Jump to content

Գանգատ (Ցավի բաժակն մինչև մրուր քամեցի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Գանգատ


Ցավի բաժակն մինչև մրուր քամեցի,
Արյունելով շրթունքներըս կանացի,
Խոցոտելով ի՛նչ որ բարի կար մեջըս,
Ինչպես սիրտիս զգացումն ալ խոցեցի:
Աչքերուս մեջ արցունքներըս ցամքեցան,
Ինքըս իմ մեջ տառապեցա ես անձայն.
Եվ բառերով օրորվեցա, մինչև որ
Հույսի բոլոր աղբյուրներըս ցամքեցան:
Ու արյունըս կաթիլ-կաթիլ թափեցավ,
Հոգվույս ցավին հետ միացավ մարմնի ցավ,
Խավարը և լռությունը հավիտյան
Սպառնացին պարուրել զիս շտապավ:
Տառապանքը ինծի բաժին ըրիր, Տե՜ր,
Եվ հնազանդ ես կրեցի անստվեր,
Ինչ ծանր բեռ, որ ուսերուս բեռցուցիր,
Կյանքը ծա՜նր է, ուժս է համակ սպառեր: