Այն աղջիկը արեւակունք,
Որ թվում է՝
Պիտի հառներ ծաղիկներից
կարոտագույն
Կամ ժայռածին աղբյուրների
Քարե ակից,
Ուր շուրթերս, մի կում չարած,
սառում են խիստ
Ու կրակվում,
Այն աղջիկը պարզ, հողաջերմ
Արեւից է իջնում ահա:
Եվ ես ափս
Երկարում եմ դեպի արեւ,
Խնդրում եմ, որ ինձ ուսին առած
գագաթները
Քիչ բարձրանան,
Եվ աղջիկը կապույտների
թեթեւ քայլքով
Իջնում կամաց,
Կանգ է առնում ափիս վրա:
Ես տանում եմ այդպես նրան,
Տանում եմ միշտ,
անվերջ,
անվերջ՝
Որպես մութին պարզած մի ջահ:
Ու իմ ափից
Ճառագած այդ լույսի համար
Դարերը ինձ
Ձեռքից-ձեռք են տալիս հերթով.
Եվ տանում է
Աղջիկը ինձ, տանում, տանում.
Եվ ասում է՝
Ուրիշները ծերանում են
Տարիների համն առնելով,
Իսկ դու նոր ես դեռ մանկանում,
Առաջներում
Չէիր տարվում դու հեքիաթով:
Ասում էր նա...
Իսկ ես նրան տանում էի,
Եվ տանում էր նա ինձ, տանում:
......................................................
Այս ամենի մասին այսօր
Ես պատմեցի մի աղջկա,
Եվ նա ասաց՝
Շատ դժվար է քամի բռնել,
Բայց դե ոչինչ,
Դա քեզ արդեն հաջողվում է:
Ու լաց եղա (իսկականից)
Չգիտեմ թե ինչի համար: