Jump to content

Գինի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԻՆԻ

Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին: Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը, և ինքը գնաց: Թագավորի որդին խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին:

Եվ մի այրի կին մի որդի ուներ, և այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն, Եվ այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին, և թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի: Եվ եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Եվ նա ասաց, թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Եվ մայրն ասաց, թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել:

Եվ թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք: