Jump to content

Գերի հայի աղոթքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Գերի հայի աղոթքը


Գո՛հ ենք Քեզնից, ո՛վ Բարերար,
       Օրհնյա՛լ լինի միշտ Քո անուն.
Թո՛ղ արդար արևըդ այդ լուսավառ
       Բերե յուր հետ մեզ փրկություն։

5 Ո՜հ, ուրախ օ՛ր շընորհիր, Տե՛ր,
       Մեր խղճալի հայրենիքին,
Նորա սիրուն սարեր, դաշտեր
       Օրհնում են քեզ եռանդագին։

Մի՛ տար, աստվա՛ծ, որ կործանվի
       10 Կուսակրոն Հայոց աշխարհ,
Թո՛ղ քաղցր անուն Հայաստանի
       Մնա կենդան միշտ մեր համար։

Բա՛ց մեզ դուռն քո ողորմության,
       Հեսու, Մովսես մեզ ուղարկի՛ր,
15 Որ այս դժնյա Եգիպտոսից
       Ավետյա՛ց մեզ տանեն երկիր։

Ո՜հ, այն աշխարհ, ուր առաջին
       Քարոզեցավ Ավետարան.
Փայլեց դրոշը ծիրանածին,
       20 Կանգնեցավ Խաչ քրիստոսական։

Ուր նվիրական Նահատակներ
       Դեմ վիշապին զինվորեցան,
Պատերազմի կանաչ դաշտեր
       Նոցա արյունով ներկվեցան:

25 Ուր Հայրեր մեր երանելի՝
       Գրիգոր, Ներսես, Մեսրոպ, Սահակ,
Մեծարեցին անուն ազգի
       Եվ ննջեցին ծաղկապսակ։

1864