդ Կ․ Մ․ Պետերսոնը, որը հոկտեմբերի կեսերին է վերադարձել Հայաստանից, գրում է ինձ․

«Քաղաքական իրավիճակը դեռ բարդ է և որոշված չէ, թե ում է պատկանելու երկիրը։ Սեբաստիայի, Մալաթիայի և Խարբերդի թուրքերն ասում են, որ մինչև վերջ դիմադրելու են, եթե անգլիացիները գան, քանի որ իրենք են ուզում պահպանել երկիրը և այն չհանձնել հայերին։ Նույնիսկ սպառնում են կոտորել մնացած քիչ ժողովրդին․ բավականին ժամանակ և իշխանություն կունենան դա անելու համար, եթե իմանան, որ հզոր երկրներ են մոտենում։ Երկրի ներսում իրավիճակը դեռ շատ անորոշ ու բարդ է։ Թուրքերը ուշադրություն չեն դարձնում Կոստանդնուպոլսից եկած հրամանների վրա, այլ անում են ինչ ուզում են։ Նրանք հայերին հետ չեն վերադարձնում իրենց սեփականությունը, այլ սպառնում ու տանջում են նրանց»։


Բոլորդ հավանաբար հիշում եք մեր պատվելի (նախարար) Գրիգոր Ստեփանյանին, որը Մուշում անցակցրածս այս բոլոր տարիներին հավատարիմ օգնել է ինձ իմ աշխատանքում։ 1915 թվականի ամռանը նա կնոջ հետ աքսորվեց ու սպանվեց, բայց նրանց միակ դուստրը՝ Արաքսին, այդ ժամանակ Խարբերդի հայկական քոլեջում էր սովորում, որ ուսուցչուհի դառնա․ դա էլ եղավ նրա փրկությունը։ Երբ Մեզերեում խոսեցի նրա հետ, անսփոփելի վիճակում էր սիրելի ծնողների և բոլոր բարեկամների կորստի պատճառով։ Երբ իրավիճակը Խարբերդում ավելի անորոշ դարձավ, նա մեկնեց Ռուսաստան։ Նրա փախուստից հետո ոչինչ չէի լսել նրանից և վախենում էի, որ նա էլ է մահացել, բայց երկու շաբաթ առաջ մի երկար նամակ ստացա Կոստանդնուպոլսում գտնվող նրանից․ պարսիկների օգնությամբ գնացել էր Կովկաս։ Գրեթե երեք տարի որպես բուժքույր էր աշխատել Ռուսաստանի Կարմիր խաչի հիվանդանոցներից մեկում։ Կարճ ժամանակ անց տեղափոխվել էր Կոստանդնուպոլիս, որտեղից պետք է Ամերիկա մեկնի՝ սովորելու համալսարաններից մեկում։ Դուք էլ, անշուշտ, ուրախ եք իմանալ, որ նա փրկվել է և ապահով է․ աղոթե՛ք այս երիտասարդ, միայնակ աղջկա համար, որն այսքան բանի միջով անցնելուց հետո անհանգիստ ու դժբախտ է։ Արաքսին շատ նման է հորը։ Նա հանգիստ ու խելացի աղջիկ է, մեր դպրոցի և Մուշի կիրակնօրյա դպրոցի լավագույն աշակերտներից մեկն էր։

Նա պատմում է ինձ, որ մեր սիրելի ուսուցիչներից մեկը՝ Մարգարիտը, որը նույնպես մեկնել էր Կովկաս, այժմ բնակվում է Թիֆլիսում և օգնում է այնտեղի հայկական որբանոցում։ Դա էլ մեծ ուրախություն էր ինձ համար։

Մեր հոգևոր հովիվ Բենջամին Պետրոսյանից էլ վերջերս նամակ ստացա։ Մի քանի տարի Մուշի մոտ գտնվող Հավատորիկ գյուղում քահանա և ուսուցիչ էր, հետո մի քանի տարի էլ քարոզող էր Մուշի շրջանում, բայց վերջին մի քանի տարիներին բնակություն էր հաստատել Կոստանդնուպոլսում, որտեղ ամերիկացիները նրան աշխատանքի էին վերցրել որպես քահանա և ուսուցիչ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող մի հայկական գյուղում։ Մի փոքր հատված կավելացնեմ նրա նամակից այստեղ․ կարծում եմ՝ ձեզ կհետաքրքրի․

«Սիրելի՛ քույր Բոդիլ, անցած տարիների հիշողություններն այնքան ուրախալի են․ դրանք ինձ հիշեցնում են այն երջանիկ օրերի մասին, որ անցկացրել ենք Քրիստոսին հրաշալիորեն ծառայելով․․․

Կցանկանայի իմանալ, թե ինչ եք արել Հայկական հարցի առումով Նորվեգիայում։ Մեզ շատ հետաքրքիր է տեղեկություններ իմանալ նրանցից, որոնք տարիներ շարունակ ապրել և աշխատել են Հայաստանում՝ հատկապես նրանցից, որոնք ականատեսն են եղել այն սարսափելի կոտորածին, որը տեղի է ունեցել այս թշվառ երկրում։ Ժամանակն է մեր ընկերներին ավելի քան երբևէ լավ ճանաչելու։ Քույր Բոդիլի անունն այնքան ամուր է կապված Մուշին։ Ի՞նչ կարծիք ունեք Հայկական հարցի վերաբերյալ։ Խնդրում եմ մանրամասն ասեք, թե ինչ գիտեն նորվեգացիները հայերի կոտորածների և ցանկացած օգնության մասին, որ վերջիններս առաջարկել են աշխարհի ամենատանջված ժողովրդին։ Հուսով ենք՝ եկող գարուն կվերադառնանք մեր սիրելի Հայաստան։ Հայրենասիրական ասոցիացիա ենք ստեղծել և պատրաստվում ենք վերադառնալ մեր հայրենիք։ Կցանկանա՞ք գալ մեզ հետ։ Եթե այո, պատրաստվեք։ Եթե ուզում եք միսիոներական աշխատանք սկսել երկրի արևելյան հատվածում, կարո՞ղ եք նախապատրաստվել Նորվեգիայում և Շվեդիայում։

Անկեղծորեն, Ձեր շատ նվիրված,

Բենջամին Պետրոսյան»

1916 թվականի փետրվարին Մուշից իմ հեռանալուց հետո, Դիարբեքիրով եկա Հալեպ և մոտ 4 շաբաթ մնացի սիրելի շվեյցարացի քույր Բեատրիս Բոների հետ, որն աքսորյալների 800 որբերի համար որբանոց է ղեկավարում։ Նրանց մեջ զգայուն դեմքով մի տղա կար, ում մասին կուզենայի մի փոքր պատմել քույր Բեատրիսի պատմելուց հետո, քանի որ այս պատմությունը պարզ ցույց է տալիս, թե ինչ սիրով են նույնիսկ երեխաները կառչած քրիստոնեական հավատքից և թե նրանցից շատերն ինչ են հասկանում քրիստոնեության արժեքից․

«Մի կեսօր դուռս թակում են և սև քողով մահմեդական մի կին է ներս մտնում՝ 7 տարեկան անուշիկ տղայի ձեռքը բռնած։ Բաց, թարմ դեմք և պայծառ, ջինջ աչքեր ուներ․ նման էր հայ երեխայի։ Բայց ինչպե՞ս էր այս մահմեդական կինը եկել այս երեխայի հետ։ Նրան խնդրեցի նստել և ասել, թե ինչ է ուզում․ «Ես իմ երեխային եմ բերել»,- ասաց նա,- «Ձեր երեխայի՞ն։ Սա քրիստոնյա երեխա է, իսկ դուք մահմեդական եք»։ Այնուհետև մի կողմ քաշեց երեսի քողը։ Նմանությունն ապշեցուցիչ էր։ Նա պատմեց իր պատմությունը․ ամուսինը մահացել էր, փոքր տղայի հետ բնակվել է Հաճնում, մինչև եկել է աքսորի հրամանը, ինչը նրան և հազարավոր այլ կանանց խլել է իրենց տներից։ Շաբաթներ շարունակ տղայի ձեռքից բռնած քայլել է երկրի ճանապարհներով։ Տառապել են սովից ու ծարավից, ոտքերին վերքեր են առաջացել։ Օրեցօր սիրտը մթագնել է, որովհետև չի զգացել, որ Աստված կա, և այսպիսի սարսափելի տառապանքի մեջ Նրան միայն անունով իմանալը կամ Նրան ոչ խորը հավատալը չի օգնել։ Թշվառ և ուժասպառ վիճակում վերջապես երեխային հասցրել է Հալեպ։ Այնտեղ մի մահմեդականի հետ է ծանոթացել, որը նրան հավանել է։ Մի օր նա հարցրել է, թե արդյոք ցանկանում է իր կինը դառնալ։ Պետք էր միայն իսլամ ընդունել։ Իրեն ու երեխային այլ անուններ էր տալու, ապահովելու էր նրանց և իր հետ տուն էին ունենալու։ Դա փրկություն էր, բայց ի՜նչ գնով։ Բայց նա չէր կարող այլ կերպ գործել, երբ մտածում էր, թե ինչ է սպասվում։ Պատկերացրեք, կրկին իջնել անապատ, որտեղ նրանց սովն էր սպասում կամ ավելի դաժան ձեռքեր ընկնել, քան այս տղամարդը։ Ո՛չ, անկարելի էր։ Այսպես, նա համաձայնվեց և երեխայի հետ գնաց նրա տուն։ Շուտով սովորեց նոր պայմաններին և հասկացավ, որ ամենավատ վայրում չի գտնվում, բայց փոքրիկ Սեդրակն այլ կերպ էր մտածում։ Նրան ասել էին, որ նոր հայր է ունենալու, նոր տուն, սնունդ ու հագուստ, ինչը նա լավ էր ընդունել, բայց չէին ասել, որ նոր անուն է ունենալու և որ այլևս քրիստոնյա չի լինելու։ «Բայց մամ, ես քրիստոնյա եմ և չեմ ուզում մահմեդական լինել»,- ասել էր նա։ Ամեն օր կռիվ էր սկսվել։ Մայրը փորձել էր փափկացնել նրան աղոթքներով, իսկ նոր հայրն էլ բարությամբ ու խստությամբ, բայց ոչինչ չէր օգնել։ Սեդրակը մնացել էր նույն համոզմանը, որ քրիստոնյա է։ Խորթ հայրն այնուհետև հասկացրել էր, որ չի կարող պահել նրան։ Մայրն աղիողորմ արտասվել է։ Հետո տղան ասել է․ «Մա՛մ, տա՛ր ինձ որբանոց»։ Եվ ահա նա մոր հետ այստեղ էր։ Նայեցի երեխայի քաղցր, վստայող դեմքին և ասացի․ «Ի՞նչ ես ուզում, փոքրի՛կ Սեդրակ»։ «Ուզում եմ Ձեզ հետ մնալ»։ «Բայց, տղա՛ս, այստեղ՝ Հալեպում, որբանոցում լավ չէ, այստեղ մի քանի հարյուր երեխա միասին ապրում են անհարմար, մութ սենյակներում, նրանք չեն համարձակվում դուրս գալ և ուտելու շատ քիչ բան են ունենում։ Մայրիկիդ հետ քեզ համար լավ է»։ «Բայց ես քրիստոնյա եմ»,- ասաց փոքրիկը։ Այսպիսով, ես նրան պահեցի ինձ մոտ, իսկ խեղճ մայրն էլ հեռացավ արտասվելով։ Չնայած որբանոցի անհարմար պայմաններին՝ երեխան այնուամենայնիվ շատ ուրախ էր մեզ հետ։ Նա սիրում էր իր ուսուցչին, դպրոցը և կիրակնօրյա դպրոցը։ Հետաքրքիր է՝ որտեղ է նա հիմա։ Մի անգամ էլ թուրքական կառավարությունը ձեռք գցեց այս երեխաներին, և Սեդրակն ստիպված էր նորից հեռանալ․․․

Պատկերացրեք, թե Հիսուսն ինչքան պետք է որ սիրի այսպիսի երեխայի, որն իր կամքով հրաժարվեց իր ամենասիրելի մարդուց հանուն Նրա։ Չեն կարո՞ղ մեզնից շատերն իրենց սերը ցույց տալ մեր թանկագին Փրկչին՝ մեծացնելով հազարավոր լքված երեխաներից մեկին, որոնք անօթևան են և սոված, որոնց կյանքը զուրկ է սիրուց և երջանկությունից։

Ըստ իս՝ անջնջելի տպավորություն է նայել այդ երեխաների դեմքին, որտեղ դրոշմված է խորը վիշտ և հուսահատություն։ Բոլորն այնքան հաջողակ չէին, որ ճանաչեին Փրկչին, որը խորը սիրով նայում է իր փոքրիկ, լքված երեխաներին և իր ձեռքերն է մեկնում նրանց․ որբանոցներում երեխաներն իմանում են Աստծո մասին և սովորում սիրել Նրան։

Անկեղծորեն յուրաքանչյուրիդ, ձեր՝ Աստծով լցված,

Բոդիլ Բյորն
</pages>