Jump to content

Գարնան տերեւներով աշուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԱՐՆԱՆ ՏԵՐԵՎՆԵՐՈՎ ԱՇՈՒՆ


Ես քո մասին ոչինչ չեմ ասելու, որովհետեւ
հեքիաթը մեռնում է, երբ որ
պատմում են, եւ
պատուհանի ապակիներին այլեւս չի տկտկացնում լույսը,
եւ մարդ դադարում է հայրենիք լինելուց։ Հուշի, սիրո, լեռան։

Հողի հետ չհամաձայնեցված անձրեւ է գալիս, ես
ուղղակի զզվել եմ հայտնի ճանապարհներից։

Մի օր, երբ մի մատ երեխա էի ու լացում էի մայր մտնող արեւի համար,
մայրս ինձ հանգստացրել է՝ սիրտ տալով, թե
մինչեւ ես քնեմ-վեր կենամ, արեւը նորից դուրս եկած կլինի։ Բայց
այն արեւը իր վրա կրում էր
գետակի հոսքը, որի մեջ ես խաղում էի։
Հագնվելը տուրք է
մերկության։ Խավարը
բուժում ունի՞։
Գույների դեմոկրատիան սկսվում է «Ոչ»-ից, որը, ո՞վ ասաց`
սկիզբն է «Այո»-ի։ Իսկ Գոգենը՝ «նիհար գայլ, առանց վզափոկի»,
ամենուրեք պնդում է, որ ճշգրիտ գույնը միշտ ստում է։

Սպասումը չի վերջանում, անգամ եթե գալիս է նա, ում
սպասում էիր։ Գարնան տերեւներով աշուն։ ժամանակավոր են
առվի, ջրի, իմ, քո, դաշտի, բոլորիս ժամանակները,
բայց
հույս ունեմ՝ ո՛չ ժամանակավրեպ։

Ես աշխարհի չերեւացող մասերը տեսնելու համար նայում եմ խորքս։

Մերկություն է լույսը։ եվ դույլն անընդհատ իջնում է դեպի հատակը:
Մենք անվերջ բաժանվում ենք՝ վառելով դարձի բոլոր կամուրջները,
եւ հետո արդեն գալիս է մի չպայմանավորված պահ,
երբ տեսնում ենք, որ քայլում ենք
դարձյալ միասին։

Հասունանում է սպիտակն իր հակոտնյա տարածքներում։
Ես միշտ քեզ ընդառաջ եմ քայլում նրա համար, որ քո մեջ չկա այն,
որը ես սիրում եմ խելագարորեն։ Թռչունը,
որ չքացավ քամու մեջ,
իր մահից հետո ինձ համար երգում է։

Ես քո մասին ոչինչ չեմ ասելու, որովհետեւ
հեքիաթը մեռնում է, երբ որ
պատմում են։ Եվ
կռունկների թեւին հեռանում է եղեգնուտներում ուշացած աստղիկը,
եւ մարդ դառնում է ինքն իր ներսում մեռած հայրենիք։