Jump to content

Գիշերն իջավ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գիշերն իջավ

Գիշերն իջավ


Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
― Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն․․․

Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ'է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
― Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
― Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն․․․

Ու կձայնե մատուռն հստակ.
― Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն․․․