Գավառական նամականի (Գ)
ԳԱՎԱՌԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ (Գ)
Բանակումբի դահլիճում նստելու տեղ չկա: Խորհուրդների համագումարն է: Եկել են հեռու գյուղերից, քերծի գլխին թառած արծիվի բներից, ծմակների խորքում ընկած շեներից: Եկել են՝ որը ոտով, որը ձիով: Եկել են գործի, պակաս պռատի մասին խոսելու, թե ոնց անենք, որ ավելի լավ լինի:
Դահլիճն անզարդ է, պետք էլ չի, որ սիրուն լինի: Անելիք շատ կա, մարդու աչքին էլ չի ընկնում, թե ինչու զարդարված չի:
Բեմի վրա տեղավորվել է նախագահությունը: Մակիչ ամին էլ է այնտեղ, գլխով հազար անցք անցած Մակիչ ամին: Լուռ լսում է գործկոմի զեկուցումը մի տարվա աշխատանքի մասին: Լսում է գլուխը կախ, ուշադիր, ասես լարել է ուղեղն իր՝ հետևելու զեկուցման, արդյո՞ք ամեն ինչ ասաց, պակաս բան չմնա՞ց:
Զեկուցումը վերջացավ: Խոսում են իրար ետևից կարճ ու նաղդի մասին, ինչ որ հնարավոր է. խոսում են ազատ, իրենց մայրենի լեզվով (տեղական բարբառով): Մի գյուղում կոոպերատիվ չկա, մի տեղ «փոնթի» (ֆոնդ) հողը քիչ է, դպրոցի շենքն է թերատ մնացել:
Ուշադիր լսում է Մակիչ ամին, ասես հետևում է, թե մեկն ու մեկը կասի՞ այն, ինչ ինքն է մտածում: Չէ՜, պետք է խոսի:
Ու դեռ միտքը չպարզած, ներողություն է խնդրում, որ իր կորեկի պատմությունն է անելու: Փութ ու կես կորեկ է ցանել, բայց ուրիշը հնձել է ու տարել: Գյուղի խորհուրդն այդ չի արգելել, որովհետւև իր իրավունքից վեր է համարել: Մակիչ ամին դատարանի էլ չի դիմել. փութ ու կես կորեկի համար դատարան գնալն էլ մի բան չի: Ուրեմն հարկավոր է գյուղի խորհուրդին ավելի իրավունք տալ, — եզրակացնում է Մակիչ ամին:
Համագումարը աղմկահույզ ծափերով է ընդունում Մակիչ ամու ասածը կուլակի մասին:
Ո՞վ է կուլակը:
— Էն մարդը, որ խոտհարքը չի ջրել, բայց հարում ա, ով որ չի վարում, չի ցանում, բայց հնձում ա, նա ամենամեծ կուլակն ա:
— Էս ի՞նչ ա իմ հագիս (շորերն է ցույց տալիս), բայց տես որտեղ եմ կանգնած: Դեռ էդ հերիք չի, պակաս-պռատի մասին էլ եմ ասում: Կեցցե՛ մեր կառավարությունը...
Մակիչ ամին իր խոսքն ավարտեց, սրտինն ասեց ու նստեց տեղում: Եվ համագումարը միաձայն որոշեց գյուղխորհուրդներին իրավունք տալ 5 ռուբլու սահմաններում վճռել տեղում քրեական և քաղաքացիական գործերը:
2
Սարերն ամայի, անկենդան:
Գարնան սկիզբն էր: Ձին կայտառ՝ կածանով նեղ ելնում էր սարն ի վեր, իսկ Սիմոն ամին պատմում էր, թե արտերը «խեյբատ» են, քարոտ ու հող, թե իրենք «բարահեր» (պարարտ) վարելահող չունեն:
Սիմոն ամին՝ չարքաշ ու ռամիկ, քար ու քոլի հետ ամբողջ տարին կռիվ է տալիս, մի քիչ հաց ու թազան ունենալու համար: Մեր գյուղերում հազար ու մի Սիմոն ամի ամեն լուսաբացի լարում են մկանները բազուկների՝ քարից, հողից մի բան պոկում, մի բան ստեղծում:
— Մեր շենում հինգ տարուց ավել մաճ բռնել դժվար ա: Հողը «խեյբատ» ա, հոշուտ, տակը մեծ քարեր կան, գութանը դեմ ա առնում մեկ էլ, ու վա՛յ մաճկալին:
Ուրիշ տեղ եզները մանուկներ են քշում, մեզ մոտ տղամարդիկ: Պատահում է, որ ցնցումից մաճկալն ընկնում է, կամ եզն է սայթաքում:
— Դժար ա...Մենք էլ ենք ջարդվում, եզինքն էլ:
Ինքն էլ, եզն էլ:
Սիմոն ամին ջահել ժամանակ շատ է վարել, հիմա պառավել է, կաշին ծալ-ծալ կախվել է կզակի տակ:
— Հերու էր, — շարունակում է Սիմոն ամին, — Ղլեչուն Մադին վար անելիս խոփը հողին դեմ առավ բիրդան, Մադին ընկավ գութանի վրա, գութանը նրա փորը ճղեց:
Մադին արնակոլոլ ընկավ հենց իր քաշած ակոսի մեջ: Տունը անտեր է՝ կինը և երեք երեխան: Հաց չունեն, աշխատող չունեն: Հիմա Մադու դռներից էլ չեն կանչելու, թե
— Եզները հանե՛ք, էգուց վար ա...
Ձին կայտառ՝ կածանով նեղ ելնում էր սարն ի վեր: Սիմոն ամին՝ փշրված ու պառավ մի եզ, էլի պատմում էր, թե մաճ բռնելը ինչքան դժվար է...
3
Ուզուն մեշեն կուսական մի անտառ է, որ տասնյակ վերստ երկարություն ունի: Մինչև այժմ էլ շատ տեղեր կան անտառում՝ մնացած անաղարտ, ուր ոչ մի անգամ կացին չեն շարժել, ոչ մի ծառ չեն կտրել:
Լուսնկա գիշերով անցնում ենք Ուզուն մեջով: Ես եմ, Դիլան դային՝ վաթսունամյա մի ծերունի և մի ուրիշ գյուղացի: Ձյունը փայլում է լուսնի լուսի տակ, հաստաբուն կաղնիներն ասես քարացած հսկումի մեջ են:
— Է՛, էս ճանապարհով հազար անգամ եմ անցել...Հրես մեռնելու եմ, համա աչքս մեշին կարոտ մնաց:
Օրեր տեսած, կյանքում եփված մարդ է Դիլան դային: Ու պատմում է, թե առաջ հենց այդ ճանապարհով ստրաժնիկի առաջն ընկած ոնց է վազել մինչև քաղաք՝ ամբողջ քառասուն վերստ:
— Ես ոտով, ինքն ասլան ձիու վրա: Քրտինքից շապիկս մեջքիս էր կպել: Որսկան շան պես լեզուս կախ արած առաջին վազ էի տալիս: Որ մի քիչ ետանում էի, պլետով էր տալիս: Հիմա ո՛ւր, էն ժամանակն ուր...
Ձիերը փռռացնում են: Ճանապարհ շատ ենք անցել, հոգնել են:
— Էս դատը հաստատ մնա, լավ դատ ա, համա մի բանի հավան չեմ, — ասում է Դիլան դային ու ջորին պահում ծառի մոտ, մի ճյուղ կտրում, որ ջորուն քշի:
Ասում է, թե ինչին հավան չի:
— Մեր շենում մի քանի ջահել-ջուհուլ կա: Նրանք ինձ տեսնելիս բարի օր են ասում, ես էլ «աստծու բարին» ասելիս նեղանում են, էլ խոսում չեն ինձ հետ, թե ինչ ա՝ աստված չկա:
Դիլան դային խոսում է դանդաղ, իր տարիքին համեմատ:
— Բա ես որ ասում եմ աստված կա, ես տեսե՞լ եմ: Լսել եմ էլի, ոնց որ լսել եմ, թե սա կաղնի ծառ ա: Նա ինչո՞ւ պետք ա իմ բարևից նեղանա: Տեսնանք արդյոք էդ մինը գրվա՞ծ ա կամինիստի ծրագիրում:
Իր միտքն ավելի է պարզում, թե իր «միջուկը» փտած է, էսպես էլ մեռնելու է, բայց սիրտը չկոտրեն, ասած «աստծու բարին» ընդունեն:
Համաձայնվում եմ նրա հետ: Դիլան դայու բարևը պիտի ընդունել, ինչպես էլ ասի: Նա արդեն անուղղելի է, թող այդպես էլ ասի:
— Սոված են, տես ոնց են կանչում է՛, — ասաց մյուս գյուղացին:
Գայլեր էին, ոռնոցը ձորից էր գալիս: Ձմռան պարզկա գիշերին ոռնոցն արձագանք էր տալիս ձորերում և մի խուլ աղմուկ ասես լեցվում էր Ուզուն մեշայի թավուտներում: Ակամա զարզանդ ես զգում:
— Բան չկա. հրես գեղին մոտենում ենք, — սիրտ է տալիս Դիլան դային:
Ձիերն ասես հասկանում են մեզ և քայլերը մի քիչ արագացնում: Մի քիչ էլ, և շների հաչոցը լսելի եղավ: Գյուղը հեռու չէր:
- * *
Հոգնել ենք ճանապարհից ու մի կուշտ պանիր-հաց ուտելուց հետո իսկույն պառկում ենք: Սենյակի անկյունում բուխարին է. կրակը մերթ լուսավորում է ամբողջ սենյակը, մերթ հանդարտում: Փայտն առատ է և աժան, գյուղն անտառի մեջ է, վառում են ուզածի չափ:
