Գանգատ (Ֆրիկ)
ԳԱՆԳԱՏ
Աստուած արդար և յիրաւի,
Եւ ողորմած յամենայնի.
Հանդէս ունիմ բան մի վիճի,
Թէ դու լսես քո ծառայի:
Այս է զարմանք հիանալի,
Որ կու լինի վերայ երկրի.
Եւ հիացումն ազգի ազգի,
զՈր տեսանեմք ի յաշխարհի:
Գէմ մէկ Ադամ էր ի դրախտին,
Եւ մէկն Եւայ իւր նմանին.
Եւ մէկ բարբառ համազգային,
Մինչև կերեալ պտղոյ ծառին:
Արդ այս բանս է հիանալի,
Եւ առաւել զարմանալի.
Թէ մէկ Ադամ և յԵւայէ
Ո՞րքան ազգեր ծնան յերկրի:
ՈՒրիշ լեզու ամէն մէկի,
Որ մէկ մէկի ո'չ հաւանի.
Որ մէկն է Հայ, մէկ Վրացի,
Մէկն է Տաճիկ, մէկն Ասորի:
Մէկն է ճհուտ Եբրայեցի,
Եւ մին Արաբ, Հագարացի,
Մէկն է Ալան Արևորդի,
Մինն է Թովիչ և Ափխազի:
Մէկն է Քուրդ Քանանացի,
Մինն է Թաթար Թորգոմացի,
Մինն է Մուղալ Խըթայեցի,
Մինն Ջաղաթայ Սըմըրղընդի:
Մինն Ֆռանգ Լատինացի,
Մէկն է Վենէտ և Ջենեցի.
Մէկն Հոռովմ Յունացի,
Եւ միւսն ՈՒռուզ և Հոնացի:
Մինն Դաղմատ Սպանիացի
Ծնունդ սըրբոյ աւազանի.
Հաւատացեալ Հայր և յՈրդի,
ՈՒ երկրպագու Քո սուրբ Խաչին:
Եւ դաւանօղ սրբոյ Կուսին,
Մարիամու Աստուածածնին,
Խոստովանող երրեակ և մի,
Հայր և Որդի և սուրբ Հոգի:
Այլ կամք ի ձեռս անօրինի,
Որ կու վարեն անգին գերի.
Որքա՞ն քակեն եկեղեցի,
Քանի՞ շինեն պիղծ մըզկիթնի:
Քանի՞ կանայս առնեն այրի,
Եւ որքա՞ն որբ քրիստոնէի.
Որքա՞ն արիւն հեղան յերկրի,
Քանի՞ առնեն բան խոտելի: