Jump to content

Գարունին հետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գարունին հետ

Քո՛ւյր, փոխե շորերս և անկողնիս ճերմակները… Մաքրե՛ տունը և միջանցքին մեջ ծաղիկներ ցանե՛…

Բա՛ց լուսամուտը, թո՛ղ Գարունը ներս մտնե…

Ըրե՛ այնպես, ինչպես մայրիկը կըներ։

Այս իրիկուն անիկա ինձ պիտի այցելե։

Ես կը բաղձամ ողջունել զինքը, ինչպես նոր Կյանք մը, ճերմա՜կ, մաքո՜ւր շորերով և գարնան թարմությամբ։

Իմ ժպիտը դալկահար շրթներուս վրա կարմիր վարդերու փրփուրին կը նման՞ի, քո՜ւյր․․․

Իրիկուն է։

Վառե՛ ճրագը և տանը մեծ դուռը բաց թող.

Ես մայրիկին պիտի հանդիպիմ ճերմա՜կ, մաքո՜ւր շորերով և երիտասարդ թարմությամբ։

Արդեն մաքրած ես տունը և շորերս ու անկողնիս ճերմակները փոխած։

Ճրագը մեղմիկ կը հևա, աստղիկ կա սենյակիս մեջ…

Հոս մի՛ կենար, քո՜ւյր։ Գնա՛ դուրս և Գարունին հետ խոսիր՛

Կյանքի և Արևի մասին։

1917 թ.