Դիլան դային էլի իր պատմությունն է անում: «Արմենտուրքի» (Արմենտորգ) մասին է պատմում: Շատ գոհ է, որ իրենց շրջանում ժողդատարան են բացել: Էլ առաջվա պես ամեն հասարակ գործի հարմար կարիք չկա քաղաք գնալու:
Ինչ-որ գործ ունի դատարանում և համոզված է, որ դատը հօգուտ իրեն են վճռելու:
— Շունչս շատ, ապրուստս քիչ, ուրեմն ես չունևոր եմ էլի, — եզրակացնում է նա:
Խոսքերն էլ մի տեսակ են, դեռ լեզուն չի ընտելացել նոր բառերի: Այդ երևույթն ընդհանուր է մեր գյուղերում: Խրթին բառն աշխատում են գեղավարի դարձնել ու ստացվում է մի տեսակ հայերեն: Դիլան դային իր գործի մասին պատմելիս, ասաց,
— Անհարի ա (անհնարին), որ հնարապետության (հանրապետության) տված գործը ժողով դատարանը (ժողդատարանը) կարճատի:
Նոր կենցաղի հետ ստեղծվում է նոր լեզու, նոր բառեր: Շատ անգամ գյուղերում կարելի է լսել այսպիսի խոսք, թե «ընկերներ, օրակարգերը պրծավ» կամ մի այլ բնորոշ գեղավար դարձվածք:
Նինջը հաղթում է ինձ: Կիսաքուն վիճակում ականջիս է հասնում թառի ձայն: Մեկը երգում է դիմացի տան՝ ծոր տալով ու զգացված.
— Ավտամաբիլը ցոլա՛ց ու գնաց...
- * *
Առավոտ կանուխ հավաքվում ենք դպրոցում: Հարց ու փորձ են անում, իրենց հոգսերից պատմում: Մեկը հարցնում է նույնիսկ...Դոուեսի ծրագրի մասին: Է՛, որտեղից որտեղ. Դոուես ու Զեյվա...
Գյուղի ներքև դպրոցի շենքն է, մի փառահեղ շինություն, որ դեռ պատրաստ չի: Երկու տարի է գյուղն աշխատում է վրան, այս տարի մեջն էլ կպատրաստեն.
— Առաջ ուզում էինք մի փոքր շենք շինել, բայց — մեկ էլ պլանը փոխեցինք: Էս նորը լավ է:
Դասը սկսվում է: Աշակերտները չեն գրում, միայն կարդում են, որովհետև նստարան չկա: Նոր են շինում: Նստոտել են տախտակների վրա հիսունաչափ մանուկներ՝ կարմրաթուշ ու կայտառ, մեկը մյուսից ժիր է:
Այդ առաջին խմբակն է: Նրան հաջորդում է երկրորդը: Պարապմունքները տևում են մինչև երեկո, իսկ երեկոյան մեծահասակ անգրագետներն են պարապում:
— Մեզ էլ էսպես, որ կարդացնեին, հիմա մենք էլ մարդու շարքում կլինեինք, — սրտանց և շատ անկեղծ ասում է մեկը գյուղացիներից:
— Ընկեր Լենինն ասել ա, որ մինչի երեք տարին երկրագունտի բոլոր մարդիկ պետք ա գրագետ լինեն: Եթե շատ չկարան, գոնյա իրենց անունը պետք ա ձեռք քաշեն, — պատասխանում է նրան մի ուրիշը, որ «գերմանու պլեն» է եղել:
Գյուղը մի քիչ ծաղկեցնում է պատգամը լենինյան, բայց իմաստն ու ոգին ճիշտ է ըմբռնել:
Խոսում ենք գյուղի պակաս-պռատից: Նավթը թանկ արժե մի ֆունտ նավթին տալիս են 3 ֆունտ ցորեն: Կոոպերատիվ դեռ չունեն: Բաքվի հայրենակցական միությունն իր աջակցությունն է ցույց տալիս. նոր դպրոցի կառուցման մեջ նա մեծ աշխատանք է թափել:
Քիչ անց ճանապարհվում եմ մի ուրիշ գյուղ: Դիլան դային ճանապարհ է գցում ինձ:
— Տեսա՞ր ուսումնարանը, — հարցնում է, — պալատ ա, խանի պալատ…
Ու մի բան էլ դեռ ավելի: