Բռնակալին
Արտաքին տեսք
Բռնակալին
Սուրը արյունոտ, ճակատը քրտնած,
Ինչպես Գաբրիել, քաջը որոտաց,
― Լպի՛րշ բռնակալ, մինչև ե՞րբ այսպես
Անմեղ արյունով սար ու ձոր ներկես:
Բազուկներս պիտ պարզենք
Տիրա՜ն, քո ոսկե գահին,
Ու խորտակել մինչ դժոխք,
Մատնել անշեջ կրակին:
Գոռոզ գարշելի, գիշատի՛չ գազան,
Անգո՛ւթ բռնակալ, դու մայր չարության,
Հերիք է այսքան արյուն ու արցունք
Քամես անողոք խեղճից օրնիբուն:
Գնա, ջնջվի՛ր հավիտյան,
Հետքդ անգամ չմնա,
Եվ քո ցանած չար սերմեր
Թող աշխարհից վերանա:
Դու չես սարսափում գոնե մի վայրկյան,
Թե մի օր փշրի ստրուկի շղթան
Եվ քո ոսկեկուռ գահից մինչ դժոխք
Գլորանկ լինես ստրուկի ձեռոք:
Թող չքանա սուրբ երկրից
Քո զազրելի չար հոգին,
Եվ ազատվի թշվառներ,
Փայլի արև մեզ անգին:
1904