Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 5, համար 3, 1912)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Քույր Բոդիլից


Մուշ 20—4—1912
Սաղմոսներ 34, 6, 8—9

Իմ սիրելի՛ նորվեգացի ընկերներ,

Այժմ գարունն է մտնում Մուշ, ողջ բնությունն է արթնանում, նոր կյանք է սկսվում։ Օրեցօր սարերն ավելի ու ավելի են կանաչում, իսկ ձյունն էլ հալվում է, բայց ավելի բարձր լեռազանգվածներում դեռ ձյուն կա։ Ծառերի կատարներն ու դաշտերը հագնում են գեղեցիկ կանաչ։ Ամենուրեք դաշտերում մարդկանց ես տեսնում, որ վարում են, փորում և ցանում իրենց հողերը․ այս ամենն այնքան գարնանային և հույսով լի է երևում։ Գետակներն հոսում են ուրախ, երևում են ծաղիկնեը։ Վերջերս ամառվա նման շոգ է, բայց այսօր թարմացնող անձրև եկավ, այնպես, որ այժմ ծաղիկները ծլում և աճում են ի ուրախություն մեզ։ Մի օր կեսօրին Ռուբենը, Եղիսաբեթը (աղջիկս) և ես գնացինք մանուշակներ գտնելու․ միայն մի անգամ էի մի քանի մանուշակ գտել Զատկի ժամանակ։ Այս անգամ որտեղ նայեցինք, չգտանք։ Միանգամից հույսս չկտրեցի ու ասացի, որ այդ հարուստ թուրքի այգում նախկինում մանուշակներ եմ քաղել։ Մենք ավելի մոտեցանք այգուն ու տեսանք բազում բուրավետ մանուշակներ։ Թուրքի կինը մեզ թույլ տվեց այնքան մանուշակ քաղել, որքան ուզեցինք․ ինձ նաև սուրճ հյուրասիրեց։ Ավելի ուշ բլուր բարձրացանք։ Խաղողի այգիներն ամբողջովին կարմրել էին վայրի կակաչներից։ Այնքան հրաշալի էր երկար ձմեռվանից հետո կրկին տեսնել գեղեցիկ ծաղիկներ․ այստեղ մենք տնային բույսեր չունենք։ Հրաշալի թարմացնող զբոսանք էր․ բոլոր ծաղիկներն էլ հիասքանչ էին։ Հաճախ չի լինում, որ դուրս ենք գալիս բնության գիրկը, քանի որ այս տարի քիչ ժամանակ ունենք․ Մուշում բոլոր ուղևորությունները հիվանդներին այցելելով ենք անցկացնում։ Կլինիկայում այս պահին 30-50 հիվանդ ունեմ․ նրանցից շատերն աղքատ են, բայց հաճախ նաև հարուստներ էլ են լինում, լինում են նաև քուրդ կամ թուրք կանայք։ Չնայած մի կաթոլիկ հայի արգելքին՝ ես շարունակում եմ իմ գործն անել․ իսկապես չեմ կարող թույլ տալ, որ այդ բոլոր աղքատ և հիվանդ մարդիկ հեռանան՝ առանց օգնության և հսկողության։ Նա անում է ամեն ինչ, որ խոչընդոտի հիվանդների հետ աշխատանքս, բայց մինչև հիմա Աստված օգնել է ինձ։ Մանկաբարձուհու իմ դիպլոմը, որը Բեռլինում թարգմանվել և կնիքվել է Թուրքիայի հյուպատոսության կողմից, հաստատվել է, և ես լիովին ազատ եմ աշխատել հղի կանանց հետ, բայց մյուս հիվանդներին չեմ կարող դեղ տալ։ Այս ամենն ուղղակի նախանձ է, որովհետև մարդիկ ինձ ավելի շատ են վստահում, քան իրեն, ով շատ երիտասարդ, անընդունակ բժիշկ է։ Մինչև հիմա թուրք բժիշկներն ինձ գոնե չեն վնասել։ Ասում են՝ նման բան պետք է սպասել հայերից։ Այսօր Ռուբենը երկար զրույց ունեցավ այդ բժշկի դեղագործների հետ, որոնք ասացին․ «Բոլովին մի՛ վախեցեք մեզնից»։ «Չենք վախենում»,- ասել է Ռուբենը,- «իսկապես, չենք վախենում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ բոլոր հիվանդները հեռանան՝ առանց օգնության և իրենց լավ զգալու»։

Մենք շատ ենք աղոթել, որ Աստված իր ուժեղ ձեռքը պահի իր այս գործի վրա, ամեն ինչ Նրա ստեղծածն է և Նրա արքայության տարածման համար է։ Բայց կրկին սատանան փնտրում է իրեն օգնողներ և խանգարում, որ լույսը հաղթի Մուշում։ Երբ հետ եմ նայում և տեսնում, թե ինչպես է Աստված սկսել և պահպանել այս գործը, օգնել դժվարությունների ժամանակ և բուժել այսքան մարդու, պետք է գովերգեմ ու պատվեմ Նրան իր բարեհաճության և բարության համար։

Հաճախ անհանգստությամբ և սարսուռով եմ գնացել շատ հիվանդների մոտ, որոնք այնքան աղքատ էին։ Սրտումս մի հարց կար՝ ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց։ Պատասխանատվությունը շատ մեծ էր, բայց Աստված օգնել է ինձ, առաջնորդել և սփոփել։ Նախկինում երբեք չեմ ունեցել Աստծո հրաշալի օգնությունը, ինչպես որ Մուշում, բայց երբեք չեմ էլ տեսել սեփական ոչնչությունս ու անկարողությունս։

Աղոթեք, սիրելի՛ ընկերներ, որ Հիսուս ամեն ինչ է դարձել ինձ համար և որ ամեն ինչ է անում ինձ համար։ Նա մեծ է և փառավոր, իսկ ես՝ ոչինչ, այնպես, որ նա միայնակ կարող էր արժանանալ այդ ամբողջ փառքին և փառաբանված լինել իմ կյանքում։

Ուզում եմ նորություն իմանալ ձեզնից։ Ինչո՞ւ ձեզնից որևէ մեկը չի գրում։ Քանի որ այս տարի չեմ կարողանում հաճախ գրել, պետք է ներեք ինձ․ շատ զբաղված եմ։

04/24/1912

Այսօր Ֆրանկինից եկած մի մարդու միջոցով կարճ նամակ ստացա քույր Թորայից։ Նա հարցնում է, թե երբ կարող ենք հանդիպել Սասունում, որովհետև համաձայնվել ենք արձակուրդն իրար հետ այնտեղ անցկացնել․ շատ եմ սպասում դրան։ Պարոն Շուկարդտը թույլ էր տվել ինձ արձակուրդիս այնտեղ գնալ։ Այս տարի շատ չեմ կարողացել օգնել իմ խեղճ հիվանդներից շատերին։ Եթե կարող եք, խնդրում եմ օգնեք նրանց։ Ինչպես նաև կցանկանայի օգնեք, որ կարողնամ ամենաթշվառներին Սասուն բերել։ Շատ տեղերում կարիքն այնքան մեծ է։ Այս տարի ևս այնքան հիվանդ ունեմ։ Ռուբենը նույնպես հաճախ է հիվանդացել մալարիայով, այնքան նիհար էր և գունատ, բայց հիմա ավելի լավ է։ Ես չեմ հիվանդացել ու այնքան երախտապարտ եմ, որովհետև ո՞վ պետք է իմ փոխարեն իմ գործն աներ։

Ֆրանկֆուրտից թույլտվություն ունեինք վերաձևավորել հավաքատան և դպրոցի շենքերը․ դպրոցը տեղակայված է շատ խղճուկ պատեր ունեցող մի տանը։ Պատվելի Գրիգորը թույլտվության համար դիմել է կառավարությանը․ կարծում եմ՝ կստանանք այն։ Այնքան ուրախ եմ, որ կարող ենք Աստծո համար պատշաճ տուն կառուցել․ սա նույնպես պատասխան է մեր աղոթքներին։ Եթե միայն կարողանայիք ուղարկել այն 100 կրոնը, որ հավաքել եք երեկոյի ընթացքում Քրիստիանիայում։ Առաջարկում եմ ուղարկել այն Ֆրանկֆուրտ և ասել, որ օգտագործեն հավաքատան սրահի ֆիսհարմոնի համար։ Ի՞նչ կասեք։

Այս ձմեռ երկու որբանոց կունենանք Մուշում․ չափազանց դժվար է մի հատն այստեղ ունենալ, մյուսը՝ գյուղում։ Շատ ուրախ եմ այս առիթով։ Դեռ կառուցման թույլտվությունը չունենք, բայց Աստված դա էլ կշնորհի։

Անհանգիստ ժամանակներում ենք ապրում։ Իտալացիները ենթադրաբար Դարդանելի նեղուցի մոտ են։ Վերջին հաշվով ի՞նչ է լինելու Թուրքիայի հետ։ Քույր Թորան ասում է, որ բարդ է այնտեղ, բայց մենք այստեղ ոչինչ չենք զգում․ թեև թուրքերը մեր նկատմամբ այնքան էլ բարի չեն այս տարի, ինչպես նախկինում, բայց ատելություն չեմ նկատել։

Դժբախտաբար, չգիտեի, որ Նորվերգիայի «Կանանց առաքելության աշխատողներ»-ը այս տարի նշելու էին իրենց 10-ամյակը, այլապես հատուկ կշնորհավորեի այդ կապակցությամբ։

Լա՛վ մնացեք։ Աստծո խաղաղությունը։ Աստծո օրհնությունը յուրաքանչյուրիդ, ձեր երջանիկ պատվիրակ

Բոդիլ Բյորն
</pages>