Գթության քույրեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Առաքյալը Գթության քույրեր

Մուրացան

[ 347 ]

1

Հուլիս ամիսն էր. ճանապարհորդում էի արևմտյան Ռուսաստանում, որտեղից ապա մտադիր էի անցնել Գերմանիա և հանդիպել միջին ու հարավային Եվրոպայի մի քանի քաղաքները։

Կիևից դեպի Վարշավ տանող ճանապարհի վրա, կայարաններից մեկում, իմ նստած կուպեն մտան երկու երիտասարդներ, որոնք իսկույն էլ ծանոթացան հետս` շնորհիվ այն փոքրիկ ծառայության, որ ես արի նրանց` զետեղելով իրենց կապոցները իմ իրեղենների կողքին։

Երիտասարդներից մեկը, ինչպես հետո իմացա, ռուս էր, մյուսը լեհացի. երկուսն էլ շիկահեր, գրավչադեմ և, ըստ երևույթին, զարգացած մարդիկ։ Ռուսը, սակայն, բարձրահասակ, ամրակազմ և զվարթերես մեկն էր, խոսում էր այնպիսի ձայնով, որ, ասես թե, հնչում էր ոչ թե մեկ, այլ մի քանի մարդկանց բերանից։ Մինչդեռ լեհացին նրբակազմ էր, դեմքի խաղաղ արտահայտությամբ և խոսում էր մեղմ ու հանգիստ եղանակով։

Երբ սովորական հարց ու պատասխանից պարզվեցավ, որ երեքս էլ գնում ենք Վարշավ, ուրեմն և երկար պիտի ուղեկցենք իրար, լեհացին դառնալով ընկերին՝ ասաց.

— Այժմ կարող ես պատմությունդ շարունակել, մեզ ոչինչ այլևս չէ խանգարելու։ [ 348 ] — Իսկապես, շարունակելու շատ բան չէ մնում, պետք է միայն ավարտել,— նկատեց ռուսը։

— Ուրեմն ավարտել,— հարեց լեհացին։

— Ամենայն սիրով, համաձայնվեց ընկերը և դառնալով ինձ՝ ասաց.— սա մի պատմություն է, որ ես սկսել էի դեռ կայարանում, գնացքն այդտեղ հասնելուց առաջ։

— Հաճությամբ կլսեմ և ես, եթե թույլ կտաք,— հարեցի ես:

— Օ՜հ, ես այնպես բարձր եմ խոսում, որ ինձ ամենքը կլսեն, նույնիսկ, եթե թույլ չտամ,— ասաց ռուսը ծիծաղելով.— բայց խնդիրն այն է՝ որ դուք շարունակությունից քիչ բան պիտի հասկանաք։

— Ինձ բավական է, նույնիսկ վերջաբանը,— ասացի կատակով։

— Ուրեմն լավ գուշակո՞ղ եք,— հարցրեց խոսակիցս։

— Նայելով թե՝ ինչի մասին է պատմությունը։

— Ինչի՞ մասին կարող է լինել երիտասարդների պատմությունը, իհարկե, սիրո։

— Է՜հ, սերը միայն մի պատմություն ունի,— նկատեցի ես։

— Ինչպե՞ս. ուրեմն ես կարող եմ, նույնիսկ, չպատմե՞լ, եթե դուք արդեն լսել եք այդպիսի մի պատմություն։

— Ընդհակառակը, դուք կանգ եք առել հենց վերջի վրա. իսկ սիրո պատմությունները, որքան էլ իրար նման, այսուամենայնիվ, ունենում են հետաքրքրական վերջաբաններ։

— Բայց, երևակայեցե′ք, որ իմը չունեցավ այդպիսին։

— Այսուամենայնիվ, մի վախճան հո ունեցա՞վ,— հարցրեց լեհացին։

— Այո, վախճանը եղավ այն,— հարեց ռուսը,— որ ծնողները մերժեցին ինձ։

— Մերժեցի՞ն։

— Բացեիբաց։

— Պատճա՞ռը։

— Շատ պարզ էր. իրենք հարուստ էին և ազնվատոհմ, իսկ ես՝ աղքատ և ապատոհմիկ։ Նրանց աչքում, իհարկե, նշանակություն չուներ այն` որ ես զարգացած ու բարեկիրթ մարդ էի և ապրում էի իմ արդար վաստակով, բայց նշանակություն ուներ այն` որ ես ծառայող էի։ [ 349 ] էհ, ինչպե՞ս կարող էին Միրովիչների պես մարդիկ կապել իրենց աղջկա բախտը մի աննշան աշխատավոր Սաբորինի հետ...։ Այսպես մտածեցին նրանք և խնդիրս մերժեցին։

— Հետո ի՞նչ եղավ։

— Հետո եղավ այն, ինչ որ չէին կարող սպասել։ Օրիորդը բացարձակապես հայտարարեց ծնողներին թե` «որովհետև դուք մերժեցիք իմ ձեռը այն երիտասարդին, որին ես սիրում էի, ուստի ես էլ այսուհետև կմերժեմ բոլոր նրանց, որոնց դուք ինձ համար կառաջարկեք փեսացու և կդատապարտեմ ինձ մշտական կուսությանս»։

— Հետո՞։

— Հետո, էլ ոչինչ, օրիորդը հաստատ մնաց յուր որոշմանը։ Նույնիսկ այն օրերը, երբ ես գտնվում էի Վարշավ, նա մերժեց առաջարկությունը երկու այնպիսի անձանց, որոնք հայտնի էին քաղաքում թե իրենց դիրքով և թե հարստությամբ։ Երբ նա այդ մասին զեկուցեց ինձ նամակով, ես ապշեցա։ Ոչ մի օրիորդ քաջություն չէր ունենալ նման առաջարկություններ մերժելու։ Այնուհետև ես հեռացա Վարշավից` ուխտելով` հետևել իմ սիրեցյալի օրինակին։

— Մնալ միշտ ամուրի՞։

— Այո՛... և հոգվով միացած իմ Մարիի հետ։

— Այդ մեկն իզուր է. քեզ խորհուրդ եմ տալիս, որ հենց այսօրվանից, երբ մենք կմտնենք Վարշավ, ընտրես քեզ համար մի նոր հարսնացու,— ասաց լեհացին ժպտալով։

— Երբեք, իմ ուխտը հաստատ է այնպես, ինչպես և իմ սիրեցյալինը,— բացականչեց Սաբորինը, ինքն յուր խոսքից ոգևորվելով։

— Քոնը, գուցե, հաստատ է, բայց սիրեցյալդ կդրժե յուր ուխտին։

— Անկարելի է։ Նրա վերջին նամակը այլևս կասկածելու տեղ չէ թողում։ Նա ինձ գրում է թե որոշել է ծնողների թախանձանքից ընդմիշտ ազատվելու համար մտնել գթության քույրերի «Սուրբ երրորդության» միաբանական կարգը։ [ 350 ] — Նա այդ չի անիլ:

— Կանե. նա կամքի տեր աղջիկ է,— պնդեց երիտասարդը ջերմությամբ։

— Հավատացեք, աշխարհում չկա կամքի տեր աղջիկ և չի կարող լինել, որովհետև աղջկա կամքը գտնվում է միշտ այն տղամարդի ձեռքին, որին նա սիրում է։ Իսկ եթե բարեբախտաբար, կամ դժբախտաբար, չէ սիրում ոչ ոքի, ապա սա նմանում է անղեկավար մի նավի, որին քամին տանում է, ուր որ կամենում է։ Այդ դեպքում, առաջին պատահած ձեռքը, եթե միայն ուժ ունի, կքաշե նրան յուր ետևից և սա երբեք չի մտածիլ դեպի խորն է գնում, թե դեպի ժայռերը։

— Այդպիսի կարծիքները, որքան կամենաք, կարող եք այժմ կարդալ կանանց ազատագրության դեմ խոսող գրքերում։ Բայց ես համոզված եմ, որ նույնիսկ դրանց հեղինակները չեն ճանաչել կանանց այնպես, ինչպես որ պետք է և շատ բան դրել են ավելի կրքից դրդված, քան թե ճշմարտություն ասելու մտքով։

— Իզուր ես կարծում թե քեզ հետ խոսողը մի հնավաճառ է,— նկատեց լեհացին,— այս անգամ արդեն յուր ձայնին տալով մի զորավոր շեշտ.— իմ կարծիքները ես քաղում եմ ոչ թե գրքերից այլ իմ փորձերից։

— Զարմանում եմ, Յա՛ն, որ դու քեզ ավելի փորձառու ես համարում,— դարձավ Սաբորինն ընկերոջը,— ինստիտուտից արդեն հիշում եմ, որ դու այն ժամանակ փոքր էիր ինձանից երկու տարով։

Իմ ուղեկիցներն, ուրեմն, ուսանողական ընկերներ էին և այդ էր, անշուշտ, պատճառը որ մի ռուս ու լեհացի բարեկամաբար էին վերաբերվում իրար, որ հազվադեպ երևույթ էր:

— Եթե այն ժամանակ փոքր էի երկու տարով, հավանական է որ այժմ էլ փոքր լինեմ նույնչափ,— կատակեց լեհացին,— բայց խնդիրն այդ չէ. ինստիտուտից ելնելուց հետո անցել են վեց երկար տարիներ, որից հետո մենք այլևս չենք տեսել իրար։ [ 351 ] Մի՞թե այդքան ժամանակում չէին կարող իմ գլխով անցնել այնպիսի բաներ, որոնք այս կամ այն խնդրի նկատմամբ դարձնեին ինձ փորձառու։

— Ինչո՞ւ չէ, կարող էին։

— Այդ կետում, ուրեմն, չես վիճում ինձ հետ: Բայց որպեսզի դու համոզվես թե, արդարև, իմ կարծիքները հիմնված են սեփական փորձերի վրա, թույլ տուր որ պատմեմ հենց դրա նման մի ուխտի համառոտ պատմությունը, որ գուցե օգնե քեզ կասկածել մի փոքր, նաև, քեզ սիրող աղջկա կամքի և նրա արած ուխտի հաստատության վրա։

— Պատմի՛ր, լսում եմ:

— Իսկ դուք ընդդեմ ոչինչ չունի՞ք,— հարցրեց ինձ Յանը։

— Ընդհակառակը, ես ևս կլսեմ սիրով։

— Ուրեմն լսեցեք։

՛՛՛2՛՛՛

«Երկու տարի առաջ,— սկսավ լեհացին յուր պատմությունը,— մասնավոր լաբորատորիաներից մեկում, ուր ես լաբորանտի պաշտոն էի կատարում, նիտրո-գլիցերինով արած մի փորձի ժամանակ տեղի ունեցավ մի անսպաս պայթյուն։ Որովհետև փորձը ես էի կառավարում, ուստի պայթյունից առաջացած վնասն էլ հանդիպեց ինձ։ Փշրված անոթի մասերը այնպես էին հարվածել աջ թևս, որ ես իսկույն էլ ուշաթափ էի եղել։ Առաջին անգամ որ աչքս բացի, տեսա ինձ հիվանդանոցում, շրջապատված սպիտակազգեստ բժիշկներով։ Դրանցից մինը բռնած էր թևս, մյուսը հավաքում ու կապկպում էր մսաները, որոնք մի քանի տեղերից պատառոտված կախված էին։ Թևիս այդ վիրալից տեսքը բավական եղավ որ ես նորից ուշաթափվիմ, կամ, գուցե, այդ պատահեց շատ արյուն կորցնելուց։ Կան մարդիկ, որոնք ամուր սիրտ ունին և կարող են անվրդով դիտել ոչ միայն ուրիշների այլև իրենց անձի վրա կատարված անդամատությունը։ [ 352 ] Իսկ ես, ընդհակառակը, ոչ միայն ինձ, այլև ուրիշներին պատահած այդպիսի դժբախտության անկարող եմ նայել:

Երբ երկրորդ անգամ աչքերս բացի, կուռս արդեն փաթաթած, կապած էին։ Ի՞նչ էին արել նրան, չգիտեմ. միայն թե զգում էի խիստ ցավի մի մրմունջ, որ հաճախ նետի պես կռանս ոսկորից անցնելով խփում էր սրտիս և ամբողջ էությունս ցնցում։ Ներկա եղող բժիշկներից մինը, երևի ինձ սիրտ տալու համար, հայտնում էր յուր զարմանքը, որ այդպիսի «չնչին» վնասվածքի պատճառով այդպես տագնապում էի։ Իսկ մյուսը հուսադրում էր թե՝ շուտով պիտի հանգստանամ, ըստ որում գործ դրած կոկայիտը թույլ չի տալ, որ ցավերը երկար շարունակվին։ Բայց դրանցից ավելի իմ ցավերը մեղմելուն օգնում էր մի ձեռք, որ իմ սնարի կողմից մերթ ընդ մերթ մոտեցնում էր քթիս մի ինչ-որ էֆիրի սրվակ, որից փչող սուր հոտից առ վայրկյան հանգստանում էին սրտիս խփող ցավերը։ Այդպիսի վայրկյաններից մինում ես նկատեցի, որ այդ ձեռքը քնքուշ էր ու սպիտակ, ինչպես մարմարիոն. նա ուներ փոքրիկ դաստակ, երկար, բյուրեղյա մատներով։ Սրվակն այդ սիրուն ձեռքում, կարծես, հետզհետե ավելի էր ուժ ստանում և ավելի արագ ներգործում իմ նյարդերի վրա, անզգա դարձնելով նրանց դեպի ցավերը։ Երբ բժիշկները սենյակից ելան` հայտնելով, որ երեկոյան նորից կգան ինձ տեսնելու, առաջ անցավ սիրուն ձեռքի տերը, որ գթության քույրերից մինն էր և աթոռակն առնելով դիմացս նստեց։

— Այժմ ինչպե՞ս եք զգում, ցավերը չե՞ն անցնում,— հարցրեց նա քնքշությամբ։

— Շնորհակալ եմ, կարծես, անցնում են,— ասացի ես և սկսա դիտել գթության քրոջը, որ երիտասարդ մի աղջիկ էր, նրբակազմ և գեղեցիկ։ Նա հագած էր սև շրջազգեստ սպիտակ գոգնոցով, որի կրծկալը ուներ կարմիր խաչանիշ։ Իսկ գլուխը կիսով չափ ծածկած էր կտավի ձյունափայլ գլխանոցով, որի մեջ նրա դեմքը` յուր ծավի աչերով, երկար արտևանունքներով, փոքր ու ողորկ քթով և ժպտուն բերանի կարմրալար շուրթերով, չքնաղ լինելուց զատ, ուներ մի ինչ-որ գերբնական գրավչություն, որը չէր կարելի անվանել ուրիշ բան, բայց եթե սիրո ու գթության արտահայտություն։ [ 353 ] Միջանկյալ պիտի ասեմ, որ ես, առհասարակ, գեղեցկության սիրահար եմ: Մեռնելուս ժամին իսկ` եթե երկու սիրուն աչեր իրենց ժպտուն հայացքը հառեն ինձ վրա, կարող եմ հոգեդարձ չլինել... ինչ էլ որ չխոսեն մարդիկ կանանց ներքին արժանավորությունների մասին, որքան էլ վերջինս չգերադասեն կնոջ արտաքինին, այսուամենայնիվ, ես միշտ պիտի մնամ այն կարծիքին թե` կինը զորավոր է միայն այն ժամանակ, երբ ներքին արժանյաց հավասար` ունի և արտաքին գեղեցկություն: Դրեք Կանտի խելքն ու Գյոթեի հանճարը մի տգեղ ու զառամ կնոջ մեջ և պահանջեցեք, որ ես կենակցեմ նրան` իբրև ներքին արժանավորություններով օժտված կնոջ...։ Խոստովանում եմ, սիրով կզրկվիմ թե Կանտի խելքի և թե Գյոթեի հանճարի ինձ տալիք բարիքներից, միայն թե ամեն օր իմ աչքի առաջ չունենամ իմաստուն տգեղությունը։ Եվ դուք մի կարծեք թե` թեթև բնավորությունն ու բարվոք խորհելու պակասությունն է որ գերի է դարձնում մեզ ճշմարիտ գեղեցկության, ոչ. դա ինքը բնությունն է, որ գործում է մեր մեջ յուր անշեղ օրենքներով, հարկադրելով մեզ` ընտրել միշտ լավագույնը` նմանն արտադրելու համար։ Եվ ընտրության այդ ձգտումը չէ նայում ոչ տեղի, ոչ ժամանակի վրա. նույնիսկ մեր մարմնի տկարությունը հաճախ տեղի է տալիս այդ թաքուն ձգտման, մոռացնելով մեզ յուր գոյությունը։ Եվ իրավ, մի՞թե կարելի էր երևակայել թե` այնպիսի մի ճգնաժամում, որի մեջ գտնվում էի ես, կարող է մարդ յուր ցավը բոլորովին մոռանալ` լոկ մանկամարդ մի կնոջ գեղեցկությունից գրավվելով, հարկավ, ոչ։ Բայց ես մոռացել էի։ Մի ժամանակ տեսա որ ոչինչ այլևս չէ ցավում վրաս։ Գթության քրոջ այն հարցին թե` — ինչի՞ց առաջացավ պայթյունը, ես սկսել էի պատասխանել ավելի քան մանրամասնորեն` ծանոթացնելով նրան ոչ միայն պայթյունի հանգամանքներին, այլև բացատրելով նիտրո-գլիցերինի էությունս և նրա ահավոր զորության գաղտնիքը։ Մի փոքր ևս, և ես, գուցե, սկսեի պատմել թե` ինչպե՞ս է գտել նրան Սոբերը, քիմիկոսը և թե ինչպե՞ս նրանից Ալֆրետ Նորելը շինել է դինամիտ և այլն: [ 354 ] Բայց գեղեցիկ քրոջը կանչեցին այդ միջոցին և նա սիրաժպիտ «առայժմ ցտեսություն» ասելով հեռացավ։

Երբ ես մնացի միայնակ, զգացի, որ թևս դարձյալ ցավում է, թեպետ ոչ առաջվա նման սաստիկ: Իսկ օրվա ընթացքում գթության քույրը դարձյալ մի երկու անգամ մտավ սենյակս և միշտ էլ քաղցրաժպիտ առողջությունս հարցրեց և դուրս գնաց։

Երեկոյան դեմ` ներս եկան բժիշկները և ինձ ասացին հետևյալը.

— Որովհետև դուք այժմ այնքան հանգիստ եք, որ կարող եք լսել մեր զեկուցումը, ուստի հայտնում ենք ձեզ, որ ձեր թևը ողջացնելու համար միայն երկու միջոց կա, — առաջինն ու դյուրինը, որի հետ չեն կապված մեծ նեղություններ և որը, ոչ միայն երկար չի տանջիլ ձեզ, այլև ապագայի համար վտանգավոր հետևանք չի ունենալ, այն է, որ ձեր թևը կիսով չափ կտրենք։ Իսկ երկրորդն ու դժվարինը այն որ այդ թևը պահելու նպատակով` երկար օրերի, գուցե և ամիսների ընթացքում պատճառենք ձեզ ծանր և անտանելի տանջանքներ, որոնք պիտի առաջանան հաճախ ձեր վերքերը բանալուց, լվանալուց, պատռվածքները կարելուց և երբեմն նրանց նորից քակելուց, դեղեր գնելուց և այլն և այլն։

— Օ՜, անկարելի է. ես չեմ թողնիլ որ թևս կտրեք,— բացականչեցի ես.— պատրաստ եմ, թեկուզ, ամբողջ տարի տանջվել, միայն թե իմ կյանքում չմնամ կռնատ։

— Եթե այդպես է, ամրացրեք, ուրեմն, ձեր սիրտը մի շարք տանջանքներ կրելու համար,— խոսեց գլխավոր բժիշկը,— բայց կրկնում եմ, դրանք դժվարատար կլինին։

— Հոգ չէ, թող լինին. գոնե ձեռքիցս չեմ զրկվիր— ասացի ես։ Բայց, միևնույն ժամանակ, երկյուղ կրելով բժշկապետի խոսքերից, հարցրի թե արդյոք չեն կարող իմ վերքերը քրքրելուց առաջ` քնացնել ինձ քլորուկով։

— Այդպես էլ կանեինք` միանվագ անդամատելիս,— պատասխանեց բժիշկը բայց հաճախ դարմանադրության ժամանակ այդ անկարելի է. նախ այն պատճառով, որ յուրաքանչյուր քնացման հետ կապված են որոշ դժվարություններ և երկրորդ, որ դուք, ինչպես այսօր տեսա, սրտի թուլություն ունիք և չեք կարող հաճախակի քնացման ենթարկվիլ. առանց վտանգելու ձեր առողջությունը։ [ 355 ] — Ուրեմն սկսեցեք, կաշխատեմ համբերել, — ասացի ես։

— Եթե հաստատապես որոշեք, կարող եք համբերել։

— Իհարկե, կարող է, տղամարդ չէ՞, — հարեց մյուս բԺիշկը։

— Իսկ ես կարծում եմ, որ պարոնն այդ դեպքում ոչ միայն համբերություն, այլև օրինակելի արիություն ցույց կտա,— խոսեց գթության քույրը` գեղանի աչերն ինձ վրա հառելով։

— Կաշխատեմ... — ասացի ես և նրա քնքուշ հայացքն որ ժպիտը, կարծես, ուժ տվին ինձ ամեն տեսակ տանջանք անտրտունջ կրելու։

Առաջին անգամից իսկ, երբ իմ թևը բացին և սկսեցին նրա վերքերը լվալ, ես զգացի, արդարև, սաստիկ սուր ցավեր։ Դրանք անտանելի դարձան, մանավանդ, երբ փորձեցին մի երկու տեղ պատռվածքը կարել: Եվ, սակայն, զարմանալի է, այդ ցավերը, չէին թափանցում սիրտս այնպես շեշտակի, ինչպես այդ լինում էր առավոտը, երբ առաջին անգամ էին թևս կապկպում։ Ես մտածում էի թե` գուցե սիրտս ամրացել է մի քանի ժամվա ընթացքում։ Բայց շուտով պարզվեց, որ այդ չէ պատճառը, այլ այն որ գթության մանկամարդ քույրը յուր սիրուն աչերն ինձ վրա սևեռած ամեն անգամ, երբ ես ցնցվում էի ցավից, կամ դեմքիս տանջանքի նշան արտահայտում, ինքն էլ ինձ հետ, կարծես, տանջվում էր յուր ներսում, մերթ անուշ ժպիտը դեմքից վանելով, մերթ նրան կսկիծի ստվեր խառնելով... Ահա, հենց այդ պատճառով ես աշխատում էի արիանալ և չզգալ այն ցավերը, որոնք պատճառում էին ինձ բժշկի մատների յուրաքանչյուր շարժումը, սպունգի լվացումը, զարմանալի հպումը, որպեսզի գթության մանկամարդ քույրն ևս չտանջվեր ինձ հետ: [ 356 ] Թե ա՞յդ միտքն էր, իսկապես, իմ ցավերի դեմ ինձ արիացնողը, այդ բանին ես համոզվեցա, երբ գթության քույրը, մի ինչ-որ դեղ բերելու համար, հեռացավ մեզնից մի քանի վայրկյան։ Իմ ցավերն, այդ ժամանակ, կարծես, սաստկացան, մինչդեռ երբ նա դարձավ, նորից սկսան հանգստանալ։ Եվ սակայն դա իսկապես, հանգստություն չէր, այլ համբերելու համար գործ դրված ուժի մի տեսակ լարումն, որ դյուրացնում էր տոկալը և, հետևապես, թեթևացնում ցավը։

Բժշկապետն յուր գործը ավարտելուց հետո, գովեց իմ արիությունը և ասաց որ ինձանից նա չէր սպասում այդքան համբերություն։

— Եթե այդպես շարունակվի մեր գործը, — ավելացրեց նա ժպտալով, — հուսով եմ որ շատ շուտով կվերադարձնենք ձեզ ձեր գործարանը` նորից փորձեր անելու։

Հետևյալ լվացումն ու դարմանադրությունը նույն ձևով անցավ, ինչպես և առաջինը։ Գթության քույրը դարձյալ դիմացս էր, ուստի տանջանքի զգացում չցուցի, չնայելով որ այս անգամ դարձյալ մի կարվածք անելու փորձն ևս ավելացել էր:

Բայց երրորդ անգամին այնպիսի կսկիծ ու տանջանքներ կրեցի, որ սիրտս ուղղակի թուլանում էր ցավից և ես չէի կարողանում զսպել ինձ` որ չճչամ, կամ բարձրաձայն չհառաչեմ։

Բժիշկը զարմանում էր։

— Անցյալ օրն ու երեկ ավելի պիտի ցավ զգայիր և սակայն դու քաջությամբ համբերեցիր։ Այժմ ի՞նչ է պատահել, որ համեմատաբար ավելի թեթև ցավերին չես դիմանում, — հարցրեց նա ինձ։

— Չգիտեմ, այսօր ավելի եմ ցավ զգում, — ասացի ես։

— Այդպես չպետք է լինի... — նկատեց բժիշկը և նայեց վրաս տարակուսական հայացքով։

— Գուցե այն է պատճառը, որ երեկ և անցյալ օր ներկա էր այստեղ ձեր քույրերից մինը... [ 357 ] — Հա՞, հետո՞... — ընդհատեք ինձ բժիշկը ժպտալով ու հոնքերը վեր բարձրացնելով։

— Ես նրա դեմքի վրա նշմարում էի կարեկից զգացմունք դեպի իմ տանջանքը, ուստի ես էլ իմ կողմից աշխատում էի զսպել ինձ...

— Որպեսզի նա չվշտանա՞:

— Այո՛:

— Հա, հասկանում եմ... — բացականչեց բժիշկը ուրախ ծիծաղելով. — ուրեմն սիրուն կնոջ երկու աչերն էլ նույնպիսի դեր են խաղում ցավեր թմրացնելու նկատմամբ, ինչպես որ կոկայիտն ու քլորուկը... նշանակի այս բանը քո հուշատետրում, collega, — դարձավ նա ընկեր բժշկին, — այս առթիվ անպատճառ հարց պիտի զարթեցնեմ բժշկական ժողովում:

Մենք ծիծաղեցինք։ Իսկ այդ վայրկյանին ներս մտավ գթության քույրը։

— Սոֆիա Իվանովնա, հատկապես խնդրում եմ, որ ամեն օր ներկա լինիք մեր այս հիվանդի դարմանադրությանը, — դարձավ բժիշկը երիտասարդուհուն այնպիսի մի լրջությամբ, որ անկարելի էր նրա խոսքի հետևում թաքնված ծիծաղը նշմարել։

— Ամենայն սիրով․ բայց ես զբաղված էի. բժիշկ Գրոտն այսօր չորրորդ պալատում...։

— Ախ, դուք կամենում եք արդարանա՞լ․ — ընդհատեց բժիշկը, տեսնելով որ աղջիկը սխալ է հասկացել իրեն — չէ․ մենք չենք մեղադրում ձեզ, որ այսօր չեք եկել, այլ խնդրում, ենք, որ այսուհետև ներկա լինիք... ինչպես երևում է, մեր այս հիվանդը արիանում է ցավերի դեմ՝ երբ տեսնում է յուր առաջ մի քնքուշ էակ, որ կարեկցում է իրեն... անշուշտ ռոմանտիկ է և ընտիր ասպետ... — այս ասելով բժիշկը նորեն ծիծաղեց, իսկ գթության քրոջ այտերը թեթևակի շիկնեցին։

Երբ բժիշկները հեռացան, Սոֆիա Իվանսվնան զբաղվեց դեղերի ու վիրակապի մնացորդը հավաքելով և ընդնմին հարցրեց ինձ ժպտալով.

— Այդ դո՞ւք ցանկացաք, որ ես ներկա լինիմ ձեր դարմանադրության։ [ 358 ] — Այո՛, — ասացի ես և բացատրեցի պատճառը։

— Բարի և անկեղծ սիրտ ունիք, արժե խնամել նրան․․․ — ասաց գթության քույրը մի առանձին քնքշությամբ և ապա հավաքած իրերը աղախնին հանձնելուց հետո՝ ավելացրեց, — թեպետ լավ չէ շարունակ ցավի զգացումը զսպել, այսուամենայնիվ, դա անհրաժեշտ է վիրակապի ժամանակ, որպեսզի բժիշկը կարողանա անվրդով իր գործը տեսնել.․․ այդ պատճառով ես կաշխատեմ ներկա լինել միշտ։

— Բայց դուք մի կարծեք թե ես ուժ եմ գործ դնում ինձ զսպելու համար, ոչ, այլ ես, ուղղակի, քիչ եմ ցավ զգում, երբ դուք ինձ վրա նայում եք կարեկցությամբ, — ասացի ես ծիծաղելով։

— Այդ հո ավելի լավ, — հարեց Սոֆիա Իվանովնան և ինքն էլ ծիծաղեց: Բայց, միևնույն ժամանակ, զգալով, որ երկուսս էլ շատ առաջ գնացինք մեր բացատրություններով, «առայժմ ցտեսություն» ասաց ու դուրս գնաց։

Այնուհետև օրերով շարունակվում էր իմ թևի դանդաղ դարմանումը, որին, գրեթե միշտ, ներկա էր լինում, նաև, գթության քույրը։ Տեսնելով իմ կրած, արդարև, ծանրատար և, յուր տեսակում, կարի չարատանջ ցավերն ու կսկիծը, որոնց ես, սակայն, ի սեր յուր չքնաղ ծավի աչերի, տանում էի համբերությամբ, գթության քույրը, կարծես, հետզհետե ավելի էր կապվում ինձ հետ հոգվով և նայում վրաս ոչ իբրև մի օտար հիվանդի, այլ իբրև ազգակցի ու հարազատի վրա։ Այդ իսկ պատճառով նա հաճախ գտնում էր, նաև, ազատ ժամեր, մոտս նստելու և մտերմորեն խոսակցելու համար։

Այդպիսի մի օր, հարցրի նրան ուղղակի թե՝ ի՞նչ է պատճառը, որ իր նման մի սիրուն, դեռ կյանքով ու կրակով լի երիտասարդուհին, որ կարող էր թե իրեն և թե իր նման մի ուրիշ երիտասարդի բախտ ու երջանկություն բերել, փակվել է հիվանդանոցի տխուր պատերում և նվիրել իրեն այնպիսի մի պաշտոնի, որպիսին գթության քրոջ պաշտոնն է: [ 359 ] — Ի՞նչ է, միթե ես դրանով փոքր ծառայություն եմ անում մարդկանց, — նկատեց նա ժպտալով:

— Ոչ թե փոքր, այլ ընդհակառակը, մեծ ծառայություն եք անում, բայց բանն այն է, որ դուք այդ ծառայությունն ուրիշներին անելով, ինքներդ զրկվում եք շատ բարիքներից։ Դա մի առաքինություն է, որ շատ քչերին կարող է սիրելի լինել։ Հենց այդ պատճառով էլ ես հետաքրքրվում եմ իմանալ թե՝ ի՞նչ շարժառիթներ են սիրելի դարձրել ձեզ այդ առաքինությունը։

Գթության քույրը, որ գեղեցիկ լինելու չափ, նաև, պարզասիրտ էր, ուղղակի պատասխանեց.

— Չեմ հիշում թե առաջ մտածիմ մարդկանց որևէ բարիք անելու, թեպետ չարության ի՞նչ լինելն էլ չես իմացել։ Դեռ տղա հասակից՝ ես ավելի եսասեր՝ քան ընկերասեր էի։ Այդ առթիվ հաճախ դիտողություն էին անում ինձ շրջապատողներս, բայց իմ հոգ չէր, ես սիրում էի միայն նրանց, որոնք գգվում էին ինձ, առանց իմ թերության ուշադիր լինելու։ Բայց ահա՛ պատահեց մեկը (այդ ժամանակ ես դեռ 15 տարեկան էի), որ ծանոթացավ ինձ՝ հենց իմ եսասիրությունը ծաղրելու շնորհիվ և, սակայն, ես սիրեցի նրան։ Դա գեղակազմ մի կագետ է, սիրուն դեմքով, հրապուրիչ աչքերով և վայելուչ շարժվածքով։ Հաճախակի տեսակցությունները օգնեցին մեզ ավելի մոտից իրար ճանաչելու։ Այդ ծանոթությունը ծնեցրեց մեր մեջ մի քնքուշ մտերմություն, որն ապա շուտով փոխվեցավ բուռն սիրո։ Դժբախտաբար կադետը, որ ավարտել էր կորպուսը, պիտի գնար Պետերբուրգ, զինվորական բարձրագույն դպրոց մտնելու։ Մենք ստիպված էինք բաժանվել։ Այդ անջատումը թեպետ ծանր էր, բայց նա մեր սերը չսառեցրեց, ընդհակառակը, ավելի ևս բորբոքեց։ Հինգ երկար տարիների ընթացքում մենք տեսնվում էինք իրար հետ միայն արձակուրդի ամիսներում, երբ երիտասարդը վերադառնում էր հայրենիք: Այդ ամիսները մենք անցնում էինք ամառանոցում՝ մեր ծնողների հետ, որոնք մեր սիրո վրա նայում էին իբրև մեր ապագա միության գրավականի վրա։ Հարկ չկա ասել, որ այդ ամիսները բերում էին մեզ անհուն երջանկություն: [ 360 ] Իսկ երբ երիտասարդը հեռանում էր, մենք մեր սիրո զեղումը հանձնում էինք նամակներին, որոնց թիվը մեծ էր լինում և որոնցից յուրաքանչյուրը հաճախ բաղկացած էր մի քանի թերթերից... Ի՞նչ էինք գրում իրար, որտեղից էինք գտնում խոսելու այդքան նյութ, չեմ հիշում, միայն գիտեմ որ այդ նամակները մեզանից խլում էին անթիվ ժամեր և ավելի օգնում մեր սերը բորբոքելուն:

Վերջապես երիտասարդն ավարտեց և վերադարձավ օֆիցերի աստիճանով: Եվ որովհետև նա հարուստ էր, ուստի խոսք չեղավ այն մասին թե՝ զինվորական վարչությունը կարո՞ղ է արդյոք արգելք լինել նրա վաղ ամուսնանալուն: Մենք նշանվեցանք պաշտոնապես: Ծննողներս պատրաստում էին իմ օժիտը: Մի ամսից հետո պիտի պսակվեինք. այդ ամենքը գիտեին. նույնիսկ իմ ընկերուհիները նոր հագուստներ էին կարում իմ պսակադրության ներկա լինելու համար... Եվ սակայն հենց այստեղ արդարացավ առածը՝ «Խորհուրդք մարդկան՝ կամք աստուծո» — Այդ օրերում իմ փեսան՝ պաշտոնակից օֆիցերների կողմից հրավիրվեցավ մասնակցելու ընկերական մի որսի, որ տեղի պիտի ունենար մոտիկ կալվածներից մինում: Եվ, ահա, այդտեղ որսի ժամանակ, նա մի դժբախտ դիպվածով՝ գնդակահար եղավ իր մի ընկերից, որը կատաղի կինճից հալածվելիս՝ երբ դարձել, արձակել էր հրացանը, գնդակը փոխանակ գազանին դիպչելու, վրիպել, զարկել էր իմ խեղճ փեսացուին, որ այդ ժամանակ գտնում է եղել թավուտում... Այս դժբախտության լուրը կայծակնահար արավ ինձ: Կորուստը ծանր էր և անդարմանելի. քիչ էր մնում, որ վշտիցս խելագարվեի,,, բայց ծնողներս հետս էին, նրանք հսկեցին վրաս երկար ժամանակ և ամեն միջոց գործ դրին հարվածի սաստկությունը մեղմելու համար: Այսուամենայնիվ կյանքը կորցրեց ինձ համար իր արժեքը: Ի՞նչ էր նա այսուհետև առանց իմ սիրելուն — իհարկե, ոչինչ: Այս պպատճառով սգո ծանր օրերն անցնելուց հետո՝ ես որոշեցի հեռանալ աշխարհից ընդմիշտ: Բայց կուսանոց մտնել չէի կարող. ի բնե ատում էի անգործության դատապարտված այդ միջավայրերը։ [ 361 ] Որոշեցի դառնալ գթության քույր, մտնել հիվանդանոց և օգնել այտեղ դժբախտներին, այդ ժամանակ արդեն գիտեի թե ի՞նչ է նշանակում դժբախտ լինել...։ Այս նպատակով ահա հեռացա իմ հայրենի քաղաքից և եկա այստեղ։ Ծնողներս չընդդիմացան, համոզված լինելով որ այս միջոցը կարող է մեղմացնել իմ ցավը, կամ ժամանակով մոռացնել նրան։ Եվ, սակայն, ահա լրանում է երկու տարին, ինչ ես գտնվում ես այստեղ, այսուամենայնիվ, իմ ցավը դեռ էլի այնպես թարմ է, ինչպես որ սրանից երկու տարի առաջ...։

Այս ասելով երիտասարդուհին խոր հոգոց հանեց։

Ես, իհարկե, իսկույն սկսա մխիթարել նրան ամենաքնքուշ խոսքերով, այլև գովել իմ իմաստուն որոշումը, որով ցանկացել էր մեղմել սրտի ցավը` ուրիշներին բարիք անելու խելացի ճանապարհով։ Վերջը հարեցի թե` վշտերը, որքան էլ ծանր լինին ու ճնշող, այսուամենայնիվ, նրանք պիտի մոռացվին մի օր և այն ժամանակ կյանքը դարձյալ կքաղցրանա յուր աչքում և այլն և այլն։

Խոսքերս, ըստ երևույթին, հաճելի` տպավորություն արին օրիորդի վրա. նրա տխրությունն անցավ, իսկ մի քիչ հետո նա, մինչև անգամ, ժպտաց և գոհությամբ լի աչերը վրաս սևեռելով` ասաց.

— Արդարև, կյանքը այնքան էլ դառը չէ, պետք է միայն աշխատել չդառնացնել նրան։

— Հարկավ, լացողին արցունք չի պակսիլ, ոչ էլ ուրախացողին ծիծաղ... մոռացումը ամենալավ սպեղանին է ամեն տեսակ վշտերի դեմ, ասացի ես։

— Ես էլ, ահա, աշխատում եմ մոռանալ իմ վիշտը այս զբաղմունքով, տեսնենք, կհաջողի՞ թե ոչ։

— Անշուշտ կհաջողի, պետք է միայն արիությամբ աշխատել։

Օրիորդը չպատասխանեց, բայց ժպտաց և ապա սիրալիր մի հայացք ձգելով վրաս` հեռացավ։ [ 362 ]

* * *

Մինչև այսօր էլ չգիտեմ թե` հոգեկան զգացմունքների ո՞ր գաղտնի օրենքին պիտի վերագրեի այն` որ գթության քույրը յուր ուխտի պատմությունն ինձ անելուց հետո, փոխանակ ինձանից հեռու մնալու, իբրև իր ուխտին հավատարիմ մեկը, ընդհակառակը, հետզհետե ավելի էր մոտենում ու մտերմանում և իր ազատ ժամերը, գլխավորապես, նվիրում ինձ։ Յուր հաճոյական զրույցների ժամանակ նա երբեմն-երբեմն նայում էր վրաս այնպիսի մի հայացքով, որ թափանցում էր մինչև իմ սրտի խորքը և վառում այնտեղ սիրո՞ թե տարփանքի անժույժ կրակը, կարող բոցավառելու իմ ամբողջ էությունը։ Այսպիսի վայրկյաններում ես ինքս երբեմն շրջում էի աչքերս, որպեսզի կույսի կրակոտ հայացքը չհանդիպեր նրանց և ասել, կամ գործել չտար ինձ այնպիսի մի բան, որ վիրավորական լիներ գթության քրոջ համար։ Բացի այդ հայացքները, նրա զրույցներն էլ քիչ չէին գրգռում ինձ։ Մի անգամ, օրինակ, նա ասաց ինձ.

— Այստեղ ես շատ հիվանդներ եմ դարմանել, բայց ոչ ոքին այնպես հաճությամբ չեմ այցելել, ինչպես ձեզ։ Առաջները, հենց որ գործս վերջացնում էի, կամ հերթապահությունը լրացնում, վազում էի սենյակս և սկսում այնտեղ կարդալ: Այժմ այլևս չեն գրավում ինձ ոչ միայնությունը, ոչ էլ գրքերի ընթերցանությունը։ Գործս ավարտելուց հետո` գալիս եմ ձեզ մոտ։ Այստեղ, առհասարակ, շատ լավ եմ զգում ինձ...։

Մի ուրիշ օր ասաց.

— Խնդրում եմ այսուհետև չանվանեք ինձ Սոֆիա Իվանովնա, այլ կոչեցեք մեր լեհական սովորությամբ` պաննա Զոֆիա (օրիորդ Սոֆիա)։ Երբ հետս խոսողն այդ անունով է կոչում ինձ, ես ավելի սիրով եմ լսում նրան։

Որքան հիշում եմ, այս խոսքից հետո էր որ նրա հուր հայացքին ես նույնպիսի մի հայացքով պատասխանելուց հետո դեմքիս վրա, չգիտեմ, ի՞նչ մի նյարդային շարժում արի, որ նա դրանից քաշվելով հանկարծ մարմար ձեռքը դրավ աչքերիս և քնքուշ ձայնով ասաց.

— Այդպես չեն նայիլ գթության քրոջը...։ [ 363 ] Ես այլևս հուզմունքիս դիմադրել չկարենալով հափշտակեցի նրա նուրբ, թավշյա ձեռքը և շրթունքներիս սեղմելով, համբուրեցի ջերմագին։

— Panie! со pan robb pan siq zapomina... (պարոն, ի՞նչ եք անում, դուք ձեզ մոռանում եք), — բացականչեց նա լեհերեն և ձեռքը խլելով հեռացավ ինձանից։

Բայց դեռ դռանը չհասած` կանգ առավ, հանեց գրպանից առձեռն հայելին և մեջը նայելով ասաց.

— Տեսեք, շառագունել եմ, ի՞նչ կասեն այժմ, եթե այսպես դուրս գամ, asht jakis niqdreczny! (ախ դուք անքաղաքավար), — վերջացրեց նա խոսքը լեհերեն։

Այդ րոպեին նա այնպես գեղեցիկ, այնպես հրաշալի էր, որ նրա խոսքերը, եթե մինչև իսկ լինեին հայհոյանք, ես դարձյալ կընդունեի սիրախոսության տեղ, ուր մնաց վերջին բացականչությունը, որի մեջ ավելի մտերմական քնքշություն քան վիրավորանք կար։

— Պաննա Զոֆիա, ներեցեք, որ ձեր սիրուն հայացքին չկարողացա դիմանալ. ներեցեք, որ համարձակվեցա... — ասացի ես:

— Դուք իմ հիվանդն եք, ես ձեզ ներում եմ... միայն թե սա լինի առաջինն ու վերջինը, ապա թև ոչ ես այլևս չեմ մտնիլ այստեղ, — ասաց նա ու դուրս գնաց: Բայց հենց դռնով երևելիս նա այնպես ժպտաց, որ, կարծես, ասում էր. — «ուրիշ անգամ համբուրիր ավելի ջերմագին»։

Եվ հենց այդպես էլ արի, որովհետև հետևյալ այցելությունները քանի գնում, այնքան ավելի մտերմական էին դառնում:

Մի օր, երեկոյան դեմ, երբ արևի շողերը փախուստ էին տալիս իմ սենյակի պատուհանից և նրանց փոխարեն` շփվում ապակիներին հովից շարժվող ծառի ոստերը, պաննա Զոֆիան դիմացս նստած՝ լսում էր իմ մի հետաքրքրական պատմությունը, որ վերաբերում էր, արդարև, գովասանքի արժանի իմ քաջագործության։ Դա հետևյալն էր։ [ 364 ] Կուրսկ քաղաքում գտնված ժամանակ, հրավեր ստացա այդտեղի մի կալվածատիրոջից` էլեկտրական լուսավորություն հաստատելու իր կալվածքում, որը գտնվում էր Կուրսկից դեպի արևելք գտնվող Ռատ գետի վրա։ Այդտեղ պետք է գնալ դեպի Տիմ քաղաքը տանող խճուղիով։ Կեսօրվա մոտ էր, երբ մենք հասանք Ռատին։ Կամրջին մոտենալուց` գետափնյա թմբին տեսա գիմնազիոնի երեք աշակերտուհիներ, որոնք մոտակա ամառանոցաբնակներից էին և եկել էին այդտեղ ծաղիկ ժողովելու։ Բայց տեղն, ուր նրանք շրջում էին, վտանգավոր էր. հողը կարող էր փլչել և նրանք երեքն էլ կթափվեին գետը։ Հենց այս մտքի մեջ` հրամայեցի կառապանին` շուտ հասնել կամրջին, որպեսզի աղջկերանց խորհուրդ տայի հեռանալ: Եվ, սակայն, իմ նախազգացումը հառաջեց զգուշությանս։ Հազիվ ձիաները ոտք դրին կամրջին, և ահա փլավ գետափի այն մասը, որի վրա կանգնած էր օրիորդներից մեկը, որը և ճչալով սահեց դեպի վար։ Մյուս երկուսն իրենց տեսնելով անկարող ընկերուհուն օգնելու, սարսափի աղաղակով ետ փախան դեպի դաշտը։ Մինչդեռ ես իսկույն ցատկեցի կառքից դեպի կամուրջը և տեսա որ աղջիկը ոգորում է ջրերի հետ։ Էլ Ժամանակ չկար հանվելու։ Շտապով ազատվեցա վերնազգեստից ու կոշիկներից և անմիջապես ցած թռա դեպի գետը։ Աղջիկը, բարեբախտաբար, քիչ լողալ գիտենալով կարողացել էր մի քանի վայրկյան պահել իրեն ջրի վրա. բայց հագուստն ամբողջապես ողողված լինելով պիտի սուզվեր շուտով ջրի հատակը։ Սակայն, մինչև այդ` ես վրա հասա։ Եվ որովհետև ինքս լավ լողորդ էի, ուստի որքան էլ հանգամանքներն աննպաստ, այսինքն որ ջուրը հորդացած էր, ափը բարձրադիր և անկռվան, իսկ մենք երկուսս հագուստով, այսուամենայնիվ բավական միջոց հոսանքի հետ կռվելուց հետս` վերջ ի վերջո աղջկան ափը հանեցի ողջ առողջ։

— Բռավո, — գոչեց Սաբորինը և ի նշան խրախուսանքի թոթվեց ընկերոջ ուսը։ [ 365 ] — Ահա, հենց իմ պատմության այդ տեղում, — շարունակեց լեհացին, — մեկ էլ տեսա պաննա Զոֆիան...

— Բայց ի՞նչ եղավ ազատված աղջիկը, — ընդհատեք ռուսն ընկերին:

— Ի՞նչ պիտի լիներ, միացավ ընկերուհիներին և շտապեց դեպի տուն ողողված հագուստները փոխելու:

— Իսկ դո՞ւ։

— Ես էլ, որ, ըստ սովորության, հետս փոխնորդ ունեի, հագա այն հենց այնտեղ, իմ կառքի մեջ և ճանապարհը շարունակեցի։

— Ի՞նչ արավ պաննա Զոֆիան, այն ասացեք, — հետաքրքրվեցա ես:

— Հա. պաննա Զոֆիան, որ սրտատրոփ լսում էր պատմությունս, որը ես, իհարկե, պատմում էի ավելի մանրամասնորեն, այլև համեմում վիպական նկարագրությամբ, հենց որ իմացավ թե` «երկար ոգորումներից» հետո, ես «վերջ ի վերջո», ազատեցի «վեշտասանամեա» գեղեցիկ օրիորդին Ռատի «կատաղի ալիքներից», հանկարծ բացականչեց մեր Սաբորինի պես`

— «Ապրե՛ս... ահա՛ թե ի՞նչ երիտասարդի արժե սրտանց սիրել»... Եվ այս ասելով խոնարհեց դեպի ինձ, առավ գլուխս ձեռքերի մեջ և իսկույն էլ ճակատիս դրոշմեց մի շտապ ու ջերմ համբույր...

— Հիանալի՜... Հրաշալի՜... Ա՛յ թե որտե՞ղ է մեր առածն արդարանում՝ Нет худа без добра: Եթե պայթյունը չպատահեր, թևդ չէր վիրավորվիլ. եթե թևդ չվիրավորվեր, հիվանդանոց չէիր մտնիլ. եթե հիվանդանոց չմտնեիր, պաննա Զոֆիան քեզ չէր համբուրիլ...։ Հիանալի՜ է, հիանալի՜, — բացականչում էր Սաբորինը հրճվանքով, առանց մտածելու թե՝ այդ պատմությունն սկսված էր իր դժբախտությունը հաստատելու նպատակով:

— Այդ օրից հետո, — շարունակեց լեհացին, — սկսվեց մեզ համար սիրահարության երկրորդ և ավելի բուռն շրջան։ Բայց դրա հետ միասին էլ ողջանում էր թևս: Այժմ ես ոչ միայն կարողանում էի շարժել այն ազատորեն, այլև նրանով ջերմությամբ գրկում էի իմ գթության քրոջը, որին յուր համբույրից հետո` չէի անվանում այլևս պաննա Զոֆիա, այլ ուղղակի Զոֆիա, որ լեհերեն փաղաքշական է։ [ 366 ] Երր բժշկապետը հայտնեց թե` թևս արդեն առողջ է, ուստի կարող եմ մի քանի օրից թողնել հիվանդանոցը, ես ուրախացա: Թեպետ այդտեղից ելնելուց` ես պիտի զրկվեի չքնաղ Զոֆիային հաճախ տեսնելու բարեբախտությունից, այսուամենայնիվ, դրսումն էլ կային բարիքներ, որ ցանկանում էի վայելել։ — Երկու ամիս էր` ինչ փակված այդտեղ անշարժ ուսնգործ, ծծում էի հիվանդանոցի ծանր ու անախորժ և դեղահոտերով տոգորված օդը։ Պետք էր, վերջապես, ազատվել նրանից, վայելել արևի լույսով ողողված օդը և վերսկսել վաղուց ընդհատված իմ աշխատությունը, որի մեջ ես միշտ ավելի էի գտնում թե հանգիստ և թե ուրախություն։ Այդ իսկ պատճառով շատ չէի վշտանում սիրելի բարեկամուհուցս անջատվելու համար։

Սակայն վերջինս այդպես չէր մտածում: Նա, որ սկզբում դեպի ինձ տածել էր միայն կարեկցության մի քնքուշ զգացում, չէր իմացել, իհարկե, թե այդ վերջ ի վերջո պիտի փոխվի սիրո, ինչպես այդ պատահում է շատ ուրիշ կանանց, թեկուզ դրանք անցյալի հետ կապված են լինում ուխտերով։ Այդ պատճառով սկզբում երկյուղ չկրելով յուր մեջ հետզհետե` դեպի ինձ աճող բարեկամությունից, թույլ էր տվել զգացմունքներին` իշխել յուր վրա և վերջը միայն տեսել, որ արդեն խճճված է սիրո ցանցերում..։ Եվ որովհետև այդ դեպքում կանայք, համարյա, կատակ չեն սիրում, որովհետև մեզանից ավելի են հավատում թե իրենց և թե մեր զգացմունքին, ուստի Զոֆիան էլ որոշել էր` յուր սիրուն վերաբերվել լրջորեն։

Իմանալով, որ շուտով պիտի թողնեմ հիվանդանոցը, նա եկավ ինձ մոտ և առաջին անգամից իսկ մի զարմանալի պարզությամբ և մանկական հավատով հարցրեց։

— Չե՞ք տխրում արդյոք, որ թողնում եք ինձ։ [ 367 ] Ես, փոխանակ ճշմարիտ զգացմունքս հայտնելու, փոխանակ ասելու թե` «թեպետ ինձ համար շատ հաճելի էր՝ հաճախ ձեզ հետ տեսնվեք և միշտ էլ ձեր քաղցր զրույցները լսել, բայց որովհետև գործն ու աշխատությունը ինձ ավելի են գրավում, ուստի շատ չեմ տխրում ձեզ թողնելուս համար, ընդհակառակն, իբրև մինն այն բազմաթիվ երիտասարդներից, որոնք առհասարակ, թեթևամտությամբ են վերաբերվում այս օրինակ սիրուն` համարելով այն պատահական զգացմունք, կամ նայում նրա վրա իբրև ուղևորության ժամանակ կայարաններում մատուցվող մի առձեռն բարիքի, որը կարող են վայելել ու անցնել, ուստի ես ևս առանց վարանելու պատասխանեցի.

— Օ՜, և ինչպե՜ս եմ տխրում. այժմյանից արդեն սարսափում եմ` հիշելով այն ժամերը, որ պիտի անցցնեմ առանց ձեզ։

— Եթե այդպես է, ուրեմն ես չեմ թողնիլ որ դուք այդպիսի ժամեր անցցնեք,— ասաց նա հուզված։

— Եվ ի՞նչ պիտի անեք, — հետաքրքրվեցա ես։

— Ես չեմ սիրում առաջուց խոսել այն բանի մասին, ինչ որ պիտի անեմ, բայց արածս կտեսնեք...։ Այս ասելով նա գրկեց ինձ, համբուրեց և արագ դուրս գնաց։

Երեկոյան դեմ Զոֆիան նորից մտավ ինձ մոտ, նստեց կես ժամի չափ և խոսում է հետս կես հուզված, կես ոգևորված և հաճախ հառում աչքերը վրաս այնպիսի մի հայացքով, որն, ասես, լցված էր լույսով ու կրակով։

Հեռանալիս ասաց.

— Այս երեկո` ութերորդ ժամից հետո` երեք ժամվա հերթապահություն ունիմ։ Այն վերջացնելուց հետո կմտնեմ ձեզ մոտ։

— Ուշ չի՞ լինիլ. — հարցրի ես։

— Ավելի լավ. — պատասխանեց նա և խորհրդավոր ժպիտով հեռացավ:

Սկզբում ես չհասկացա նրա միտքը, բայց հետո, կարծես, գուշակեցի և մի երանական ուրախություն ամբողջ էությունս գրավեց։

Գիշերվա 11-րդ ժամին, երբ հիվանդանոցում լռություն էր տիրում, սենյակիս դուռը հուշիկ բացվեցավ։ Ներս մտավ Զոֆիան։ [ 368 ] Նա դուռը նորեն զգուշությամբ ետ դնելով շրջեց փականքը և մոտեցավ ինձ: Քայլերից արդեն երևում էր, որ նա հուզված է։ Երբ մոտեցավ ճրագին, ես զարմացա նրա դեմքի այլայլումը տեսնելով։ Նրա այտերը շիկնած էին, մինչդեռ երեսն ու քունքերը` գունատ։ Թվում էր թե նա վախեցած է մի բանից, կամ հենց նոր ազատված մի վերահաս վտանգից:

— Ի՞նչ է պատահել ձեզ, Ջոֆիա, — հարցրի ես անհանգստությամբ։

— Ոչինչ, ոչինչ... Ես սանդուղքներով բարձրացա, այս նրանից է. շուտով կանցնի, — ասաց նա և նստեց մահճակալիս վրա այնպես մոտիկ` որ ես ոչ միայն նրա շնչառության շոշափն էի զգում դեմքիս վրա, այլև լսում էի սրտի բաբախումը։

— Բայց դուք շատ հուզված եք,— նկատեցի ես նորեն:

— Այդ նրանից է, որ ես շտապեցի մի վայրկյան առաջ ձեզ գրկել, — ասաց նա ժպտալով և իսկույն էլ առավ ինձ թևերի մեջ...։ Եվ նրա հուզումը գնալով սաստկացավ։ Այդ հուզո՞ւմը... Օ՜, դա կատարյալ դրախտ էր, երջանկության մարմնացումն. Դա այն հուզումն էր, որ տիրում է կնոջ ամբողջ էությանը, երբ նա որոշում է մի ծանր ու դժվարին, հաճախ, իր կյանքի համար ճակատագրական քայլ անելու։ Ջոֆիան այդ քայլի վրա էր։ Նա մտել էր ինձ մոտ ոչ այլևս իբրև գթության քույր, այլ իբրև անժույժ սիրահար... նա եկել էր ինձ երջանկացնելու, ինձ իր անմեղության առաջին ծաղիկը նվիրելու...

Նշանակված օրը ես ելա հիվանդանոցից բոլորովին առողջ, իսկ մի քանի օր հետո թողեց իր պաշտոնը Զոֆիան, ինչպես որ խոստացել էր ինձ և փոխադրվեց իմ բնակարանը, որ ամեն հարմարություն ուներ երկու մտերիմ սրտերի գգվանքին ու սերը հետաքրքիր աչքերից ծածկելու։

Երիտասարդը լռեց։

— Վերջն ի՞նչ եղավ, ամուսնացա՞ր նրա հետ. հետաքրրքրվեց Սաբորինը։ [ 369 ] — Ոչ, չամուսնացա, — պատասխանեց լեհացին։

— Ինչո՞ւ։ Մարդիկ ճրագով են պտրում այնպիսի կանանց, որոնք կարողանային սիրել։ Այդ կինն ապացուցել էր, որ սիրում է քեզ։

— Այո, ապացուցել էր։ Եվ հենց այդ պատճառով էլ փափագում էի առնել նրան։ Եվ թեպետ հայրս մեռնելուց առաջ կտակել էր ինձ` երբեք չամուսնանալ այնպիսի աղջկա հետ, որն օրինական ճանապարհով, այն է` պսակով ինձ հետ միանալուց առաջ, անձնատուր է եղել ինձ, որովհետև, ասել էր. այդպիսի աղջիկը, վերջ ի վերջո դժբախտություն կբերե քեզ — այսուամենայնիվ Զոֆիայի գեղեցկությունը, սիրո ջերմությունը և վերջապես վերջին հավատով անձնվիրությունը մոռացնել տվին ինձ իմ հոր պատվերը։ — Ո՞ւր կարող եմ գտնել սրանից արժանավորը, ասում էի ես, ուստի և որոշում առնել նրան ինձ կնության։ Բայց, ինչպես երևում է, հոր հոգին արդեն հսկում է եղել իմ բախտին։ Մի քանի ամիս ինձ հետ կենակցելուց հետո, նա գնաց հայրենի քաղաքը ծնողներին այցելելու և մեր ամուսնության համար` նրանց համաձայնությունն առնելու։ Անցավ երկու ամիս և բոլոր ժամանակ մենք սիրալիր նամակներ էինք գրում իրար։ Երբ հասավ Զոֆիայի վերադարձի ժամանակը և ես հուսալից սպասում էի նրան, ահա մի օր ստացա մի հակիրճ նամակ, որով նա ինձ հայտնում էր թե արդեն ընդունել է առաջարկությունը մի զինվորականի, որի հետ և ամուսնանում է. ուստի խնդրում էր ինձ մոռանալ ամենը, ինչ որ անցել է մեր մեջ...

— Ի՞նչ է ասում... — զարմացավ Սաբորինը։

— Այո՛, այդպես էր գրել, — կրկնեց լեհացին:

— Եվ ամուսնացա՞վ։

— Հարկավ։

— Զարմանում եմ։

— Բայց ավելի պիտի զարմանաս, եթե ասեմ թե նա ամուսնացավ այն զինվորականի հետ, որը որսի ժամանակ սպանել էր յուր նշանածին...։ [ 370 ]

3

О՜, բարեկամ, քո այդ գթության քույրը, իսկապես, ֆուրիա է եղել, իզուր դու նրան օրինակ բերիր` իմ սիրած օրիորդի ուխտը կասկածելի անելու համար, — բացականչեց ռուսը։ Կարծես հոգով հանգստանալով։

— Չգիտեմ, գուցե քո սիրածը ավելի իդեալիստ լինի։ Բայց ես, առհասարակ, չեմ հավատում կանանց ուխտերին:

— Ես կսովորեցնեմ քեզ հավատալ: Տեսնում ես այս նամակը — Սաբորինը հանեց ծոցից մի ծրար և ցույց տվավ, — սա իմ սիրեցյալի վերջին գրությունն է. այստեղ նա նշանակել է նույնիսկ ժամ տնակը է երբ պետք էր ընդունվի «Սուրբ երրորդության» մեջ։ Իսկ այդ միաբանությունը չէ նմանում քո տեսած հիվանդանոցին... Այդտեղից ելած քույրերը մի-մի սուրբեր են։

— Իսկ դու միջոց կունենա՞ս հետևել քո սուրբի կյանքի ընթացքին։

— Այդ պետք էլ չէ. ես միայն կամենում եմ տեսնել նրան այժմ աշխարհից հեռացած, որպեսզի կարողանամ նրա ծնողներին ասել. — Ոնց է. կերա՞ք, ինձ որ չտվիք ձեր աղջկան, արդյոք նա ձեզ մնա՞ց...։ Ա՛յ, հենց դրա համար էլ գնում եմ այժմ Վարշավ։ Հորեղբորս որդուն խնդրած եմ դիմավորել ինձ կայարանում։ Եթե նա հայտնեց թե Մարին արդեն հեռացել է Վարշավից, ես կառքս ուղղակի պիտի քշել տամ Միրովիչների տունը և այցետոմսս աջ կողմից դեպի վար ծալելով ուղարկեմ վերև, ցույց տալու համար թե կարեկցելու և մխիթարելու համար է այցելությունս։

— Տարօրինակ վրիժառություն, — նկատեց Ցանը ծիծաղելով։

— Ամերիկական տեսակի...— հարեց Սաբորինը և նույնպես կարկաչեց։

Նույն երեկոյան մենք հասանք Վարշավ։ Կայարանում, արդարև, մեր ռուս ընկերոջը դիմավորեց հորեղբոր որդին, որը նրա պես առողջ ու զվարթադեմ մեկն էր և հենց նրա պես էլ խոսում էր բարձրաձայն։ Մեր ընկերոջ հարցին թե՝ «ինչ լուր ունիս Մարիից» նա պատասխանեց.

— Մարին՝ արդեն գնաց։ [ 371 ] — Գնա՞ց․․․ բռավո, այդպես էլ սպասում էի, — ասաց Սաբորինը և գոհությամբ լի հայացքը ուղղեց լեհացուն։

— Բայց գի՞տես ուր գնաց։

— Ինչպե՜ս չէ, «Սուրբ երրորդության» միաբան․․․

— Ո՛չ, նա գնաց արտասահման, — ընդհատեց լրատուն։

— Ինչպե՞ս թե արտասահման, — զարմացավ Սաբորինը։

— Հապա՞․ չէ՞ որ նա ամուսնացավ։

— Ի՞նչ։

— Ամուսնացավ։

— Ո՞ւմ հետ,

— Պոտեցկիի որդու։

Սաբորինը տեղն ու տեղը սառավ. նրա բերանը մնաց բաց, աչքերը չռած, իսկ կապոցներով բեռնված ձեռքերը՝ կախվեցան օդում անշարժ։

— Գնանք, ինչո՞ւ ես կանգնել, — խոսեց դիմավորողը, տեսնելով որ ճամփորդները հետզհետե խռնվելով դեսուդեն են հրում հորեղբոր որդուն։ Բայց վերջինս ապուշի պես կանգնած՝ չէր լսում նրան։

— Հեռանանք, թող նա չիմանա թե մենք բոլորը լսեցինք... — շշնջաց լեհացին ականջիս և մենք կամացուկ խույս տվինք կայարանից։

4

Օգոստոսի վերջն էր։ Վենետիկից վերադառնում էի Վիեննա։ Թրիեստի կայարանում խիստ շատ ուղևորներ ներս մտան վագոն, այնպես որ տեղս նեղացավ։ Ստիպված էի իրեղեններս ամփոփել, այլև ինքս կծկվել մի անկյուն, որպեսզի ուրիշները ևս իրենց տեղը բռնեին։ Այս բանն, իհարկե, դուր չեկավ ինձ։ Որովհետև գնացքը Վենետիկից ելել էր գիշերով, և գրեթե, դատարկ, այդ պատճառով տեղի ընդարձակությունից օգտվել էի ավելի քան շռայլորեն: [ 372 ] Այժմ ստիպված էի բավականանալ քչով, որպեսզի ուրիշներն էլ իրենց բաժնին տիրանային։ Այստեղ, ահա, սկսա մտածել այն մասին, թե՝ ինչպես վատ է երբ մարդ սովորում է «լեն ու բոլ» ապրելուն։ Որովհետև կյանքը նույնպես մի գնացք է, որ շարունակ շարժվում, սլանում է առաջ և չգիտես թե նրա ո՞ր կայարանում ստիպված կլինիս կծկվիլ կամ իրերդ ամփոփել: Ուրեմն, ավելի լավ է, որ մարդ հենց սկզբից սովորե իր իղձերը չափավորելուն և բավականանա քչով, որպեսզի նեղության օրերը հասնելուց՝ ստիպված չլինի՝ ակամա կծկվիլ և դրա համար էլ վշտանալ։

Այս մտածության մեջ էի դեռ, որ ականջիս դիպան ռուսերեն խոսքեր։ Սա ինձ համար նորություն էր։ Վասնզի Ռուսիո սահմաններից ելնելուց հետո՝ Եվրոպայում գրեթե ոչ մի տեղ չէի լսել այդ բարբառը: Գլուխս բարձրացրի և տեսա որ խոսողը քիչ հեռու կանգնած, ոչ շատ տարիքոտ, մաքուր հագնված, լուրջ և, միևնույն ժամանակ, համակրելի դեմքով մի պարոն է, որին ընկերակցում էր տարիքն առած ու կարճահասակ մի կին, որ թեպետ շատ տգեղ չէր, բայց երբևիցե գրավիչ եղած լինելու նշան էլ չուներ վրան։ Նրանք իրար հետ խոսում էին ընտանեբար և եզակի դեմքով, որից եզրակացրի թե՝ առաջինը որդին է, իսկ երկրորդը՝ մայրը։

Ռուսերեն խոսողներին, որոնք դիմացս նստան, մի տեսակ հայրենակից համարելով ինձ, շտապեցի հետերնին ծանոթանալ, որի համար նրանք ուրախ եղան։ Իմ մասին հարկ եղած ծանոթությունը տալուց հետո, իմացա, որ պարոնը ռուսաստանցի է և մայրաքաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի գերմաներեն լեզվի ուսուցիչը. իսկ հետը խոսողը՝ յուր... կինը։

Ամեն տեսակ նորության կսպասեի, բայց լսել թե՝ այդ հիսունամյա, երեսը խորշոմած, աչքերը կկոցված և արդեն թալկադեմ պառավը ամուսինն է այն զվարթ ու կայտառ տղամարդու, որ, գուցե, հազիվ էր քառասունն անցել, չէի սպասիլ: Այսուամենայնիվ, զարմանքս զսպելով սկսա խոսակցիլ նրանց հետ և ընդնմին ուշի-ուշով հետևել կնոջը, իմանալու համար թե՝ ինչո՞վ է արդյոք նա գրավել այս երիտասարդին և յուր նման «անցյալ կատարյալին» կապել սրա գլխին։ [ 373 ] Իմ հետամտությունն, իհարկե, չէր կարող այդպես շուտ ծանոթացնել ինձ նրանց անցյալին, կամ բացատրել գեթ մինը այն գաղտնիքներից, որոնք պատճառ էին եղեք այս անհավասար ամուսնության, բայց նա ծանոթացրեց ինձ մի անսպաս ճշմարտության, այդ այն էր՝ որ ես տեսա թե Վերա Վասիլևնան (այդ էր տիկնոջ անունը) բավական խելացի, նուրբ գիտող և համբերատար մի կին է։

Այս հատկություններով, առհասարակ բնությունը նվազ չափով է օժտում կանանց, բայց Վերա Վասիլևնային, չգիտեմ ո՞ր բացառիկ օրենքի հիման վրա, տվել էր ավելի։

Այդ պարզ երևաց բոլոր այն զրույցի ժամանակ, որ տեղի էր ունենում մեր մեջ դեռ Թրիեստի կայարանից սկսած և որը, չեմ հիշում, ի՞նչ առիթով արդեն փոխվել էր լուրջ խնդրի, այն է՝ կանանց ազատագրության հարցին։

Այս խնդրում Իվան Իվանիչը (տիկնոջ ամուսինը) պահպանողական հայացքների տեր էր, մինչդեռ տիկինը, ինչպես որ սպասելի էր ազատամիտ։

Եվ սակայն սա հարցերին վերաբերվում էր ոչ այնպես հախուռն, ու վայրիվերո, ինչպես, առհասարակ անում են շատ կանայք, կամ անփորձ երիտասարդներ, այլ միշտ կոռեկտ ու տրամաբանորեն։ Յուր առարկությունները նա հաստատում էր փաստերով, իսկ ենթադրությունները հանում այնպիսի օրինակներից, որոնց դեմ վիճելը շատ էլ հեշտ չէր լինում։

Ես, սակայն շարունակ հարցեր էի տալիս և մի-մի անգամ էլ կատակով աշխատում՝ կռվացնել ամուսիններին։ Իվան Իվանիչը, որ ավելի պարզասիրտ և դյուրագրգիռ էր, երբեմն բռնվում էր իմ լարած թակարդում, մինչդեռ տիկինը զգուշությամբ խույս էր տալիս և հաճախ յուր խոհեմ ու քաղաքավար դիտողությամբ ի դերև հանում իմ չարամիտ ջանքը։ Եթե պատահում էր, որ ամուսինը գրգռվում էր վիճելիս, նա այնպես մեղմ ու ամոքիչ խոսքերով հանգստացնում էր նրան, որ ասես թե՝ մի մայր էր, որ խոսում էր յուր տասներկու տարեկան զավակի հետ։ [ 374 ] «Ահա թե, ինչով է գրավել պառավը երիտասարդին», մտածեցի ես և իմ աչքում գին ստացան տիկնոջ այդ հատկությունները։ Այնուհետև արդեն հարգանքով էի վերաբերվում դրացուհուս և սիրով լսում նրա դատողությունները։

Գնացքը հասավ Կրայնայի հերցոգության մայրաքաղաքը։ Լայբախ։ Այստեղ դուրս գնացող ուղևորներին փոխարինեցին նորերը, որոնց թվում, Վերա Վասիլևնայի կողքին և ուղղակի իմ դիմաց, տեղ բռնեց տարօրինակ հագուստով մի բարձրահասակ գեղեցկուհի, որին ես սկզբում միանձնուհի կարծեցի։ Վասնզի նա հագած էր մուգ կապույտ մահուդի երկայն պարեգոտ և նրա վրա կապած՝ նույն գույնի կտավից հասարակ գոգնոց. մինչդեռ գլխին ծածկված էր ձյունի պես սպիտակ՝ թևատարած մի փակեղ, որ նման էր ավելի փոքրիկ հովանոցի, քան գլխանոցի և պատրաստված էր կտավից ու խնամքով օսլայած. իսկ կրծքին ուներ նույնպիսի կտորից օձիք՝ տասնաբանյա պատվիրանի տախտակների ձևով։ Իբրև անհրաժեշտ պատկանելիք յուր սքեմին՝ նա կախած էր գոտկատեղից կանաչ երիզի վրա շարված երկար, սևահատիկ մի համրիչ, որի ծայրին ճոճվում էին աղյուսագույն ոսկորե մի գանգ և փոքրիկ, պղնձե խաչ խաչյալ Քրիստոսով։

Նստելով մեր դիմաց, նա դրավ կողքին սև շալե մի քսակ, որ մինչև այն բռնած էր ձեռքին և նրանից հանելով մի սև, կիսագործ գուլպա, սկսավ գործել։

Այժմ կարելի էր հանգիստ կերպով դիտել այդ կնոջ պատկերը, որ ճշմարիտ գեղեցկության մի հազվագյուտ տիպար էր։ Եվ թեպետ արդեն կյանքի գարունը անցուցած, այսուամենայնիվ նա ուներ դեռ այնքան գրավչություն, որ մարդ մի անգամ վրան նայելուց՝ էլ չէր ուզում աչքերը դարձնել ուրիշ կողմ կամ զբաղեցնել նրանց ուրիշ առարկայով:

Թևատարած փակեղը, որ կույսի սիրուն գլուխը պատելով չէր երևեցնում մազերի և ոչ մի գիսակ, նրա դեմքի վերին մասի վրա ձգել էր մի մեղմ ստվեր, որի միջից մեծ-մեծ, խաժակն աչքերը՝ պատած երկար արտևանունքներով փայլում էին մի քաղցր ու խաղաղ լույսով, որպիսին տալիս է արևը թեթև ամպերով սքողված ժամանակ։ [ 375 ] Նրա մաքուր, մարմարե դեմքը, հազիվ շիկնած մի վարդանիշով, որը կարծես վաղուց սառել, մնացել էր այտերի վրա, արտահայտում էր ազնվական վեհություն։ Նա նայում էր շուրջը, ըստ երևույթին, հանգիստ, մինչև իսկ մի տեսակ սառն անտարբերությամբ. բայց այդ հանգիստ հայացքի մեջ ցոլում էին կայծեր, երբ հրաշալի աչերը սևեռում էր մի կետի, որ հետաքրքրում էր իրեն: Այդպիսի ժամանակ՝ նրա դեմքի վրա խաղում էր ժպիտ, որ, սակայն հազիվ էր նուրբ շրթունքները վառում՝ նման գերեզմանի վրա փայլող վերջալույսին։ Իսկ այդ շրթունքները, թեպետ դեռ կարմրալար, սակայն ունեին այնքան կենդանություն, որքան թփից պոկված վարդը՝ որ թառամում է յուր հետ փնջված շուշանների մեջ...։

Առաջին անգամից իսկ այդ կինը գրավեց իմ բոլոր ուշադրությունը։ Ես ամբողջապես աչք դարձած՝ նայում էի նրան, նայում էի և չէի կշտանում։

Բայց ի՞նչ կար նրա մեջ. ի՞նչն էր ինձ այդպես դյութել ու հմայել։ Մի՞թե միայն գեղեցկությունը։ Հարկավ, ոչ. ըստ որում մինչև այն՝ շատ ավելի գեղեցիկ կանանց էի հանդիպել և սակայն դեռ ոչ ոք այդպիսի տպավորություն չէր թողել վրաս։ Թվում էր թե՝ կար և մի ուրիշ պատճառ և այդ նրա դեմքի արտահայտությունն էր, որ այնքան վեհ ու պատկառելի լինելով հանդերձ, ցոլացնում էր յուր մեջ այնպիսի մի պարզություն ու մանկական անմեղություն, որպիսին կարելի էր տեսնել նկարների դեմքին այն կանանց, որոնք ապրում էին Մեդիչիների շրջանում, երբ նկարչի վրձինն ու արձանագործի քերիչը պատկերացնում էին գեղեցկությունը պարզ, խաղաղ, փաղաքշող, բայց երբեք պատշաճի սահմանն անցնող արտահայտությամբ։

Սակայն, երբ մի վայրկյան նա հառեց վրաս յուր աչքերը, ինձ թվաց թե նրանց մեջ վառվում է և ուրիշ հուր։ Իսկույն իմ հայացքը ուղղեցի այդ աչերին, կամենալով գեթ մի վայրկյան վայելել նրանց հրապույրը, բայց կույսը նորեն շրջեց յուր դեմքը և ինձ մնաց դիտել նրա գեղեցիկ պրոֆիլը, որ նմանում էր ոչ թե կենդանի մարդու, այլ ալեբաստրից թափած արձանի դեմքին։ [ 376 ] Այսուամենայնիվ նրա այդ վայրկենական հայացքը իմ մեջ նոր մտքեր զարթեցրեց. — անկարելի է, որ սրա ներսը խաղաղ լինի դրսի չափ, մտածեցի ես. անկարելի է որ սրան շրջապատող արդի կյանքը՝ մտածել չտա իրեն այնպիսի բաների մասին, որոնց վրա չէր մտածիլ, եթե գտնվում լիներ կուսանոցի պատերում: Չէ՞ որ սա յուր առաջ այժմ տեսնում է մի հասարակություն, որ ոչնչով չէ նմանում այն հասարակության, որի մեջ ինքն ապրել ու կրթվել է տարիներով, տեսնում է մարդիկ, որ ուրախ են ու զվարթ, ազատ և ինքնիշխան, գնում են՝ ուր կամենում են, ապրում են ինչպես ցանկանում են, ոչ հավիտյան անփոփոխ պատվերներ են կատարում, ոչ խստասիրտ հսկողի հրամաններից են դողում։ Այստեղ ամեն մարդ կարող է խոսել, ինչ կամենում է, խնդալ ու ծիծաղել, երբ կամենում է. միով բանիվ, ազատ է լինել այն, ինչ որ ազատ բնությունն ՝ պահանջում և ոչ թե այն ինչ որ մարդկային տգիտությունն է հնարել և բռնությունը՝ սրբագործել։ Եվ, սակայն, նա տեսնում է, որ ինքը սրանց թվին չէ պատկանում... չէ կարող սրանց պես ազատ լինել կամ գործել։ Գոնե գիտենայի թե ի՞նչ է մտածում՝ նայելով յուր շրջապատողներին, լսելով նրանց անհոգ զրույցներն ու ուրախ կատակները, արդյո՞ք նախանձում, թե՞ արհամարհում է նրանց... գուցե ավաղում է յուր կորած անցյալը, վաղաթառամ երիտասարդությունը (ըստ երևույթին նրա տարիքը երեսունհինգից ավելի չէր), կամ գուցե անիծում է վանքի պարիսպները և այն վայրկյանը, որ ստիպեց իրեն այդ ուխտն անելու...։

Բայց նա կրկին նայեց ինձ և այս անգամ արդեն ավելի ակնապիշ... Աստված իմ, ինչ հրաշալի հայացք էր այս. ինչ երկնային աչեր... Մի՞թե նրանք այլևս չեն կարող սրտեր գերել. և այս սիրուն բերանը՝ չէ՞ կարող նորից սիրո խոսքեր շշնջալ. իսկ այս շրթունքները՝ չե՞ն կենդանանալ ու ջերմ համբույրներ չեն դրոշմիլ սիրող մարդու շուրթերին. — Հապա ինչո՞ւ են նրանք այսքան գեղեցիկ ստեղծվել. մի՞թե անօգուտ թառամելու համար...։ [ 377 ] — Տես թե մեր բարեկամը ինչպե՞ս է գրավվել նորեկով, — դարձավ Վերա Վասիլևնան ամուսնուն։

Ես ետ նայեցի և տեսա, որ նրանք ծիծաղում են։

— Այո՛, տիկին, այս նորեկը շատ է զբաղեցնում ինձ, — ասացի ես։

— Այդ արդեն երևում է, որովհետև դուք այլևս այս կողմը չեք նայում։

— Իրավունք էլ ունի, նրա աչքերն զբաղված են արժանավոր առարկայով, — հարեց Իվան Իվանիչը։

— Իմ աչքերից ավելի՝ միտքն է զբաղված, — նկատեցի ես։

— Ձեր մի՞տքը, մի՞թե կարելի է, — զարմացավ տիկինը։

— Ի՞նչը չէ կարելի, — հարցրի ես։

— Որ տղամարդը նստե գեղեցկուհու առաջ և մտածե։

— Այդ ինձ շատ է պատահում։

— Դուք ուրեմն ձանձրալի ասպետ կլինիք կանանց համար, — նկատեց տիկինը ծիծաղելով։

— Այո՛, տիկին, դեռ ոչ ոք չէ գովել ինձ այդ պաշտոնի համար, — խոստովանեցի ես։

— Բայց ի՞նչ եք մտածում։

— Ա՛յն թե՝ ինչո՞ւ այս հրաշալի ծաղիկը թառամել է փշերի մեջ։

— Վանքի մասի՞ն է ձեր խոսքը։

— Այո՛, տիկին, ամեն կրակ մարող այդ ցուրտ շիրիմի մասին։

— Բայց համոզվեցեք, որ նա թառամել է յուր թփի վրա, այդ ավելի լավ է, քան թե նա պոկվեր թփից և թառամեր մի տղամարդի անմաքուր ձեռքերում։

— Բայց նա կարող էր զարդարել մի արժանավոր կուրծք։

— Մի քանի ժամ միայն։ [ 378 ] — Կամ ոսկեզօծ ծաղկամանում փայլել դահլիճի մեջ և պարարել աչքերը բազմաթիվ հյուրերի...:

— Որոնց յուրաքանչյուրը մի թերթ պոկելով նրանից՝ ավելի անփառունակ վախճան կպատրաստեր նրա համար, — հարեց Իվան Իվանիչը ժպտալով։

— Դուք ա՞յդ կարծիքն ունիք կանանց ճակատագրի մասին, — հարցրի ես։

— Ուրիշ ճակատագիր չունի գեղեցիկ կինը, եթե նա չէ ապրում ժայռերի գագաթին, մենավոր արծվի բնում, որին չէ մոտենում հետամուտ ոսոխը, — պատասխանեց խոսակիցս ջերմությամբ։

— Դա շատ հին երգ է, — նկատեցի ես։

— Բայց նրան այսօր էլ սիրով են երգում բոլոր փորձառուները։

— Որոնք հետաքրքրվում են միայն արծիվների շահո՞վ և երբեք չեն մտածում նրա բնում փակված վարուժանի՞ մասին։

— Օ՜ այդ ավելորդ է. բավական է որ ժայռերն ունենան լայն հորիզոն, առողջարար օդ և սովամահ չլինելու չափ կերակուր... այդքանով էլ վարուժանը կարող է գոհ լինել և զգալ իրեն երջանիկ, երբ ընկերի անկեղծ սերը կգա իրեն գգվելու և յուր կյանքի պակասը այդ գգվանքով լցնելու։ Գլխավորն այն է, որ նա սովորե բավականանալ քչով և առիթ չունենա հաճախ տեսնել յուր մոտ մի օտար, որ թաքուն շշունջով վրդովե նրա սիրտը, կամ խելամուտ անե այնպիսի նորությանց, որոնց չիմանալը՝ վարուժանի օգուտն է։

— Բայց ի՜նչ հայացք է այդ. առանձնացնել կնոջը, որ նա մնա անարա՞տ... Ավելի լավ չէ՞ աշխատել մաքրել մթնոլորտը, որ շրջապատում է նրան։

— Օ՜, իհարկե, ավելի լավ է. այն ժամանակ մարդը հենց յուր մահկանացու մարմնով կմտներ արքայություն։ Բայց հնարավո՞ր է այդ։ Փորձն արդեն ցույց է տայիս, որ այն որից ի վեր՝ ինչ գիտնականներն ու բարոյագետները սկսել են իրենց նոր գյուտերով ու ստեղծած ճշմարտություններով հասարակական կյանքի մթնոլորտը մաքրել, այդ օրից ապականությունն ավելի է զորացել։ [ 379 ] Առաջ մարդիկ հանցանքը գործում էին պարզությամբ, առանց նրան վարպետորեն ծածկել կարենալու, ուստի և հանցավորների թվով՝ լինում էին դատապարտյալներ. այսօր, համարյա, ամենքն են հանցավոր և սակայն, ոչ ոք դատապարտյալ...։

— Ի՞նչ է պատճառը ձեր կարծիքով։

— Այն, որ մարդիկ գազաններ են և սակայն մենք նրանց ուրիշ էակների տեղ ենք դնում։ Եթե գազանին գազան ճանաչեինք, ապա նրա տալիք վնասից էլ ազատ կմնայինք, որովհետև կպաշտպանվեինք։ Բայց այժմ, առհասարակ, այն կարծիքն է տիրում, թե մարդիկ այլևս առաջանը չեն. թե լուսավորությունը նրանցից հանել է չար գազանը և տեղը դրել իսկական մարդուն, ուրեմն տիրողը ազնվությունն է, որից չպետք է վախենալ։ Այս թյուր կարծիքը ստեղծել է մի քաոս, որի մեջ ճարպիկներն ու ձեռնածուները հնձում են հաջողության դափնիներ, մինչդեռ համեստ, առաքինի և արժանավոր մարդիկ կամ դառնում են միայն զոհ, կամ անհայտության մեջ կորչում։

— Ի՞նչ անել ուրեմն, նորից դառնալ հնի՞ն։

— Չեմ ասում դարձեք հնին. որովհետև ոչ մի ապուշ չի վերադառնալ ընթացած ճանապարհով նույնը նորից անցնելու համար, այլ ասում եմ, մի գովեք նորը, որովհետև նրա մեջ գովելու ոչինչ չկա։

— Եթե դու նկարիչ լինեիր, միշտ զորեղ գույներ գործ կածեիր, չմտածելով, որ դրանով փչացնում ես նկարդ, նկատեց տիկինն ամուսնուն, եթե հնի մեջ տասը լավ է եղել, նորի մեջ այդ լավից հարյուրները կան, ինչո՞ւ ես ճշմարտությունը բոլորովին մոռանում։

— Եվ եթե կատարյալը ձեռք չէ բերվում այժմ, — ավելացրի ես, — դրա պատճառն այն է, որ մենք տակավին ճիշտ չենք ըմբռնել ժամանակակից մարդու հոգեբանությունը, ուստի և շատ դեպքում կրթում ենք նրան սխալ ճանապարհով։ Տվեք նրան համապատասխան կրթություն և կտեսնեք, որ ձեր ճանաչած գազանի մեջ հրեշտակ է ապրում:

— Հա, հենց խնդիրն էլ այդ է, որ մենք չենք խոստովանում մեր տգիտությունը՝ ժամանակակից մարդուն ճանաչելու վերաբերմամբ և, սակայն, շարունակում ենք կրթել նրան համաձայն մեր անճանաչողության։ [ 380 ] Եվ համոզված լինելով, որ արդեն գտնվում ենք ճշմարիտ ճանապարհի վրա, ազատրորեն ծաղրում ենք հին բարքերն ու սովորությունները, առանց մտածելու թե՝ եթե նրանք մարդուն չէին ծանոթացնում փիլիսոփայության ու մաթեմատիկայի նրբություններին, չէին բարձրացնում մինչև Պառնասի գագաթը, գոնե սովորեցնում էին լինել համեստ, բարի և երախտագետ. վարժեցնում էին արիության և աշխատասիրության. սիրելի էին դարձնում նրան անձնվիրությունն ու դյուցազնական առաքինությունը։ Ի՞նչ է տալիս սակայն այժմյան կրթությունը։ Նա զարգացրել է ամբարտավանությունը և պոռոտախոսությունը, ստեղծել է ծույլերի ու ձրիակերների ոհմակներ, որոնք հանուն, п՞վ գիտե, ի՞նչ բարձր գաղափարների հարստահարում են ժողովուրդը. ասպարեզ է բացել կոպիտ անձնապաշտության, անհետացել է անձնվիրության վսեմ գաղափարը...: Նայեցեք ուսումնավարտ երիտասարդների այն շարքերին, որոնք իրար ետևից գալիս մտնում են հասարակության խավերը. աշխատեցեք գտնել նրանց մեջ առաքինի, անձնվեր, սեփական եսն ուրացող և ժողովրդի բարվույն նվիրվող անձանց. որոնեցեք իսկական մարդուն և տեսեք թե նրանից քանիսը կգտնեք։ Արդյունքը կապշեցնե մեզ։ Ի՞նչ է դրա պատճառը. այն՝ որ մեր տղաները սովորում են ամեն բան՝ լեզվագետ, գիտնական շահագործ և այլն լինելու համար, բայց չեն սովորում ոչինչ մարդ լինելու համար։ Մենք ունենք բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք մեր աղջկերանց սովորեցնում են խոսել օտար լեզուներով, երգել, նվագել, պարել և հագնվել գեղեցկագետի ամենանուրբ ճաշակով, բայց չունենք մարդիկ, որոնք խոսեին թե՝ ի՞նչ պիտի անեն եթե երբևիցե բախտը կապե իրենց մի երիտասարդի հետ. ի՞նչ պիտի անեն նրանք իրենց երջանկացնելու, սեփական հարկը խաղաղության ու քաղցրության օթևան և ոչ թե դժոխք դարձնելու համար, ի՞նչ պիտի անեն զորեղ մի ընտանիք ստեղծելու, արժանավոր գավակներ սնուցանելու և այդպիսով հայրենիքին պիտանի անդամներ տալու և նրանցով հայրենիքը զորացնելու համար...։ [ 381 ] Եվ հենց այս պատճառով էլ մենք այժմ ունինք անթիվ օրիորդներ, բայց չունինք հարսնացուներ, ունինք սիրուհիներ, բայց չունինք ամուսիններ. ունինք կենցաղագետ ու պչրող կանայք, բայց չունինք տան հիմքը յուր ուսերին կրող ժրագլուխ տան-տիկնայք. իսկ որ ամենից ցավալին է՝ ունինք միշտ պահանջող, քրթմնջող, օրին մեկը առողջ իսկ տասը հիվանդ, միշտ դյուրագրգիռ ու անհամբեր, հաճախ իրավունքից խոսող, բայց երբեք յուր պարտքը հիշող հանըմներ և սակայն չունինք ընտանիքի պատվին ու զավակի սիրուն նվիրված՝ և այդ սիրո համար ամեն ցավ ու վիշտ համբերությամբ տանող առաքինի մայրեր...։ Այս այսպես լինելուց հետո՝ դուք ինչո՞ւ եք զարմանում երբ ես ասում եմ թե՝ եթե ձեր այս «հրաշալի ծաղիկը» (կարծեմ այդ անունը տվիք այս գեղեցիկ միանձնուհուն) փայլում լիներ դահլիճի մեջ' ոսկեզօծ ծաղկամանում, ապա նրա շուրջը վխտող հյուրերը ոչ թև այդ ծաղկի տեսքով կզմայլեին, այլ անպատճառ իրենց թաթերը կպարզեին նրա քնքուշ թերթերը կապտելու համար։ Ուրեմն, կամ լավ է, որ ծաղիկը թառամի յուր իսկ բունի վրա, ինչպես որ քիչ առաջ կինս էր ասում, կամ արծվի վարուժանը ապրե ժայռերում, լեռան գագաթին, որպեսզի որսորդին մնա անմատչելի...։

— Այդ ձեր հաստա՞տ կարծիքն է, — հարցրի ես։

— Եվ անփոփոխելին, — պատասխանեց խոսակիցս։

— Իսկ դո՞ւք ինչ եք ասում, — դարձա ես տիկնոջը։

— Ես էլ այդ կետում համամիտ եմ ամուսնուս։

Այս պատասխանը գրգռեց իմ հետաքրքրությունը։

— Ներեցեք, որ անհամեստ մի հարց առաջարկեմ, — ասացի ես, — դուք երկուսդ էլ խոսում եք իբրև հիասթափվածներ. բայց չէ երևում, որ այդ հիասթափությունը դուք լինեիք ներշնչած իրար, ասացեք խնդրեմ, ո՞վ է դարձրել ձեզ փորձառու։

— Տեսա՞ր, բարեկամ, բռնվեցար. — նկատեց տիկինը ամուսնուն ծիծաղելով։ [ 382 ] — Անկեղծորեն դրված հարցին՝ կարելի է միշտ անկեղծորեն պատասխանել,— խոսեց վերջինս պարզությամբ. — ես, բարեկամ, առաջ ամուսնացած էի մի երիտասարդ, քնքուշ ու գեղանի աղջկա հետ, որ սնվել ու կրթվել էր այն ռեցեպտներով, որոնք այժմ ամեն տեղ համարվում են moderne. նա յուր ուզածին պես ապրեց ու սիրեց, այդ պատճառով էլ տանջվեց և մեռավ, թողնելով ինձ ժառանգություն վշտերի հետ միասին և մեծ փորձառություն։ Իսկ Վերա Վասիլևնան ունեցել է դարձյալ մի ամուսին, որ պատկանում է եղել «ապրել-գիտցող»-ների կարգին. նրա սկզբունքն է եղել` սիրո հաշվով տանջել, ազատության անունով շղթայել և հանցանքներով արդարանալ. նա էլ դիպվածով մեռել և կնոջը թողել է ժառանգություն` դարձյալ փորձառություն։ Եվ ահա մի գեղեցիկ օր մենք հանդիպեցանք իրար և ստացած ժառանգություններս հաշվելով, կշիռը գտանք հավասար։ Մենք ամուսնացանք. այդ օրից ի վեր ապրում ենք խաղաղ և անվրդով։ Մեր կյանքը թեպետ չունի արտաքին փայլ, բայց լի է ներքին հանգստությամբ։ Երբեմն միայն տեղի են ունենում մեր մեջ փոքրիկ վիճաբանություններ. այդ էլ այն պատճառով, որ ես առաջ ծայրահեղ ազատամիտ լինելով՝ հանգուցյալ կնոջս շնորհիվ դարձել եմ պահպանողական. իսկ Վերա Վասիլևնան՝ սկզբում լինելով պահպանողական, մեռած ամուսնու ջգրու դարձել է ազատամիտ։ Բայց այդ վեճերն էլ երկար չեն տևում. խելոք ամուսինս, հենց որ տեսնում է թե իմ պահպանողականություննը համառում է, իսկույն յուր ազատամտությունը ծալում մի կողմն է դնում։ Այդ բանը տեսնելով` շատ անգամ էլ ինքս եմ իմ համոզմունքը ծալում և այսպիսով խաղաղությունը մնում է մեր մեջ մշտատև։

Այժմ ես արդեն գիտեի թե՝ ովքե՞ր են իմ դրացիները և թե ինչո՞ւ երիտասարդը կապել է յուր բախտը պառավի հետ։ Այս խնդիրն այլևս չէր հետաքրքրում ինձ, բայց նրանց խոսածները միանձնուհու մասին՝ մտածել տվին ինձ երկար. թեպետ չկարողացան համոզել թե՝ արդարև, այդ գեղեցկուհին լավ բան է արել, որ հեռացել է աշխարհից և փակվել կուսանոցում։ [ 383 ] Որքան էլ աշխարհը լցված լինի չարիքներով, որքան էլ բարին հազվագյուտ լինի նրա մեջ, այնուամենայնիվ, կյանքը այնքան հրապույրներ ունի, որ աստուծո լույսը տեսնող և նրա ջերմությունը վայելող մարդ արարածը, մանավանդ եթե նա չէ հանդիպել վշտերի և չէ կրել փորձության որևէ ծանրություն, անկարող է չտենչալ վայելել այն ամենը, ինչ որ ուրիշները վայելում են յուր աչքի առաջ և ինչ որ իրեն թվում է այնպես քաղցր ու երանական։

Այս մտածությունը այնպես հուզեց իմ հետաքրքրությունը, որ ես կամեցա անպատճառ ծանոթանալ գեղեցիկ միանձնուհուն և ուղղակի նրա հետ խոսել այս նյութի մասին։ Թե որքա՞ն պատշաճ էր իմ այդպիսի վարմունքը, ես, իհարկե, այդ մասին չէի մտածում, որովհետև իմ ցանկությունը հետաքրքրությունս գոհացնելն էր։ Երբ այս հայտնեցի Իվան Իվանիչին, նա ասաց.

— Հարցրեք, ինչ կամենում եք, եթե կպատասխանե, լավ. եթե ոչ, ի՞նչ եք կորցնում։

Այս միջոցին միանձնուհին շարունակելով գործել գուլպան՝ մեկ-մեկ էլ նայում էր մեր կողմը, կարծես գուշակելով, որ յուր մասին է մեր խոսքը։

— Թույլ կտա՞ք, քույրիկ, հարցնել թե դուք ո՞ր միաբանության եք պատկանում, — դիմեցի ես նրան ֆրանսերեն։ Միանձնուհին իսկույն ժպտաց և գործը դնելով գոգում, կես քաշվելով ու կես շփոթվելով, պատասխանեց.

— Ներողություն, պարոն, ես լավ չեմ խոսում ֆրանսերեն...

— Իսկ գերմաներեն:

— Ինչպե՞ս չէ. ես գերմանուհի եմ, — ասաց նա և խոսքի մնացորդը շարունակեց գերմաներեն, որից ես ոչինչ չհասկացա։

Բայց Իվան Իվանիչը առաջ անցավ և սկսավ թե′ խոսել ինքը և թե′ թարգմանել մեր հարց ու պատասխանին։

Շուտով պարզվեցավ որ «միանձնուհի» կարծածս «գթության քույր» է եղել և պատկանում է Ս. Բերնարդյան կաթոլիկ միաբանության, որ Եվրոպայի շատ կետերում ունի յուր բաժանումները, իսկ կենտրոնական քաղաքներում յուր ինստիտուտները, ուր ընդունելով որբ ու աղքատ աղջիկներ, նրանց սնուցնում ու դաստիարակում է և պատրաստում հատկապես «գթության քույրերի» պաշտոնի համար: [ 384 ] Դրանցից նա խումբերով ուղարկում է կարիք եղած տեղը, ինչպես օրինակ, պատերազմի դաշտը, վարակիչ հիվանդությանը բռնված տեղեր, հասարակաց հիվանդանոցները և նույնիսկ մասնավոր տներ։ Այդ բոլոր տեղերում նրանց պաշտոնն է հսկել հիվանդներին, խնամել նրանց, օգնել բժիշկներին և շատ տեղ, ուր նրանք բացակայում են, կատարել նրանց պաշտոնը, որի համար և իրենք ունենում են մասնավոր պատրաստության։ Ընդհանուր աղետների ժամանակ գթության այդ քույրերը ծառայում են ձրիաբար, իսկ եթե մասնավոր տեղերում ստանում են վարձ, կամ պարգև, նրանք այդ ղրկում են ինստիտուտի գանձարանին, ըստ որում իրենց ծախքերը հոգում է միաբանությունը։

Այս բացատրությունները տալու ժամանակ, գթության քույրը շարունակ ժպտում էր, որից նրա դեմքը հետզհետե կենդանանում և ավելի ևս գեղեցկանում էր. նրա խաժակն աչքերը, որոնք արևելյան փիրուզն էին հիշեցնում, ամեն մի ժպտի հետ շողում էին նոր լույսով, և երբ ուսուցիչը թարգմանում էր յուր խոսքերը, նա հառում էր վրաս աչերը այնպես ակնապիշ, որ կարծես այդ հայացքով կամենում էր լրացնել թերին այն բացատրությանը, որ տալիս էր ուսուցիչը, թեպետ ինքը ռուսերեն ոչ միայն չգիտեր, այլև գուցե կյանքում առաջին անգամն էր լսում։

Իմ հարցին, թե՝ այդ զբաղմունքը չէ ձանձրացնում իրենց, նա ժպտալով պատասխանեց.

— Բարի գործ անելուց կարելի՞ է ձանձրանալ:

— Ինչո՞ւ չէ, թե բարիք ստացողները ապերախտ են գտնվում։

— Մենք չենք սպասում, որ երախտագետ լինեն մեզ։ Բարիքը պետք է գործել ոչ թե նրա համար որ մարդիկ այդ իմանան, այլ Նա, որ երկնքումն է։ — Այս ասելով նա աչքերը ուղղեց վերև այնպիսի մի ջերմեռանդությամբ, որ անկարելի էր ենթադրել՝ թե հավատը չէ խոսում նրա մեջ։

— Եվ այդ ձեզ, ուրեմն, գոհությո՞ւն է պատճառում: [ 385 ] — Անսահման:

— Բայց ինձ թվում է թե՝ գոհ կարելի է լինել այն բարի գործից, որ մարդ կատարում է ինքնաբերաբար, առանց ուրիշներից ներշնչված լինելու, մինչդեռ դուք այդ դեպքում կատարում եք միայն ձեր մեծերի հրամանը։ Շարունակ հրաման կատարելու մեջ անկարելի է զգալ ճշմարիտ գոհություն:

— Մեր գլխավորները հարաբերություն ունին արտաքին աշխարհի հետ. նրանք են հետաքրքրվում ու տեղեկանում թե՝ ո՞րտեղ կա արդյոք կարիք մեր օգնության և այդ տեղերն էլ մեզ ուղարկում են, իրավ է, մենք չենք հարցնում թե, ինչ տեղ է այն, ուր մենք գնում ենք, կամ ի՞նչ մարդիկ են, որոնց պիտի օգնենք, որովհետև գիտենք որ ամեն տեղ էլ հիվանդը կարոտ է խնամքի ու օգնության։ Բայց թե կամենանք, կարող ենք չգնալ. վասնզի այդ անել՝ մեզ չեն ստիպում, այլ առաջարկում են։ Սակայն որովհետև մենք սիրում ենք գործը, որի համար պատրաստված ենք, ուստի սիրով էլ նվիրվում ենք նրան։ Իրավ է, հաճախ մեր աշխատությանց հետ կապված են լինում նեղություններ, պատահում է, նույնիսկ որ դրանք լինում են կարի դժվարատար, բայց երբ տեսնում ենք թե՝ այդ նեղությունների շնորհիվ մահամերձը կենդանանում, վիրավորը բուժվում, ջրահեղձը կյանք է առնում, երբ տեսնում ենք թե՝ մեր խնամքի շնորհիվ՝ ամիսներով հիվանդ բանվորն ու արհեստավորը ձգում են անկողինը և դեպի իրենց անօդ ու հուսահատ ընտանիքը դառնալով՝ նորից ձեռք առնում զավակների համար հաց հայթայթելու արդար աշխատությունը, երբ տեսնում ենք թե՝ մեր անդուլ ջանքերով կարողանում ենք ազատել համաճարակի ձեռքից բազմաթիվ զոհեր և այդպիսով ամուսնուն՝ դարձնում ենք յուր կինը, մորն՝ յուր զավակը, քրոջն՝ յուր եղբայրը, որդվույն իրենց հայրը, երբ պատերազմի դաշտում, հայրենիքի պաշտպանության համար կռվող ու վիրավորվող զինվորներից մեկին ուշաբերում, մյուսի՝ վերքն ենք կապում, երրորդի այրվող շրթանցը մի պուտ ջուր ենք մոտեցնում, կամ վրաններում պառկած հարյուրավոր հիվանդներին հսկում ու խնամում ենք, որպեսզի կարողանանք հուսո և երկյուղի մեջ ապրող ծնողներին դարձնել իրենց զավակները, կամ նորատի հարսներին՝ ցանկալի ամուսինները, այդ ժամանակ, պարոն, մենք զգում ենք այնպիսի մեծ երջանկություն, այնպիսի անսահման երանություն, որի նմանը հազիվ թե երևակայել կարողանա նա, ով չէ եղել մեր պաշտոնում և չէ ապրել մեր զգացմունքներով...: Այդ, ձեզ եմ հարցնում, այսպիսի գործ կատարելուց կարելի՞ է ձանձրանալ։ [ 386 ] Այս խոսքերն ասելիս՝ գթության քրոջ դեմքը շիկնել, իսկ աչքերը փայլում էին իբրև զույգ գոհարներ։ Թվում էր թե՝ նրա մեջ դեռ չէ մարած այն հուրը, որ սրտերը ջերմացնում և բարձրին ու վեհին հասնելու ձգտումը զորացնում է մարդու մեջ։ Պետք էր ուրեմն մի գրգիռ, որ այն բոցավառվելով երևան հաներ յուր գոյությունը, որ մինչև այն ծածկված էր խաղաղ դեմքի և խոնարհ սքեմի տակ, և այդ գրգիռը եղավ իմ հարցը։ — Բայց մի՞թե այդպես էր, արդյո՞ք չէ՞ի սխալվում ես։ Եթե ճիշտ է, որ կանայք կարող են լալ, երբ կամենան, ապա ուրեմն նրանք կարող են, նաև, շիկնել, կամ աչքերը վառել, երբ այդ հարկավոր է՝ որոշ ապավորություն անելու համար։ Այս դեպքում, ուրեմն, ավելի լավ է ճշտել, քան հափշտակվել, մտածեցի ես և շարունակեցի իմ դիտողությունները։

— Բայց դուք, հարգելի քույր, մոռանում եք այն, որ չեք ապրում ձեզ համար. չեք ճաշակում կյանքի քաղցրություններից ոչ մինը։ Ի՜նչ զվարճություն է կապված լինել միշտ հիվանդների մահճին, լսել շարունակ նրանց հեծությունները, տեսնել նրանց տանջանքը, վկա լինել այն ամենին, ինչ որ հերքում, բացասում է կյանքի քաղցրությունը, կամ ծաղրում նրա գոյության նպատակը: Այդպիսով դուք սովորում եք նայել կյանքի վրա ինչպես մի ծանր բեռան, որ երբևիցե պետք է դեն ձգել նրա ճնշումներից ազատվելու համար։ Վասնզի ձեր շուրջը տեսնելով միշտ տխրություն, կսկիծ ու հառաչանք, մոռանում եք թե՝ աշխարհում կարելի է ապրել և ուրիշ տեսակ, թե հիվանդների ու հիվանդանոցների մթնոլորտից զատ՝ կա և ուրիշ մթնոլորտ, ուր մարդ արարածը կարող է շնչել թարմ և առողջարար օդ, լինել ինքնիշխան, գործել ինչ կամենում է և ոչ թե՝ ինչ որ հրամայում են, կարելի է հաճախ ազատ լինել հոգսերից, պարտավորություններից. կարելի է խոսել, ծիծաղել, բարեկամների հետ զվարճանալ և հետևապես, վայելել կյանքի քաղցրությունները այն չափով, ինչ չափով որ բնությունը իրավունք է տվել ամեն մեկին վայելելու. միով բանիվ, աստուծո ստեղծած այս սիրուն աշխարհում կարելի է ապրել այնպես, ինչպես որ, ահա, մենք ամենքս ենք ապրում։ [ 387 ] Գթության քույրը իմ խոսքերի թարգմանությունը ուսուցչից լսելուց հետո՝ վրաս ձգեց այնպիսի մի հայացք, որ, կարծես, հանդիպել էր աստվածամարտ մի հերետիկոսի, որից կամ պետք էր իսկույն ևեթ փախչել, կամ աշխատել, որ նա դառնա ճանապարհ։

Այդ ես գուշակեցի ուղղակի նրա դեմքից և, մանավանդ աչքերից, որոնք այժմ ինձ վրա նայում էին անվստահորեն։ Եվ գուշակությունս սխալ չէր։

— Ինչո՞ւ է պարոնը այդպես բաներ խոսում, մի՞թե քրիստոնյա չէ, — հարցրեց նա ուսուցչին միամիտ պարզությամբ։

— Նա հայ է, — պատասխանեց վերջինս, կարծելով թե դրանով ամեն բան ասաց:

— Ռումի՞ն, — հարցրեց գթության քույրը Armenier և Rumänier բառերը շփոթելով իրար հետ։

— Ոչ, հայ եմ ասում, հայ,— կրկնեց ուսուցիչը։

— Հա՞յ... Հայերն ի՞նչ ազգ են:

— Ինչպե՞ս թե ի՞նչ ազգ. մի՞թե չգիտեք, — զարմացավ ուսուցիչը։

— Ոչ, չգիտեմ, — խոստովանեց կինը անկեղծորեն։

— Սրանք հին ազգ են, ապրում են Փոքր Ասիայում։

— Բայց ի՞նչ հավատ ունեն, մահմեդակա՞ն են...։

Ուսուցիչն սկսավ ծիծաղել և երբ թարգմանեց ինձ նրա խոսքերը, ասացի.

— Հայտնեցեք գթության քրոջը՝ որ երկրագնդի վրա գտնված բոլոր ազգերից առաջ՝ հայերն են քրիստոնեություն ընդունել. (այստեղ, իհարկե, թույլ տվի որ ազգասիրությունը Աբգարի շրջանը համարե հայկական. ես էլ, ուրեմն լինելով այդ ազգի զավակը, եմ, միևնույն ժամանակ, ճշմարիտ քրիստոնյա: [ 388 ] — Բայց միթե քրիստոնյան կարող է ասել այն, ինչ որ դուք ասացիք, — հարցրեց նա ջերմությամբ։

— Ես ի՞նչ ասացի։

— Ասացիք թե պետք չէ օգնել ուրիշին, թե մենք աշխարհում մեզ համար պիտի ապրենք: Մինչդեռ Քրիստոս հակառակն է պատվիրել։ Նա հրամայել է բարի անել ոչ միայն եղբորն ու բարեկամին, այլև թշնամուն: Նա պատվիրել է սիրել ընկերին, օգնել աղքատին, խնամել հիվանդին...։

— Ես հակառակ չեմ այդ պատվերներին, միայն թե ասում եմ, որ այդ ամենն անելով հանդերձ, մարդ չպետք է մոռանա իրեն։ Եթե ունեցած բարիքիդ մի մասը տալիս ես ուրիշին, մի մասն էլ դու վայելիր։ Այստեղ քրիստոսի պատվերի դեմ ոչինչ չկա։ Նա ասել է՝ սիրիր ընկերդ, ինչպես քո անձը, բայց չէ ասել՝ սիրիր քո անձից ավելի։ Եվ սակայն դուք այդպես եք անում: Բնությունը ձեզ ստեղծել է առողջ, գեղեցիկ, ապրելու և վայելելու ամեն կարողություններով օժտված, բայց դուք նրա տված բարիքը ոչնչացնում, առողջությունը վատնում, գեղեցկությունը խամրեցնում եք հիվանդանոցների նեխված պատերում։ Օգնեցեք տկարին, խնամեցեք հիվանդին բայց դուք էլ ապրեցեք, դուք էլ վայելեցեք, հակառակն անելու մեջ՝ անկեղծութուն չեմ տեսնում։

— Սխալվում եք, պարոն, մենք անում ենք այն, ինչ որ մեր խիղճը, մեր ներքին մարդն է մեզ թելադրում։ Ուրիշներին բարիք անելով մենք արդեն զգում ենք մեզ անհունապես երջանիկ, այդ պատճառով էլ ուրիշ կենցաղ չենք պտրում։

Այս միջոցին մյուս կողմի նստարանից մի ձայն կանչեց գթության քրոջը։ Վերջինս որ խոսելու հետ միասին գործում էր և գուլպան, գրեց այն նստարանի վրա և մոտենալով ձայնողին, որ նույնպես գթության քույր Էր, բայց ոչ իրեն պես գեղեցիկ, սկսավ հետը խոսակցել: [ 389 ] Չնայելով որ ես հակաճառում էի, այսուամենայնիվ, գթության քրոջ խոսքերը հենց իմ սրտի խոսքերն էին, — այդ իմ սիրած գաղափարն էր՝ նվիրվել հասարակաց բարվույն և դրա մեջ որոնել ճշմարիտ երջանկությունը. բայց ես, իսկապես, չէի հավատում խոսակցիս, չէի համարում նրան անկեղծ. որովհետև, (ի՞նչ մեղքս թաքցնեմ) միշտ թերահավատությամբ եմ վերաբերվել այն ամենին, ինչ որ կաթոլիկական կնիք է կրել յուր վրա։ Այդ պատճառով էլ, երբ նա հեռացավ, ասաց ռուս ծանոթներիս.

— Գիտե՞ք, ես չեմ հավատում սրան։ Այն ամենը ինչ սա ասաց այժմ, սովորած խոսքեր են, կրկնված, երևի, հազար անգամ։ Կաթոլիկ ներշնչողները ունին որոշ հանգանակներ, որ բերան են անել տալիս իրենց հետևողներին։ Պետք է կարենալ սրանց ներսը թափանցել, լսել այն՝ ինչ որ փակ սիրտն է ասում...

— Ինչո՞ւ եք այդպես կարծում, — ընդհատեց ինձ Վերա Վասիլևնան, — ինչո՞ւ չեք ընդունում, որ նա խոսում է ճշմարտությունը, ասում է այն, ինչ որ զգում է, ինչին որ հավատում է։

— Բնական օրենքները խոսքով բռնաբարելը հեշտ է, բայց գործով նույնն անելը դժվարին, եթե չասեմ անհնարին։ Ով որ կամենում է բնության ձայնը խեղդել յուր մեջ, պետք է օժտված լինի ուժեղ կամքով, անսպառ կորովով։ Ես չեմ տեսել կին, որ կարող լիներ այդ բարեմասնություններով պարծենալ։ Եթե դեպքը բերե, որ այս գթության քույրը ստիպված լինի կռվել աշխարհային հրապույրների դեմ, հավատացած եմ որ նա կընկնի առաջին թեթև հարվածից իսկ։

Եվ իմ խոսքերի հիմնավոր լինելը ապացուցանելու համար համառոտ կերպով պատմեցի այն ամենը, ինչ որ լսել ու իմացել էի Վարշավի ճանապարհին՝ ինձ ուղեկցող ռուսի ու լեհացու ծանոթ գթության քույրերի մասին։

— Անշուշտ սա ևս նրանցից մինն է, միայն տարբեր տարազով ու զատ երկնքի տակ, — եզրակացրի ես ի վերջո:

— Մեծ զանազանություն կա նրանց և սրա մեջ նկատեց Վերա Վասիլևնան՝ իմ պատմությունը լսելուց հետո։ — Նրանք, որ գթության քույր լինելու ուխտ են արել և ապա դրժել այդ ուխտին, ուրիշ կերպ վարվել չէին կարող, որովհետև մանկությունից ի վեր սովորած լինելով ապրելուն ու վայելելուն, որոշել են աշխարհից հեռանալ այնպիսի ժամանակ, երբ անսպաս մի ձախորդություն արգելք է եղել նրանց՝ ցանկացած չափով նույն կյանքը վայելելու։ [ 390 ] Դա եղել է ոչ թե համոզմունքի, այլ հուսահատության որոշում։ Եվ այդ պատճառով էլ՝ երբ դեպքը նորեն այնպես է բերել, որ նրանք հաճույքը տեսել են աչքի առաջ, փարել են նրան բոլոր ուժով, որովհետև սկզբից պատրաստված են եղել դրա համար։ Այդպիսի ուխտերը անկեղծ լինել չեն կարող։ Նրանք նմանում են այն խոստումներին, որ անում են արբեցողներն և ծխողները, երբ սովորության այլանդակությունը զզվեցնում է վերջապես թե իրենց և թե շրջապատողներին։ Եվ նրանք հաճախ զսպում են իրենց զարմանալի համբերությամբ, բայց առ ժամանակ. որովհետև հենց որ խմելու կամ ծխելու հրապուրիչ առիթ է ներկայանում, իսկույն նոր ուժով անձնատուր են լինում հին մոլությանը, առանց, նույնիսկ տված խոստումը հիշել կարենալու։ Այս քույրերը սակայն, ուրիշ մարդիկ են։ Սրանք մանկությունից սովորում են հեռու մնալ կյանքի հրապույրներից, ատել հեշտությունը և ապրել բարի գործի համար։ Այս իսկ պատճառով պետք է կարծել, որ այս քույրը ևս խոսում է անկեղծորեն, հավատում է յուր ուխտի սրբությանը, հավատարիմ էլ կմնա նրան, ինչ գայթակղություն էլ որ հանդիպե իրեն՝ ընտրած ճանապարհի վրա։

Իվան Իվանիչը համամիտ էր կնոջը, բայց ես՝ ոչ։ Իմ կարծիքն այն էր, որ սա ևս, յուր շատ քույրերի նման, կվճարե բնությանը նրան հասանելի հարկը, հենց որ առիթը ներկայանա. հետևապես, պետք չէր խտիր դնել սրա և առաջինների մեջ։

Եվ որովհետև գիտցածս պատմություններից զատ՝ իմ մասին էլ այն կարծիքն ունեի թե՝ բավական շատ եմ ապրել աշխարհում և, ուրեմն, ճանաչում եմ կանանց այնքան, որ նրանց հոգեբանությունը քննելիս կարող եմ սխալներ չանել, ուստի քաշվեցա իմ անկյունը և սկսա դիտել գթության քրոջը, որ նորեն վերադառնալով՝ նստել էր տեղը և գործում էր գուլպան... իմ մեջ մի անզուսպ ցանկություն էր ծնվել՝ հետևել նրան շարունակ՝ ձեռք բերելու համար գեթ մի փաստ, թեկուզ ամենաթույլ, որ կարողանար արդարացնել նրա նկատմամբ ունեցած իմ համոզմունքը։ [ 391 ] Այս իսկ պատճառով այժմ ես նրան գիտում էի մի նոր և առանձին հետաքրքրությամբ, աշխատելով որսալ նրա աչքերի հայացքը, հուսալով թե՝ նրանց մեջ կարող եմ կարդալ յուր սրտի թաքուն շշունջների մինը... Չ՞է որ երբեմն կարելի է, նույնիսկ, պատմություններ կարդալ ուրախ կամ թախծալիր, թովիչ կամ ցանկասեր, հպարտ կամ փաղաքուշ հայացքների մեջ, մանավանդ երբ նրանց ընկերանում են նմանատիպ ժպիտներ...։ Այս ճանապարհորդության ժամանակ ես շատ էի զբաղվել նման դիտողություններով և արդյունքը նշանակել հուշատետրիս մեջ. այս անգամինն էլ կավելանար եղածների թվին, եթե արժանի լիներ ուշադրության։

Իվան Իվանիչն ու յուր կինը չէին զբաղվում այժմ մեզնով. նրանք բացել էին պաշարի զամբյուղը և նախաճաշում էին։ Գթության քույրը աչքերը գուլպային հառած և մի խաղաղ ժպիտ շրթունքներին՝ շարունակում էր գործը, երբեմն միայն ինձ, հարևաններիս, կամ ել ու մուտ անողներին նայելով։ Իսկ ես՝ դիտում, մտածում և, միևնույն ժամանակ, դարձյալ զմայլվում էի նրա գեղանի դեմքով, երկնային աչքերով և նուրբ շուրթերի այն խաղաղ ժպիտով, որ թեպետ համր, բայց թվում էր թե՝ խոսում է շարունակ:

Բայց ի՞նչ էր խոսում. ի՞նչ կարող էր խոսել...:

— Ա՜խ, եթե հոգին ականջ ունենար և ժպտի թաքուն շշունջը լսեր... մտածում էի ես և ինչո՞ւ բնությունը չէ զարգացրել մեր մեջ մի վեցերորդ զգայարանք, որով կարողանայինք սրտի և հոգու խորքերը թափանցել։ Այն ժամանակ, իհարկե, գոյություն չէին ունենալ կեղծիքն ու դիմակը, սուտ ժպիտն ու սուտ արցունքը և ոչ էլ ճշմարտությունը ճանաչելու համար՝ կստեղծվեր հոգեբանությունը, որը որքան էլ ճգնում է ճշտությամբ վերլուծել հոգեկան երևույթները, դարձյալ շատ դեպքում մնում է անծանոթ բան ճշմարտությանը, վասնզի ճանապարհ չունի ենթակայական սահմանից դենը անցնելու։ [ 392 ] Այս մտածության ժամանակ, գթության քրոջ կծիկը քսակի միջից ելնելով՝ գլորվեց հատակի վրա։ Հենց այն է ուզում էի խոնարհիլ ու առնել, բայց նա առաջեց ինձ և կծիկն առնելով՝ քսակը դրավ։

— Այժմ արդեն տեսնում եմ որ անշնորհք ասպետ եք. — ժպտալով նկատեց Վերա Վասիլևնան, որ թեպետ զբաղված էր երշիկ կտրելով, բայց և այնպես, կնոջ հատուկ սրատեսությամբ նշմարեց թե մեր կողմը ինչ նոր բան անցավ։

— Ուզում էի վերցնել, բայց ինքն շտապեց, — արդարացա ես։

— Գիտեմ, ուզում էիք... օրինավոր ասպետը ոչ թե ուզում է, այլ կատարում է։ Այդպիսով աշխարհում դուք ետ կմնաք։

— Ոչինչ էլ չի կորցնիլ, — նկատեց Իվան Իվանիչը, առանց հայացքը հեռացնելու ձվից, որ կճպում էր ձեռքին:

— Մի սիրուն կնոջ հաճույքը վաստակելը քի՞չ բան արժե քո կարծիքով։

— Ավելի քիչ, քան այս ձուն, — նկատեց ամուսինը և ձուն կիսեց ատամներով։

Բայց գթության քույրը չէր նայում մեզ ու շարունակում էր գործել։

Գնացքը կանգ առավ մի կայարանի առաջ, ուր ի միջ այլ ուղևորների ներս մտավ մեր վագոնը մի երիտասարդ, համակրելի դեմքով գերմանուհի, յուր երկու սիրուն տղաների հետ, որոնք նմանում էին երկվորյակների, որովհետև երկուսն էլ միահասակ էին, դեմքի նույն գծերով, կապույտ աչիկներով և խարտյաշ, գանգրավոր մազերով։ Գթության քույրը նրանց տեսնելուն պես՝ թողեց իսկույն գործը և ուրախությունն ինչպես արևի շող նրա դեմքը լուսավորեց։ Ինձ նույնպես թվաց՝ թե՝ մտնողները յուր ազգակիցներն էին, վասնզի իսկույն առավ տղաների ձեռքը և մինչև որ մայրը տեղ կգտներ նրանց համար, ինքն սկսավ շոյել ու գգվել փոքրիկներին տալով նրանց շուտ-շուտ զանազան հարցեր և զվարճանալով նրանց պատասխաններով։ [ 393 ] Իմ տված հարցին թե՝ մտնողները յուր ազգակիցնե՞րն են, գթության քույրը պատասխանեց.

— Ոչ. բայց ես, առհասարակ շատ եմ սիրում մանուկներին... O՜հ, շա՜տ։ Հապա, նայեցեք, կարելի՞ է միթե չսիրրել...։

Այս ասելով նա ավելի մոտ քաշեց տղաներին, որոնք, արդարև, նմանում էին զույգ հրեշտակիկների. գգվեց նրանց, ողջագուրեց և երբ մայրը եկավ փոքրիկներին տանելու, ասաց նրան.

— Ինչո՞ւ մեզ մոտ չեք նստում, այստեղ էլ կարելի է տեղ գտնել... դուք հրաշալի զավակներ ունիք... ես հիացած եմ նրանց վրա, ա՜խ, ի՛նչ սիրունիկներն են,— և նա նորից շոյեց նրանց մազերը։

Գերմանուհին ժպտաց և, ըստ երևույթին գոհ, որ յուր տղաները արժանացել են գթության քրոջ հիացմունքին, թույլ տվավ որ նրանք մնան վերջինի մոտ. բայց տղաները չմնացին և հետևեցին մորը։

Գթության քույրը, խաղաղ ժպիտը դեմքին, նայեց նրանց ետևից մի քանի վայրկյան և ապա խոր հառաչելով՝ ձեռքն առավ յուր գործը։

— Այս ամենը հո տեսա՞ք, — հարցրի ես հարևաններիս, որոնք արդեն վերջացրել էին նախաճաշը։

— Ի՞նչ պատահեց որ տեսնենք, — հարցրեց ուսուցիչը։

— Այն՝ թե ի՞նչ տպավորություն արին այս տղաները մեր քրոջ վրա։

— Ի՞նչ տպավորություն արին։

— Նա հիացել, հափշտակվել էր նրանցով, սիրտը կարծես թուլանում էր...

— Հա, ի՞նչ կա որ, այդպիսի երեխաների վրա ամենքը կհիանան,— խոսեց տիկինը։

— Բայց դուք ասում էիք թե սրանք մանկությունից սովորում են հեռու մնալ կյանքի հրապույրներից, ուրեմն և վարժվում են չգրավվել նրանցով։ [ 394 ] — Հա, ասում էի. ի՞նչ գտաք դուք դրա մեջ իմ խոսքերը հերքող:

— Այս տղաները նույնպես, իրենց տեսակում, հրապույրներ չէի՞ն. ինչո՞ւ այդ խեղճ կինը չկարողացավ անտարբեր մնալ դեպի նրանց։

— Չեմ հասկանում ձեզ։

— Ինչո՞ւ չեք հասկանում. նրանք ուղղակի կերպարանափոխեցին այս կնոջը, հենց որ ներս մտան. սրա սիրտը հրճվեց, դեմքը պայծառացավ և երբ սկսավ ողջագուրել նրանց, թվում էր թե գտնվում է անհուն երանության մեջ, բայց նա տխրեց ու հառաչեց, երբ տղաները հեռացան։

— Եվ այդ ամենից ի՞նչ եք հետևցնում դուք։

— Այն թե՝ մարդկային սրտի մեջ բնության դրած զգացմունքները անկարելի է խլել արհեստական ճանապարհով. և ով որ, ուրեմն, այդպիսի փորձ է անում, նա ոչ այլ ինչ է, եթե ոչ մի բռնաբարող, միաբանությո՞ւն լինի դա, թե՞ հասարակ անհատ։ Ես պարզ տեսա թե ինչպե՞ս այս քույրն, իբրև կին, կցանկանար ունենալ գեթ մինն այն հրեշտակներից, սիրել նրան, գգվել, նրա թոթովանքով զվարճանալ... Տեսնում եք, ուրիշի զավակը չեն տալիս իրեն, նա, ամենաշատը կարող է նրանով զվարճանալ մի վայրկյան, հետո խլում են և նա դրա համար հառաչում է թաքուն... Սա հիշածս հրապույրների դեռ մի օրինակն է և այն՝ ոչ զորեղ տագնապ պատճառողը... Բայց կյանքը դեռ որքա՜ն հրապույրներ ունի, որոնց չէ կարող դիմադրել սիրտը, եթե հանդիպե նրանց յուր ուխտի ճանապարհին։

— Եվ ուրեմն...

— Ուրեմն աշխարհում չեն կարող լինել «գթության քույրեր». բայց միշտ կլինին պարզ քույրեր, գթոտ մայրեր և սիրող ամուսիններ։ Հետևապես պետք է թույլ տալ կանանց լինել այն, ինչի համար որ բնությունը ստեղծել է նրանց։

Այս միջոցին նորեն գետին գլորվեց գթության քրոջ կծիկը. ես դարձյալ փորձ արի վերցնելու, բայց դարձյալ անհաջող, գթության քույրը ավելի արագ շարժվեց։ [ 395 ] — Դեռ ես իմ կյանքում՝ ասպետության անընդունակ՝ այսպիսի մարդ չեմ տեսած. ինչպե՞ս կարելի է չկարողանալ՝ վերցնել գետնից մի կծիկ, որ ընկնում է այսպիսի գեղեցկուհու ձեռքից, — երգիծաբանեց Վերա Վասիլևնան. — փիլիսոփայելու փոխարեն ավելի լավ է սովորի ծառայել սիրուն կանանց, — ավելացրեց նա ու կարկաչեց։

Գթության քույրը ևս նայում էր մեզ ու ծիծաղում, թեպետ չէր հասկանում թե ինչի՞ մասին է մեր խոսքը։

Բայց ահա երրորդ անգամ գլորվեցավ կծիկը և հասավ մինչև վագոնի դուռը։

Այս անգամ արդեն արագ ոտքի ելա և կծիկն առնելով բերի գթության քրոջը, որն ընդունեց այն քաղցրաժպիտ շնորհակալությամբ։

— Վերջապես... — ասաց տիկինը։

— Այո՛, վերջապես... բայց գիտե՞ք ինչ պիտի ասեմ ձեզ։

— Ի՞նչ։

— Այս կինը ո՛չ միայն հրապույրներից փախչող չէ, այլ նույնիսկ նրանց եռանդով պտրողն է։ Ես պարզ տեսնում եմ, որ սա ուղղակի կոկետություն է անում... կծիկը նա դիտմամբ է գլորում հատակի վրա։

— Դուք վիպագրո՞ղ եք, — հարցրեց հանկարծ Վերա Վասիլևնան։

— Ինչի՞ համար եք այդպես կարծում, — հետաքրքրվեցա ես։

— Որովհետև ես ունիմ այդպիսի մի ազգական, որ աչքի առաջ եղած ամենապարզ երևույթներին տալիս է խիստ բարդ բացատրություններ, վասնզի այն հավատն ունի թե որովհետև վիպասանը, միևնույն ժամանակ է և հոգեբան, ուրեմն անկարելի է որ շատ բաներ չտեսնի այնտեղ, ուր հասարակ մարդը ոչինչ չէ տեսնում։

Տիկինն այս խոսքերն արտասանեց այնպիսի մի ծաղրական տոնով, որ ես ոչ միայն կուշտ ծիծաղեցի, այլև խոստովանեցի թե՝ արդարև ես էլ երբեմն վիպագրելու փորձեր եմ անում։ [ 396 ] — Ուրեմն այժմ ինձ համար հասկանալի է ձեր կասկածը, բայց եթե դուք վեպ գրելու փոխարեն՝ սովորեք գուլպա գործել, այն ժամանակ կտեսնեք, որ թելի կծիկը հաճախ ինքնիրեն ելնում է քսակից և գլորվում հատակի վրա (մանավանդ եթե թելը հավասար չէ ոլորած), առանց որ գործողը մտածեր այդ վայրկենին կոկետության մասին։ Այդ պատահում է, նաև, այն պառավներին, որոնք վաղուց մոռացել են թե կոկետ են եղել մի օր:

Բայց ինչ էլ որ չասեր Վերա Վասիլևնան, այսուամենայնիվ, գթության քույրը վտանգի մեջ էր դնում իմ հավատը, որովհետև, հազիվ թե մենք լռեցինք մի վայրկյան, և ահա կծիկը նորեն գլորվեց հատակի վրա։

«Այս արդեն չափից դուրս է», մտածեցի ես, թեպետ իսկույն էլ գնդիկը որսալով տվի քրոջը, որ դարձյալ ընդունեց քաղցրաժպիտ շնորհակալությամբ։

— Այս անգամ այլևս դուք չեք համոզիլ ինձ, — ասացի ես տիկնոջը, որ հանգիստ ծիծաղում էր. — այս կինն ուղղակի խաղ է անում ինձ հետ. այժմ ես կփորձեմ ավելի մոտենալ նրան։

Այս ասելով՝ մոտ քաշեցի պայուսակս, որի մի աչքը լցրած էի Վենետիկի պատվական դեղձերով և պատրաստվում էի նրանցով հյուրասիրել գթության քրոջը, որով և, գուցե մի քիչ էլ նրա բարեկամությունը վաստակել։ Բայց շոգեմեքենան սուլեց, որ նշան էր թե արդեն մոտենում ենք կայարանին։ Պետք էր ուրեմն դիտավորությունս հետաձգեի մյուս ելքին։

Սակայն վագոնի պատուհանի մոտ հնչեց կոնդուկտորի սուր, առաձգական ձայնը «Գրաա′ց»։ Գթության քույրը վեր թռավ։

— Մենք ուրեմն հասանք,— ասաց նա, և արագ յուր գործը ամփոփեց:

— Դուք Գրա՞ց պիտի իջնեք,— հարցրի ես։

— Այո, Գրաց. — պատասխանեց նա հակիրճ և ձեռքերը ձգեց դեպի վերին դարակը յուր կապոցն այնտեղից առնելու համար։

— Ահա՛, ծառայելու հարմար միջոցը. ինչո՞ւ չեք օգնում,— խոսեց Վերա Վասիլևնան։ [ 397 ] — Սրա հեռանալն ինձ շփոթեց. բայց պետք է օգնել, — ասացի ես և բարձրացա նստարանը, որպեսզի քրոջ կապոցը դարակից իջեցնեմ:

Բայց ինչ կապոց. երկար ու լայն մի տոպրակ էր դա, կապարի ծանրությամբ, քաշում էի, քաշում և չէր շարժվում տեղից։

— Թողեք, խնդրեմ, ես ինքս կառնեմ, — ասում էր գթության քույրը։ Բայց ես մի կերպ վար իջեցրի ծանրոցը, որ երևի յուր մեջ պարունակում էր գթության քրոջ բոլոր շարժական գույքը։

Գնացքը կանգ առավ։ Բայց ինչպես շատ կայարաններում, նույնպես և այստեղ ոչ մի բեռնակիր ներս չեկավ իրեղենները դուրս հանելու։ Ստիպված էի ծառայությունս շարունակել, որովհետև քույրը ինքն էր կամենում դուրս հանել այդ կոշտ ծանրոցը, որ անկարելի էր թույլատրել։ Այսուամենայնիվ, մինչև որ տոպրակը հանեցի վագոնից և հասցրի պլատֆորմը, հոգիս դուրս եկավ։

Այստեղ էին արդեն գթության քրոջ ուրիշ ընկերուհիները, իրենց իրեղեններով, որոնց և մոտեցրի մեր քրոջ գույքը։

Պլատֆորմը, սակայն, այնպիսի դիրք ուներ, որ կառքերը նրան չէին կարող մոտենալ։ Ես սպասում էի թե ահա, ուր որ է, կգա մի բեռնակիր, որին և կհանձնեի բերածս ծանրոցը։ Այդ պատճառով կանգնած սպասում էի և միևնույն ժամանակ, օգուտ քաղում այդ վայրկյաններից, որպեսզի մի վերջին անգամ էլ կուշտ նայեմ գեղեցիկ քրոջը, բնության այն հրաշակերտին, որ բոլորովին անգիտակ յուր գեղեցկության զորությանը, կանգնած էր մյուսների հետ իբրև մի անտեր ու խղճուկ արարած...: Եվ սակայն հենց այստեղ, կաթոլիկության ստրուկ այդ խմբի մեջ, ես առաջին անգամ նրան ճանաչեցի լավապես։ Մի կին, որ յուր հետ քարշ է տալիս կոշտ կտավից կարած, գռեհիկ տեսքով և միայն մշակի ուսին վայել այդպիսի մի տոպրակ, նա չէ կարող լինել ոչ կոկետ, ոչ պչրող և ոչ էլ բնությունից իրեն տված հարստության արժեքը գիտցող էակ: [ 398 ] Բայց ի՞նչ էր նա իսկապես։

Մինչդեռ այս մտքերում խորասուզված՝ ակնապիշ նայում էի գեղանի քրոջը, նա հուշիկ մոտեցավ․ կրկնեց յուր շնորհակալությունը և քաղցր ժպտալով խնդրեց ինձ թողնել տոպրակը, որի ծայրից դեռ բռնած է սպասում էի բեռնակրի։

Ես ետ չքաշվեցա և շարունակում էի նայել նրա սիրուն երկնագույն աչերին։

Ի՞նչ հասկացավ նա այդ բանից, և որի՞ տեղ դրավ ինձ, չգիտեմ. նա տարավ ձեռքը գրպանը և հանելով այդտեղից յուր աղքատիկ պորտմոնեն հանեց նրա միջից մի փոքրիկ արծաթ փող և պարզելով դեպի ինձ՝ քաշվելով ու շիկնելով ասաց.

– I'a Jon.... je n′en al plus... (ներեցեք, ավելին չունիմ)։

Ես իսկույն թողեցի քսակը և ապուշ կտրած նայում էի գեղեցկուհուն, որ անգիտության ու վարանման այդ վայրկենին դարձել էր ավելի հրապուրիչ։

Այս կինն, ուրեմն, ոչինչ չէր հասկացել այն ամենից, ինչ որ ես արել էի... նա, մինչև անգամ, գաղափար չուներ այն մասին, թե մարդիկ սովորեն ծառայություն անել կանանց, կամ այդ պատրվակով՝ հետևել յուր նման գեղեցկուհիներին... նա չգիտեր թե՝ ինչ զորություն ունին յուր խաժակն աչքերը և ի՞նչ հրապույր յուր անմեղ ժպիտը... Բայց նա գիտեր, տեսել էր, որ բեռնակիրներ կան աշխարհում, որոնք ծանրոցներ են տեղափոխում և դրա համար էլ ստանում մի քանի սու։ Ուրեմն ես ևս, որ, առ ի չգոյէ բեռնակրի, հանձն էի առել յուր տոպրակը բերել մինչև պլատֆորմ և որ այժմ կանգնած սպասում էի մի բանի, նշանակում է թե սպասում էի ոչ թե կառքի, կամ բեռնակրի, և կամ վերջին անգամ իրմով զմայլվելով այլ դրամական վարձատրության...

Եվ մինչդեռ նա ձեռքը պարզած՝ նայում էր ինձ և իսկապես զարմանում թե՝ ինչո՞ւ չեմ փողն ընդունում, ես գլուխս շարժեցի և մի վերջին անգամ էլ հիացման հայացքս ուղղելով իրեն, ճշմարիտ հուզմամբ բացականչեցի․— О Sankta Simplikitas (ո′վ սուրբ պարզություն)։ [ 399 ] Երբ դարձա վագոն և պատմեցի ուղեկիցներիս գթության քրոջ արածը, Իվան Իվանիչը ուրախ-ուրախ ծիծաղեց, մինչդեռ կինն ասաց.

— Դրանից ավելի լավ դաս ոչ ոք չէր կարող տալ ձեզ. դադարեցեք այսուհետև գաղտնիք որոնել այնտեղ, ուր չկա այդպիսին։

— Իրավունք ունիք, տիկին,— հարեցի ես.— իրավ որ շատ անգամ ճշմարտությունը կանգնած է լինում մեր առաջ բայց մենք նրան որոնում ենք անհայտության խորքերում, այս դասը երբեք չի պիտի մոռանամ ես։

— Ուրեմն համոզվեցաք, որ այս գթության քույրը չէր նմանում նրանց, որոնց պատմությունն արիք։

— Այլև հավատացի թե՝ արդարև աշխարհում կարող են լինել «գթության քույրեր», եթե միայն նրանք չապրեն այն մթնոլորտում, ուր ծնվել ու սնվել են հիշածդ քույրերը...։