Jump to content

Գարուն (Թորոս Թորանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԱՐՈՒՆ



Պտույտի ելած, սա լեռան լանջին
Կը սուրան ահա մանուկներ զնգուն.
Ծիծեռնակներու հույլին առաջին
Չէ եղած ձայնը այսքան զրնգուն։

Անտառին դիմաց շարժուն անտառն այս
Ու ջրվեժին դեմ հավետ շառաչող՝
Մանուկները այս՝ մեղուներու պարս,
Ու ծաղիկներու բաժակներ բացվող։

Ահա մեկ քանին՝ կրակի կտոր
Զիրար կծեծեն գնդակի համար,
Ու պարաններու կամարներուն տակ
Անդին ուրիշներ կը ցատկեն համառ։

Թիթեռ թևերով, ինքը թիթեռնիկ,
Աղջիկ մը կուլա արցունքով վարար,
Ու մանչուկ մը չար ժպիտով վայրի
Ցույց կուտա անոր լեզուն իր երկար։

Մատաղ ճյուղերու հասնելու տենչով
Մանչուկ մը անվախ որպես բարունակ
Ծառի մը բունին կառչած է ուժգին,
Երբ վարեն տղաք ծափ կուտան թափով։