Գաղտնիք Ղարաբաղի/Ա
«ԳԱՂՏՆԻՔ ՂԱՐԱԲԱՂԻ»
Հեղինակությամբ Ապրեսի Բեկնազարյանց. թարգմանություն Մակար վարդապետի Բարխուդարյանց: Տպված է Առաքել աղա Նատուրյանցի ծախքով. Ս. Պետերբուրգում ներկա ամի:
Ա
Վերջապես լուս տեսավ հոդվածիս վենագիրը կրող գիրքը, որ դեռ չհրատարակված այնքան աղմուկ բարձրացրեց մեր գրականության մեջ: Այդ աղմուկը ծագեց առավելապես, այն մթին, տարօրինակ երևույթից, որի մեջ պարածածկված, այդ գիրքը պիտի ներկայանար հայ հասարակությանը: Այդ էր պատճառը, որ լրագիրներից ոմանք խոսեցին ի նպաստ և ոմանք աննպաստ:
Կանխահաս քննադատությունը թողեց հարցը անվճիռ: Իսկ այժմ երկպառակության խնձորը դրած է հասարակաց սեղանի վրա, նրան կարելի է ամեն կողմից քննել:
«Գաղտնիք Ղարաբաղին», իրավ որ, թաքցրած ունի յուր մեջ մի մեծ գաղտնիք, բայց այդ գաղտնիքը ոչ թե Ղարաբաղի գաղտնիքն է, այլ այդ գրքի իբր թե թարգմանիչ Մակար վարդապետի գաղտնիքն է: Իմ հոդվածի նպատակը կլինի՝ քննել գլխավորապես վերջին գաղտնիքը:
Ահա ինչ է ասում Մակար վարդապետը յուր առաջաբանի մեջ.(Ես քաղում եմ նրա համառոտ բովանդակությունը միայն):
1881 թվի մարտի 5-ին Մակար վարդապետը միայնակ նստած է լինում յուր սենյակում, (ծառան բացակա էր) հանկարծ դուռը բացվում է, ներս է մտնում մի գրեթե «հարյուրամյա ծերունի», մուրացկանի հագուստով: Նա փաթաթած թաշկինակների միջից հանում է մի ձեռագիր գիրք, հանձնում է հայր սուրբին, ասելով որ այդ գրքի մեջ կան «թե շատ վտանգավոր գաղտնիքներ և թե Ղարաբաղի պատմության համար անգին գանձեր»։ Եվ հասարակությանը ավելի հասկանալի դարձնելու համար, ծերունին խնդրում է, որ վարդապետը այդ աշխատությունը «թարգմանե», գրաբարից աշխարհաբարի վերածե, և «երկու տարի» սպասելուց հետո, տպագրել տալ։
Վարդապետի բոլոր ջանքը, այդ խորհրդավոր ծերունու ով լինելու մասին մնում է ապարդյուն, որովհետև նա, որպես հանկարծակի մտնում է հայր սուրբի սենյակը, այնպես էլ հեռանում է, միայն հայտնելով, թե «իմ անունը և ազգանունը կիմանաք ձեռագրիցս»։
Այդ ծպտյալ ծերունին «Գաղտնիքի» հեղինակ Ապրես Բեկնազարյանցն է եղել։ Թե հետո ո՞ւր գնաց նա, ի՞նչ եղավ, որտե՛ղ կորավ,— այդ մասին լռում է հայր սուրբը։ Բայց նրա «կտակը» ճշտությամբ կատարում է. գիրքը թարգմանում է, իսկ գրաբար բնագիրը, դժբախտաբար, կորցնում է…
Այդ դժբախտությունը պատահում է 1884 թվին, օգոստոսի 30-ին, կնշանակե՝ գիրքը ստանալուց ուղիղ երեք տարի, 3 ամիս և 25 օր հետո։
Դժբախտությունը պատահում է հետևյալ կերպով. վարդապետը, քարքարոտ Շուշի փողոցների դարուփոսերով, «երեկոյան մութի» ժամանակ իր բնակարանի իրերը տեղափոխում է մի այլ բնակարան։ Ճանապարհին բեռնակրի անզգուշությունից «ծրարի» միջից գրքի թանկագին բնագիրն ընկնում, կորչում է, իսկ թարգմանությունը, բարեբախտաբար մնում է…
Եթե գրքի բնագիրն անհետացած չլիներ, դարձյալ կարելի էր փոքրիշատե հավատալ այդ բոլոր առեղծվածային հանելուկներին։
Բայց բնագրի կորուստն ինքնըստինքյան, առաջ է բերում ամեն մի ուշադիր ընթերցողի մտքում մի խոշոր կասկած, արդյոք այդ գիրքը չէ՞ գրել ինքը Մակար վարդապետը, արդյոք այդ բոլորր չէ հնարել նա՝ յուր աշխատությունն ավելի հետաքրքրական դարձնելու համար։ Բայց բնագրի կորուստն ինքնըստինքյան, առաջ է բերում ամեն մի ուշադիր ընթերցողի մտքում մի խոշոր կասկած, արդյոք այդ գիրքը չէ՞ գրել ինքը Մակար վարդապետը, արդյոք այդ բոլորր չէ՞ հնարել նա՝ յուր աշխատությունն ավելի հետաքրքրական դարձնելու համար։
Փաստերը ավելի կասկածանքի կողմն են թեքվում։
Արդարև, եթե «Գաղտնիք Ղարաբաղին» լիներ մի հին, հարազատ գրվածք, նա այդ երկրի պատմության համար կարող էր մի հարստություն համարվել։ Բայց նոր գրվածքը, այն ևս պատմագրության մեջ, հին արձանագրության անունով տալ հասարակությանը, դա նույնն է, որպես մեկը կեղծ թղթադրամներ, կամ կեղծ վկայականներ է խարդախում։
Ին՞չ իրավունքով Մակար վարդապետը թարգմանեց իրեն հանձնված գիրքը: Եթե այդ աշխատությունը ուներ մի արձանի նշանակություն, նա կարող էր ունենալ միայն յուր հին ձևի մեջ, յուր հին լեզվով: Բավական չէ, որ Մակար վարդապետը յուր առաջաբանի մեջ ասում է, իբր թե հանձնող ծերունին խնդրեց թարգմանել գիրքը…
Ի՞նչ կասեն մեզանից ամեն մեկին, որ կամենալով հարստահարել Խորենացու անունը, գրեք մի գիրք լի առասպելներով, և ասենք դա Խորենացու պատմության երկրորդ հատուրն է: —Ո՞ւր է բնագիրը,-կհարցնեն մեզանից: - Բնագիրը կորցրինք, միայն աշխարհաբար թարգմանությունը մնաց մեր ձեռքում… Ո՞վ կհավատար մեզ:
Մակար վարդապետի անունը շատ չէ զանազանվում այդ օրինակից:
1881 թվին ես ճանապարհորդում էի Ղարաբաղում տեղային մելիքների պատմության համար նյութեր հավաքելու: Սեպտեմբեր ամսի 10-ին գնացի Շուշի, իջևանցի առաջնորդարանում, թեմի հաջորդ. արժ. Կարապետ վարդապետ (այժմ եպիսկոպոսը) Այվազյանի մոտ: Իմ ճանապարհորդության նպատակը իմ բոլոր ծանոթներին հայտնի լինելով, յուրաքանչյուրը աշխատում էր օգնել ինձ: Մեկը բերանացի ավանդություններ էր հաղորդում, մյուսը բերում էր մի որևէ ձեռագիր, որ պատմական նշանակություն ուներ: Այնպես, որ Շուշիում ինձ հաջողվեցավ հավաքել բավարար պաշար:
Ես մնացի այդ քաղաքում ամբողջ երկու շաբաթ: Այն ժամանակ Մակար վարդապետը համարյա ամեն օր իմ մոտ էր լինում: Երբեմն Կարապետ հայր սուրբի և իմ հետ ճաշում էր, երբեմն մեզ մոտ թեյ էր խմում: Մեր խոսակցության առարկան ըստ մեծի մասին Ղարաբաղի մելիքները և նրանց գործերն էին: Ինքը Մակար վարդապետը աշխատում էր ինձ նյութեր մատակաարարել, երբեմն ամբող օրով այս կողմ և այն կողմ էր գնում՝ նյութեր որոնելու:
Այդ ժամանակ «Գաղտնիք Ղարաբաղի» բնագիրը պետք է Մակար վարդապետի մոտ լիներ, որովհետև որպես ինքը հայտնում է յուր առաջաբանի մեջ, այդ գիրքը նա ստացել էր խորհրդավոր ծերունուց 1881 թվի մայիսի 5-ին, իսկ ես գտնվում էի Շուշիում նույն թվի սեպտեմբերի 10-ին: Ուրեմն իմ այնտեղ լինելուց 4 ամիս 5 օր առաջ ստացած պետք էր լիներ այդ գիրքը: Ինչո՞ւ Մակար վարդապետը, որ ամեն ջանք գործ էր դնում ինձ նյութեր մատակարարելու, բայց յուր մոտ գտնված մի ամենահետաքրքիր հնություն, ինչպես էր «Գաղտնիք Ղարաբաղի» բնագիրը, ցույց չտվեց ոչ ինձ, ոչ Կարապետ հայր սուրբին։
Շատ հասկանալի է, եթե մի այսպիսի հնություն գոյություն ունենար, նա չէր թաքցնի ինձանից,— չէր թաքցնի և այն պարոններից, որ այդ ժամանակ Շուշիումն էին, և որոնք հետաքրքրված էին Ղարաբաղի պատմությունով։ Այն ժամանակ Շուշիումն էին պպ․ Ղազարոս Աղայանցը, Տիգրան Նազարյանցը («Աղբյուրի» խմբագիրը) և մի ամբողջ վարժապետական խումբ, որի մեջ էր Մակար վարդապետը, և խիստ հաճախ հանդիպում էինք միմյանց։
Մակար վարդապետը կարող է ասել. ես այն ժամանակ թաքցրի որպեսզի ինքս օգուտ քաղեի։— Դարձյալ կարող էր օգուտ քաղել, ո՞վ ուժով կխլեր նրա ձեռքից։
Այդ ինքնըստինքյան խիստ ծանր կասկած է ձգում գրքի գոյության վրա, որ Մակար վարդապետը այդ աշխատությունը խորհրդավոր ծերունիից ստանալուց, մինչև նրա բնագրի կորցնելը, 3 տարի, 3 ամիս և 25 օր պահում է յուր մոտ, և իր բարեկամներից ու ծանոթներից ոչ մեկին ցույց չէ տալիս, որ գոնե վկա լինեին, թե մի այսպիսի ձեռագիր տեսել են նրա մոտ։
Տարակույս չկա, երբ մի մարդ մի այսպիսի երևելի գյուտ է անում, և նրան հաջողվում է ձեռք բերել մի երկհատոր հին աշխատություն, որ բովանդակում է յուր մեջ մի երկրի պատմական գաղտնիքները.— նա ոչ միայն կթաքցնե այդ աշխատությունը (որ հետո կորցնե), այլ կհրատարակե լրագիրներում ի գիտություն հասարակության։ Մակար վարդապետը այդ ևս չի արել, ամեն ինչ ծածկել է մթության մեջ։ Իսկ Մակար վարդապետը պարտավոր էր հրապարակ հանել իր երևելի գյուտը։ Եթե ճշմարիտ են նրա այն խոսքերը, որ նա ասում է յուր առաջաբանի մեջ, թե խորհրդավոր ծերունին հանձնելով նրան այդ գիրքը, «կտակեց» տպագրել տալ,— ուրեմն նրա կտակը ճշտությամբ կատարելու համար նա հրապարակավ պետք է դիմեր հասարակությանը և օժանդակություն խնդրեր, որովհետև ինքը աղքատ մարդ էր։ Եվ նաև համոզված եմ, որ Թիֆլիսի տպագրական ընկերությունը կամ ամեն մի կարողություն ունեցող հայ չէր խնայի մի այդպիսի նշանավոր հնության տպագրության ծախքը յուր գրպանից վճարել, մանավանդ որ, պատմական աշխատությունների համար հանգուցյալ Իզմիրյանցի թողած գումարից պրեմիաներ կան նշանակված։ Ուրեմն ինչո՞վ բացատրել Մակար վարդապետի 3 տարի, 3 ամիս և 25 օրվա լռությունր։
