Գարունը սիրտ է հուզում - հուր ու հրդեհ է վառել

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գարունը սիրտ է հուզում - հուր ու հրդեհ է վառել

Եղիշե Չարենց

Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:

Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:
1920