Jump to content

Գիշերային մեղմախոսություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՂՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Իմ խոսքը, քո ժպիտը եւ այս վարդերը
պայմանավորված են աստղերով՝
որպես գիշերային մեղմախոսություններ,
եւ, մանավանդ, ոչ ոք չի ուզում կտրել այն ճյուղը,
որի վրա դեռ չի հասցրել
կանգնել հավքը, գուցե եւ՝ երգել։

Իսկ աստղերը ծնվում են իմ կարոտից
եւ երկնքի վրա ասեղնագործում են աչքեր, քո աչքերը։

(Իմ աչքերը անհասանելի հեռվի
նվերներ են)։

Հեքիաթում, ասում են,
երկրորդ անգամ ծաղիկը չի ծաղկում,
որ հեքիաթը մնա իսկապես հեքիաթ,
աստղերը, սակայն, երկնքում աստղում են եւ հազարերորդ անգամ,
եւ երազը մնում է երազ։
Մեր համբույրը շարժումն է աստղերի։

(Երբ գրում եմ որեւէ առարկայի մասին,
նշանակում է՝ երազում եմ,
նշանակում է
ոչնչացնում եմ առարկայի մեջ առարկան՝
ոգեկոչելով նրանում միմիայն հոգին)։

Անհայտը այրումներ ունի անկրկնելի,
եւ հայտնին պարզապես դուռ է բացված նրա խորքերի վրա՝
տիեզերքի ափի մեջ։ Եվ մարդը
չէր ծնվի, ինչ խոսք, եթե
Աստծո ստեղծած աշխարհը կատարյալ լիներ։

Իմ խոսքը, քո աչքերը եւ շարժվող
մոլորակների երգը պյութագորասյան՝
պայմանավորված են այն
ճյուղով, որ դեռ չի կտրվել
եւ որի վրա դեռ չի հասցրել
կանգնել հավքը, գուցե եւ՝ երգել։