Ես այս ևս կվերաբերեի հայր սուրբի վերին աստիճանի ծածկամտությանը. եթե նա դրան—նրան նամակներով դիմած չլիներ, որ տպագրեն յուր աշխատությունը,—կրկնում եմ յուր աշխատությունը և ոչ թե երևակայական Ապրես Բեկնազարյանցի։
Մի այսպիսի նամակ Մակար վարդապետը գրել է և ինձ, որով խնդրում էր, որ ես նրա աշխատությունը «Մշակի» մեջ տպել տամ:
Այդ նամակները կ՚պատառեն «Գաղտնիքի» վարագույրը և Մակար վարդապետի վարմունքը կ՚մերկացնեն հասարակության առջև[1]:
Ինչպես երևում է, Մակար վարդապետը սկզբում նպատակ չի ունեցել այսպիսի վարմունք թույլ տալ իրան, որի օրինակը մինչև այսօր ամենևին չէ տեսնվել մեր գրականության մեջ։ Նրան կամ խելքից հանել են ուրիշները, կամ մոլորության մեջ է ձգել յուր շահասիրությունը։ Թե այսպես, թե այնպես,— հանցանքը կատարված է։ Նա այժմ մի դատապարտյալ է գրական քննադատության ատյանի առջև:
Ես իմ հոդվածի շարունակության մեջ ցույց կտամ, թե նա ինչպես է կազմել «Գաղտնիք Ղարաբաղի»—ն։ Այդ գիրքը գրելուց հետո. հեղինակի փառասիրությունը դրդել է նրան տպագրված տեսնել յուր աշխատությունը։ Դիմել է զանազան անձանց և ոչ մի տեղից օժանդակություն չի գտել։ Հետո մտածել է՝ յուր անունը մի կողմ դնելով, յուր աշխատությունը պսակել մի երևակայական հեղինակի անունով, իբրև մի գրվածք, որ մի քանի հարյուր տարվա հնություն ունի, և բովանդակում է յուր մեջ «ամենավտանգավոր գաղտնիքներ» և «ամենահարուստ պատմական գանձեր» և այլն։ — Այդ հրապույրներով, մտածել է նա, մի բարեսիրտ մարդ գտնել, որ տպագրության ծախքը հոգա, բացի դրանից, գիրքը հետաքրքրական դարձնել, որ լավ ծախվի: Բարեսիրտ մարդը գտնվեցավ, - Բաքուի մեծ. Առաքել աղա Ծառուկյանը, որ իրեն հատուկ առատաձեռնությամբ 800 ռուբլի նվիրեց գրքի հրատարակության համար:
Կրկնում եմ, վերջին միտքը Մակար վարդապետի մեջ ծագել է շատ ուշ: Այդ երևում է այն հանգամանքից, որ երբ հայր սուրբը յուր մեջ վճռել է՝ յուր աշխատությանը մի ավելի հրապուրիչ հեղինակի անունով ներկայացնել, այդ միջոցին ստիպված է եղել փոփոխել յուր առաջին առաջաբանը և գրել այն նոր առաջաբանը, որ այժմ գրած է «Գաղնիքի» սկզբում, և որի մեջ նկարագրված է խորհրդավոր ծերունու ամբողջ առասպելը: Առաջաբանի փոխելու մասին, յուր ծանոթության մեջ, այսպես արդարացնում իրան հայր սուրբը. «Մենք մեր նախկին առաջաբանությունը չէինք փոխել, եթե կորուսված չլիներ «Գաղտնիք Ղարաբաղի» բնագիրն: Բնագրի կորստից ցավոք սրտի ստիպյալ փոխեցինք մեր նախկին առաջաբանությունը»:
Մի այլ հետաքրքրական փաստ:
Հայր սուրբ «Գաղտնիք Ղարաբաղ»-ի բնագիրը, որպես ինքն է ասում կորցրել է 1884 թվի օգոստոսին: Իսկ այդ գիրքը ցենզորից թույլտվություն է ստացել 1885 թվի դեկտեմբերի 31-ին: Ուրեմն մինչև ցենզորից թույլտվություն ստանալը, արդեն 16 ամիս առաջ բնագիրը կորած էր: Այլևս ի՞նչ հարկ կար, որ նա ստիպված լիներ՝ բնագիրը կորցնելու պաճառով առաջաբանը փոխել: Եթե բնագրի կորուստը պատահած լիներ ցենզորից թույլտվություն ստանալուց հետո, այդ թերևս հասկանալի է կարելի էր ընդունել, որ առաջաբանը փոխեց, որպեսզի բնագրի կորստյան մասին բացատրություներ տա:
Հիշյալ երկու միմյանց հակառակ առաջաբանները շատ բան պիտի պարզեն, և այդ շատ հեշտ է ստուգել: Տպագրական օրենքով թե առաջին և թե վերջին առաջաբանի օրինակները պետք է մնացած լինեն Ս. Պետերբուրգի Ի. Ն. Սկորոխոդովի տպարանում, որտեղ տպվել է «Գաղտնիք Ղարաբաղ»-ին: Եվ ես կաշխատեմ նրանց պատճենները ձեռք բերել[2]: Եթե «Գաղտնիք Ղարաբաղի»-ն լիներ մի վեպ կամ այլ աշխատություն, չարժեր նրա վրա ուշադրություն անգամ դարձնել: Նա այն աստիճան անշնորհք կերպով կազմված է, որ ինքն իրան կմեռներ: Բայց այդ գիրքը մի պատմական հիշատակարան է: Պատմագրից, այն ևս հին պատմագրից, այնքան գրական մեծ արժանավորություններ չէ պահանջվում, որքան փաստերի ճշտություն: Իսկ կեղծ փաստերը միշտ կարող են մոլորեցնել: Այդ ի նկատի առնելով, եթե այժմվանից չմերկացվի «Գատնիք Ղարաբաղի»-ի խարդախությունը, կանեցեն տարիներ, գործը կմոռացվի, և այդ գիրքը կմնա մեր գրականությաան մեջ, որպես մի անհարազատ վկայական, որ շատերին կգայթակղեցնե:
- ↑ 1Որովհետև դրանով պետք է մերկանա գրականական մի մեծ խարդախություն, որ եթե անլուծելի մնա, կարող է ապագայոք գայթակղության մի քար դառնալ մեր պատմագրության մեջ, —այդ ի նկատի ունենալով, ես վստահանում եմ հրապարակավ պարտք դնել այն բոլոր պարոնների վրա, որոնք Մակար վարդապետից նամակներ են ստացել ամբողջապես հրատարակեն, իսկ եթե նամակները չեն պահեր գոնե հրատարակեն նրանց բովանդակությունը։ Իսկ ես յուր մամանակին կհրատարակեմ իմ ձեռքում եղածները
- ↑ Մակար վարդապետը մի օրինակ ևս յուր աշխատության ուղարկած է եղել Մոսկվա հանգուցյալ Հակոբ քահանա Սուրենյանցին յուր հրատարակելիք նոր հանդեսի մեջ տպվելու համար: Այդ ամսագրի նախապատրաստական ժոողովներում, արժանապատիվ հոր տանը կարդացվում էր և Մակար վարդապետի աշխատությունը: Մի քանի ուսանողներ, որ ներկա են եղել այդ ժողովներին, ինձ պատմեցին, Մակար վարդապետի առաջին առաջաբանի բովանադակությունը