Բողոքի դեմ
Պոլսի Բերայի ս. Երրորդության եկեղեցում միտինգ կազմելով մեր տաճկահայ եղբայրները բարձրացրել են իրենց եղբայրական ձայնը բողոքելու Կովկասում կատարվող բանտարկությունների համար, էս ամենը համարելով հալածանք հայ ցեղի դեմ։ Եվ մենք մնացել ենք ցավի մեջ։
Եվ ո՞րն է ցավը. էն, որ մենք, ռուսահայերս, այժմ շնորհակալ ու երախտապարտ լինելու փոխարեն ստիպված ենք էսպես պատասխանելու նրանց եղբայրական ցույցերին․
Պոլսահայ միտինգավոր եղբայրներ․ աղաչում ենք ազատեցեք մեզ ձեր եղբայրական զգացմունքների էդքան բուռն արտահայտություններից։ Դուք, անշուշտ, լսել եք, որ միտինգներ են անում ու բողոքում հայերի վրա կատարած բռնության դեմ, բայց էդ միտինգները լինում են ուրիշ երկրներում և բացառապես Տաճկաստանի դեմ, որ հալածում
է ձեզ։ Էդպես է եղել մինչև ձեր էսօրվան միտինգը։ Եվ հենց այժմ էլ մենք Ռուսաստանում դեռ չենք վերջացրել ձեզանում եղած կոտորածների ու թալանվածների օգտին սկսած հանգանակությունը, իսկ դուք արդեն էնքան եք ձեռաց երջանկացել, որ մոռացել եք միանգամայն և ձեր, և մեր պատմությունը նույնիսկ մինչև ձեր միտինգի օրը։ Ճառախոս եղբայրներ, ժողովուրդների պատմությունները պրոժեկտորի պատկերներ չեն, որ հանկարծ մի պատկերն էն կողմը շպրտես, մյուսը դնես տեղն ու հրճվես։ Ով էս տեսակ ֆոկուսների հավատում է, իհարկե, նա շատ հեշտ կերջանկանա ու միտինգներ էլ կանի ճառեր ասելու, իսկ ճառերը ընդունակ են միայն հարբեցնելու, և հարբած դրությունը մի շատ ցավալի դրություն է մարդու համար, և մանավանդ, մի ժողովրդի համար, որ էնքան կարիք ունի զգաստ լինելու։
Գալով Կովկասում եղած բանակցություններին, որքան էլ նրանք շատ լինեն և անմեղ ու անտեղի, պետք է որոշել նրանց բնավորությունը և երբեք չշփոթել ու չանվանել հալածանք հայ ցեղի դեմ։ Ուրիշ բան են ժողովուրդները, ուրիշ բան հեղափոխությունը, որ ոչ էս ժողովրդինն է, ոչ էն։ Արդ՝ մեր մեջ էլ սրա նրա վրա կասկած են տանում, թե պատկանում են էս կամ էն հեղափոխական ծրագիր ունեցող կուսակցությանը և խուզարկում են ու բանտարկում։ Եվ որովհետև թուրք-հայկական ընդհարումների ժամանակ ինքնապաշտպանության գործի հետ դաշնակցության անունը շատ տարածվեց ժողովրդի մեջ, էդ պատճառով էլ այժմ կասկածում ու բանտարկում են շատերին, հեղափոխական համարելով։ Անկասկած էս բոլոր թյուրիմացությունները կպարզվեն, կանցնեն ու կմոռացվեն, բայց մի մեծ բան կա, որ չպետք է էդպես շփոթել սրա հետ. էդ ազգերի լավ հարաբերությունն է, որ հիմնված է եղել դարերի պատմության վրա։ Էդ պատմությունը չի փոխվել, և պատմությունն էդպես հեշտ չի փոխվում։ Տաճկաստանում կամ Պարսկաստանում եթե լավ դրություն է ստեղծվում, շատ լավ է, և, երանի, ավելի լավը լինի։ Սակայն ոչ մի կողմնակի հանգամանք և ոչ մի ժամանակավոր խառնակ դրություն չպետք է մեզ դարձնի ապերախտ Ռուսաստանի առջև էն խաղաղության ու բարիքի
դեմ, որ մենք վայելել ենք նրա հովանու տակ և ոչ էլ Ռուսաստանին մոռացնել տա էն սերն ու համակրանքը, որ մենք ունեցել ենք դեպի նրան և որով փարել ենք նրա դրոշակին։
Էսպես է ասում ձեզ մինը էն բանտարկյալներից, որոնց անունով դուք Ռուսաստանի դեմ բողոքում եք սահմանադրական Տաճկաստանից։