Jump to content

Գանձասարում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ


Արթնացել էր արեգակը ծեգը-ծեգին.
փորձեց պահվել սարի ետեւ՝ սարը շարժվեց,
փորձեց պահվել ծառի ետեւ՝ օրը շարժվեց,
փորձեց պահվել ցավի ետեւ՝ ցավը շարժվեց,
եւ արեւը երկնքի մեջ հույսեր վառեց։

Արթնացել էր արեգակը ծեգը-ծեգին.
մրջյունների ջանքերն ի վեր ծիլը ելավ,
ճամփան գնաց, գնաց, երկնի ծերը ելավ,
տղա-աղջիկ՝ արյունն ի վեր սերը ելավ,
եւ արեւը երկնքի մեջ լույսեր վառեց։

Արթնացել էր արեգակը ծեգը-ծեգին,
ես իմ սիրտը առա-տարա, տվի նրան,
խոտն իր երգը առավ-տարավ, տվեց նրան,
մութն իր վերքը առավ-տարավ, տվեց նրան,
եւ արեւը երկնքի մեջ սրտեր վառեց։

Արթնացել էր արեգակը ծեգը-ծեգին.
ցողը կաթեց խաչքարին ու արցունք դարձավ,
սահեց ամեն տառ ու նախշով, հարցմունք դարձավ,
հողի ցավով խաչված քարը մասունք դարձավ,
եւ արեւը երկնքի մեջ մոմեր վառեց։