Գիշերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գիշերը

Շուշանիկ Կուրղինյան


Գիշերը


Քնած է երկիր․․․ վիշտը մրափում՝
Հոգնած թևերը սև կրծքին խաչած,
Նրա ոռնոցով էլ չի մորմոքում,
Չարքաշ մարդկության ուղեղը հոգնած։

Թմրած է քաղցը․․․ ու չի քրքրում
Օրերով դատարկ վատուժ ստամոքս,
Կուշտն ու քաղցածը մայր հողի գրկում,
Հավասար քնով քնած են անհոգս։

Միայն ծերունի Մորփեն աչալուրջ
Նստած է արթուն աշխարհի վրա․
Երջանիկ երազ, ցնորք ու անուրջ,
Թափում մրափող մտքին անխնա։

Եվ երազում են․․․ երջանիկ ժպիտ
Մեղմ գալարվում է քնած դեմքերից․
Նրա, որ ամբողջ կյանքն է արհավիրք,
Նրա, որ գանգատ չունի իր բախտից։


1906 թ․