Jump to content

Գիժ աղպոր, խելոք աղպոր նաղլը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գիժ աղպոր, խելոք աղպոր նաղլը

37. ԳԻԺ ԱՂՊՈՐ, ԽԵԼՈՔ ԱՂՊՈՐ ՆԱՂԼԸ

Ժամանակով էրկու աղպեր կային, մեկը խելոք էր, մեկը՝ գիժ։ Խելոքը պսակված էր, Գիժը ազապ էր։ Մի քանի տարուց եդը Գիժն ասեց.— Իմ բաժինը տո՛ւ, ես բաժանվում եմ:

Խելոք աղպերն ասեց.— Ի՛նչ կա, որ ինչ տամ:

Ասեց․— Չիլնի՛, պտի բաժանվեմ ես։

Եբոր շատ ղալմաղալ արեց, ասեց․— Ունեցած-չունեցածներս մի եզ ա, էն էլ տար քե՛զ։

Էգսի օրը Գիժ աղպերը պարանը դրեց եզան շլինքը, վե կալավ տարավ։

Շատ տարավ, քիչ տարավ, տարավ տեսավ մի մենծ քար կա, տարավ եզը կապեց էդ քարիցը, ասեց.— Մենծ աղպե՛ր, իմ եզան գինը էրկու ոսկի ու կես ա, ըսօր, գիտամ, միջոց չունես, էգուց կգամ, կտանեմ փողը։— Եդ դառավ, էկավ տուն։

Աղպերը հարցրեց, ասեց.— Ընչի՞ տվիր եզը։

Ասեց.— Էրկու ոսկի ու կիսի։— Ասեց.— Էգուց կէթամ, կբերեմ։

Էն էգսի օրը գնաց, տեհավ, որ գիլանը, արջերը կաննած եզանը ուտում են, ասեց.— Իշխանավոր աղպըրտա՛նք, եզը որ փայ եք արել՝ ուտում եք, իմ փողը ե՞ր պտի տաք։

Էլի ինքն իրան ասեց.— Բա՛ն չկա, ըսօր, գիտամ, մաջալ չունեք, էգուց կգամ, կտանեմ։

Թողաց գնաց տուն։

Աղպերը էլի հարցրեց.– Փողը բերի՞ր։

Ասեց.— Ի՞նչ բերեմ, փայ ու փուշկ են անում, ղոնախլըղ էր ինչ էր, մաջալ չունեին, մնաց էգուց էթամ բերեմ։

Էգսի օրը վե կացավ գնաց։ Գնաց տեհավ ագռավ ա, ալափըստրակ ա, վրին կաննած ոսկռներն են կռծում։

Ասեց.— Բա՛րև ձեզ, պուճուր աղպերտինք, բա իմ փողը ե՞բ պտի տաք։ Տենում եմ ձեզ մաջալ չունեք, թո՛ղ մնա, էգուց կգամ, կտանեմ։

Թողաց ու գնաց։

Գնաց տուն, էլի աղպերը հարցրեց, թե.— Փողը բերի՞ր։

Թե.— Չէ՚, պուճուր աղպրտանքը մաջալ չունեին, թողի էկա, էգուց կէթամ, կբերեմ։

Էգսի օրը վե կացավ, գնաց։ Գնաց տեհավ օքմին չկար, անց կացավ քարի էն յանը, տեհավ Աղվեսը տափ ա կացել։ Աղվեսը որ դրան տեհավ, վե կացավ, փախավ։

Ձեն տվեց քամակիցը.— Քավո՛ր, քավո՛ր, կաննի, փողս տո՛ւ։

Աղվեսը փախավ, էդ էլ ընկավ քամակիցը։ Շատ գնաց, քիչ գնաց, Աղվեսը գնաց հասավ իրա բունը։ Էդ էլ քամակիցը մտավ ըդրա բունը։

Մտավ՝ տեհավ որ մի գիհը ոսկի ա կիտած, մի գիհը արծաթ ա կիտած, մի գիհը սև փող ա կիտած, ասեց.— Քավո՛ր, իմ փողը տո՛ւ, ես էթամ։

Քավորը բան չխոսաց։ Մեկ, էրկու, իրեք հետ ասեց, տեհավ քավորը բան չխոսաց, գնաց իրա ձեռովը էրկու ոսկի վե կալավ, մեկն էլ վե կալավ ատամովը կիսեց, կեսը քցեց դեն, էրկու ոսկի ու կեսը դրեց ջեբը, մի գունդ էլ էն արծաթիցը վե կալավ, ասեց.— Քավո՛ր, էս էլ շինեմ ինձ ծամոն,— կռացավ, մի գունդ էլ վե կալավ, ասեց,— Էս էլ տանեմ իմ աղպորը։ Դե, մնաս բարո՛վ, քավո՛ր, ես գնացի։

Վե կացավ գնաց տուն։

Մենծ աղպերն ասեց.— Բերի՞ր։

Ասեց.— Հա՛, քավորս կուռս բռնեց, տարավ իրանց տունը։

Ասեց.— Փողը տենանք, հլա՛։

Հանեց, շանց տվեց, տեհավ էրկու ոսկին սաղ ա, մեկը ատամով կտրած ա։

Աղպերն ասեց.— Էս խի՞ ես ջարդե ըսենց։

Ասեց.— Իմ հախը էրկու ոսկի ու կես էր, ես կիսեցի, վե կալա։

Ասեց.— Շա՞տ կար ընտեղ։

Ասեց.— Շա՜տ:

Ասեց․— Ա՛րի էթանք, էլի բերենք։

Ասեց.— Է՛թանք:

Վե կացան ամեն մեկը մի մի մեշոկ վե կալան, գնացին։ Եբոր հասան Աղվեսի բունը, տեհան Աղվեսը ընտեղ չի, իրանք լցրեցին ջվալները ոսկով, վե կալան էկան։

Եբոր իրանց գեղին մոտեցան, տեսան լիսը սկսում ա բացվիլը, Խելոք աղպերը եգին-եգին գնաց տուն, որ մարդ չտենա, համա Գիժ աղպերը ծանդր-ծանդր էթում էր:

Գնաց, մտավ գեղի մեջը, գզիրը պատահեց, ասեց.— Էդ ի՞նչ ա։

Ասեց.— Ոսկի ա, ի՛նչ ա։

Ասեց.— Տո՛ գիժ, ըդքան ոսկի կըլնի՞։

Ասեց.— Քեզ ի՛նչ, ես իմ քավորի տանիցն եմ բերում:

Ասեց.— Մեկը տա՜ս էս իմ տղին:

Մեշոկը վե դրեց, ասեց.— Ա՛ռ էս մեկը քու տղին:

Ասեց.— Մինն էլ տա՜ս իմ աղջկանը։

Ասեց.— Ա՛ռ։

Ասեց.— Մինն էլ տա՜ս իմ կնկանը:

Ասեց.— Ա՛ռ։

Ասեց.— Մինն էլ տա՜ս ինձ:

— Շան որդի,— ասեց,— իմ փողը պտի հատացնես, հասավ մի ոտը դրեց մի ոտի վրեն, էն մեկել ոտիցը քաշեց՝ էրկու արեց, դեն քցեց։

Խելոք աղպերը փողը եգին֊եգին տարավ տուն, վե դրեց ու էկավ։

Էկավ, տեհավ, որ աղպերը գեղի ղրաղին, կաննած ա, գղրի ջամռակն էլ ընտեղ ընկած ա, ասեց.— Խի՞ ես սըպանել սրան:

— Բա ի՞նչ անեմ, մեկը ուզեց՝ տվի, մեկն էլ ուզեց՝ տվի, մեկն էլ ուզեց՝ էլի տվի, չկշտացավ, էլի ուզեց, տվի սըպանեցի:

Խելոք աղպերը ըտեղ ֆողը քանդում ա, գզրին ճխտում ա մեջը, որ չգտնեն։

Թողում են, էթում տուն։

Էրկու, իրեք օրից եդը իմանում են, որ գզիրը սըպանվել ա, ասում են.— Ո՛վ արած կըլնի, ով արած չիլնի. կա չկա, Խելոք աղպերն ու Գիժ աղպերը արած կըլնեն։

Գալիս են բռնում են, էրկսին էլ տանում են։ Տանում են մի հողի մեջ բռնում են, Խելոք աղպորը պարանով են կապում, Գիժ աղպորը ժնջըլով։ Գալիս ա ճաշվա վախտը, սովածանում են։

Գիժ աղպերը ասում ա.— Սոված եմ ես։

Խելոք աղպերն ասում ա.— Ես ի՞նչ անեմ, հաց ո՞րդիան ա ըստեղ, դու հացի դարդն ես, չե՛ս գիդա, հրես կգան՝ մեզ կխեղդեն։

— Պտի խեղդե՞ն,— ասում ա Գիժ աղպերը ու թափ տալի։ Ժնջիլը կտրում, ուզում ա փախնի։

Խելոք աղպերն ասում ա.— Ի՛նչ կըլնի, իմ պարանն էլ կտրես, իրար հետ փախչենք։

— Խի՞,— ասում ա,— ես իմ ժնջիլը կտրեցի, դու քու պարանը չես կարա կտրի՞։

— Չէ՛, չէ՛, ա՛րի ու կտրա։

Գիժ աղպերը քաշում ա կտրում, Խելոքը սկսում ա փախնիլ, Գիժը տենում տ ըտեղ մի պղինձ կա, էթում վեր ա ունում, քցում ա շալակը, ընկնում աղպոր ետևիցը էթում։

Աղպերն ասում ա.— Էդ պղինձն ի՞նչ ես բեռ արել. վե քցա, փախնենք, էթանք։

— Խի՞ վե քցեմ, սոված եմ, տանեմ, կերակուր էփեմ, ուտեմ։

Փախնում են, էթում ուրիշ երկիր։ Արևը տալիս ա, մութն ընկնում ա էդ աղբրի կշտին, էդ աղբրի գլխին նստում են։ Նստում են, տենում են զանգուլակի ձեն ա գալի։

Մենծ աղպերն ասում ա․— Վե՛ կաց, նիլնենք ծառը, կարող ա մեր գեղից մարդ ըլնի, մեզ ճանանչեն։

Գիժ աղպերն էլ Խելոքի քամակիցը պղինձը քաշ տալո՜վ, քաշ տալո՜վ նիլնում ա ծառը։

Խելոքն ասում ա.— Ի՞նչ ես քաշ տալի։ Էդ պղինձը, թող մնա ըտեղ։

— Չէ՛,— ասում ա,— գան տանե՞ն։

Նստում են ճղքերի վրեն, մի քիչ անց ա կենում, տենում են մի բազրգյան էկավ, բեռները վե դրեց էդ ծառի տակը, կրակ արեցին, ըսկսեցին կիրակուր էփիլը։

Մի քիչ անցկացավ, Գիժ աղպերն ասեց.— Ուզում եմ դուս ըլնեմ։

Ասեց.— Ըտենց բան կըլնի՞, կթափի դրանց վրա. պղնձի միջին դուս իլ, առավոտը կթափենք դեն։

— Ո՞նց թե,— ասում ա,— գիժ հո չե՞ս. պղնձի մեջը դուս ըլնեմ, առավոտը կիրակուր էփեմ միջի՞ն։

Մի ոտը դրեց ծառի մի ճղքանը, պըպըղեց, սկսեց դուս ըլնիլը, ոտը գնաց, ճուղքը կոտրվեց, ինքն էլ, պղինձն էլ էս ճղքից ընկավ էն ճուղքը, էն ճղքից ընկավ էս ճուղքը, շղշըղկալով ընկավ ներքև։ Բազրգյանները լեղապատառ ապրանքը թողին ու փախան: Խելոք աղպերը որ տեհավ՝ դրանք փախան, վեր էկավ, նստեցին կրակի կշտին, դրանց էփած կիրակուրը կերան։

Լիսը որ բացվեց, էդ բազրգյաններից մինն ասեց.— Է՛թանք, տենանք էդ ի՞նչ էր յարաբ։

Էկավ, տեհավ կրակի մոտին էրկու հոգի նստած են։

Աղպերն ասեց.— Ա՛րի, ա՛րի, ա՛րի տաքացի։

Էկավ, նստեց։

Ասեց.— Քեզ ատամ ունե՞ս։

Ասեց.— Բա՛ չունե՜մ։

Ասեց.— Բա՛ց արա, տենանք։

Բաց արեց, Գիժը մի թեժ կրակ վե կալավ ու ճխտեց բերանը, դա վե կալավ, «ա՛փ, ա՛փ, ա՛փ» անելով փախավ։ Եբոր հասավ հընկորտանց մոտը, հընկերտանքը հարցրին, թե.— Ի՞նչ կա։

Ասեց.— Հա՛պ, պա֊պա՛։

Ասին.— Խեղճի լեզուն բռնվել ա, ո՛վ ա գիտում, ի՞նչ ա պատահե,— ասին ու վե կացան, փախան։

Չորս օր, հինգ օր ըտեղ մնացին, Խելոք աղպերն ասեց.— Վե կենանք, ըստիան էթանք։

Գիժ աղպերը վե կացավ, բազրգյանների տեղաշորը վե կալավ դրեց պղնձի մեջ, շըլակեց։

Խելոք աղպերն ասեց.— Ա՛յ տղա, ի՞նչ բանի վրա ես, արի փողն ու ոսկեղենը ջոկի վե կալ, տեղաշորի եննուցը ի՞նչ ես ընկել:

Ասեց.— Փողն ու ոսկին քեզ ըլնի, չեմ ուզում, տեղաշորն ինձ։ Պտի տանեմ, որ քնեմ։

Խելոք աղպերը փողը, Գիժը տեղաշորը վե կալան, ընկան ճամփա, գնացին։ Շատ գնացին, քիչ գնացին, օրվա մի օրը մութն ընկավ, սկսեց վարար անձրև գալ:

Գիժ աղպերը տեղաշորը քցեց, մտավ մեջը տազ արեց, Խելոքը մնաց անձրևի տակին թրջվեց, դողաց, աղպորը խնդրվեց, թե.— Ես էլ գա՞մ պառկեմ, տաքանամ։

— Չո՛ւզի, չո՛ւզի, գնա՛ քու փողի վրա պառկի, փողն իր վեր ունում:

Շլինքը թեքեց, նստեց աղպերը, դողաց մինչև լիսը բացվեց։

Եբոր լիսը բացվեց, ասեց․— Ա՛րի, ա՛րի, ա՛րի դու էլ պառկի։

Ասեց.— Էլ ի՛նչ պառկեմ, վե կաց, է՛թանք։

Վե կացան էլի ընկան ճամփա, գնացին։

Գնացին, շատ գնացին, քիչ գնացին, աստված գիտա, մի օր արևը տվեց, մութն առավ, բանձրացան սարի գլուխը, տեհան մի ճրագ ա էրևում։ Գիժ աղպերն ասեց.— Է՛թանք էնտեղ։

Խելոք աղպերն ասեց.— Էթանք ընտեղ ի՞նչ անենք, ըստեղ պառկենք, լիսը բացվի, էթանք։

Ասեց.— Մութը տեղը խի՞ պառկեմ, հազիր էն ա ճրագ, կէթամ ընտեղ կպառկեմ։

Ասեց, քշեց գնաց. Խելոքն էլ եննուցը գնաց։

Գնացին, տեհան մի ղաղա, մտան նեքսև, տեհան դևերը պառկած են. Գիժը աղպոր կուռը բռնեց, տարավ քոմմըքի գլխավիրևը պառկացրեց, իրա տեղն էլ ջոկ քցեց, համա Խելոքի քունը չտարավ։

Դևերը մեկ-մեկ իրար զարթնացրին, էկան Խելոք աղպոր կուշտը, թոփ էլան, ասեցին.— Դուք ո՞նց սիրտ արիք, առանց մեզ իմաց տալու էկաք ըստեղ պառկեցիք։

Խելոք աղպերն ասեց.— Եբոր դուք քնած իք, չղըմըշեցինք ձեզ վե կացնենք։

Դևերը երկյուղ արին, թե՝ էրևում ա ըստոնք շատ ղոչաղ են, որ իրանց բանի տեղ էլ չդրին։

Իրար մեջ խոսացին, ասեցին.— Լավն էն ա, մենք ըդրանց հետ աղպեր ըլնենք, թե չէ մեզ կսըպանեն։

Խորուրդ արեցին պրծան, էկան Խելոք աղպոր մոտը, ասեցին.— Մենք օխտը աղպեր ենք, ըլնենք իննը։

— Ըլնե՜նք,— ասեց Խելոք աղպերը,— մի տեղ աշխատենք, մի տեղ ուտենք։

Քնեցին իրար հետ, առավոտը վե կացան, Գիժ աղպորն ասին.— Գնա՛ էս սարի քամակը, չոբան կա, մի ոչխար ուղտ՛, բե՛ր ուտենք։

Գիժ աղպերը վե կացավ գնաց։ Հասավ չոբանի կուշտը, չոբանին ասեց.– Մի չորս-հինգ հատ ոչխար լավերիցը ջկա՛, տո՛ւ:

Չոբանն ասեց.— Գի՛ժ ես, ո՞ւմ ոչխարը տամ։

— Տո՛ւը,– ասեց,– ո՛ւմն ըլնում ա, թող ըլնի։

— Ի՞նչ ես գիժ-գիժ խոսում,— ասեց,— վե՛ կաց ռադ ի՛լ[1]:

Գիժը բարկացավ, վե քցեց չոբանին, մի ոտը դրեց մի ոտին, էն մեկել ոտից քաշեց, արեց էրկու, քցեց էն յանը, սաղ սուրուն քշեց դպա դևերի տունը։

Դևերը տեհան, որ ոչխարը քոմմա վեր ա կալել, բերել ա, ասեցին.— Էս ի՜նչ խաբար ա, ասեցինք՝ մի հատ բեր, հմի սաղ գեղը թոփ կըլնի կգա։

Մի հինգ հատ ջկեցին, մնացածը տարան հեռու բրախ տվեցին, էկան:

Մի էրկու օր, իրեք օր արանքը անց կացավ, գոմշի տիկը տվեցին Գիժ աղպորը, ասեցին.— Գնա՛ սարիցը ջուր բե։

Գոմշի տիկը քցեց շըլակն ու գնաց դպա սարը։ Հասավ ջրի կուշտը, ասեց.— Հազիր կկապեմ, էլ խի՞ եմ տկով տանում։

Քաշեց ջրի առաջի մենծ-մենծ քարերը պոկեց, ջուրը կապեց դպա դևերի տունը։

Ջուրն էկավ էրը[2] լցրեց։

Դևերը վե կացան, «Ա՜յ հարա՜յ» արին.— Վե կացե՛ք, էթանք ջուրը կտրենք։— Ջուրը կտրեցին, Գժին ասին,— Խի՞ կապեցիր ջուրը։

Ասեց.— Ես հո ձեր նոքարը չեմ՝ ամեն օր էթամ, ձեզ հմար տկով ջուր բերեմ. ջուր ա էլի, կապեցի, խմե՛ք։

Արանքը մի քանի օր անց կացավ, ասեցին.— Գնա՛ մեր բաղիցը մի շըլակ ցախ վե կալ, բե՛:

Վե կացավ, պարանը վե կալավ գնաց, չորս-հինգ տարվա տնկիքը քոքով հանեց, դրեց[3] պարանի վրա, համարյա մի սել, շըլակեց, վե կալավ, էկավ։

Դևերը տեհան, որ բազումը ծառ չի թողե, քոմմա քոքով հանել ա բերե։

Խելոք աղպորն ասեցին.— Էս ի՞նչ օյին ա հանել քու աղպերը մեր գլխին. էլ ըստուց դենը տեղ չղրկենք, ո՛րդե էթում ա, մեզ վնաս ա տալի:

Էգսի օրը դևերը վե կացան, տնկիքը վե կալան, տարան բաղը, որ թազադան տնկեն, էլ դրան չտարան։ Դա մնաց տանը, տեհավ դևերի կնանիքը, էրեխեքը դուս էկան արևումը նստեցին ջանները քորեցին։

Տեհավ որ ջանները քորում են, ասեց.— Խեղճերը շատ կեղտոտ են, ջուր դնեմ, ըդրանց լեղացնեմ։

Բերեց իրա բերած պղնձովը ջուր տաքացրեց, համարյա տասնէրկու կուժ ջուր կտաներ պղինձը, ընքան վառեց, որ ջուրը եռաց, նոր մեկ-մեկ դրանց ոններիցը բռնեց, ճխտեց պղնձի մեջը, սաքի թե լեղացնում ա, տարավ դրեց տեղաշորի մեջը:

Խելոք աղպերը բաղիցը եդ դառավ էկավ տուն, ասեց.— Մի՛ տենամ ինչ ա անում աղպերս։

Էկավ տուն, Գիժն ասեց.— Թամաշ արա տե՛ս, դևերի կնանոնցն ու էրեխեքանդը լեղացրել եմ, պառկացրել, տես ո՜նց են ծիծաղում:

Խելոք աղպերը տեհավ, որ քոմմա էլ խաշվել են, սատկել: Գիժը դևերի տանը էլ բրի՛նձ, ձա՛վար, ե՛ղ չի թողե, բերել ա ածել էդ պղնձի մեջը, քաշովի ա էփում։

Խելոք աղպերը ասեց.— Վե կա՛ց, փախնենք, դևերը հրես կգան, մեզ կսըպանեն։

Ասեց.— Ո՞ւր փախնենք, քաշովի եմ էփե, ուտենք, նո՚ր էթանք։ Խելոքն ասեց.— Դու գիտաս, ես փախնում եմ, ուզում ես արի, ուզում ես մի գա, որդի որի ա՝ դևերը կգան, քեզ կսըպանեն։

Խելոք աղպերը փախավ, Գիժը պղինձը վե կալավ դրեց ուսին՝ տաք–տաք, ընկավ աղպոր եննուցը, գնաց։

Դևերը էկան տուն, տեհան որ քոմմա կնանիքն ու էրեխեքը սըպանած են, վե կացան օխտն աղպերներով ընկան դրանց քամակը։ Խելոք աղպերը եդ թամաշ արեց, տեհավ էդ դևերը օխտն էլ ո՜նց են գալի, ղուդումը կոտրվեց՝ նստեց։ Գիժ աղպերն էլ նստեց, պղինձը դրեց առաջն ու կերավ։ Դա ուտում ա, Խելոք աղպերը դողում ա։ Դևերն էկան հասան, Խելոք աղպոր յախեն բռնեցին, էն ա պտի սըպանեին։ Գիժ աղպերը ըսկի տերը չէր ըլնում, նստած իրա հմար ուտում էր, Խելոքը վե կացավ, մի բուռ ֆող վե կալավ, քցեց պղնձի մեջը։ Գիժը հենց իմացավ, թե դևերը վե կալան քցեցին ֆողը պղնձի մեջը, գիժ-գիժ վե կացավ՝ հասավ դևերին, մի-մին սպանեց, վե քցեց, օխտին էլ վե քցեց, նո՛ր աղպորն ասեց.— Ա՛րի հաց կե, սոված ես։

Աղպերը ուրախացավ, նստեց հետը կերավ:

Եբոր կերան պրծան, խելոք աղպերն ասեց.— Էլ ո՞ւր էթանք, քոմմա դևերին սըպանեցիր, էթանք ընդոնց տանը նստենք։

Վե կացան էկան, հասան դրանց տունը, նստեցին ըտեղ, իրանց հմար ապրեցին։

Ըդրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտա՝ նա էլ հասնի իրա մուրազին։

Աստվածանից իրեք հատ խնձոր ընկավ, մեկը՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ անկաջ դնողին։

  1. Կորի՛ր, գնա՛ (Ծ. Բ.):
  2. Այր (Ծ. Բ.)։
  3. Այս բառը մենք ենք ավելացրել (Ծ. Կ.):