Jump to content

Գառնիկ-աղպեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

18. ԳԱՌՆԻԿ-ԱՂՊԵՐ

Կըլնի չիլնի մի մարդ, մի կնիկ. սրանք ունենում են էրկու էրեխա։ Համա էս էրեխեքը աղաքվա կնկանից են ըլնում. ընդուր հմար էլ էս եդի կնիկը դրանց ըսկի օր չէր տալի։ Ասենք կնիկը շատ էր զոռում մարդին, որ էդ էրեխեքանցը տանի մի դհով կորցնի, համա մարդը չէր լսում:

Մի օր էլ, աշունքը[1], մարդը սերմի ցորենը հազրում ա, որ առավոտը տանի արտը՝ ցանի։ Կնի՛կ դու կնիկ, դշերը վե կաց, սերմացու ցորենը աղանձա, էլ եդ լցրա ջվալը, որ մարդը տանի ցանի՝ դուս չգա։

Մարդը առավոտը թեղ վեր ա կենում, սելը լծում, սերմացուն դնում վրեն, էթում արտը ցանում, եդ գալի. խեղճը ինչ ա իմանում կնկա ատանությունը՝ ինքը բեխաբար։

Անց ա կենում մի ամիս, էրկու ամիս՝ խալխի արտերը կանանչում ա, էս մարդինը՝ չէ։

— Ա՛յ կնիկ,— կասի,— բաս էս ոնց պտի անենք. խալխի ցորենները կանանչել ա, դեռ մի թզաչանք էլ գեննիցը բանձրացե՝ մերոնքը ըսկի ծկթել էլ չեն, էս ի՞նչ բաս պտի ըլնի։

Կնիկը կասի.— Ա՛յ մարդ. ես դրա դեղը գիտամ, թե արիր՝ իմաց կաց ցորենդ կկանանչի. թե չէ՝ հո չէ, էս տարի անհաց կմնանք: Տար էդ էրկու էրեխիդ՝ մինը արտի էս գլխին մորթա, մինը՝ էն, տես ո՜նց ա կանանչում. թե չկանանչի՝ ես տամ։

Մարդը կասի,— Ա՛յ քյաֆուր, ա՛յ անաստոծ, ես ո՛նց կղմըշեմ իմ ազիզ բալեքը տանեմ մորթոտեմ, որ ինչ ա՝ արտս պտի կանանչի։ Ջըհանդամի՛ն կանանչի, սև խավարի՛ն. որդկերանցիցս ձնռը վեր ունեմ, թե պտի ցորենս կանանչի՞։

— Դու գիտաս, ա՛յ մարդ, ես մի բան էր ասեցի, սրանից դենը քեֆը քունն ա, ի՛նչ կուզես արա՛, կուզես մորթա՛, կուզես չէ. դո՛ւ անհաց կմնաս, ի՛նձ ինչ։

Խեղճ մարդը մնացել էր էրկու կրակի միջին, էրեխեքանցը տաներ մորթեր՝ ձեռը չէր զորում. չմորթեր՝ ի՞նչ աներ, պտի սոված մեռնեին։ Վերջը միտք արեց, որ չսըպանի, հենց տանի չոլը, ընդե բաց թողա, գա. ի՞նչ կըլնեն՝ կըլնեն։

Ըտենց էլ անում ա։ Մի օր վեր ա ունում էրեխեքանցը, հեննեն տանում չոլը։

Ասում ա.— Ա՛յ որդիք, դուք ըտե կացեք, ես հրես գալիս եմ։

Ասում ա ու ինքը մի ուրիշ ճամփով եդ գալի տուն, նրանց թողում ընդե։

Քիր ու աղպեր մնում են մտիկ անելոն, թե էս ա՝ որդե որ ա իրանց հերը կգա։ Մնում են մի սհաթ, էրկու սհաթ՝ տենում են ո՛նչ հեր կա, ո՛նչ զադ։ Քիրը աղպորիցը մի պուճուր մենծ ա ըլնում. գլխի ա ընկնում, որ հերը բերել ա իրանց ըստե բաց թողե, ինքը գնացե տուն: Աղպորը վեր ա ունում, մի ճամփա բռնում, էթում:

Քիր ու աղպեր սոված, ծարավ մի քանի օր իրար վրա ճամփա են էթում։ Ճամփեքին էլ, որ ասես, առու, զադ չի ռաստ գալի, որ մի պուճուր ջուր էլ ա խմեն՝ ծարավու խեղճերը պատռվում ին։ Քիրը ասենք մենծ էր, ոնց որ ըլներ էլի կդիմանար, համա աղպերը չէր կարում դիմանա, ծարավու խեղճ աղպոր բերանը պապանձվել էր։

Գալիս են գալի, շատն ու քիչը աստոծ գիտա, աղպերը տենում ա ճամփին մի կովի պճղի տեղ լիքը ջուր։

— Քո՛ւրիկ,— ասում ա,— էս պճղիցը մի քիչ ջուր չխմե՞մ. ախա՛ր ես ծարավ մեռա, է՜։

— Չէ՛, չէ՛, չէ՛, ա՛ղպեր ջան, մի՛ խմի, կով կդառնաս։ Մի քիչ էլ կա՛ց, էս ա որդե որ ա աղբուր ռաստ կգա՝ կխմես։

Մի քիչ գալիս են, գալի, աղպերը տենում ա մի ուղտի ոտի տեղ, մեջը լիքը ջուր։ Ուզում ա խմի, քիրը չի թողում, ասում ա.— Ուղտ կդառնաս:

Մի քիչ էլ գալիս են, տենում են մի ձի ու ոտի տեղ՝ լիքը ջուր ա: Աղպերն էլի ուզում ա խմի, քիրը էլի չի թողում, ասում ա․— Ձի կդառնաս։

Մա՛խլաս, ըսենք աղպերը որդե մի պուտ ջուր ա տենում, ուզում ա խմի՝ քիրը չի թողում։

Վերջը որ աղպոր ճարը կտրվում ա, ծարավու թուք ու մուքը կպչում, քվորիցը թաքուն մի գառան ոտի տեղից ջուր ա խմում, ըլնում մի սիրուն, նաշխուն գառ: Քիրը եդ ա թամաշ անում, տենում ի՛նչ՝ աղպերը մի սիպտակ գառն ա դառե՝ եննուցը վազում. շատ ա լաց ըլնում, մըխկտում, համա էլ որդե՝ բանը բանից անց էր կացե։

Ըսենց սոված, ծարավ գալիս են գալի, շատ ու քիչն աստոծ գիտա, տենում են ճամփին մի աղբուր, կողքին էլ մի եքա չինարի ծառ։ Էս աղբրումը մի կուշտ ջուր են խմում, ծարավները կոտրում. եննա քիրը նի'լնում ա էդ չինարու գլուխը, Գառնիկ-աղպերն էլ չինարու տակին արածում ա։

Էդ իրիկունը, թագավորի նոքարները ձիանիքը բերում են էդ աղբուրը ջրելու։ Ի՛նչ անում են չեն անում՝ ձիանիքը ջուր չեն խմում։ Դու մի ասի՝ աղջկա շողքը ընկնում ա աղբրի մեջը՝ ձիանիքը հուշտ են ըլնում, ջուր չեն խմում։

Թագավորի նոքարները դե՛սն են մտիկ անում, դե՛նն են մտիկ անում, տենում են զադ չկա. մըն էլ որ գլխները չեն բանձրացնում, չինարուն մտիկ տալի, տենում են ինչ՝ մի սիրուն, նաշխուն զադ ընդե ֆըրֆըրահար ա գալի. ձեն են տալի.— Ինս ես, ջինս ես, ջանավար ես՝ վեր արի, տե՜նանք:

