Jump to content

Գիշեր 1 (Կուրղինյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Գիշեր 1


Գիշերը աստղոտ դյութել է հոգիս․․․
Հիվանդ եմ լուսնի այն քնքուշ թախծով,
Որ միտքս գերած՝ հպվել է կրծքիս,
Շուրջս բաց արել երազանքի ծով։

Աստղերը այնպես կախարդ են այսօր․
Ճիշտ կնոջ նման ալիքն է ժպտում․․․
Չինգանաների խարույկը բոսոր
Կամակոր հույզեր ծնեց իմ սրտում։

Նվագն անբարբառ, կես գիշերային
Զեփյուռն է արբած տարածում իր հետ―
Որ անմահ սիրո խորհուրդն է խորին,
Որ կա, կմնա հավերժ ու հավետ․․․

Հե՜յ, զգույշ այդտեղ․․․ սիրտ կա կրծքիս տակ․․․
Գիշերն է չքնաղ․․․ ես սիրել գիտեմ,
Աստղոտ գիշերում― դևն է հրեշտակ․․․
Աստղոտ գիշերում― դժոխքն է եդեմ։

1908 թ․ 18 հունիսի