Գանգատ (Հերանուշ Արշակյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գանգատ

Հերանուշ Արշակյան


ԳԱՆԳԱՏ


Եկու՛ր, նայե, ծովն է հանդարտ, ո՜վ ընկեր,
Լուսնի շող մը կապույտին մեջ է ինկեր.
Նավակիս մեջ եկո՜ւր, ջուրին վրա դանդաղ
Նավարկելով դիտենք ալյաց զվարթ խաղ։

Հոս ամեն ինչ խինդ է, ժպիտ,
Ալիք, երկինք, ծով, հովիտ,
Լուսինն արծաթ շող սփռելով,
Ման գա երկնից մեջ անխռով։

Բայց հոգիներ կան գեղեցիկ այս պահուն,
Որոնց սրտեն կը կաթկթի միշտ արյուն,
Հոգիներ կան խեղճ, թափառկոտ, մենավոր,
Որոնց վերքը սև անդունդե՛ն ալ է խոր։

Ուրեմն, ինչո՞ւ, գիշե՛ր, աղվոր ես այսքան,
Եվ ծաղիկ, ծառ, ալիք, լուսին կը խընդան,
Երբ կանթեղի մը պլպլուն լույսին տակ՝
Աղվոր աչքեր արցունքի՜մեջ կը լողան...