Գիշերին երազանքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գիշերին երազանքը

Միսաք Մեծարենց


ԳԻՇԵՐԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ


Աղջամուղջին մեջ գիշերը կ'երազե
Պայծառ այգուն վառ շրթները կեռասե.
Ու ցնծության լույս աստղերը կը ժպտին
Հրաշափառ գոգն հրճվանքի կապույտին.

Բայց երբեմն ալ մղձավանջի մը մեջ թունդ
Գիշերն այգը կ'երազե զերթ մեկ անդունդ.
Ու հևքեն վերջ ոռնումներու բիրտ հովին
Անձրևի հորդ արցունքները կը թորին։


1903, հունվար