Աղջիկը վե չի գալի:

Թագավորի նոքարները էթում են թագավորին իմաց անում, թե.— Թագավորն ապրած կենա, ձիանիքը տարանք աղբուրը ջրելու, ջուր չխմեցին՝ հուշտ ին ըլնում։ Վիրև մտիկ տվինք, տեհանք մի հրեշտակի նման սիրուն զադ չինարու վրեն. ինչքամ ձեն տվինք՝ վե չէկավ։ Չինարու տակին էլ մի սիպտակ, նաշխուն գառն էր արածում։

Թագավորը հրամայում ա, որ էթան, ո՛նց որ ըլնի, ծառիցը վե բերեն, բերեն իրա կուշտը։ Էթում են, ինչքամ կանչում են. «Ինս ես, ջինս ես, ջանավար ես, վե՛ր արի», աղջիկը վե չի գալի։

Ասում են.— Ջըհանդամը գյոռ, վե չի գալի. էս նաշխուն գառն էլ ա տա՛նենք թագավորին։

Գառը որ աղաք են անում տանեն՝ էն սհաթը աղջիկը ծառիցը իրան վեր ա քցում։ Տենում են ի՞նչ՝ մի նաշխուն, ակն ու արեգակ, հուրի-մալաք աղջիկ․ էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն, որ չուտես, չխմես, հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես։ Նոր վեր են ունում էրկսին էլ՝ տանում թագավորի կուշտը:

Թագավորը հարցնում ա.— Ի՞նչ աղջիկ ես. մեն-մենակ էս ղհերանք ի՞նչ ես շինում։

Նոր աղջիկը նաղլ ա անում, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

Թագավորն էլ զաթի ազապ՝ բերում ա սրա հեննա[2] պսակվում, օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։

Թագավորի պալատումը մի պառավ կնիկ կար, որ նրա ազաքին քոձություն էր անում։ Հարսանքից եդը, մի օր թագավորիցը իղին ա ուզում, ասում ա. «Տանեմ խանըմիս ծովումը լեղացնեմ՝ էլի բերեմ»։ Վեր ա ունում տանում. դառն էլ եննուցը վազ տալեն գալիս ա։ Պառավը աղջկա շորերը հանում ա, որ լեղացնի՝ բռթում ա քցում ծովը։

Բա՛ դու հմի արի տես, պառավը ինչ անում ա չի անում՝ գառանը չի կարում ծովի ղրաղիցը տուն բերի՞։ Ծովի էս գլխիցը բըղըղալեն էթում ա էն գլուխը, էն գլխիցը գալիս էս գլուխը։ Նոր ի՜նչ հալով, զոռով, գյուջով, ծեծելոն գառին քշում ա ընդիան՝ բերում:

Ջադուքլար պառավը թագավորի կնկա շորերը վեր ա ունում տանում իրանց տունը. ինքը մի դարձըվորած, սև աղջիկ ա ունենում. նրա շորերը սրան ա հագցնում՝ տանում թագավորի պալատը. ասում ա.— Թագավորն ապրած կենա, հրես խանըմիս լեղացրի, բերի։

Թագավորն էլ չի իմանում, որ իր ա կնիկը չի։

Անց ա կենում մի օր, էրկու օր, էս պառավի աղջիկը ղաստահիվանդ ա տալի՝ պառկում։

Թագավորը հարցնում ա․– Ա՛յ կնիկ, սիրտդ ի՞նչ ա ուզում, բերիլ տամ։

— Ըսկի զադ չէ՛. էն գառան մսիցը որ մի քանի թիքա ըլներ՝ կուտեի,— ասում ա պառավի աղջիկը:

— Բա՛ ասում ես քու հալալ աղպերն ա. հմի ղըմիշըդ ո՞նց ա գալի, որ ուզում ես մորթիլ տաս:

— Ի՞նչ անեմ, իմ ջանիցը հո՛ ազիզ չի. շատ էլ հալալ աղպերս ա, որ սիրտս նրա միսն ա ուզում։

Ասենք պառավի աղջիկը թագավորին շատ էր զոռում, որ գառին մորթիլ տա, համա թագավորի հենց իրա ղըմիշը չէր գալի, որ էնթավուր նաշխուն, սիրուն գառին մորթի․ իլլաքիմ որ գիտար՝ կնկա հալալ աղպերն ա։

Գառնիկ-աղպերը ըստե մնա՝ գանք խաբար տանք սրա քվորիցը:

Պառավը որ նրան քցում ա ծովը՝ էն սհաթը մի Սիպտակ ձուկը վրա ա հասնում, կուլ տալի։ Ձկան փորումը որ իմանում ա, իրա Գառն-աղպորը ուզում են մորթի՝ ամեն օր, գշերվա ժամերի վախտին, որ ժամհարը ժամը տալիս ա ըլնում՝ ծովի միջիցը ձեն ա տալի. «Ժամհա՛ր, դու քու ժամը սիրես, թագավորին կասես՝ իմ Գառնիկ-աղպորը սուրը չքաշի»:

Ըսենց իրեք հետ, ժամհարը գշերվա ժամը տալիս լսում ա. «Ժամհա՛ր, դու քու ժամը սիրես, թագավորին կասես՝ իմ Գառնիկ֊աղպորը սուրը չքաշի»։

Ժամհարը մնում ա զարմացած, թե էս ի՞նչ ձեն պտի ըլնի. վեր ա կենում էթում թագավորին նաղլ անում։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— ըս էլ իրեք հետ, գշերվա ժամը տալիս՝ ծովի միջիցը մի ձեն եմ լսում, «Ժամհա՛ր, դու քու ժամը կսիրես, թագավորին կասես՝ իմ Գառնիկ-աղպորը սուրը չքաշի»: Չեմ գիտա, էս ի՞նչ բաս ա։

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— էգուց գշերվա ժամը տալիս արի՝ ինձ էլ իմաց տու՝ գամ տենամ էդ ի՞նչ ձեն ա:

Ժամհարը գշերվա ժամը տալու վախտին, գալիս ա թագավորին կանչում։ Թագավորը ժամհարի հեննա գալիս ա ժամը․ հենց որ ժամհարը ժամը տալիս ա թե չէ, լսում ա՝ ղորթ որ մինը ձեն ա տալի. «Ժամհա՛ր, դու քու ժամը կսիրես, թագավորին կասես՝ իմ Գառնիկ-աղպորը սուրը չքաշի»։

Առավոտը որ կլիսանա, թագավորը կհրամայի, որ իրա երկրումը ինչքամ թոռչի կա՝ հավաքվեն ծովի ղրաղը թոռ քցեն: Ինչքամ թոռչի կային՝ հավաքվում են, ծովը թոռ քցում. քցում են քցում՝ դուս ա գալի մի Սիպտակ ձուկ: Ձկան փորը ճղիլ ա տալի, տենում ի՞նչ իրա կնիկը ձկան փորումը:

Գառը քվորը որ տենում ա թե չէ՝ էն սհաթը ճանանչում ա. վազում ա փաթթվում ճտովը։ Փաթթվելու բաշտան՝ Գառը էլ եդ իսան ա դառնում[3]:

Թագավորը կնկանը վեր ա ունում տանում իրա պալատը: Էն ջադուքյար պառավին ու նրա աղջկանն էլ կապիլ ա տալի ղաթրի պոչիցը, որ տանի սա՛րով, քա՛րով, քո՛լով վե քցի, թիքա-թիքա անի՝ մենծ թիքեն անկաջը բերի։

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք Էլ հասնեք ձե՛ր մուրազին։

  1. Տպագիր տեքստում՝ աշունքին, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ վրա, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  3. Տպագիր տեքստում՝ ըլնում, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։