Գիտցեք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գիտցեք

Գուսան Շերամ


Գիտցեք


Սիրտս փորես եթե տանեն,
Գիտցեք, որ ես դեռ կապրիմ,
Հոգիս եթե ինձնից հանեն,
Գիտցեք, որ ես դեռ կապրիմ:

Եթե շունչս իսպառ կտրեն,
Գիտցեք, որ ես դեռ կապրիմ,
Թե ուժերս ինձնից խլեն,
Գիտցեք, որ ես դեռ կապրիմ,

Թե բազուկներս կտրատեն,
Գիտցեք, որ ես դեռ կապրիմ,
Ամբողջ մարմնով անդամհատեն,
Գիտցեք, որ ես դեռ կապրիմ,

Թե լեռները վերաս բառնան,
Գիտցեք, որ ես դեռ կապրիմ,
Թե բարեկամքս ինձնից դառնան,
Գիտցեք, որ ես դեռ‎ կապրիմ:

Թե թունավոր նետով խփեն,
Գիտցեք, որ ես դեռ կապրիմ,
Թե արյունս զարկեն՝ թափեն,
Գիտցեք, որ ես դեռ կապրիմ,

Բայց թե անունս ու հիշատակս
Երբ որ կորչին՝ կմեռնիմ:
Կամ թե վրաս արատ մնաց,
Այնժամ ստույգ կմեռնիմ:


1902