Jump to content

Գարնան զառացանք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գարնան զառացանք

Գարնան զառացանք


Անուշ զնգում են զանգերն իրիկվա,
Կապույտ բուրվառով դաշտերն են ծխում,
Ցնորքն է շողում ջրերի վրա,
— Դու մեղանչումի սաղմոսն ես երգում...

Ես ունեմ մի լուռ, խաղաղ իրիկուն
Ոսկի մանկության դաշտերում պայծառ,
Որ անուրջների լուսե դղյակում
Իմ հեզ թագուհիս սիրում է անչար...
Ու քրոջ գթով ամեն իրիկուն
Աղոթք է ասում իմ հոգու համար։

Հեզ ղողանջում են զանգերն իրիկվա,
Թովիչ մթի մեջ երազն է բյուրեղ,
Օ՛, դու դիվական քրքիջով ահա
Մարեցիր հոգուս կանթեղը շքեղ...

Լռում է ղողանջը զանգի իրիկվա...
Խենթ հորձանքի մեջ ես անկամ ու թույլ,
Քո սև հյուսքերով գերված եմ ահա,
Բայց, ա՜խ, ես գիտեմ, թագուհիս տխուր
Իմ մեղքի համար լալիս է հիմա...
Օ, իմ թագուհի, լուսեղե՛ն, մաքո՛ւր։

1909