Jump to content

Գլուխ առաջին. Հայրենիքի ողբերգությունը եւ պոետական խոսքի զարգացման յուրահատկությունները ազգային մտածողության ընդհանուր համակարգում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ առաջին. Հայրենիքի ողբերգությունը եւ պոետական խոսքի զարգացման յուրահատկությունները ազգային մտածողության ընդհանուր համակարգում

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՈԵՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հայաստան աշխարհ,
Դու այսպես եղար,
Եվ դրա համար մենք քեզ սիրեցինք
Ոչ հարազատի հանդարտիկ սիրով,
Այլ՝ սիրածի պես, սիրահարի պես,
Ցավոտ, ցավախառն
Երազով, լույսով, երգող տխրությամբ,
Մերթ խռովելով,
Մերթ հաշտվելով,
Քո գրկում անգամ քեզ կարոտելով,
Քեզ կորցնելու ահից տագնապած,
Քեզ ունենալու խինդից՝ երջանիկ,
Եվ բախտիդ համար անվերջ,
                                        ամեն պահ մեռնել-ապրելով...
Հայաստան աշխարհ...
                                       ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Արիստոտելի ժամանակներից մինչեւ մեր օրերը միշտ էլ օրակարգի հարց է եղել, թե ինչպիսին պիտի լինի բանաստեղծությունը։ «Մենք պետք է խոսենք պոեզիայի էության,- գրում է Արիստոտելը,- նրա տեսակների եւ նրանցից յուրաքանչյուրի նշանակության մասին, ցույց տանք, թե ինչպես պետք է կազմել իսկական ֆաբուլաները, որպեսզի պոետիկական ստեղծագործությունը լավ ստացվի, նաեւ կխոսենք, թե քանի եւ ինչպիսի մասերից է բաղկացած պոեզիան, նմանապես կշոշափենք այդ բնագավառին վերաբերող այլ հարցեր։ Բնականաբար, կխոսենք՝ սկսելով նախ ամենասկզբից»65։

Շատ դարեր հետո Արիստոտելին շարունակում է գրականագետ Ս. Աղաբաբյանը՝ հավաստելով, որ հարցադրման ժամանակը որքան էլ փոխվի, բնույթը նույնն է. «Այսօր էլ հրապարակվող հոդվածների, ամենամյա տարեմուտներին հանձնարարվող հարցարաններին տրված պատասխանների առանցքը «...ինչ պետք է լինի արդի բանաստեղծությունը» խնդիրն է»66։

Այս ամենը խոսում է այն մասին, որ ամենագլխավորը ճշմարտացիությունն է, այն, որ մենք բնորոշում ենք «գեղարվեստական» գնահատումով։ Իսկ այդ ճշմարտացիությունը սակավաթիվ արվեստագետների մեջ է մեզ ներկայանում, հետեւապես «նա կարողացավ պատկերը ամբողջականացնել» կամ «այստեղ գրողը չհասավ իր նպատակին» եւ նման որակումները հնչում են միամիտ ու պարզունակ։ Երբ գրողը ձգտում է «կարողանալուն», նա արդեն ակամայից, անկարողության է մատնվում, որովհետեւ սովորովի կամ «մուծվող» իմաստության շղթան է բռնում, խելոքանում եւ ուսումնասիրությամբ զինվում այնքան, որ... Աստված արվեստը հեռու պահի նման խելոքներից։ Լորկայի դիտարկումը սպառիչ պատասխան ունի իր մեջ. «Այն բանաստեղծությունը, որը ներքաշված է կանոնների շրջանակում, չի կարող իսկական բանաստեղծական հուզմունք ներշնչել»։

Կարծում եմ, ավելի անսխալ կլինի աստվածատուր բանաստեղծներին, արվեստագետներին ընդհանրապես դիտել, տեսնել-հասկանալ միայն այն համաստեղությունների մեջ, ուր մտնում են աստղերը, աղբյուրները, հրաբուխները, թռչունները, լեռները, քարերը։ Եվ նրանցից յուրաքանչյուրը, յուրովի, աշխարհի Մեծ Ճշմարտության ու առեղծվածի վերարտադրությունն է՝ առանց որոշակի կանխակալության։ Խոսելով այս մասին, Սեւակը հիշեցնում է Բեռնարդ Շոուի խոսքը. «Ճշմարիտ բանաստեղծը զրուցում է ինքն իր հետ, իսկ աշխարհն ականջ է դնում»67։

Ու մինչեւ որ չգժվի գետը՝ չի խշշալու, մինչեւ որ չգժվի հրաբուխը՝ չի ժայթքելու, մինչեւ որ... Այս միտքը Սեւակի, Շիրազի, Սահյանի, մեր ժամանակի մյուս քնարերգուների մոտ տարբեր բանաձեւումներ է ծնել։

Իրավ խենթ է իմ քնարը, որ չի բախում այլ մի դուռ,
Բացի հայոց բախտի դռնից, Մասսի դռնից աստղալուր,
Բայց թե սիրտս ազգերի դեմ բանամ՝ դրախտ կբացվի,-
Ծուռ եմ, իրավ, բայց ծնվեցի որպես մի նոր Սասնա ծուռ...

Սա Հովհաննես Շիրազի խոստովանությունն է, որը վերաբերում է բոլոր նրանց, ում մեջ առկա է աստվածայինը։ Հիշենք Թումանյանին. «...Էականը ստեղծագործական ներքին կարողությունն է, կենդանի ու հզոր շունչն է. դարձյալ հին լեզվով ասենք՝ աստվածայինն է»։ Վերջապես, արվեստի, բանաստեղծության տեսական գիտելիքների շնորհիվ չէ, որ մեծ են Մեծարենցն ու Տերյանը, Թումանյանն ու Իսահակյանը, Չարենցն ու Շիրազը, Սեւակն ու Սահյանը, Էմինն ու Կապուտիկյանը, Դավթյանը։ Ամերիկյան պոեզիայի ժամանակակից խոշոր դեմքերից մեկը՝ Ռոբերտ Լոուելը բավականին հետաքրքիր մի խոստովանություն ունի։ «Երբ գրում էի «Սկունսների ժամը», ես հասկացա, որ այն ամենը, ինչ գիտեմ գրելու արվեստի մասին, սոսկ արգելք է եղել ինձ համար»68։

Յուրաքանչյուր մտածող բերում է իր խոսքը՝ ինքնատիպ ու նոր, խորապես ազգային ու համազգային։ Եվ նրանց բերած-ստեղծած արվեստի արժեքը որոշվում է առաջին հերթին նրանով, թե որքանով է կապված ազգի կենսունակության ակունքներին, նրա արյանն ու ցավին։ Մեր ազգային ցավի մեծագույն տարեգիրներից մեկը, ետչարենցյան շրջանի, եղավ Հովհաննես Շիրազը։ Բացառիկ մի դեմք, որի կերպարում ամբողջական ձեւով ներկայացավ դարը, որը, դժբախտաբար, մեր ժողովրդի պատմության մեջ աննախադեպ է ցավի ուժգնությամբ ու, դրան զուգահեռ, ազգի դիմադրողականության վերընթացով ու անկոտրելի ոգու մաքառումով։ Չարենցի ավանդները Շիրազին տանում են դեպի նոր հայտնություններ։ Գեղարվեստական պրոցեսին տոն տվողների մեջ՝ Գ. Սարյան, Գ. Մահարի, Ն. Զարյան եւ ուրիշներ, հայտնություն եղավ Շիրազի երեւան գալը։ Չարենցի դպրոցը գործում էր։ Եվ Չարենցը չէր կարող չտեսնել նոր ծնվող աստղը։ Հետաքրքիր է այս առումով Շիրազի մի հիշողությունը. «Լսել էի, որ Թումանյանի դուստրը՝ Նվարդը, Երեւանում է, հյուրանոցում, ուզեցի տեսնել, չտեսածս Թումանյանի կարոտն առնել։ Եվ ահա հոր դեմքով, հոր աչքերով Նվարդը։ Երբ իմացավ ով եմ ես, ձայնեց՝ այ տղա, մի քիչ շուտ գայիր, այստեղ էին Չարենցը եւ իրավաբան Գրիգոր Չուբարը։ Եղիշը ինձ եւ Գրիգորին ցույց տվեց, ծոցից հանելով քո երեք բանաստեղծությունը, Ալազանից էր վերցրել, արտագրել։ Մեկը Նիագարայի մասին էր։ Մեկը՝ «Հին աշխարհը չեմ տեսել»։ Մյուսը՝ չեմ հիշում։ Չարենցն ասել էր՝ այս տղան ոչ մեկիս թրի տակով չի անցնելու»։

Չարենցի գուշակումը մարգարեություն էր՝ հատուկ հանճարներին։ Ազգային ցավ ու վշտի երկունքը եղավ աննախադեպ։ Եվ կատարվում է հրաշքը։ Ցավի խորքից հառնում է անպարտելի Հայրենիքը՝ երկիր Նաիրին։ Այսինքն՝ դարի բանաստեղծության ոճն ու զարգացման ներքին դինամիկան պայմանավորվում են այն շրջադարձային իրադարձություններով, տագնապներով, խնդիրներով ու խորհուրդներով, որոնք բնորոշ են ժամանակի համար։ Բանաստեղծության հիմնական միտումներից մեկն է դառնում մարդու կերպարի մեջ հայրենիքի հավերժականության ու անհաղթելիության արժեքների որոնումն ու հաստատումը։ Սակայն, խոստովանենք, որ այս խնդրին մեր գրականագիտությունը մինչեւ հիմա մոտեցել է միակողմանիորեն՝ հայրենասիրական քնարերգության մեջ «ընդգրկելով» միայն այն երկերը, որոնք ուղղակիորեն խոսում են հայրենիքի մասին, շատ հաճախ խոսքը խարսխելով ազգային օրնամենտների վրա։ Նախ՝ եթե խոսքը ճշմարիտ արվեստին է վերաբերում, ապա բավականին նեղ է հնչում «մասին» հասկացությունը։ Գրականագետ Ս. Աղաբաբյանը ժամանակին անդրադարձել է այս խնդրին. «Բայց չարիքը ոչ թե օրացույցն է, այլ «կյանքի մասինը», «մարդու մասինը», «ժամանակի մասինը»69։ «Մասինը», իսկապես, անդամահատում է ստեղծագործությունը, արժեքազրկում այն, ոչնչացնում, քանի որ այն իրոք մատնանշում է ամբողջականության, բազմազանության ու համադրականության բացակայություն։ Հայրենիքը, դա արդեն տաղանդի աստվածային շնորհի արդյունքն է, կարող է մեզ ավելի խորը ներկայանալ ազգային բնավորության գծերի մեջ, արարքներում, ձեռնարկումներում, իրադարձությունները բնորոշող հանգամանքներում եւ այլն... չէ՞ որ երկրից աճող երգը չի կարող իր մեջ չկրել նույն այդ երկիր-հայրենիքը՝ ինչ բնավորությամբ էլ լինի։ Հայրենիքն առաջին հերթին մարդն է հայրենիքի, ժողովրդի զավակը, որի ազգային գծերով ու հատկանիշներով կերպավորվում են եւ սարը, եւ քարը, եւ աղբյուրը, ամեն ինչ։ Ասել է թե՝ ամեն տողի, խոհ ու խոկումի մեջ, անկախ թեմայից ու բովանդակությունից, «երկրի նշանները» կան։ Խոսքը, նորից ենք շեշտում, արվեստի իսկական գործերի մասին է։ Ահավասիկ, Շիրազի խոհափիլիսոփայական քերթվածքներից մեկը («Ճշմարտությունը»).

Ճշմարտությունը մի նուրբ մանուկ էր,
Օրոցքի մեջ էլ տանջեցին դարեր,
Արդարությունը մի սուրբ ծերուկ էր
Դարեր խաչեցին, խաչեցին դարեր։
                   Լեզուն կտրեցին,
                   Բայց խոսեց կրկին,
Աչքերն հանեցին, բայց էլի տեսավ,
Ձեռքերն հատեցին, բայց էլի ձեռնեց,
Առան ձին տակից, բայց էլի հասավ,
Էլի մութի մեջ մութ գործը բռնեց...
Ու էլի փրկեց անմեղ-անճարին,
Ու ես մոմ դարձա իր սուրբ տաճարին։

Շիրազով ժամանակի բանաստեղծությունը միտվեց դեպի խոհն ու իմաստասիրությունը, խորքում պահելով ներքնատար շարժման դինամիկան՝ կիրքն ու պոլեմիկան։ Բավականին բնորոշ է Ավ. Իսահակյանի տված գնահատականը՝ բնությունը նրան (Շիրազին - Վ.Հ.) օժտել է փիլիսոփայական ինտուիցիայով70։

Վերոհիշյալ քերթվածքը կարելի է համարել Հայաստանի ու հայ ժողովրդի բնավորությունը ներկայացնող լավագույն կոթողներից։ Երգի ոճն ու մտածողությունն իրարից առանձնացնել հնարավոր չէ՝ այնքան միասնական ու բնական են հնչում։ Ճշմարտությունը ներկայանում է որպես ազգային ոգի, որին ինչքան էլ խաչեն՝ մեծ ու փոքր եղեռններով, կոտորածներով, միեւնույն է, նա անմահ է, որքան էլ ձին տակից հանեն, էլի հասնում է, որքան էլ լեզուն հատեն՝ էլի խոսում է։ Եվ բանաստեղծը մոմ է դարձնում իր կյանքը ճշմարտության «սուրբ տաճարի»։ Սա խիստ ազգային, հետեւապես եւ՝ համամարդկային խնդիրներ շոշափող ստեղծագործություն է, որտեղ Շիրազը կարծես պատասխանելով իր ընդդիմախոսներին, ցույց է տալիս, թե ինչպես կարելի է նաեւ առանց անուններ տալու պատկերել, հայրենիքն ու նրա ցավը ներկայացնել, թե ինչպես կարելի է միանգամայն նոր խոսք ասել՝ հենված լինելով ժողովրդական բանահյուսության ու իմաստության վրա։

Շիրազի պատասխանը նրա աստվածային քնարն է, որը ծնում է սեր ու պատկառանք։ Ահա Սահյանի խոստովանություններից մեկը. «Շիրազին հիշելով կարեկցում ենք ինքներս մեզ... Զարմանալի ուժի տեր է։ Զարմանալի էներգիա ունի, ...առինքնող մի ուժ...»71։

Շիրազի ստեղծագործությունը հուշում է, որ արվեստի բովանդակությունն ու ձեւը անմիջական վերարտադրություն են ազգային բնավորության, առանց որի չկան ու չեն կարող լինել թե խոսքի անհատականացում, թե մտածողություն ու ոճ։ Շիրազի քնարերգությունը հայոց ազգային ցավի մեջ աճած աստվածածաղիկ է։ Եվ միանգամայն իրավացի է պարսիկ քննադատը, երբ «Բիբլիականի» մեջ ընդգծում է Հայաստանի կերպարը. «Հովհաննես Շիրազի «Բիբլիականը» հայ ժողովրդի հոգու ճիչն է, մռունչը, ժողովուրդ, որ տարիներ շարունակ անարդարացի տառապել է զազիր ու հանցագործ օտարի ճիրաններում, ճիչն է մի ժողովրդի, որը ավելի քան 1600 տարի առաջ ստեղծած եւ ցայսօր հարատեւած իր գրերով ստեղծել է գիրք, գրականություն, բարձր մշակույթ»72։

Երբ անհայտ ոգին՝ աշխարհն արարող,
Որ աստված կոչվեց դարեր ու դարեր,
Ստեղծեց երկինք, արեւ, ծով ու հող,
Ստեղծեց համայն տիեզերքը մեր,
Եվ աշխարհ բերեց բիրտ հողից մարդուն,
Բաժանեց բոլոր իր բարիքն անհուն։-
Լույսի հրճվանքը տվեց երկնքին,
Կապույտ ծիծաղը ծովին ծավալեց,
Ճերմակ ժպիտը սփռեց ձյուներին,
Վեհության խինդը լեռներին տվեց։

Իսահակյանը, կարդալով «Բիբլիականը», խոստովանեց՝ պոեմը գրված է վայրի տաղանդով։ Եվ Չարենցի «բարբարոս» գնահատականը («Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս») հիշեցնող, այս մակդիրը՝ վայրի, ամենեւին էլ պատահական բնույթ չի կրում, նրանում ընդգծվում է Շիրազի տարերքն ազգային, նրա ամենաառանձնահատուկ գիծը՝ ծռությունը, որով եւ Շիրազը մշտապես գտնվում էր աստվածատուր բարօրության վրա։ Շիրազի «Բիբլիականով» կարելի է անսխալ գծել հայոց նախաստեղծ ու հոգեւոր եւ ֆիզիկական աշխարհագրության քարտեզը։ Մեր ժամանակի խոշոր գիտնական Վ. Համբարձումյանը, արձագանքելով Վարպետին, «Բիբլիականի» մեջ եւս կարեւորում է փիլիսոփայական խորքը հայ քնարերգությանը նոր ընթացք թելադրող. «Շիրազի «Բիբլիական» պոեմը հայ գրականության մեջ անսովոր երեւույթ է, փիլիսոփայական իմաստով չափազանց խորը, նա միաժամանակ ունի բարձր գեղարվեստական գրվածքի բոլոր արժանիքները՝ Շիրազին բնորոշ պատկերների թարմությունը եւ օրիգինալությունը պահպանվում են այս պոեմում, այդպիսիք զուգակցվում են նաեւ համեմատությունների, անսպասելի հակադրությունների հետ, Շիրազը մեր սրտից է խոսում, ինչքան ազգային, այնքան համամարդկային է նա»73։

Նարեկացու, Քուչակի, Սայաթ-Նովայի ստեղծագործության ամենաբնորոշ գծերից մեկը՝ զգացմունքի պոռթկուն լավան, որ վերածվում է շարժիչ ուժի, Շիրազի մոտ դրսեւորվում է միանգամայն նոր որակով ու նոր, աննախադեպ բարձր աստիճանի վրա, որը ռիթմ է ապահովում, շարժումն ու ընթացքը՝ մտքի ու ապրումի, դարձնում դինամիկ ու վարակիչ։ Ահա. «Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ, Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս...» («Գարնանամուտ»), «Գարնան թագավոր ինձ թագադըրեմ, Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ, Որ աղբյուրները հավերժ կարկաչեն, Որ ծաղկեն լեռներն իմ արեւանիստ» («Թագադրում»)։ Սա ցայտուն արտահայտված ձեւով երեւում է բանաստեղծի եւ «Ինքներգանքում» եւ «Բիբլիականում», եւ «Ո՞րն է, բաբո»-ում, «Աչքերիս մեջ գարնան օրերում» գրեթե ամբողջ ստեղծագործության մեջ։ Տողերի ներքնատար շարժման այդ դինամիկ ընթացքը հատուկ է նաեւ Չարենցի «Սոմային», «Ամբոխները խելագարվածին», «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությանը։ Ու նման գործերի շարքն, ընդհանրապես, կարելի էր սկսել եւ Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարիով»...

Շիրազը մշտապես շարժման մեջ է պահում ժողովրդի նվիրական երազը։ Ժամանակը որքան էլ փորձի թմրության սրկսումներ կատարել հիշողության մեջ, քանի դեռ ազգի նվիրական երազը չի իրագործվել, Շիրազը մնում է գերզգայուն, բաց «ներվը» ժողովրդի, կորուսյալ երկրի, Արարատի ու Վանի ցավի կոչնակն ու զանգահարը.

Ինձ էլ բերեք Մասսի ձյունից՝ իմ հուշերի արցունքով,
Երբ կազատեք, լուրն ինձ բերեք ոչ թմբուկով, ոչ շուքով,
Քանզի սիրտս շատ է մաշվել Արարատիս կարոտից,-
Որ չմեռնեմ խնդությունից, լուրն ինձ բերեք... շշուկով։

Շիրազի մեջ ոգին է ազգային։ Նրա անհանդուրժողական ու շեշտված, անթեք վարք ու պահվածքով բնավորությունը կենսունակ է պահում բանաստեղծությունը։ Ավելին, 30-40-ական թվականների քնարերգության մեջ բուն դնող էժան ձոներգությունն ու ներբողականությունը արմատախիլ էին արվում Շիրազի սրի պես հատու պատկերավորությամբ։ Քննադատությունը բանաստեղծի արվեստի մեջ խոցելի կողմեր է փնտրում՝ «սրտացավորեն» դրանք վերացնելու նպատակով։ Շիրազին մեղադրում էին հասարակ մարդկանց հակադրվելու եւ նման այլ հարցերում։ Անդրադառնալով այդ խնդրին` Ս. Աղաբաբյանը գրում է. «Կյանքի տպավորություններն աստվածացնելու շիրազյան բանաստեղծական ուղեծրի մեջ են եւ բնությունը, եւ հայրն ու մայրը, եւ հայրենիքը՝ իր անցյալով ու ապագայով, եւ մտերմական ապրումները՝ սերն ու կարոտը, հույսն ու երազը, հուշն ու պատմությունը։ Այս ենթատեքստի մեջ պետք է կարդալ «Ես բանաստեղծ եմ - հավերժի որդի» ու նման ինքնագնահատությունները, ոչ թե վերագրել երկնային բարձրության անմատչելի կետերից «հասարակ մահկանացուներին» հակադրվողի կեցվածքը, ինչպես տարիներ շարունակ մեկնաբանել են Շիրազին»74։

Դիտողությունները գրականգիտության սահմաններն անցնում ու շատ հաճախ վերածվում էին քաղաքական մեղադրանքների, անգամ՝ մինչեւ վերջին ժամանակներս։ Եղերական ժամանակների գույները շարունակում էին «աչք կուրացնել» եւ անձի պաշտամունքի տարիներին, ու Շիրազի սիրով ու ցավով ապրող առանձին գրականագետների «քննադատությունը» հաճախ նմանվում էր անմեղ երեխային տրվող կեղծ ծեծի՝ մոր կողմից, ի տես խորհրդային բողոքավորների։ Այս առումով բավականին բնորոշ է Գ. Հայրյանի գնահատություն - խոսքը. «Հովհ. Շիրազը, իհարկե, կարող է երգել մեր քաջ նախնյաց փառքը։ Չի կարելի դատապարտել նրան, երբ երգում է Անին ու Արարատը։ Սակայն հենց այստեղ էլ բանաստեղծն աններելի «շռայլություն» է թույլ տալիս, որը, անշուշտ, կարող է ոչ ճիշտ ընկալվել»75։

Մասիս, Վանա ծով, Սիփան, Բինգյոլ, Արցախ, Նեմրութ եւ բազմաթիվ նվիրական անուններ, որոնց դիմում է Շիրազը, ոչ միայն չեն կարող ձանձրացնել (կորսված որդոց անունները մոր սրտում միշտ էլ արմատ են ձգում ու խոսում են հավերժ), այլ իրենց վրա առնելով ժամանակների տրամադրություններն ու տագնապները, խոհերն ու խնդիրները, մշտապես հանդես են գալիս նորովի։ Շիրազը քնարերգության մեջ արմատավորեց, այսպես ասած, անունների բանաստեղծությունը։ «Մասիս, Մասիս, ախ Մասիս...»։ Ամեն անգամ Մասիս անունը հանդես է գալիս նոր իմաստ ու բովանդակությամբ, փոխարինելով մեկ «կարոտ», մեկ «ափսոսանք», մեկ «մենք կազատենք քեզ», մեկ «վրեժ» բառերին։ Ի դեպ, անունների բանաստեղծությունը ավելի հստակ է արտահայտված «Սիամանթո եւ Խջեզարե» պոեմի վերջին, մշակված տարբերակում, ուր բանաստեղծը նկարագրում է, թե Աստծո լույսը ինչպես է ծնվում լեռներում, ինչպես են լեռները հպարտ մեկ-մեկու փոխանցում արեւը...

Արեւն, ահա, Վանա ծովից Ավախորիկ է ելնում,
Ավախորիկն առնում ուսին՝ Վարագա ուսն է հասնում,
Վարագն առնում ու հասնում է ծովասարի վարդ ուսին,
Ծովասարը ուսին առնում ու տալիս է Առնոսին,
Առնոսն արեւն առնում ուսին, ուսն է հանում Մարութա,
Մարութա սարն ուսին առնում, ուսն է հանում Նեմրութա,
Նեմրութա սարն ուսին առնում՝ ուսն է հանում Անդոկի,
Անդոկն արեւն առնում ուսին՝ ուսն է հանում Թոնդրակի,
Թոնդրակն առնում ու Գրգուռի ուսն է հանում ժպտալով,
Գրգուռն արեւն առնում ուսին՝ այսպես ուսեուս տալով
Սիփան սարի ուսն են հանում ու արեւը Սիփանին
Առավոտն է թագադրում, վերածնում հույսը հին...

Տարիներ շարունակ հայ գրականության համար արգելված էր «Ղարաբաղ» անունը։ Ժողովուրդների բարեկամության դեմ արված քայլ էր դիտվում այդ անվանն անդրադառնալը։ Սակայն այս ամենին բավականին բարձրից էր նայում Շիրազը, որի համար ամենագլխավորը ազգի նվիրական զգացումն է։ Եվ ահա ծնվում է «Ղարաբաղի ողբը» բանաստեղծություն-պոեմը, որը միանգամից պայթում է ժամանակի մեջ. «Ղարաբաղը մորս կանչն է, ինձ կանչում է հույսով, տրտում, Ղարաբաղը իմ կակաչն է, կարմիր, բայց սեւ ունի իր սրտում»։ «Շիրազը,- գրում է Լեւոն-Զավեն Սյուրմելյանը,- սփյուռքին մեջ խորհրդահայ ամենաժողովրդական եւ սիրված բանաստեղծն է, հուզիչ կապ է մեր եւ մեր հայրենիքի ժողովրդին մեջ, նրա ձայնը սփյուռքում սրտեր կգրավե եւ մեզ կխրախուսե, որ շարունակենք երազել, որ Արարատեն եւ Վանա լճեն եւ լուռ պատմական Հայաստանեն չհրաժարվինք։ Տարբեր լարեր կան անոր քնարին վրա, թե՛ աշուղական, թե՛ քնարական, թե՛ փիլիսոփայական եւ նկարագրով էլ, որպես մարդ, նա հրաբխային բանաստեղծ է»76։

Բանաստեղծությունը Շիրազով գնում է դեպի իր մեծ ու հիմնական, նաեւ՝ նախնական, առաքելությունը՝ ասել ճշմարտությունը. «Ես մի մազ էլ սուտ չեմ խոսի՝ գլխիս ոսկի թագ էլ դնեն»։ Ոչ միայն ասել, այլեւ պայթել հրաբուխով։ Բնական է, որ Շիրազը պիտի ոչ միայն ասեր, այլեւ հանդես գար որպես ժողովրդական տրամադրությունների ժայթքում ու բնորոշ արտահայտություն, չէ՞ որ Աստված նրան է ժառանգել Սասունցի Դավթի Թուր-Կեծակին, որով նա հայոց մշտագո Ավարայր դաշտն է մտնում։ Շիրազը մշտապես պեղում է երեւույթի խորքերը ու միշտ էլ գտնում է անգտնելին.

-Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք.
-Է՛ն, որ ունի բարձր երկինք,
Է՛ն, որ ունի ամպ ու արեւ՝
Յուր թագարժան գլխու վերեւ։
Է՛ն, որ ունի լեռն Արագած՝
Հայ թագուհու զմրուխտ հագած,
Որ կսպասե իր արքային,
Արքան՝ գերի այլոց գահին։
Է՛ն, որ տեսքով իր Սեւանի,
Մազերն արձակ ու գեղանի՝
Լացող հարսի կնմանի,
Որ կսպասե ողջ ազգովին
Իր մեծաքույր Վանա ծովին։
Էն, որ ունի աշխարհի թագ՝
Քանց թագավոր՝ Մասիս ճերմակ,
Ճերմակ Մասիս՝ սիրտը մրմուռ,
Գլուխը վեր՝ դրախտի դուռ։
Էն, որ ունի Մասիսն ի վար
Հին-հին բերդեր, վանքեր մթար,
Որ ավերակ, բայց դեռ դարեր
Լուռ կաղոթեն երկինքն ի վեր,
Էն, որ ունի Արազ, Տղմուտ,
Եվ ափերը մամռոտ ու մութ
Գերեզմաններն են պապերուդ...
Մատուռներն են հայոց ոգուդ,
Է՛ն, որ Ղազբեկն ու Արագած՝
Արտերու մեջ՝ ախպեր կանգնած՝
Ձեռ կզարնեն գինով թասին
Ու կձենեն մեր Մասիսին,
Թե՝ «Հե՜յ, բաբո, բավ չէ՞ մենակ
Պանդուխտ մնաս ամպերու տակ...»։

Խորանալ առարկայի ու երեւույթների մեջ՝ գնալով դեպի նրա կրկնակիության, բազմակիության, անթիվության հայտնաբերումը։ Սա Շիրազի քնարերգության էական գծերից է, նորարարական գյուտ, որը արդի բանաստեղծության զարգացման հիմնական սկզբունքներից մեկն է դարձել։ Եվ այդ սկզբունքը ելակետային նշանակություն ունի, որովհետեւ գրականության մեջ հաճախ ծավալվող «ոտանավորչությունը» տանում է դեպի ետ։ Շիրազը ոչ միայն առարկան պատկերելիս չի կարեւորում այն, այլեւ հայտնաբերում է նորից ու նորից՝ ամենաանսպասելի եզրերից։ «-Որն է, բաբո, մեր հայրենիք» անմեղ հարցադրման մեջ ամբողջական ողբերգությունն է ազգի, ծվատված հայրենիքի ավեր, ավարի պատկերներ են հառնում արյանդ հիշողության մեջ, բացվում է ժամանակի հոգեբանության ամենաանտանելի ծալքը։ Տողը գրեթե չի երեւում կարոտի ու ձգտման զգացմունքների, հույզերի, մարդկային խորը ապրումների ենթատեքստերում։ Մի հատիկ հարցի մեջ նկատվում է մի ամբողջ դարաշրջան՝ հայրենիքի կորստյան ու վերհառնումի տագնապ ու խինդով։ «Էն, որ ունի բարձր երկինք» պատկերում բարձրը դառնում է հասցե։ «Ո՞րն է, բաբո» ստեղծագործությունը այսպես է գնահատել Ռ. Զարյանը. «Սա բանաստեղծություն չէ, այլ քանդակագործության մի կատարյալ խաչքար, որն իր քարացած ձեւերի մեջ վերստեղծում է հայոց աշխարհի պատկերը»։ Հասցե են դառնում արեւն ու ամպը, բերդն ու վանքը... Բանաստեղծի ներկապնակի գույները ժողովրդական ցավի ակունքներից են եւ, բնականաբար, նրա արձակած հրովարտակների էությունն են կազմում գարունն ու լույսը («Թագադրում»)։ Հոգեբանական պատճառաբանությունը առկա է յուրաքանչյուր բառի մեջ, որի խորքում դեռ անթաքույց տագնապ կա՝ չլինի՞ նորից վտանգվեն աղբյուրի կարկաչը, լեռների ծաղկավորումը, կյանքը։ Եվ Շիրազն արձակում է հրովարտակն իր. «Եվ, Հրովարտակ արձակեմ մի խիստ, որ աղբյուրները հավերժ կարկաչեն... Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան»։ Արշալույսների ծիրանին հագած բանաստեղծը, ազգային ցավի մեջ կանգնած, համամարդկային խնդիրներ է առաջադրում, շռայլ, անսահման բարի, բոլորանվեր ոգու բարեմասնություններով ու վեհությամբ, նկարելով իր հնամյա երկիր-հայրենիքը։ Էլ որտե՞ղ պետք է այնքան բուռն ու անզուսպ լինի ազատության, լույսի ու խաղաղության, գարնան կարոտը, որքան որ բանաստեղծի երկրում տանջված «հայրենիքում արնաներկ»։ Բանաստեղծի ապրումի ու տրամադրության մեջ շիկանում է խոսքը, ռիթմը վերածվում է իմաստի, բառերի ու պատկերների հրավառությունը դառնում է արյան շարժում ու վարք։ Եղեռնից ու բազմաթիվ աղետներից փրկված ազգի ոգեւորությունը սահմաններ չի ճանաչում «Գարնանամուտի» մեջ, ավետումը փրկարարության շունչ ունի զորեղ։

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր։
-Ի՜նչ թարմություն,- ասացին,-ի՜նչ թարմություն,- ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով...
Երկե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռների,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Եվ ընթերցողն անմիջապես ջոկում-տարբերում է, որ գարուն բերող այդ անհատն անպայման մեծ դրամա է ապրել, անցել է արհավիրքներով դաժան եւ, անշուշտ, Սասնա ծռերից է եւ գալիս է «խելագարված ամբոխների միջից՝ բոլորովին նոր ու ինքնատիպ։ Սասնա Դավիթը զարկում է թշնամուն եւ ժողովուրդն ազատում գերությունից։ Շիրազը, իրականության վրա խարսխելով երեւույթը ժողովրդական, հասնում է տիեզարական խորհրդի բացմանը՝ տառապյալին լույս մեկնելով։ Եվ քերթվածքի մեջ գարնան ավետումին զուգահեռ, առանց խոսք ու բառի, Շիրազը փակում է դռները անցյալվող ձմեռվա ու մահաբեր բքի վրա, ահա բերկրանք, որից ավելի է դառնում վարարուն գարունքվա խինդը։ Բանաստեղծի կառույցը խարսխվում է ամուր հողի վրա, եւ նրա նյութը աննյութեղեն է, նա հոգու ճարտարապետ է ի սկզբանե։ «Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է,- գրում է Ս. Աղաբաբյանը,- այլեւ բանաստեղծության գերազանց կառուցող - ճարտարապետ։ Թվում էր, թե Շիրազի պես անմիջական եւ հախուռն տարերքի տեր բանաստեղծը չպետք էր լիներ այդքան ռեալիստ ու «հավասարակշռված»՝ բանաստեղծությունները ճարտարապետելիս։ Այնինչ, նրա բանաստեղծությունները զգացմունքի, մտքի, կառուցվածքի սքանչելի համադրույթներ են։ Այնքան շատ են, որ դժվարանում ես մեկ առ մեկ հիշատակել Շիրազի բանաստեղծական այն կառուցվածքները, որոնք կարող են դառնալ ազգային պոեզիայի անթոլոգիաների, քրեստոմատիաների, ծաղկաքաղերի, ընտիր էջերի «մշտական բնակիչները»77։

Այստեղ, հասկանալի է, Աղաբաբյանի օգտագործած «ճարտարապետելիս» արտահայտությունը պիտի ընկալել բառի ամենաբուն արարչական իմաստով, քանզի Շիրազի ճարտարապետելը նման է ժայռի ճարտարապետելուն՝ երբ նրանից ծաղիկ է ծնվում։ Սա ոչ միայն Աղաբաբյանի, այլեւ Շիրազի գեղագիտության ելակետն է։ Իմ արխիվում սրբորեն պահվում է մեծ բանաստեղծի անտիպ գործերից մեկը, որը նա 1965թ. հասցեագրել է ինձ.

Բանաստեղծը պիտի ծնվի,
Ծնկածն հանք է՝ պիտի հանվի։
Միակ հերոսն աշխարհի մեջ
Բանաստեղծն է խորունկ ու պերճ։
Բայց նա հանք է՝ պիտի հանվի,
Ինչպես ժայռից ծաղիկ ծնվի...

Այս բանաստեղծության գեղարվեստական արժեքի մասին չէ, որ ուզում եմ նշել, այլ՝ Շիրազի ըմբռնումների ու մոտեցումների։ Բանաստեղծը գտնում է, որ արգելված ճշմարտությունն ասելն է հենց խիզախությունը։ Կարեւորելով պոետի հայրենապահպանության գործն ու դերը, Շիրազը առաջադրում է գեղագիտական իր դավանանքը. «Միակ հերոսն աշխարհի մեջ բանաստեղծն է խորունկ ու պերճ»։

Շիրազի գեղագիտության վերջնակետը հանգեցնում է անառարկելի ճշմարտության, այն է՝ բանաստեղծությունը անբացատրելի է78։

Շիրազը երկյուղածությամբ է վերաբերվում ամեն բառի, որովհետեւ «Իմ թագը խոսքն է իմ հայրենի, որ միշտ իմ գլխից վեր եմ պահել»...

Ատոմային դարը կարիք ունի խոսքի հակիրճության։ Եվ սեղմությունն ու դինամիկ, հագեցված ասելիքը բանաստեղծությանը հուշում են նոր միտում։ Հայրենական պատերազմի տարիներին ծնվում է Շիրազի «Էքսպրոմտը», որը հեղինակն իրավացիորեն համարում է պոեմ՝ նկատի առնելով նրա բովանդակային վիթխարի կշիռը։

Ահա այն ամբողջությամբ.

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ։
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ։

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ։

«Մենք» ու «դուքը» դադարում են «մենք» ու «դուք» լինելուց, դրանց փոխարինում են արդարությունն ու անարդարությունը, խաղաղությունն ու պատերազմը, բարին ու չարը եւ բանաստեղծության գաղափարական բովանդակության սահմաններն ավելի են ընդլայնվում, ընդհանուր ցավը բարձրացնելով համամարդկային խնդիրների մակարդակի («Որքան խորացան հայոց վերքերը՝ Այնքան խոր ցավ են հայոց երգերը»)։ Շիրազի ամբողջ ստեղծագործությունը հուշում է այսպիսի մի ճշմարտություն՝ իսկական արվեստը, դա անխառն հայրենասիրություն է, ոգու սխրանք։ Հետեւապես թեման պատերազմական լինի թե սիրային, ավարտուն գործի մեջ միշտ էլ կարելի է տեսնել ազգային գծերի ու հատկանիշների, պատմության առանձնահատկությունների վերարտադրությունը։ Ահա թե ինչու Շիրազի ստեղծագործություններում հայրենիքը ներկայացվում է նաեւ մոր կերպարի մեջ՝ այնքան ցայտուն ու հստակ գույներով։ Հայրենիք-մայր հարաբերության մասին այսպես է արտահայտվել Ավ. Իսահակյանը՝ հայրենիքը, այդ մայրն է,- նրա սար ու ձորը մայրական դիմագծերն են, ով չի սիրում իր մորը, նա չի սիրում իր հայրենիքը եւ ընդհակառակը, ոչ չի սիրում մայրենի լեզուն, նա չի սիրում մոր խոսքը։ Բանաստեղծն ու հայրենիքը Շիրազի մեջ միշտ անբաժանելի-միասնական են։ Մայրերգությունը մեր քնարերգության մեջ սկզբնավորվեց Ս. Շահազիզի «Երազով», «Երազից» սերվեցին Վարպետի երգերը, ապա աշխարհ եկան Շիրազի անզուգական մայրերգության էջերը։ Ահա թե ինչ է գրում Էմինը. «Սնված ու զորացած Ավետիք Իսահակյանի՝ մորը նվիրված չքնաղ երգերով, նա բյուրեղացրեց եւ մի նոր բարձրության հասցրեց հայ քնարերգության համար սուրբ ավանդություն դարձած այդ նյութը, ստեղծելով մեր նոր պոեզիայի մեջ մոր պաշտամունքը եւ մայրական սիրույն նվիրված այնպիսի գողտրիկ բանաստեղծություններ, որոնք պատիվ կբերեին ոչ միայն մեր, այլեւ՝ ցանկացած ժողովրդի գրականությանը։ ...Քչերն են այնքան խորն զգացել ու այնքան կենդանի ու մարդկայնորեն արտահայտել մեր դարավոր ու նոր հայրենիքի եւ ժողովրդի ոգին ու բախտն այնպես, ինչպես Հովհաննես Շիրազը, եւ այն էլ՝ ժողովրդի համարյա բոլոր խավերին հասկանալի ու մատչելի ձեւով...»79։

Մայրական երգերի մեջ ու մայրական երգերով Շիրազը քավարան է տանում ամբողջ աշխարհը։ Դա նկատելիորեն ընդգծված է հատկապես «Ձյուն է իջնում» քերթվածքի մեջ, ուր «հրեշտակի թեւերից» թափվող սպիտակ փետուրները հիշեցնում են «Գարնանամուտի» շուշանները ձյունաթույր.

Այնպես մեղմիկ է դնում
Աստված փաթիլ փաթիլին,
Որ չցավի՝ ողջ կյանքում
Մորս ցաված սիրտը հին։

Փաթիլվում է մեղմաձյուն,
Մարմարվում է մեղմաբար,
Աստված ինքն է ստեղծում
Մորս վրա շիրմաքար։

Հայրենիքի նվիրական «անունների բանաստեղծությունը», «հույսի դուռ», «մատուռ», «օրորոց», «ամրոց» եւ խորհրդանշական այլ բառերի ու պատկերների մեջ խորանալով, նոր որակ է ձեռք բերում, Շիրազի շնչով շիկացած բառը դառնում է ոչ միայն հասցե, այլ նաեւ իմաստային անուն, հայրենի տուն ու եզերք։ «Շիրազի համար,- գրում է Ս. Աթաբեկյանը,- հայրենիք հասկացությունը վերացական չէ, այն սկսվում է հայրենի տան բակից, մանուշակից, սիրած աղջկանից ու մորից։ Այս տարիների նրա քնարերգության միջով անցնում է գաղափարական այն գիծը, ըստ որի` եթե այսքան գեղեցիկ են հայրենի հողն ու մարդը, ապա դրանց բախտի ու փրկության համար պայքարը դառնում է օդի չափ անհրաժեշտ ու բնական»80։

Շիրազին ընթերցելիս զգում ես նաեւ շարժումը նրա չասվող մտքերի ու զգացումների, աչքերիդ առաջ կանգնում է իր մորից վերքը թաքցնող ու սրտաբաց ժպտացող մարդը։ Հառնում է տիեզերական իմաստնությունը՝ բոլորս մահից առաջ միամիտ-միամիտ ծիծաղող անմեղ երեխաներ ենք. «Մենք դարդի մեջ, չգիտեինք դարդն ինչ էր»։ Բոլոր ազնվարյուն բանաստեղծներն ազգային ցավի զավակներ են։

Խիստ անհատականացված է նաեւ մեր ազգային վիշտը, առանց որի ճանապարհ չկա ասես մեզ համար, քանի որ «Ցավն է հաճախ առաջ մղում»,- ինչպես գրում է Սեւակը։

Բոլորովին նոր աշխարհ է, նոր Հայաստան է հայտնաբերում Հայաստանի մեջ Պարույր Սեւակը։ Նա ըմբոստացավ «նոր կյանքի» միգամածության ու խաբկանքի դեմ՝ ընդվզումի իր երգով.

Ոչ մի ժամանակ,
Ոչ մի ժամանակ
Մենք այնպես մենակ ու մենիկ չէինք,
Ինչպես որ հիմա,
Երբ միասին ենք բոլորս առավել,
Քան թե որեւէ ուրիշ ժամանակ...

Որքան էլ միասնականության ոգին՝ անտրոհելի, այնուամենայնիվ չդավանած գաղափարների դրոշակակիր - ֆիլիստերը՝ թե Չարենցի, թե Սեւակի օրոք սողանցքներ էր փնտրում, շատ հաճախ ստեղծում, իբրեւ թե հանուն վերազգային ինչ-որ կարեւոր սկզբունքի ու անվստահության, մատնության, խաբրբզիկության տեղիք տվող պայմաններ ապահովում, իրարից օտարում մարդկանց, առանձին դեպքերում՝ նաեւ անհատականությունների, ջուրը պղտորում վարպետորեն։ Որպեսզի սերմը չգժվի ու ծիլ չդառնա, նրան «խելոք» պահելու աննախադեպ «գիտությունը» լավ էր սերտել խորհրդային կարգը՝ բովել սերմը, նոր միայն հողին պահ տալ։ Այստեղից էլ՝ «մենակ ու մենիկ» մնալու զգացումը, որ չնայած ավելացնում է աշխարհում փականների թիվը մեկով եւս («Եղիցի լույսը» երկար ժամանակ վաճառքի չէր հանվում), բայց եւ պատեր ու պատնեշներ է փլում։ Եվ բանաստեղծությունը միտվում է դեպի ըմբոստությունը՝ ամենատարբեր ուղիներով, անգամ այնպիսի մի հեգնախառն ճշմարտությամբ, ինչպիսին մեզ ներկայանում է հետեւյալ տողերում. «Պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»։

Սեւակը հայրենիքը պեղում-հայտնաբերում է իր իսկ արյան բաղադրատարրերում, եւ նա երբեք չի հեռանում մորեմերկ ճշմարտությունից՝ անընդունելության աստիճանի իր ընդունելի ուղղամտությամբ ու անկեղծությամբ։ Խոսքը տանում է այնպիսի մի անմիջականության, որ արյան ռիթմը վերածվում է բառերի, ներբողական ժանրին տալիս է նոր հմայք ու հուն։ Ասածիս լավագույն առհավատչյաններից մեկը «Հայաստանն» է, բանաստեղծություն, որի յուրաքանչյուր բառի մեջ խոսում է ոչ միայն ցավոտ, այլեւ արնածոր մի սիրտ.

Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան -
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան։

Ոճն անգամ իր մեջ պարունակում է մտքեր ու գաղափարներ, որ հեղինակը չասելով է ասում, սիրո անչափելի զգացումին հավասարազորում կրած տառապանքի խորությունը։ Սեւակն այստեղ ավելի շատ գույների է դիմում, քան բառերի, գրիչը վրձնում է պարզապես. «Դու՝ նետ, նիզակ, մկան կոպիտ, Դու՝ հայրենի ծիրանի ծուխ, Դու՝ անգիր վեպ, դու՝ Սասնա ծուռ...»։ Մեր խոսքը կոնկրետացնելու համար ասենք, որ Սեւակի - հայոց քերթողական արվեստում - ամենամեծ նորարարություններից մեկը բառի աշխարհագրական, պատմական, հոգեբանական, տրամաբանական ու տրամադրական եւ այլ իմաստների անհամեմատ ընդլայնումն է խորքի հաշվին, դրանով իսկ նրա ներքին դինամիկային նոր ուժ հաղորդելը։ Զգացումը բառ առ բառ տանում է դեպի արարչական կիրք, եւ տեսնում ես պատկեր-կերպարը այն անհատի, որը հոգու ամենատեսանելի խորքում դրամա է ապրում՝ որքան տխուր է այս ուրախ մարդը։ Սա հայրենասիրություն չէ բառի սովորական իմաստով, սա նույն Սասնա ծուռ Դավթի նետած ձեռնոցն է ժամանակին՝ «Կենդանի եմ, մին էլ արի»։ Եվ Սեւակը ձեռք է մեկնում Աստծուն, Հայաստանը համարելով «Արդարության ահեղ ատյան, սրի պատյան, սիրո մատյան»... Իհարկե, թող ներվի, եթե իմ խոսքի տոնում Սեւակ բացատրելու միտում է նկատվում, որովհետեւ Սեւակն, իսկապես, անբացատրելի է, ես պարզապես փորձում եմ պարզել ժամանակի ընթացքի ու հոսանքի դեմ մաքառող նրա բանաստեղծության առանձին յուրահատկություններ, որոնցից մեկն էլ մեր դարի հայ բանաստեղծությանը ելակետային սկզբունքներ թելադրող միտումն է՝ հայրենիք երգել առանց հայրենիք երգելու... Այսինքն չպիտի մոռանանք, որ (ձոնելու, ներբողելու ժամանակ անգամ) գովելու լավագույն ձեւերից մեկն էլ չգովելն է։ Սա լավ կհասկանան նրանք, ովքեր, ինչպես բանաստեղծն է նշում, «գրականությունը մաշկով են զգում», «ոչ թե դեղատոմսով», ովքեր «գրականության զարգացման օրենքները հասկանում են «նյարդային բարձրագույն համակարգով»81։

Սեւակը դարի բանաստեղծը լինելուց, առաջ «զավակն է դժվար դարի», նրա երգի ծիրը այն բարձրակետի վրա է, «որտեղից երեւում է ողջ երկրագունդը, ողջ մարդկությունը»։ Սա նրա «սովորած» ամենամեծ դասն է նորարարական. «...դասականներից պետք է սովորել, բայց առաջին հերթին պետք է սովորել նրանց նորարարական խեւությունը»։ Եվ «խեւերի» թիվը հասցնում է... ամբոխների։

Ի՞նչ խոստանամ.
Եթե լեռ եմ՝ դաշտ չեմ դառնա,
Ոխերիմ եմ՝ հաշտ չեմ դառնա,
Թե սրբության ավազան եմ՝
Ինչ լվացքի - եւ խմորի տաշտ չեմ դառնա...
                                                   («Խոստովանում եմ»)

Սեւակը նկարագրում-ներկայացնում, երբեմն էլ (թող՝ ներվի) աչք խոթելու աստիճան «տեսցնում» է առարկան, առանց անունը տալու, քեզ շնորհելով նախաստեղծության ակունքներում կանգնած՝ առաջին մարդու վսեմ հաճույք-հրճվանքը՝ ցավով աշխարհի երեւույթները անվանակոչելու բախտը։ Շրջասությունը (պերիֆրազ) նրա զարկերակային համակարգի ամենաբնորշ գծերից մեկն է։ Եվ ոչ միայն բանաստեղծն ինքը, այլեւ ընթերցողը մշտապես մնում է որոնման մեջ, անընդհատ տնտղում է, գտածի մեջ նորից ու կրկին փնտրում է։ Սեւակն ասում է. «Արվեստի բնագավառ մտնել եւ չփնտրելը նույնն է, ինչ որսի գնալ ու շուրջը չնայել։ Բայց ամեն դեպքում կարեւորը որսածն է եւ ոչ թե շուրջը նայելը, ինչպես որ կարեւորը գտնելն է, ոչ թե փնտրելը»82։

Զարգացնելով Սեւակի միտքը` ավելացնենք, կարեւորը ճշմարտությունն է, ով որոնում է, ճիշտը նա է, ով կարծում է, թե գտել է՝ նա սխալվում է։

Հայրենիքն անընդհատ վերակերտվում-վերակերպավորվում է Սեւակի բառի մեջ։ Եվ բանաստեղծն այն կավագործն է դառնում, որն իր ամեն ստեղծագործության մեջ անընդհատ վերակերտում է ինքն իրեն՝ ձգտելով անվերջ կատարելության։ Սեւակի մոտ բոլոր սերմերը բուսած են մի արմատի վրա, բոլոր սերմերը մի սերմ են մեծ, անընդգրկելի, անսահման, նախաստեղծ։ Արեւելյան մի հին իմաստնություն կա (Արանյակ), ըստ որի` սերմի սերմը ստեղծագործելն է, ստեղծագործության սերմը սիրտն է, սրտի սերմը միտքը։ Սեւակի մտքի յուրաքանչյուր ճառագման մեջ, հիրավի, մեծ ու անպարփակ սիրտ կա։ «Չկա ավելի խոր զգացում,- գրում է Սեւակը,- քան հայրենասիրությունը։ Եվ սխալվում էին հները, կարծելով, թե «սերը կույր է»։ Համենայնդեպս, չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրենիքն է հարուցում, այն էլ մի այնպիսի հայրենիք, որպիսին մերն է։ Սա կարիք չունի այն սիրույն, որ գործում է կույր հավատի օրենքով։ Նա արժանի է այն սիրույն, որ ենթակա է ըմբռնողության օրենքներին»83։

«Այն էլ այնպիսի մի հայրենիք»...
Ախ, իմ հայրենիք...
Դու՝
                          Հազարամյա իմ ազգանունը,
Ես -
                          այնպես ապրել կարողանայի,
Որ ինձ ազգանուն բաշխելուդ համար
Դու երբեւիցե անհարմար չզգաս...
Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։
Ախ, երանի թե ես այնպես մեռնեմ,
Որ դու... ինձ սգաս։

Այս ելակետի վրա էլ Սեւակի բանաստեղծական խոսքը անհատականացվում է՝ ոչ թե նետի մեծությամբ, այլ նշանի ահագնությամբ (Չարենց)։ Չարենցյան մտքի սլացումը տանում է դեպի սեւակյան հայտնությունը. սլաքի սուրանկյան նշագլխիկը կոխելով՝ թվաբանորեն մտածելը քիչ է, պիտի մտածել հանրահաշվորեն։ Այսինքն, ըստ Սեւակի, արդի բանաստեղծությունը զվարթ գիտություն է։ Դրա մեջ բանաստեղծը տեսնում է «դարի հրամայականը, թելադրանքը ժամանակաշրջանի, պատկերը 20-րդ դարի մարդու։ Պատվերը։ Եվ պահանջը։ Պարտադրյալ պահանջ»84։

Իհարկե, «պատվեր», «պահանջ» բառերը չպետք է ուղղակիորեն հասկանալ, իսկ ինչ վերաբերում է «զվարթ գիտությանը», ապա գեղագիտական այս դիտարկման մեջ Սեւակը հակասում է ինքն իրեն՝ ամենից առաջ այնտեղ, ուր «դեղատոմս» է առաջարկում, մանավանդ, որ նա մեզանում գոնե «հոգու դիալեկտիկայի» հայտնաբերողներից մեկն է բանաստեղծության խնդրում։ Այս խնդրի վերաբերյալ ինքնատիպ իր մոտեցումն է արտահայտել Վահագն Դավթյանը. «Բանաստեղծության դաս, այո, հնարավոր չէ վարել, որովհետեւ դա մի «դաս» է, որ մարդ ծննդով իր հոգում բերում կամ չի բերում։ Բացի այդ, հնարավոր է դաս տալ միայն այն առարկայից, որ հիմնավորապես եւ ճշգրտորեն գիտեն։ Մինչդեռ ես, ավաղ, այսքան տարի բանաստեղծության հետ գործ ունենալով, միայն մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանաստեղծությունը։ Եվ ոչ միայն ես։ Բազում բանաստեղծներ, գիտնականներ, տեսաբաններ, այդ նույն հարցին մեկը մեկից տարբեր, հաճախ իրար լրացնող, երբեմն էլ իրար հակասող ու բացասող պատասխաններ են տվել։ Թեեւ հները բանաստեղծությունը «զվարթ գիտություն» են անվանել, բայց գիտությունը բանաձեւեր, սահմանումներ, օրենքներ է ունենում։ Մինչդեռ ինձ մինչեւ հիմա հայտնի չէ որեւէ բանաձեւ կամ սահմանում, որ սպառիչ կերպով բնորոշի այն երեւույթը, որ բանաստեղծություն է կոչվում»85։

Գեղագիտական սկզբունքների շարադրման առումով բացառիկ նշանակության գործ է Պարույր Սեւակի «Հանուն եւ ընդդեմ «ռեալիզմի նախահիմքերի» հոդվածը, ուր գրողի դիտարկումները գիտական-գրական պայքարի, խորքով են տրված ու իմացությամբ, վերլուծություններն ու հետեւություններն այնքա՜ն հագեցած են փաստական նյութով, որ տարակարծության տեղ չի մնում։ Սեւակը ոչ միայն գրականության, այլեւ քնարերգության մեջ առաջին հերթին դիմում է չարենցյան «ախտահանության» սկզբունքին, մերժելով հանցավոր ու չափավոր կաղապարվածությունը, քափի ու փրփուրի չափաբերականը, գանգրահեր բառերի վաճառականությունը, առաջադրում «անբանաստեղծական բանաստեղծության» տեսությունը, առանց որի` անխուսափելի են ուշացումն ու մակարդակի կորուստն ընդհանուր զգացումից։ «...Չուշանալը մեր ազգային դիմանկարի կարեւոր գծերից մեկն է, մեր նկարագրի բարեխառնությունը, մեր հոգեհատակը։ «Չուշանալ, ետ չմնալ,- այս պիտի լինի ամեն մի հայի նշանանաբանը՝ ինչ գործի տեր էլ որ լինի։ Ով-ով, բայց մենք իրավունք չունենք շփոթել մակերես եւ մակարդակ բառերը։ Մենք պիտի չլինենք մակերեսի վրա (չենք էլ կարողանում), բայց մենք պարտավոր ենք միշտ լինել մակարդակի վրա համաշխարհային»86։

Սա է Պարույր Սեւակի դիտակետը, որտեղից էլ նա մեզ ներկայացնում է իր աշխարհը։ Հայրենիքի սերը, եթե տողը գրվում է կենդանի արյամբ, հայտնության պես, ամենամեծ երեւում է մտքի ու ձգտումի բոլոր դրսեւորումներում, հանդես գալով աննկատելիորեն, որպես մակարդակի պայմանն առաջին։ Սեւակյան քնարերգության առանձնահատկություններից մեկը հենց այն է, որ նա առանց առարկան նշելու` խորքը բացում է, առանց երեւույթը ընդգծելու` էությունը հասու է դարձնում քեզ։ Շիրազի մոտ հակառակ գործողությունն է։ Շիրազը տալիս է երեւույթի կամ առարկայի անունը, նոր միայն այդ երեւույթի կամ առարկայի «բացումը կատարում» միանգամայն անսպասելի ու անակնկալային ելակետերով, տեսադիրքից։ Շիրազը տրամադրությունից է գնում դեպի տրամաբանությունը։ Սեւակը, ընդհակառակը` տրամաբանությունից է գնում դեպի տրամադրությունը։ Եվ, անկախ թեմատիկ բաժանումներից, երկու մեծերն էլ իրենց ստեղծագործության մեջ թեմատիկ բաժանումներ չունեն, նրանց քնարի մի լարն անգամ բազմաթիվ ներքին լարեր ունի։ Շիրազն ասում է.

Միշտ կանգուն պահիր, աստված իմ հավերժ,
Կամարներն անուշ մորս հոնքերի,
Դայլայլուն պահիր խնդրածն իմ հավերժ,
Սոխակներն անուշ մորս շուրթերի...

Սեւակն ասում է.

...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող-լվացք անող,
Անվերջ դատող - անվերջ բանող
                                         այս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
                                         խաս ձեռքերը։

Որքան իրար մոտ, հազար այդքան էլ հեռու իրարից. եւ հետաքրքրությունն էլ երկու աշխարհների հանդեպ սկսվում է հենց «Ճամփաբաժնից»։ Սեւակը առաջադրում է բանաստեղծության զարգացման իր ըմբռնումը՝ տրամաբանությունը տրամդրական պիտի լինի, տրամադրությունը՝ տրամաբանական։ Սա, անշուշտ, բոլոր ժամանակների համար, կարծում եմ, ընդունելի տեսակետ է, որից չի հրաժարվի անգամ «խորհուրդ չընդունող ապագայի երգը»...

Ջրերի լեզուն ասես ինձ համար
Կիսով սովորած օտար լեզու է.
                           Ինչ էլ որ ասեն՝
                           Հասկանում եմ լավ,
                           Բայց պատասխանել
                           Չեմ կարողանում...
                                             («Ջրերի լեզուն»)

Շիրազից հետո ու Շիրազի հետ գրեթե հանդես եկած սերնդի մեջ (Էմին, Սահյան, Կապուտիկյան, Դավթյան, Մարգարյան, Հր. Հովհաննիսյան) Սեւակը առանձնանում է մեկ այլ հատկանիշով եւս, որը խորություն է տալիս տողին. դա համադրական տարրերի անհամեմատելի մեծ ընդգրկումներն են նրա արվեստի մեջ եւ զգացումի առնականությունը, պոռթկուն կրքի բերրիությունը, որոնք, ի վերջո, քաղաքացիական նկարագրի արտահայտություններ են դառնում։ Հայրենական պատերազմն իրական հողի վրա ավելի ամրապնդեց սերնդի խոհն ու մտածումը։ «Անմահները հրամայում են» գրքի հենց վերնագիրը մտածողության առանձին հատկանիշներ է պարունակում իր մեջ, որոնք հետագայում պիտի ծավալվեին «Նորից քեզ հետ»-ով, գային ու հասնեին ափի մեջ կանգնած մարդուն, խորանային «Եղիցի լույսում» աստվածաշնչյան։ Սեւակը սերմի փոխարեն երբեք քարեր չի ցանում իր բացած ակոսների մեջ, իսկ եթե քարեր էլ է ցանում, ապա այնպես, որ դրանք եւս ծլեն։ Նա դավանելով Չարենցի «Տողերն, ինչպես ցուլեր մերձավորման ժամին» բանաձեւ-սկզբունքին, գտնում է, որ բանաստեղծական խոսքը պիտի անպայման ծլունակ լինի, պարզապես ամեն ինչ կվերածվի զգայախաբության։ Սա բանաստեղծական վերընթացի միտում է դարձել այսօր։ Տաղանդի առկայության դեպքում այստեղ տարօրինակ ոչինչ չկա, ամեն ինչ բնական է, եւ զուր չէ Սեւակի կողմից մեր հիշողության մեջ շեշտադրվում ֆիզիկայի հայրերից մեկի՝ Նիլս Բորի ճշմարտությունը. «Արդյո՞ք բավականաչափ խելացնոր է սույն տեսությունը, որպեսզի կարողանա լինել ճշմարիտ»87։

Եվ միանգամայն օրինաչափ է, որ «Անլռելի զանգակատուն», «Դարակեսի հիմնը», «Եղիցի լույս» հնչեցնողը հենց նույն Սեւակն է։ Սեւակի պոեզիային ժամանակին տրված գնահատումի խոսքերում առանձնանում են Էդուարդաս Մեժելայտիսի տողերը, ուր ներկայացվում են ոչ թե միայն Սեւակն ու նրա ստեղծած արժեքները, այլեւ հստակորեն շոշափվում են այն սկզբունքներն ու արվեստի զարգացման օրինաչափությունները, որոնք Սեւակով արմատավորվեցին մերդարյա բանաստեղծության մեջ։ Ահավասիկ. «Աշխարհում ոչ մի բան օտար չի նրան, ամեն ինչ նրան հուզում է, ամեն ինչ կարեւոր է ու մոտիկ։ Նրա քնարերգության մեջ դժվար չէ նկատել գենետիկական ազդակները, որ գալիս են հանճարեղ Նարեկացու փիլիսոփայական խորհրդածություններից, Սայաթ-Նովայի եւ հայկական միջնադարի մյուս մեծ քնարերգուների տաղերից, ինչպես նաեւ Եղիշե Չարենցի նորարարական ստեղծագործությունից։ Բայց այնտեղ հնչում են նաեւ Պուշկինի բանաստեղծական քնարի լարերը, զգացվում է Ուիթմենի բանաստեղծական ազատությունը, տրիբուն Մայակովսկու հասարակական ավանդույթների եւ Ռիլկեի մտորումների ազդեցությունը։ Ոսկու այդ հատիկները նա վերաձուլել է իր լաբորատորիայում, ստանալով բավականին ինքնատիպ բանաստեղծական մի ձուլվածք։ Նա, ինչպես ասել է Պոլ Էլյուարը, մեկ մարդու հորիզոնից գնում է դեպի բոլոր մարդկանց հորիզոնը։ Պարույր Սեւակը, հայկական բանաստեղծական խոսքի համար ճանապարհ հարթելով դեպի լայն աշխարհ, շարունակեց իր նախորդների ավանդույթները»88։

Այո, շարունակեց «Նախորդների ավանդույթները» ժխտելով դրանք սեւակավարի, որովհետեւ նման ժխտումի մեջ են միայն հաստատումն ու ինքնահաստատումը, սկիզբը նորարարության։ Իհարկե, այստեղ ավելորդ չեմ համարում զգուշացնել (ինչպես Սեւակը կասեր) - ժխտելն ու անտեսելը միանգամայն տարբեր հասկացություններ են։ Սեւակը ոչ միայն հեռու է անտեսելուց, այլ դրա մեջ տեսնում է մահն արվեստի, որովհետեւ «աստծո քարտուղարի» բեռը ի ծնե ստանձնած քնարերգուի համար ամենակարեւորը տեսնելն է։ Մանավանդ՝ տեսնել այն, ինչ միայն դու կարող ես տեսնել եւ որը, առանց քո հայացքի, այդպես էլ կմնա հավերժ չտեսնված։

Պարույր Սեւակի հայացքն անսահման մեծ է ու խորը։ Սեւակն ասում է. «Ամեն մարդ ունի նայվածք։ Բայց արվեստագետը նաեւ այն է, որ ունի նաեւ հայացք (այս բառի փիլիսոփայական իմաստով), մի հայացք, որ պիտի նետած լինի ոչ միայն աշխարհի վրա, այլեւ իր կերած հացի, որքան մարդկության ճակատագրի տարրերի վրա, նույնքան էլ փողոցային ցուցանակների։ Իսկ ով ունի այդ հայացքը, արդեն փնտրում է ոչ թե կյանք, այլ կյանքի իմաստ։ Նման մեկն արդեն չի կարող չհասկանալ` ոչ թե գրողն է ստեղծում իր խնդիրը, այլ խնդիրն է ստեղծում իր գրողին»89։

Տեսնել, ըստ Սեւակի, նշանակում է բացել։ Իսկ դրա համար ներքին լույս է հարկավոր, աստվածատուր ճառագայթ, որով հնարավոր լինի ամենախորը ընդերքներում պեղումներ կատարել։ Պարույր Սեւակի ներքին լույսի էներգիայի աղբյուրը հայրենիքն է։ Հայրենիքը նրա տեսողությունն է, որ դարերի պատնեշներով էլ թափանցել ու «ոչ ու փուչ» աշխարհին կարգադրական ներկայացնել գիտե մաքրագործության («Աշխարհին մաքրություն է պետք»), հայրենիքի հայացքի մեջ լուծված-տարրալուծված է Սեւակի հայացքը։ Այստեղից էլ՝ բարձր, անասելի սուր, սեւակյան դիտողականությունը։

Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն», «Եվ այր մի՝ Մաշտոց անուն», «Եռաձայն պատարագ» պոեմները ժամանակի գեղարվեստական մտածողության ամենաբնորոշ գծերի, դարի տագնապների ու տիեզերական վշտի խտացումներ են։ Արդի բանաստեղծության հավերժական ինքնորոնման հայտեր։ «Անբանաստեղծական բանաստեղծությամբ» է Սեւակը գնում դեպի ճշմարիտ բանաստեղծությունը։ Մինչեւ այսօր էլ գրականագիտությունը հաճախ է արժեքի կշռաչափ դարձնում «պոետական» եւ «ոչ պոետական» արտահայտությունները։ Ի՞նչ է նշանակում, վերջապես, «պոետական չէ»։ Խոսելով Սեւակի ստեղծագործության մասին, գրականագետ Ս. Սողոմոնյանը գրում է. «Նրա համար չկան պոետական եւ ոչ պոետական բառեր։ Այնպիսի անպատշաճ թվացող գործածություններ, ինչպիսիք են՝ ուղեղի հանգստյան օր, համառոտ անդրավարտիք, քաղվածքի պես նեղ, ազնվության անձնագիր, ուրախության գործակատար, առողջ ծիծաղի կրպակ, հարբուխի ընկած չափ, կուրծքը շքանշանների պաստառ, չափածո տեղեկանք եւ այլն,- ոտանավորի մեջ չեն մտնում որպես խորթ, արտառոց տարրեր, այլ մերվում են ընդհանուր հյուսվածքի հետ եւ հնչում որպես արտահայտիչ պատկերներ»90։

Արդի հայ բանաստեղծությանն առանձնահատուկ շարժումներից մեկը հենց պատրաստի կաղապարների թոթափումն է, բաց դաշտ դուրս գալն, ինչպես ասում են։ Եվ Սեւակի «բարդագրությունը» մեր քերթողական արվեստի մեջ ամենաշատը ուղղված է «հարթագրության» հաղթահարմանը եւ, որ ամենագլխավորն է, «մարդագրության» արմատավորմանը։ Սեւակը զգացումը բանաստեղծության մեջ բարձրացրեց բանականության մակարդակի եւ, ինքնահաստատումով, հայրենիքի սիրո սահմանները անսահմանության տարավ` ճանաչելով ըմբռնելիության օրենքները։ Սեւակը մարդուն երգեց որպես Աստծո անձեռակերտ տաճարի։ Սեւակի մարդերգությունը, կարճ ասած, նրա հայրենասիրությունն է, բանաստեղծը հայրենիքի դրաման ներկայացնում է անհատի դրամայի մեջ, մարդկային հատկանիշներում (սիրում եմ, հավատում եմ, մերժում եմ, հրաժարվում եմ, բողոքում-ընդվզում եմ, հաստատում-ընդունում եմ եւ այլն, եւ այլն), ազգային դիմագծեր է հայտնաբերում, կերպարի ամբողջացման ուղիով հասնում ազգային պատկերման, ժողովրդի պատմությունը գեղարվեստորեն տարեգրում «դժվար դարի զավակի նկարագրի մեջ։ Այդ մասին են խոսում «Եվ այր մի...», «Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ» եւ մյուս ստեղծագործությունները։ Ահավասիկ («Անլռելի զանգակատուն»).

Բառե՛րը... եղուկ։ Իսկ ձա՜յնը... զուլալ,
Այդպես լեռնային վտակն է կարող
Քարերի վրա ծիծաղել ու լալ։
Բառե՛րը... եղուկ։ Իսկ ձա՜յնը... գերող,
Մերթ բողոքում է ու գանգատ անում,
Մերթ դառնում այնպես վսեմ ու բարի,
Կարծես հինավուրց այս Մայր տաճարի
Երկինք խոյացած զանգակատնում
Կախել են մի նո՛ր - անլեզվակ մի զանգ՝
Մի համակ հուզանք...

Մի փոքրիկ հատված էլ մեջբերենք «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմից.

Նրանք ծնվում են իրենց ծնողի անօգնությունից,
Որպեսզի դառնան նոր զորեղություն։
Նրանք ծնվում են ինչ-որ հանճարեղ մի հոգնությունից,
Որպեսզի դառնան հանճարեղություն։
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե վերջը մի տեղ դառնում է սկիզբ։
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
թե հրաշք չկա,
Կա միայն կարիք։
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
ուր վերջանում է ամեն մի հնար...

Երկու գործերում էլ ժողովրդի պատմությունը տարեգրվում է խոշոր անհատների կենսագրության մեջ. ազգային ճակատագրի կրողներն են ազգի մեծերը, որոնք «Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած», նրանք ծնվում են ճիշտ ժամանակին եւ առաջ անցնում ժամանակից։ Որի համար էլ նույն այդ ժամանակը չի ներում նրանց։ «Անլռելիի» մեջ Սեւակը տրամաբանության է գնում՝ շիկացած զգացումից բխեցնելով իր քայլը, մի հատկանիշ, որով, ընդհանրապես, բանաստեղծի ստեղծագործության մեջ առանձնանում է այդ պոեմը, պատկերավորումը թելադրում է նոր իրավիճակներ հոգեբանորեն եւ գեղարվեստորեն նախապատճառաբանված, բառը դառնում է պահի ամբողջական պատկերի վերարտադրությունը, խախտելով անգամ «պոեզիան խոսքի արվեստ է» օրենքի հիմքերը։ Սեւակի պոեմը ոճի եւ պոետիկայի ներքին աղերսներ ունի Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը» վիպասքի հետ, առավել ընդգծված է երեւում դա հատկապես այն հատվածներում, ուր Սեւակը դիմում է ռեմինիսցենցիաների, չնայած, իհարկե, ասելիքի եւ գաղափարի առումով, դրանք իրարից բավականին հեռու երկեր են։ Երկու դեպքերում էլ հեղինակները հենվել են ժողովրդական բանահյուսության վրա։

Մի ուրիշ հանգամանք եւս, որ ուզում եմ շեշտել։ Սեւակի ցավերգության մեջ կա նաեւ «զվարթ լուսերգություն», որը հատուկ է սովորաբար մեծ վիշտ ապրած անհատներին ու տառապյալներին։ Դա մի յուրօրինակ լավատեսություն է, որ բխում է աննկարագրելի արհավիրքներով անցած ժողովրդի հոգուց.

Ընդունիր դու՜, դո՛ւ՝ մեր երգի
Մշտահնչուն նվագարան.
Ընդունիր դո՛ւ՝ մեր ցաքուցիր
Մասունքների հավաքարար,
Դու՝ խաղերի մեր քերական,
Դու՝ հոգեւոր մեր շարական.
Դու՝ սրբազան մի ավազան,
Որ մեր հոգին ախտահանեց.
Դու՝ բիբլիական մի գավազան,
Ուր որ դիպավ՝ աղբյուր հանեց.
Դու մեր կարոտ ու մեր մորմոք,
                                Մեր տաղի քուրմ,
                                Մեր խաղի մոգ,
Մեր մշտահունչ ու մշտարթուն,
Անլռելի զանգակատուն...

Եվ անլռելիության գաղտնիքն էլ մշտարթունության մեջ է։ Զույգ ոտքերով վշտի ու ցավի մեջ կանգնած մարդն է, որ մղված է լավատեսության։ Վերջապես, քնարերգությունն ինքը հենց լավատեսություն է՝ անգամ եթե հոռետեսություն է «երգվում»։ Արդի բանաստեղծության ընթացքին հատուկ միտում է սա։

Ժամանակակից բանաստեղծության նվաճումներից պիտի հաշվել առարկայականից երեւույթի տրամաբանական, ներքին պատկերին անցնելը։ Ահավասիկ. «Ես իմ մթին-մթին կարոտն այնպես գիտեմ, ինչպես կույրը գիտի բնակարանն իր հին» (Սեւակ)։ Կամ՝ մեկ ուրիշ օրինակ։ Բայց կյանքի փշոտ շարժուձեւերից, ինչպես կեռերից, Կախված ճոճվում են Ու մեզ են կանչում ագահ ըղձանքներ։

Բայց կյանքի փշոտ շարժուձեւերից, ինչպես կեռերից,
Կախված ճոճվում են
Կարկատանները մեր ծվատ հոգու...
                                                      («Ագահության գինը»)

Բովանդակությունը հուշում է նոր ձեւ. կաղապարներն ու օրենքները տեղիք են տալիս, եւ օրինախախտությունը դառնում է օրինաչափություն, զարգացման պայման ու ելագիծ։

Թե Չարենցը, թե Սեւակը զարմանալի նման են իրենց ճակատագրով. երկուսի մեջ էլ ազգային ցավի ու ողբերգության արտահայտությունը ինքնատիպ լուծումներ ունեցավ, երկուսն էլ ապրեցին ծանր դրամա՝ բախվելով ժամանակի կաղապարներին ու պարտադրված գաղափարներին, երկուսն էլ չընկրկեցին դարի խոշտանգումների առաջ եւ հյուսեցին իրենց կարապի երգը («Գիրք ճանապարհի», «Եղիցի լույս»), երկուսի ժողովածուներն էլ փականքի տակ դրվեցին, երկու գրքերն էլ դարձան դարի առաջին եւ երկրորդ կեսերի հայ բանաստեղծության զարգացման ուղենիշներ։ Հայրենիքը, ինչպես Չարենցի, Շիրազի, այդպես էլ Սեւակի համար ոչ թե թեմա է, այլ ճակատագիր ու գոյավիճակ, եւ նրա պոեզիայով մեր գրականության մեջ արմատավորված սկզբունքները գործում են հարաճուն ներշնչանքով։ Սեւակի ստեղծագործության գնահատումների մեջ ուրույն տեղ ունի Յուննա Մորիցի խոսքը. նա նշում է, որ Սեւակն իր բանաստեղծական համաստեղությունը ստեղծում է ինքն իրենից եւ ապա շարունակում. «Այժմ այդ համաստեղությունը լիցքավորված է նրա մտքով ու հոգեւոր կամքով եւ առավել ուժգին է ազդում մեր մշակույթի եղանակի վրա, քան այն ժամանակ, երբ Պարույրը կենդանի էր ու երիտասարդ»91։

Հայ քնարերգության ամենահետաքրքիր էջերից մեկը ստեղծեց Սիլվա Կապուտիկյանը, որի ստեղծագործությունը, ցավոք, ամենից քիչ ուսումնասիրվածներից է մեզանում։

Ի՞նչ նոր թեմաներ, խնդիրներ ու հարցեր արծարծեց Կապուտիկյանը, ինչո՞վ նա հարստացրեց մեր քնարերգությունը։ Բանաստեղծուհու հայտնությունները պայմանավորվում են առաջին հերթին ոչ թե թեմատիկ նորույթներով (հայրենիք, սեր, բնություն երգում են բոլորը), այլ աշխարհի երեւույթների ինքնատիպ մեկնություններով. ամենամաշված թեման անգամ Կապուտիկյանի պոեզիայում վերակենդանանում ու բացվում է անսպասելի եզրերից ու անկյուններից, սրտաշարժ անակնկալներով, խորքով։ Եվ «Դեպի խորքը լեռան» վերնագիրը, որը կրում է բանաստեղծուհու ժողովածուներից մեկը, խիստ բնութագրական է նրա ամբողջ ստեղծագործության համար եւ չափածո (նաեւ՝ մանկական), եւ արձակ։ Մինչեւ Ս. Կապուտիկյանի հանդես գալը, հայրենիքի թեման այնքան ուրույն մեկնություններ ու արծարծումներ է ունեցել հարուստ մեր քնարերգության մեջ, որ, թվում էր, նոր խոսք ասելն այդ ասպարեզում կլիներ գրեթե անհնարին, բայց այստեղ էլ խոսում է տաղանդը, նրա ինքնատիպությունը։ «Կապուտիկյանի գրական դիմանկարը,- գրում է Էդ. Ջրբաշյանը,- անհնար է պատկերացնել առանց նրա հայրենասիրական բանաստեղծությունների, որոնց մեջ յուրովի բեկվել են մեր ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագայի հեռանկարները։ Ուղղակի ասենք. հայ բանաստեղծի համար շատ դժվար է նոր խոսք ասել հայրենիքի մասին, նոր տեսանկյունից մոտենալ այն թեմային, որը քաղաքացիական եւ գեղարվեստական վիթխարի ուժով մարմնավորվել է մեծ ստեղծագործական անհատականությունների կողմից...»92։

Գրականությունն, ընդհանրապես, ունի դաժան մի օրենք, որն օրենք էլ չէ, եթե կուզեք, այլ Աստծո միջամտություն։ Երբ գրողը կանխամտածված մտադրությամբ դիմում է որեւէ գործի կամ թեմայի, դատապարտվում է ձախության, որովհետեւ ժպիտ ու ցավ չի լինում, տառապանք ու երկունք չի լինում։ Հետեւապես, հայրենիքը ճշմարիտ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի համար չէր կարող լինել թեմա, որովհետեւ նա բնական ու բնատուր ներքին մղումով գնում է, սկսած առաջին քայլից («Իմ շռայլ աշխարհ»), դեպի անհայտ խորքերի պեղումը. Էվերեստից բարձր լեռները՝ «երկնի աստղերին պատվանդան դարձած», իրենց վրա պահում են պապերի հայացքը, դրանով իսկ սրբացած են եւ դեպի իրենց ներքին, չբացված շերտեր են քաշում բանաստեղծուհուն՝ էությունը պարզելու։ Հնադարյան ժամանակներից մինչեւ 20-րդ դարի սկիզբը մեր հայրենասիրական քնարերգությունը միտված է հիմնականում ներբողային խոստովանության, բացառություն կարող են կազմել Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Զեյթունյան երգերը», որտեղ հեղինակը փոքր-ինչ նովելային տարրեր է մտցնում իր ձայնի մեջ ու քերթվածքը տանում դեպի հոգեվիճակի խորություն, առաջին պլանի վրա պահելով դրամատիկ պահերի ու անցքերի ներհյուս շղթան։ Այս առումով, ամբողջության մեջ, նոր երեւույթ է մեր քնարերգության մեջ Պարույր Սեւակի քնարերգությունը՝ թե՛ որպես ազգային, թե որպես համամարդկային բարձր արժեք։ Ահա մի քանի տող բանաստեղծի «Եռաձայն պատարագից».

Երեսին ժպիտ՝ դիմակ չհանվող
եւ ձեռքն մեկնում ու ձեռք է սեղմում։
Ու ես չեմ կարող կամաց չգոչել,
-Սեղմելուց առաջ դուք ստուգեցեք
                                  նրանց ձեռքերը։
Դուք ստուգեցեք նրանց ձեռքերը
                                  եւ... հիմա նույնիսկ,
կես հարյուրամյակ անցնելուց հետո,
Նրանց խնամված եղունգների տակ
դարձյալ կտեսնեք... լերդացած արյուն...

Բարձր դրամատիզմով են հագեցած նաեւ Հովհ. Շիրազի «Ո՞րն է, բաբո» քերթվածքը, «Հայոց Դանթեականը», «Բիբլիականը»։ Տաղանդի ամենագլխավոր հատկանիշը, եթե կարելի է այսպես ասել, դա խիզախումն է, համարձակ ընդվզումը։ Ժամանակը ամուր արգելափակոց էր դրել նաեւ մտքի ու զգացմունքի ճանապարհներին, սփյուռքահայության կամ կորսված հայրենիքի անունն արգելված էր։ Սակայն դա, բնականաբար, ոչ մի նշանակություն չուներ ճշմարիտ արվեստագետների ու ժողովրդի ազնվարյուն զավակների համար, որովհետեւ նրանք ոչ միայն պարտադրված կամ պարտադրվող գաղափարների, այլեւ հարազատ հայրենիքի արյան ընթացքի ու շարժման տարեգիրներն են։ Եվ ծնվում է Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը, որի արձագանքը թե՛ մեր հայրենիքում, թե՛ սփյուռքում շատ բան է ասում։ Չարենցի կալանքի տակ առնված «Պատգամից» հետո, Սիլվա Կապուտիկյանը նոր պատգամով է շիկացնում հայոց երկինքը.

-Լսի՛ր, որդի՛ս, պատգամ որպես
Սիրող քո մոր խոսքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզուն հազարագանձ։
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
Եվ Մեսրոպի սուրբ հանճարով,
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հու՛յս, դարձել դրո՛շ,
Պահել երթը մեր՝ անաղարտ...

Կապուտիկյանի ոգին չի «բանաստեղծում», արարում է, հոսում է, թռչում է, ծաղկածիլվում է բնականոն մի ընթացքով, ձայնը կարկաչում-շնկշնկում է «Այս գարնան հետ, այս ծաղկունքի, Այս թռչնակի, այս առվակի»։ Առաջին իսկ տողերից ծնունդ է առնում մի ներդաշնակություն, որի խորքում, սակայն, դարերի ցավ ու տագնապ կա անթեղված, բանաստեղծությանը տալիս աննախադեպ անմիջականության սլացք։ Հնչողության մեջ ասես համբուրվում - գուրգուրվում-սիրվում են ոսկեղենիկ բառ ու տառերը. «սրբազան», «մասունք», «հաղորդություն», «հայկյան», «գիր ու մագաղաթ», «ալեհեր», «Արարատ» եւ այլն։ Եվ դա հասկանալի է՝ սիրո խոսք է ասվում մանկիկին, որի լեզուն նոր է բացվում, եւ այդ սիրո խոսքը հազար ու մի Ավարայրով ու արհավիրքներով անցած, զտարյուն զգացմունքի ապրում ու վերապրում է, որից եզրակացնում է ընթերցողը՝ բառը իր հիշողությունը չի կորցնում ճշմարիտ արվեստի մեջ, չի կորցնում իր կենսագրությունն ու պատմությունը, դառնում է, ընդհակառակը, ավելի դինամիկ.

Ու տե՛ս, որդի՛ս, ո՛ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքիցդ հանես,
Քո մայր լեզուն չմոռանաս...

Կապուտիկյանից շատ տարիներ առաջ հայ մանկան թոթով լեզվի վրա հնչեց «Ազատությունը» (Մ. Նալբանդյան)։ Եթե Նալբանդյանի խոսքում մարտիկի ձայնն է, ապա Կապուտիկյանի խոսքի մեջ մոր ճիչն է՝ Դու պաշտպանիր կրծքով նրան, ինչպես մորդ կպաշտպանես, թե սուր քաշեն մորդ վրա։ Կապուտիկյանը ոչ թե խոսում է հայրենիքի մասին կամ հայրենիքի անունից, այլ իր մեջ ամբողջականացնում է Մայր-Հայրենիքի կերպարը։ Եվ հենց այստեղ էլ ամուր, աներեր հիմքի վրա է աճում նրա անմիջականությունը, հարստանում դրամատիկ այն շեշտերով, որոնք իմաստավորում են բառն ու տողը։ Կապուտիկյանը գրականության մեջ նոր ծիր է բացում «Խոսք իմ որդուն» բանաստեղծությամբ՝ բերելով այնպիսի մի սրատեսություն, որով կարելի է «Չլացող աչքի արցունքը տեսնել», մի այնպիսի լսողություն, որով կարելի է «Լսել խոսքերը՝ տակավին չասված», մի այնպիսի իմաստություն, որով կարելի է «Կանչող ծառերի լեզուն հասկանալ» («Երգ երգոց»)։

Թե իմանայիք, ինչ անբռնելի
Վայրկյաններից է իմ երգը ծնվել,
Ինչ անթեւավոր հանդիպումներից
Թեւեր է առել ու հյուսվել է վեր։

Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծական բնութագրի, ստեղծագործության ամենաառանձնահատուկ կողմերի՝ «ծայրաստիճան անկեղծություն ու անմիջականություն, քաղաքացիական ակտիվ ու անհանգիստ դիրքորոշում, մտքի ու զգացմունքի, հոգու նրբության ու առնականության բնական միաձուլում» (Էդ. Ջրբաշյան), անդրադարձը դարի քնարերգության վրա բավականին նպաստավոր եղավ։ Չէ՞ որ մեր ժողովրդի պատմության դասը մշտապես հուշում է՝ լռելու իմաստնությունը կործանարար է այնքան, որքան բարեբեր է «թեթեւ ու խեւ բառերի խաղը»։ Եվ վերջապես, հազարամյակներ շարունակ, ծնված օրից, երկխոսության մեջ ենք Մայր-Հայրենիքի հետ։ Մենք խոսում ու մենք պատասխանում ենք՝ մեր ու մեր հայրենիքի անունից։ Սիլվա Կապուտիկյանի ձայնի մեջ հնչեցվեց Մայր-Հայրենիքի խոսքը՝ մայրական գորովով, խիստ սիրով, հորդորով։ Եվ օրինաչափ է, որ Մայր Հայաստանի լուսե կերպարը վեհորեն կրող բանաստեղծուհու մեջ - առկա նրա բոլոր գործերում -պիտի մշտապես տեսանելի լինի ու նրանից անբաժան մի անխառն զգացում, որ ունենում են միայն մայրերը, մի զգացում, որ մեկ բառով կոչվում է տագնապ, հայ տագնապ, անկախ նրանից, թե այդ հայը որտեղ է ապրում՝ Նյու Յորքում, Փարիզում, Սինգապուրում, Լիբանանում, Արցախում, Երեւանում։ Այդ տագնապն է, որով շրշում է «Հայոց բարդին».

Ձգվում է վեր, որ բարձրանա, որ գլուխը մի կերպ հանի
Քար ու ժայռից ու երեւա, ու երեւա Երեւանին,
Ասի՝ նայիր, եղել եմ, կամ ու կլինեմ, ինչ էլ լինի,
Դու հավատա, լեռներից վեր, քարից կարծր է հայոց բարդին...

Ասում են՝ եթե մայրը սիրում, կարոտի խոսքեր է ասում հանդիպած ջահելներին, դրանով իսկ նա իր կորուսյալների դարձն է փափագում։ Թող ներվի՝ նման համեմատության համար, Սիլվա Կապուտիկյանի տողերում անգամ (բարեկամության, խորհրդային ազգերի եղբայրության եւ այլնի մասին) մշտապես ներկա է հայի մեծ տագնապն ու «կորուստների դարձը փափագող» մոր սուգն ու բաղձանքը, որովհետեւ նա երբեք «ուրիշ վայրում» չի կանգնում, չի գտնվում, նրա մշտական վայրը իր իսկ դիրքն է՝ Մասիսի առաջ, հայոց ցավի մեջ, մեծ բաղձանքը՝ սրտում։ Ու պատահական չէ ամենեւին էլ, որ հայացքն ուր ուղղում է, տեսնում է իր երկրի ու հողի անկորնչելի ապագան։ Սա է բանաստեղծի դավանանքը, սկզբունքը անթեքելի։ Այս ելակետից է բխում նրա անհանգստությունը, որը փիլիսոփայական խորը ընդհանրացումների է տանում հատկապես «Արարատյան համանվագում»։ Եվ քաղաքացիական ակտիվությունը վերաճում է էության.

Թշնամու դիմաց շիփ-շիտակ կանգնող,
Թխսամոր նման՝ իր որդիներին թեւի տակ առնող,
Փոքրիկ, բայց համառ հայ մանուկների սիրտը կա իմ մեջ,
Նրանց ցասումը, նրանց կորովը։

Սիլվա Կապուտիկյանի պոեզիայում ապրում-շնչում է («Իմ ակունքները») մեծ սիրտ, մեծ հոգի, անսահման հոգի, որը խիստ հայկական բնույթ ունի, որով առանձնանում են Թումանյանից մինչեւ Սահյան ու Սեւակ բոլոր մեծերը։ Դա, անշուշտ, ամենատառապյալ, անասելի շատ զրկանքներ կրած ժողովրդին է հատուկ։ Մեր քնարերգության համար դա դարձել է ազգային հատկանիշ։ Խիղճը կորցրած աշխարհի ճանապարհները ներբաններով մաշող հայի մեջ է պատարագվում դարձյալ խիղճը. «Փողոցում մի կին լալիս էր անզոր» («Կանգնեցեք, մարդիկ»)։

Տարիներ շարունակ Արցախական աշխարհը մոռացված էր գրական ստեղծագործություններում։ Ընդվզում էր պետք ու սխրանք այդ «թեմային» դիմելու համար։ Եվ ահա ծնվում է Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը՝ «Ղարաբաղի բարբառը»։

Ժայռի նման է այս հին բարբառը,
Ժայռի պես կոշտ է, չհղկված,
Ու ժայռի պես էլ կարծր է, համառ է,
Չի պոկի նրան ոչ մի հարված,
Շուրթերի վրա այնպես է բառը,
Ինչպես որ ժայռն է հողում խրված

...

Այս տողերի մեջ նորից ու կրկին «հազար տարիների» մեջ անթեղված կապուտիկյանական հզոր շունչ-տագնապն է, որը շեշտվում է «Չի պոկի նրան ոչ մի հարված» հավատամքով։ Ազգի ցավով ապրող մտածողի ու գեղագետի արյան վերուվարումներից չէր կարող դուրս մնալ Արցախը։ Եվ հենց այստեղ էլ ու այս կերպով ուժգնանում է պոլեմիկան, գուշակությունները վերածվում են մարգարեությունների։ «Բոլոր մեծ բանաստեղծները մարգարեներ են նաեւ»93։

Հետաքրքիր անցումներ ու խորքային ծալքեր ունի Սիլվա Կապուտիկյանի մայրերգությունը, որտեղ պարզ ընդգծվում է խոսքի զգացմունքայնության այն նախնականությունը, որը հատուկ է բանաստեղծուհու գրեթե բոլոր երգերին։ Ընթերցողն այստեղ եւս նոր խոսքի էր սպասում. մայր-հայրենիքի երգերը մարմնավորող բանաստեղծուհին ի՞նչ գույներով կներկայացնի մորը։ Իսկ Կապուտիկյանը ոչ թե ներկայացնում, այլ ներկայանում է.

Նոր բողբոջած ուռին ջահել հասակիդ
Օրորոցիս վրա թեքված՝ ծերացավ.
Դու չուզեցիր ուրիշ մի սեր, ուրիշ խինդ
Աղբյուր լինի քո ճյուղերին չորացած...

Խոսելով Սիլվա Կապուտիկյանի ստեղծած գեղագիտական արժեքների եւ նրա քնարերգության մեջ հիմնավորված սկզբունքների մասին, Վահագն Դավթյանը նշել է. «Սրտով է ապրում բանաստեղծուհին, լեցուն սրտով, եւ այդ սրտից է «թել-թել ձգվում» տողը... Թել-թել ձգվել են տողերը, հյուսվել, դարձել բանաստեղծական մի ամբողջություն, մի գեղեցիկ հարստություն։ Բանաստեղծական բարձր կուլտուրան, սրտի ու մտքի ազնիվ աշխատանքն են տվել նրան այդ գեղեցկությունը, միտք, որ մարդկային երջանկությամբ, սիրով, տագնապով ու ցավով է բաբախում... Իսկ այդպիսի սրտի զարկերը մոտ ու հասկանալի են շատ ու շատ սրտերի։ Եվ դրանից էլ այն մեծ արձագանքը, որ ունի Սիլվա Կապուտիկյանի պոեզիան»94։

Համոզիչ է մեկնությունը՝ իսկապես մոտ ու հարազատ են նրա երգերը շատ ու շատ սրտերի։ Եվ այդ շատերի մեջ են նաեւ օտարազգիները, որոնք հենց Սիլվա Կապուտիկյանի երգով դառնում են հարազատներ։ Ոչ թե կեղծ, պարտադրովի խորհրդային «բարեկամ», այլ իսկական հարազատներից մեկն էլ Մարիա Պետրովիխն է, որի մասին գրվածը նույնպես, ինչպես նշել ենք վերեւում, Հայաստան է ներկայացնում ու հարենիք։

                                                              Մարիա Պետրովիխին
Սիրտս լիքն է, դուռ գտնելու ո՞ւմ տանեմ,
Նոր երգերս խոր մեկնելու ո՞ւմ տանեմ,
Ախ, միայն դու լալ գիտեիր հայերեն,
Արցունքներս թարգմանելու ո՞ւմ տանեմ։

Սակայն կա մի պահ, երբ ատամները պինդ սեղմած ու դառն տանջանքն ու տագնապը տանող հայ կնոջ բնավորության ամրությունն ու աննկունությունը, դիմացկունությունը, ի վերջո, վերածվում են յուրատեսակ քնքշության ու խոնարհության։ Արցունքն անգամ արճիճի գնդիկներ է դառնում՝ թշնամու դեմ։ Եղեռն տեսած ժողովրդի ճակատագիրը արարման է կոչում։ Եվ Մասիսի տեսքով աշխարհի առաջ հառնում է «հայ տիրամայրը՝ բյուր զնդաններից վերստին ելած», անկորնչելի։

Չէ՞ որ իմ կենաց խորհրդանիշը
Եղել է ու կա ու հար կլինի
Լյառն Արարատը,
Այն Արարատը, որ աշխարհային ջրհեղեղից ետ
Իր վրա պահեց Նոյան տապանը...

Ցավի մեջ՝ հպարտություն. «Մայրը ապակիով ճեղքել է մատը Եվ իր արյունով մանկանը սնել...»։ Այսպես է ներկայանում մեր քնարերգության տիրամայր Սիլվա Կապուտիկյանը, դարձյալ ու վերստին իր կերպարի մեջ թանձրացնելով բիբլիական ցավին զուգահեռ սրբագործվող ու աճող բիբլիական ոգին։ Մոր սիրտը մշտապես անհանգիստ է լինում, եւ ամենաառաջինն է զգում վտանգն այն, որ սպասում է տակավին՝ եթե անգամ նա յոթ սար ու ձոր հեռու է գտնվում։ Սիլվա Կապուտիկյանն աստվածային ի՞նչ միջոցներով է կարողանում հայրենյաց դստեր եւ մոր զգացումները ներկայացնել միասնական, անտրոհելի՝ դժվար դարի ռիթմերում։ Եվ ո՞րն է դրա ակունքը.

Հայաստան աշխարհ,
Դու այստեղ եղար,
Եվ դրա համար մենք քեզ սիրեցինք
Ոչ հարազատի հանդարտիկ սիրով,
Այլ՝ սիրածի պես, սիրահարի պես.
Ցավոտ, ցավախառն
Երազով, լույսով, երգող տխրությամբ
Մերթ խռովելով,
Մերթ հաշտվելով,
Քո գրկում անգամ քեզ կարոտելով,
Քեզ կորցնելու ահից տագնապած,
Քեզ ունենալու խինդից՝ երջանիկ,
Եվ բախտիդ համար անվերջ, ամեն պահ
                                                         մեռնել-ապրելով։
                                                           («Մեր սերը»)

Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործական առանձնահատկությունները ներքնատար շարժումներով կապված են ոչ միայն քսաներորդ, այլեւ բազմադարյա մեր պոեզիայի ամենաոսկեղեն երազների հետ, նրանք տանում են դեպի ազգի գոյաբանական ու իմացաբանական, թերեւես, մինչեւ վերջ չբացահայտված ոլորտներ։ Եվ իր սերնդակիցների մեջ այդ ամենով խիստ առանձնանում է նա։ Իսկ ինչ վերաբերում է Կապուտիկյանի սերնդին, ապա պիտի խոստովանել, որ այն, իրոք, անկրկնելի է։ Այդ սերնդի ցայտուն դեմքերից է Գեւորգ Էմինը։ Նրա ստեղծագործությունը, անշուշտ, նորություն է մեր գրականության համար։ Ինքը՝ բանաստեղծը մեր ամենանորարարներից ու ամենաավանդապահներից է։ Եթե դարի գրականագետներն ու գեղագետները շարունակում են «գլուխ ջարդել» հին հարցի մեկնաբանման համար՝ հույզն է առաջնային, թե՞ միտքը, ապա Էմինը կանգնում է միանգամայն այլ գծի վրա. ինչո՞ւ միտքն ու հույզն այնքան ներդաշնակ ու համախառն չլինեն, որ դեռ առաջնության հարց էլ ծագի, իսկ եթե, այնուամենայնիվ, հարց էլ ծագում է, ապա առաջնությունը երկուսինն է՝ մտքինը ու հույզինը, միաժամանակ, առանց մեկի` մյուսն առաջնային չի կարող լինել։ Տարիներ շարունակ գրականագիտությունը հակված էր Էմինի մեջ տեսնել միայն բանական մտքի ակտիվ առկայություն, մինչդեռ դա քնարերգության էմինյան առանձնահատկությունների անտեսումն էր առաջին հերթին։ Ժխտելով ավանդները՝ Էմինը հաստատեց դրանք նորարարական իր քնարերգությամբ` մեր բազմադարյա բանաստեղծությունը մի հսկայական քայլով մղելով առաջ։ Նա «ախտահանության» տարավ առաջին հերթին գեղարվեստական մտածողությունը, հրաժարվելով «վարդ ու սոխակի» եւ բանաստեղծական համարվող այլ թեմաներից, հաստատեց նյութի թարմության իր սկզբունքը։ Սեւակից առաջ էլ (ու Սեւակի հետ միասին) ընդունելով «անբանաստեղծական բանաստեղծության» դրույթը, քանզի այն, ինչն արդեն դիտվում էր բանաստեղծական, ենթադրում էր որոշակի սովորույթ ու սխեմա. հետեւապես, բանաստեղծականը բանաստեղծություն բերել այնքան էլ ընդունելի առաքելություն չէ, մանավանդ, որ շատ հեշտ ընդունելի է։ Եվգենի Եվտուշենկոյի մեկնությունը, ուր նա խոսք է ասում Էմինի պոեզիայի առիթով, կարծես միտում ունի մտքի ու հույզի մասին վեճը վերջակետելու. «Ինչ թուք ու մուր ասես, որ չեն թողել պոեզիայի քննադատները խեղճ խոհականության գլխին... Բայց արի ու տես, որ հաճախ նրանք իրականությունը քննադատել են... խոհականության դիրքերից... Պոեզիայի իսկական ներդաշնակությունը հենց մտքի ու հույզի փոխադարձ ներթափանցման ու ներարկման մեջ է, եւ հենց ուղեղի ու մտքի այդ անխզելիությունն է, որ պոեզիային է կցվում»95։

Էմինի ստեղծագործական սկզբունքներից մեկը դարձավ սովորույթ - իներցիայի անտեսումը, մաշված, պատրաստի վիճակում գրականություն բերվող «լաստ-լաստ» զգացումներից խուսափելը ու դեռեւս քնարերգությունից «հեռու գտնվող» նյութի ու թեմաների դիմելը, որը եւ հանդիսացավ նրա անհատականության ու պոեզիայի ամենագլխավոր առանձնահատկություններից մեկը։ Եվ ստեղծագործական առաջին շրջանում էլ ձեւակերպեց նա իր մոտեցումը։ «2x2=5» բանաստեղծության մեջ, որը ուղենշում էր ոչ միայն Էմինի, այլեւ ժամանակի քնարերգության թոթափվելը մաշված մտքերից, զգացմունքներից, թեմաներից։ Սա այն հայտնությունն էր, որ մինչեւ այսօր էլ ուղեկցում է Գեւորգ Էմինին, նրա մտածողությանն ու պոեզիայի պատկերային համակարգին տալիս թարմ երանգ ու հնչեղություն։ Էմինը հետեւողականորեն գնում է դեպի իր ճշմարտությունը։ Դա դժվար է, իհարկե, բայց ոչ անհնարին, քանի որ աստվածայինն է խոսում բանաստեղծի մեջ.

Այդ ասել են տարրականում Եվ երբ... դիպլոմ են ստացել. Երբ սերտում են միշտ դասը նույն, Հե՞շտ է, կարծում ես կասկածել. Ինչ կասկածել՝

                                              տեսնել աչքով, 

Ամեն քայլի, ամեն բանում, Որ այդ «երկու անգամ երկուն» Ոչ թե չորս, Այլ... հինգ է անում...

                                                     («2x2=5») 

Ինչպես տեսնում ենք, բավականին բարդ ու խրթին նյութ է ընտրել բանաստեղծը՝ բացելով ոչ միայն տրամաբանության ընթացքի համար անհայտ ուղիներ, այլեւ մի ուրույն հայացք, որի մեջ աշխարհն ու երեւույթները ինքնապեղումի ու ինքնաբացահայտման հայտնությունների են տանում։ Այլ կերպ ասած, Էմինը տեսնվածը նորից չի ցուցադրում, երգվածը նորից չի երգում, բանաստեղծականացվածը չի բանաստեղծականացնում, շավիղից, որի վրա հետքեր կան, նախընտրում է նախաշավիղը։ Ի դեպ, նյութի ընտրության ու երեւույթի մեկնման հարցում ներքին հոգեւոր աղերսներ կան՝ Սեւակի ու Էմինի ստեղծագործական մոտեցումներում։ Այս առումով բավականին հետաքրքիր է Գ. Էմինի խոստովանությունը. «...Համախոհությունը խորացել էր այն աստիճան, որ մի անգամ (կարծեմ Չարենցի հոբելյանի օրերին էին) Պարույրը կատակով ասաց. «Գիտես ինչ, Գեւորգ, արի որեւէ հոբելյանի ու դեպքի առթիվ կամ ես խոսեմ ու գրեմ, կամ դու, որովհետեւ հաճախ նույն բանի մասին, տարբեր խոսքերով, մենք նույնն ենք ասում կամ համարյա նույնը...»96։

Էմինի ստեղծագործական տարերքին հատուկ է մտքի հախուռն զգացմունքայնությունն ու հրատապությունը, որոնք սրվելով, վերաճում են վարակիչ կրքի։ Եվ Էմինը յուրացնում է իր բանաստեղծության մեջ աննախադեպ մի տեսադաշտ, ուր մարդը վերակերտվում է ժամանակի ու տարածության մերդարյա հարաբերությունների մեջ։ Էմինը հայտնաբերում է իր ճշմարտությունը՝ դարձյալ իր մեջ, քանզի նրա հավատո հանգանակը պարզված է. «Հայրենիքը լոկ հողն ու ջուրը չէ» («Լորկայի վերջին խոսքը դահիճներին»)։ Ուրեմն՝ մարդախուզություն, ուրեմն՝ մարդով բացել երկիրը։ Դա հայրենիքի հզոր մարդն է, որը բաց դուռն «իզուր չի բանա», եղածով չի հանգստանա, ինչքան էլ խորը սիրի, չի ասի, «թե ամբողջ սրտով սիրեցի»։ Էմինի ստեղծագործական առանձնահատկություններից մեկն էլ դառնում է նրա մշտական որոնումը։ Բանաստեղծին, բնականաբար, չի կարող բավարարել (այն էլ Էմինի նման զտարյուն բանաստեղծին) անհայտի հայտնին, քանի որ նրա բնույթը ճիշտ հակառակի վրա է տանում՝ բացել հայտնիի անհայտը։ Այսինքն` մեր իրականության ու գրականության մեջ Էմինը Չարենցի կռիվն է շարունակում, սակայն իր՝ Էմինի դիրքերից։ Տվյալ դեպքում, Չարենց ասելով, պիտի հասկանալ ըմբոստություն, անհաշտվողականություն ու անզուսպ կիրք։ Էմինը բացարձակ «բանաստեղծական» ծաղկին անգամ նայում է նոր աչքով, ավելին, նրան կանչում «գերագույն դատաստանի», եթե նա «ծաղկում էր գեստապոյի շենքի առաջ կամ դահճի տունը զարդարում», նա դառնում է՝

Հունաց ծովի այն ալիքին,
Որը ծփում էր անտարբեր,
Երբ պանթեոնն էին պղծում.

Լուսնի քնքուշ այն մահիկին,
Որն օգնում ու լույս էր տալիս
Հային մորթող յաթաղանին...

Ոչ միայն Գեւորգ Էմինը, այլեւ նրա սերնդակիցներն իրենց հաստատեցին 60-ական թվականներին։ Դարի ժամանակացունց հեղաբեկումները մեծապես անդրադառնում էին նրանց ստեղծագործական անհատականությունների ձեւավորմանը, խոսքի ու արվեստի ինքնատիպությանը։

«Ամենից ուրախալին,- գրում է Էմինը,- տաղանդների եւ անհատականությունների օրավուր ավելի շեշտվող բազմազանությունն է, սկսած Հովհաննես Շիրազի ժողորվդական բառ ու բանով սնվող եւ լայն ժողովրդականություն վայելող բանաստեղծություններից ու պոեմներից մինչեւ Պարույր Սեւակի բարձր ինտելեկտուալ պոեզիան, Սիլվա Կապուտիկյանի՝ դարի ու ժամանակի զարկերակն զգացող պոեզիայից մինչեւ Վահագն Դավթյանի մեղմախոս ու լուսավոր լիրիկան, Համո Սահյանի բնության խոր զգացողություն ունեցող մոտիվներից մինչեւ Հրաչյա Հովհաննիսյանի ու Մարո Մարգարյանի նոր գործերը։

Այդ զարթոնքի շունչն զգացվում է բոլորի մեջ, սկսած Գեղամ Սարյանի ու Նաիրի Զարյանի նոր բանաստեղծություններից մինչեւ ամենից երիտասարդ բանաստեղծների նոր գործերն ու փորձերը։

Պատահական չէ, որ վերջին տասնամյակում են ստեղծվել իմ սերնդի բանաստեղծների լավագույն գործերից շատերը՝ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմն ու «Մարդը ափի մեջ» գիրքը, Համո Սահյանի «Մայրամուտից առաջն» ու «Քարափների երգը», Վահագն Դավթյանի պատմական ասքերն ու հիանալի սիրերգերը, Սիլվա Կապուտիկյանի «Մտորումներն...», Հրաչյա Հովհաննիսյանի «Վայրի վարդը», Մարո Մարգարյանի «Ձնհալից հետոն» եւ այլն»97։

Խոսքը հենց այն մակարդակի մասին է, որ օրվա խնդիր է դարձել Պարույր Սեւակի «Հանուն եւ ընդդեմ «ռեալիզմի նախահիմքերի» բանաստեղծության մեջ, ուր պահանջվում է` մենք պարտավոր ենք միշտ լինել մակարդակի վրա համաշխարհային։ Ահա այս եւ նման խնդիրների առաջադրումով է Էմինը գեղագիտական իր գաղափարի ու սկզբունքի կիրառմանը «դիմում» բանաստեղծությունների մեջ։ Իսկ խոսքի հստակությունը ենթադրում է, անշուշտ, հակիրճություն, որը եւ դարձյալ ու նորից բխում է ոճից ու մտածողությունից, այսինքն՝ երգը հեռագրի պես պիտի լինի հակիրճ ու սեղմ... Սակայն, դա դեռ բոլորը չէ. «Բառը զենքի պես գզույշ գործածիր», քանի որ տառն ու գնդակը «նույն արճիճից են ձուլվում»...

Սրանք, անշուշտ, սկզբունքային նշանակության հայտեր են, որոնք մեր քնարերգության զարգացմանը հուշում են ընթացք ու խորություն։ Մարդկային վեհ զգացումների անաղարտության երգիչ է Էմինը, եւ նրա մարդերգությունը շնչում է հենց այդ ամենով։ Մարդկային գծերի, բնավորությունների, կերպարների միջոցով է Էմինը ներկայացնում հայրենիքը համառորեն պայքար մղելով սնապարծության ու ցուցամոլ հայրենասիրության դեմ. «Ցավալի զգացում ես ունենում երբեմն, տեսնելով, թե ինչպես է օրը ցերեկով, երկու ծափի համար չարաշահվում մեր ժողովրդի ազնիվ հայրենասիրական զգացումը, եւ ամաչում ես, լսելով, թե երբեմն ինչպիսի ոտանավորներ են ծափահարվում մեր որոշ լսարաններում...»։ Ապա առաջ տանելով միտքը, Էմինը ընդգծում է, որ քիչ է լինել հայրենասեր, քիչ է լինել նույնիսկ անկեղծ հայրենասեր, որովհետեւ կարելի է սխալվել նաեւ... անկեղծորեն ու ազնվաբար, հարկավոր է եւ պետք է լինել «խելացի հայրենասեր»98։

Ատոմային դարի ալեբախումները, բոլոր տագնապներն ու թրթիռները, մակընթացություններն ու տեղատվությունները բանաստեղծը զգում է կրծքի տակ, եւ եթե բառերի լարումը սովորականից բարձր է, դրամատիզմը ուժեղ է, դա հոգու եւ մտքի ծայրաստիճան «բեռնվածությունից» է, կտրվելու աստիճան ձգված նյարդերից.

Մենք գահ ու թագ չենք ունեցել,
Եվ... արքա է ամեն մի հայ,
Զորք ու բանակ չենք ունեցել
Եվ... սպա է ամեն մի հայ,
Ամեն մի հայ լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ՝ ուրույն մի կերպ,
Ամեն մի հայ՝ մի Հայաստան-
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատված, հատված
Եվ սակայն՝ մի,
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին
Եվ այս ժայռին թառած բերդին,
Որ հայրենիք ենք անվանում...

Լեռն ու ձորը, քարն ու բերդը բանաստեղծի գրչի տակ ներկայանում են որպես դիմագծեր, որպես բնավորություններ, որոնցով ամբողջանում է Հայաստանը։ Իսկ դարը բավականին անհանգիստ է, հակասական, եւ երկրագունդը վերածվել է ֆուտբոլային գնդակի, ատոմային անձրեւն է սպառնում մարդկությանը, սպառնում է դարձը դեպի քարանձավ։ Այդուհանդերձ, հավատը չի կորչում՝ դարը պիտի դառնա բարու, ազնիվի, արդարության դար («Քսարերորդ դար»)։

Էմինի խոհը փիլիսոփայական է, նրա տող ու բանաստեղծության մեջ այնքան ներհյուս են ինֆորմատիվ երակները, մարդկության փորձն ու տառապանքը այնքան խորն է ապրվում ու վերապրվում, որ ընթերցելիս ասես հաղորդակցվում ես ոչ միայն ներկայի, այլեւ անցյալի ու ապագայի հետ միաժամանակ։ Էմինն իր ժողովրդի դատապաշտպանն է ամենուրեք, իր ցավի միջոցով է նա ապրում մարդկության ցավը, տագնապում մարդկային ճակատագրի համար։ Այս տեսակետից մի ուրույն աշխարհ է ներկայացնում Էմինի «Մենք» բանաստեղծաշարը («Քսաներորդ դար»), որը ավելի շուտ պոեմ է հիշեցնում՝ այնքան ամբողջական է ու կուռ, ներծծված բարձր էպիկականությամբ ու դրամատիզմով։

Մենք փոքր ենք, այո,
Փոքր,-
Լեռների ծերպից սուրացող այն քարի նման,
Որ դաշտում ընկած ժայռի ուժ ունի,
Փոքր,-
Լեռնային մեր գետերի պես,
Որոնք վիթխարի ուժ են ամբարել,
Անծանոթ՝
Հովտի ծույլ - ծույլ գետերին։

Եվ այսպես, անընդհատ կրկնվող «փոքր ենք»-ի մեջ դառնում ենք աստղ ու ադամանդ, փայլում, լույս տալիս անհատնում ուրանի պես... Ուրան, որ միշտ մեր հոգու հուրն է։ «Փոքր» բառը, վերաճելով բանաստեղծության մեջ, վերջնականապես հեռանում է իր նախնական իմաստից ու դառնում մեծության չափացույց.

Մենք փոքր ենք,
Սակայն մեր երկրի նման,
Որի սահմանը
Բյուրականից մինչեւ Լուսին է հասնում,
Եվ Լուսավանից՝ մինչեւ Ուրարտու...

Մտածողության, մտքի ու տրամաբանության այս ներքին պատկերավորությունն է, որ ճանապարհ է դառնում մեր քնարերգության զարգացման համար։ Ընդհանրապես, Գեւորգ Էմինի ամբողջ ստեղծագործությունը Հայաստան է, նրա պատկերը զարգանում է խոհահուզական տրամաբանությամբ, մի ամբողջական շղթայի մեջ։ Ազգային արժանապատվությունը եւ ասպետականությունը նրա խոկումներին ու մտածումներին հաղորդում են դարի ռիթմը, եւ որքան էլ մեծ լինի կոտորած ու ավերներ տեսած ժողովրդի որդու տառապանքը, նա չի ընկրկում, սենտիմենտալ չի դառնում, չի կորցնում հոգու կորովը։ Ավելին, իրեն եթե սեղմել են, դրանից նա ընդամենը ադամանդ է դարձել, եթե ցրել են, դարձել է աստղ։ Նա ցավում է միայն մեզ «ցրողների» նկարագրի համար եւ ուզում է, որ նրանք մարդանան։ Հայաստան է տեսնում խաղողի հասարակ որթի մեջ, որի արմատը որքան էլ կոխկրտվի «բիրտ կրունկների տակ», դրանից չի դառնանում պտուղը, ավելին՝ քաղցրանում է։ Այս թեմային, ի դեպ, անդրադարձել է նաեւ Սեւակը. կոխկրտում են, եւ ցողունի տեղ լոկ արմատն է խորացնում խաղողի որթը։ Իրար շատ են նման։ Եվ իրարից շատ են տարբեր։ Նյութը որքան հին, ասելիքը՝ այնքան թարմ ու նոր։ Սա ժամանակակից բանաստեղծության զարգացման սկզբունքներից մեկն է։ Պարույր Սեւակը գրում է, որ արդի բանաստեղծության հիմնական խնդիրը մեր հոգու քարտեզագրումն է՝ «ինչպես հատակը ծովի, ինչպես ընդերքը եւ ոչ միայն կեղեւը երկրի»։ Սա հենց այն դրույթն է, որ ներկայացվում է Էմինի գեղարվեստական մտածողության ու խիստ լակոնիկ ոճի մեջ, խտացված, կուտակված։ «Էմինի տաղանդին,- գրում է Պ. Սեւակը,- շատ է վայելում. «Ահա մեկը, որ շատ գիտի եւ շատախոս չէ» խոսքը»։ Նա չի ընդլայնում, այլ կուտակում է։ Այս հատկության շնորհիվ է, որ Էմինի բանաստեղծությունների շատ տողեր նմանվում են թեւավոր խոսքերի։ էմինին առավել հետաքրքրում է ծառաբունը, ոչ թե սաղարթն ու արմատը։ Ուստի եւ նրա խոսքը միշտ կտրուկ է»99։

Ավելի կարճ բառ,
Քան «Ոչն» ու «Այոն»,
Չկա,
Չես գտնի աշխարհում համայն
Բայց հաճախ
Կյանքդ հերիք չի անում,
Մի «Այո»
Կամ «ոչ»
Ասելու համար։

Կամ՝ մեկ ուրիշ բանաստեղծություն.

Աղավնիները,
Լեգենդների պես
Ծվարել էին ավերակ վանքում.-
Լեգենդների պես՝
Ծնված արցունքի ու արյան ծովից,
Ոտքերը՝ արնոտ,
Իսկ իրենք՝ մաքուր...
...Աղավնիները ավերակ վանքում։

Ամեն բառ պատմության ամբար է՝ լի անհատնելի ցավերով ու ապրումներով, ամեն բառ հոգու քարտեզ է ու լարում։ Էմինի հայրենասիրությունն ազնիվ մղումն է հոգու, անկեղծ պոռթկումը նրա։ Թող որ գնա հոսանքին հակառակ, ընդդեմ, բայց չի փոխի ճանապարհը, հեշտագնացության չի դիմի Էմինը, որի պսակը ճշմարտությունն է եւ միայն ու միայն ճշմարտությունը։ Էմինի հայրեներգության երակներից է մայրերգությունը։ «Մորս ձայնը» բանաստեղծությունը, որ նովելային բնույթ ունի, իր մեջ պարունակում է երկու մեծ աշխարհներ՝ որդու եւ մոր աշխարհները։ Դրանք զուգորդվում են այնքան նրբանկատորեն, որ գունդ-մոլորակը դրանից ավելի է գեղեցկանում։ Այս բանաստեղծության մեջ դարձյալ դեպի խորքն է տանում մեզ Էմինը` բացելով երգի էությունը։ Ծովերի, օվկիանոսների, դարի հուզական աղմուկի մեջ - ամենահեռու աշխարհամասից անգամ լսում է բանաստեղծը մոր մեղմ խոսքը, որ մայր հայրենիքի կարոտ-շշուկն ու շունչն է։

Արդի հայրենասիրական քնարերգությանը անդրադառնալ եւ կանգ չառնել Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» ստեղծագործության վրա, առնվազն կլինի թյուրիմացություն։ «Յոթ երգը» չնայած գրված է արձակ, բայց այն համադրությունն է ներկայացնում մեր բազմադարյա բանաստեղծության ամենաառանձնահատուկ գծերի, մեր ներկայի ու պատմության ամենախիզախ մեկնություններից մեկն է այն՝ ապագայի աչքերով։ Սա հենց այն հատկանիշն է, որ Էմինի սերունդը, Չարենցից հետո, իր երգով խորացրեց մեր գրականության մեջ։

Պատմության եւ արդիականության հարցերին անդրադարձել են սերնդի բոլոր բանաստեղծները, յուրաքանչյուրն իր ձայնով, իր ոճով ու մտածողությամբ կերտելով մնայուն գործեր։

Դավթյանն էպիկական շնչի բանաստեղծ է։ Եվ պիտի ասել, որ իր սերնդակիցների մեջ, Շիրազից ու Սեւակից հետո, այդ նա է, որ հենվելով հարուստ ավանդների վրա, մեզանում նոր մակարդակի վրա բարձրացրեց պոեմի ժանրը, ավելի ճիշտ կլինի ասել՝ պատմական պոեմի։

Պոեմի ժանրը հայ գրականության մեջ իր աննախադեպ զարգացումը գտավ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում՝ թե բովանդակության, թե ձեւի առումով։ Հանճարեղ գրողի պոեմները մեր քերթողական արվեստում նշանավորեցին աննախադեպ բարձր մակարդակ։ Դա պետք է համարել թումանյանական մեծագույն սխրանքներից մեկը։ Ստեղծագործական այդ սխրանքին նախորդել էին Ղեւոնդ Ալիշանի «Պլպուլն Ավարայրի», Ռաֆայել Պատկանյանի «Քաջն Վարդան Մամիկոնյանի մահը» եւ Սմբատ Շահազիզի «Լեւոնի վիշտը» մեծակտավ գործերը, որոնք նորություն էին բերում ոչ միայն ազգային գրական-գեղարվեստական, այլեւ ռուս եւ համաշխարհային գրականության լավագույն ավանդների յուրացման առումով։ Եվ որքան էլ դրանք տարբեր ժամանակահատվածների, պատմական անցքերի ու իրադրությունների գեղարվեստական վերարտադրությունը լինեն, այնուամենայնիվ, արդիականության հարցում կանգնում են մի ելակետի վրա։ 19-րդ դարը հայտնի է որպես ազգային-ազատագրական շարժումների ժամանակաշրջան եւ դա չէր կարող իր կնիքը չդնել այդ գործերի ընդհանրության վրա։ Ուրեմն՝ հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների զարթոնքը, այսպես թե այնպես, իր դրսեւորումն է գտել այդ առանցքային ստեղծագործություններում։ Ասել է թե՝ մեր երախտավորներից յուրաքանչյուրն անդրադառնալով ժամանակի ամենակարեւոր հարցերին, դիմել է պատմությանը եւ գեղագիտական իր իդեալի դիրքերից մոտեցել պրոբլեմների ու հարցերի լուծմանը։ Այստեղ արդեն մեր խնդրից դուրս է նրանց աշխարհայացքային կողմնորոշումներին անդրադառնալը։ Մեզ հետաքրքրում են ամենից առաջ այն խնդիրները, որոնք գրողներին մղել են դեպի պոեմի ժանրը։ Եվ հենց այստեղ էլ մենք հանգում ենք «նյութի» ներքին մղումներից, էությունից բխող միտումներին, ասելիքի տարածքային ու ժամանակային (նաեւ խորության առումով) ընդգրկումներին, իր ուրույն ձեւը թելադրող բովանդակությանը, որը եւ տանում է դեպի պոեմը, դեպի էպոսային ժանրը։ Եվ բնական է, որ հատկապես ազգային-ազատագրական շարժումների ծավալման դարաշրջանում հենց գրողներն ամենից շատ սկսեցին դիմել պոեմի ժանրին։ Գրվող պոեմների ճնշող մեծամասնությունը պատմական էր։

Մեր գրականության մեջ նոր մակարդակ նշանավորող այդ երեք գործերը, որոնց մասին մենք նշեցինք վերեւում, դարձյալ շոշափում էին պատմության հարցեր։ Եթե վերջինում («Լեւոնի վիշտը») անուղղակիորեն էր հեղինակը անդրադառնում պատմության խորհուրդներին, ապա Ալիշանն ու Պատկանյանն ուղիղ գծով անդրադառնում էին պատմությանը, պատմական անցքերին, կերտում միանգամայն ինքնատիպ ու գաղափարա-գեղարվեստական բարձր արժեք ունեցող երկեր, որոնց ուղենշային դերը մեր ժողովրդի, մեր պատմության ու գրականության մեջ մեծ է։

Շեքսպիրն ու Հյուգոն, Պուշկինն ու Լերմոնտովը եղան այն մեծագույն ուսուցիչները, որոնցից գեղարվեստական լավագույն ավանդներ յուրացրեց ու մեր գրականության մեջ վարպետորեն կիրառեց Հովհաննես Թումանյանը։ Նա ոչ միայն թարգմանեց Լերմոնտովի «Մծիրին», այլեւ «նոր պոեմի ձեւը» վերցրեց նրանից։ Հնարավոր էր քնարական պոեմներից («Պլպուլն Ավարայրի», «Քաջն Վարդան Մամիկոնյանի մահը», «Լեւոնի վիշտը») անցում կատարել դեպի էպիկական եւ քնարա-էպիկական պոեմները։ Դա ոչ միայն Թումանյանի ցանկությունն էր միայն, այլեւ ժամանակաշրջանի պահանջը, մանավանդ, որ պոեմն այնպիսի ժանր է, որը հնարավոր է դարձնում կյանքի բազմազան բնագավառների ու մարդկանց հարաբերությունների բոլոր կողմերի արտացոլումը։ Այստեղ որոշակի կապերի ու հակասությունների մեջ են մտնում բնավորություններ, կերպարներ, տիպեր, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում ստեղծել կյանքի ավելի խորը եւ հարուստ պատկեր։ Պոեմում պատկերավորվում են նաեւ կոնֆլիկտի մեջ մտած բնավորությունները, միջավայրը, կենցաղը (Հր. Թամրազյան)։

Հովհ. Թումանյանը «կատարելության հասցրեց» էպիկական ու քնարական պոեմների ժանրը։ Խոսելով Պուշկինի եւ Լերմոնտովի մասին, Թումանյանը խոստովանել է. «...Մեր գրականության մեջ այն տեսակ պոեմ չի եղել, որ երգեր մեր բնությունը, ժողովրդի ստեղծագործություններն ու ավանդները»։

Եվ այսօր, երբ «լակոնիկ խոսքի» դարը իր պահանջն է առաջադրում արվեստագետներին, ավելին՝ ուղղումներ մտցնում նրանց պատմա-փիլիսոփայական հայացքների մեջ, մի տեսակ աշխուժացում է ապրում պոեմի ժանրը։ Գրականագետ Մ. Չիմպոյը դա բացատրում է պատմական եւ հասարակական կարգի պատճառներով, նշելով՝ մենք ապրում ենք լայն ընդհանրացումների դարաշրջանում, որի հոգեւոր առանցքի շուրջն են կենտրոնացվում մեր բանաստեղծների ստեղծագործական որոնումները։

Ասել է թե՝ առաջադրվում է ժամանակի էպոսի պահանջը։ Պուշկինի ժամանակը նրան տարավ դեպի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը։ Չափածո վեպին դիմեց եւ Եղիշե Չարենցը։ Այսօր Վահագն Դավթյանը դիմում է պատմահայրենասիրական ասքերի ու պոեմների։ Սակայն բոլոր ժամանակների մեծ գրողների համար էլ ելակետային են հանդիսանում «անցյալի, ներկայի եւ ապագայի զուգորդումները»։ Եզրահանգում՝ էպիկներ ստեղծում-ծնում է ժամանակաշրջանը։

Իսկ ահա մեր օրերի ինքնատիպ բանաստեղծներից մեկը՝ լիտվացի Յուստինաս Մարցինկյավիչուսը, այսպիսի միտք է արտահայտել. «Ես ուզում եմ աշխարհը պահել ափերիս մեջ, պտտեցնել այն, զննել բոլոր կողմերից, զգալ այն տարբեր ջերմաստիճանի եւ տարբեր ճնշման պայմաններում, այսինքն՝ ես ուզում եմ էպոս, փնտրում եմ այն կրիտիկական ջերմաստիճանն ու կրիտիկական ճնշումը, երբ մարդն ու ժամանակը բացահայտում են իրենց ողջ էությունը։ Նշանակում է՝ էպոսը անհանգիստ վիճակ է, ոչ թե գեղեցիկ, քաղցր, փոքրիկ աշխարհ, այլ հակասությունների հաղթահարում եւ տիտանական մղում դեպի նոր վիճակ»։

Ժամանակաշրջանն իր ուղղումն է մտցնում նաեւ ժանրի անվանման մեջ, խոսքը քնարա-էպիկական ժանրի մասին է։ Իրեն դրամատուրգ անվանող Թումանյանի, Չարենցի, Պ. Սեւակի, Շիրազի, Դավթյանի պոեմները, որոնք այնքան հզոր լիցքեր են պարունակում իրենց մեջ եւ արտացոլում են ոչ միայն ժամանակը, այլեւ ժամանակի մեծ լարումները (սոցիալ-քաղաքական, հասարակական բոլոր առումներով), հիմք են տալիս նրանց անվանելու ոչ միայն էպիկական, այլեւ դրամատիկական շնչի գրողներ։ Այս հարցին, կարծում եմ, սպառիչ պատասխան է տվել գրող եւ գրականագետ Ի. Սուզինը. «Ժանրերի սահմաններում» հոդվածի մեջ Սուզինն իրավացիորեն գտնում է, որ մեր օրերի լիրո-էպիկական պոեմը պետք է վերափոխվի լիրո-դրամատիկականի։ Այսինքն՝ «էպիկական» արտահայտությունն իր տեղը պիտի զիջի «դրամատիկականին»։ Մանավանդ, գրականության մեջ դա վաղուց արդեն այդպես է։

Վահագն Դավթյանը «Թոնդրակեցիները» առաջին հրատարակության մեջ անվանել էր դրամատիկական, որը, անշուշտ, ճիշտ էր։ Սակայն, չգիտես ինչու, հետագայում ժանրային այդ անվանումից նա խուսափել է, թեկուզ դրանից ոչինչ չի փոխվել։ Պոեմը իր հիմքում մնում է դրամատիկական։ Եվ ոչ միայն նրա այդ գործը։ Դրամատիկական են նրա բոլոր ասքերն ու պոեմները, որոնք ամբողջության մեջ հերոսական էպոսի բնույթ են կրում։

Ինչպես տեսնում ենք, պոեմի ու, մանավանդ, պատմական պոեմի ժանրի զարգացումը հարուստ ավանդույթներ ունի ոչ միայն հայ, ռուսական եւ եվրոպական, այլեւ համաշխարհային գրականության մեջ։ Եթե պատմական վեպի ստեղծումը կապված է Վ. Սկոտի անվան հետ, ապա պատմական պոեմի ի հայտ գալը մեզ տանում է դարերի հեռավոր խորքերը։ Մարդկային «հոգու դիալեկտիկայի» պատմությունն է մեզ ներկայացվում դեռեւս Նարեկացու «Մատյանի» մեջ, ստեղծագործություն, որով հայ գրականությունում սկզբնավորվեց «տաղաշարային պոեմը»։

Սակայն չշեղվենք թեմայից, սա առանձին ուսումնասիրության նյութ է, անդրադառնանք Դավթյանի հայրեներգությանը՝ անկախ գործերի ժանրային առանձնահատկություններից։

«Ամեն մի նոր բանաստեղծ, շարունակելով նախորդներին, նույն ժամանակ իր ողջ ստեղծագործությամբ «շեղվում» է այդ ճանապարհից, լայնացնում հունը, նվաճում մինչ այդ անհայտ մի աշխարհ»,- խոսելով Չարենցի մասին` գրում է Հր. Թամրազյանը100։

Դավթյանի նվաճած աշխարհի նկարագրում կարոտը կարեւոր տեղ է գրավում։ Սա արդեն այն կարոտն է, որ դարձել է հայ արյան բաղադրիչ մասը, զգացում, որ ազգային բանաստեղծության հենքում միշտ առկա է բանաստեղծից անկախ։

Դավթյանի համար կարոտը նախ անկումների չափման միջոց է, ինչպես ինքն է խոստովանում «Կարոտ» բանաստեղծության մեջ։ Ավելին, կարոտը նրա համար եւ այն ծաղիկն է, «որ գույն ունի կրակի։ Եվ հուրհրում է հանկարծ հրաբուխի շուրթերին»։

Զգացումների թեժությունից շիկանում է պոետի տողը։ Կարոտը «քարի մեջ նիրհող» մրմունջ է դարավոր, որ հանկարծ արթնանում է ու զնգում Գեղարդում։ Այն ձայն է ՝ տրված բանաստեղծին եւ ճշմարտություն.

Ամեն ինչից ավելի դու տրվեցիր ինձ կյանքում,
Դու արյան հետ տրվեցիր ու տրվեցիր արյան պես...
Դու տրվեցիր որպես ձայն ու տրվեցիր որպես գույն,
Որպես կապույտ տրվեցիր, որ անկումներն իմ չափես։

Դավթյանի կարոտը ներկայացնում է մի ուրույն աշխարհ։ Ավելին, այն ժողովուրդ ու պատմություն ու պատմական ժամանակ է ներկայացնում։ Այդքանով էլ ազգային ու համազգային է։ «Պատմական ժամանակի հայտնաբերումը,- գրում է գրականագետ Ա. Եղիազարյանը իր «Էպիկական ժամանակ եւ տարածություն» հոդվածում,- նշանակալիորեն ընդլայնում է մարդու եւ կյանքի պատկերման հնարավորությունները, հարստացնում եւ խորացնում է աշխարհի գեղարվեստական պատկերը»101։

Դավթյանական կարոտի ամեն մի կաթիլի մեջ արտացոլվում են նրա պոեզիայի ամբողջական գեղեցկությունները, հմայքը, խորհուրդները՝ շաղախված պատմության կենսափիլիսոփայությամբ։ Բանաստեղծի քնարական հերոսը որքան զգայուն ու հայրենասեր, նույնքան էլ հեռատես է։ Նրա ապրումները խորն են, ամենուրեք խոսում է այն մարդը, որը ոչ միայն հող է կորցրել, այլեւ ծննդավայր, մանկություն, այն մարդը, որը հայրենական քարի մեջ անգամ տեսնում է ոգեղենություն։ Ու սիրում ես նրա հոգու ընդվզումները, նրա խռովքը, ամենաուրախ պահին անգամ արձակած այն հառաչը, որ ետադարձ սլաքներ ունի.

Ախ, այն քարերը,
Ծանր քարերը...
Ամռան արեւից շիկացել, կիզվել,
Մի կաթիլ ջրի տենչից այրվել են,
Սառնամանիքից ճաքճքել, կիսվել,
Ձյունամրրիկից հողմահարվել են։
Ախ, այն քարերը,
Համր քարերը...
Ես հեռու-հեռվից լսում եմ ասես
Նրանց հառաչն ու ցավի քրքիջը...
Ինչ ահավոր է
Համրերի ճիչը...

Բանաստեղծը հոգով կապված է ծննդավայրի ամեն մի քարի հետ։ Քարը նրա համար շունչ է, կյանք, որ կարող է կիզվել, կիսվել, հառաչել ու անլուռ ցավից քրքջալ։ Նա իր շիկացած ապրումները հաղորդում է քարերին, ստեղծում սիրո եւ կարոտի փոխադարձության այնպիսի մի հարաբերություն, որտեղ ոչ միայն ասված բառերը, այլեւ լռությունն անգամ դառնում է խոսուն ու հնչեղ։ Հասկանալի է, թե խոսքը որ քարերի մասին է, հետեւապես եւ պարզ է դառնում նրանց «համրության» պատճառը։

Հայաստանը քարաշատ երկիր է։ Եվ այդ երկրի արժանի որդու գրիչը չէր կարող չերգել այդ քարերը, նրանց գեղեցկությունը, նրանց ոգեղենությունը։ Չէ՞ որ քարն այս դեպքում դադարում է քար լինելուց, դառնում է Զվարթնոց ու Գեղարդ, կոթող ու աղբյուր, նուռ ու քանդակ, սեր ու երազանքների մարմնավորում, դառնում է հայրենիք։ Ու քարերի հետ ունեցած ներքին հոգեհարազատության առումով Դավթյանը Սահյանի հետ կանգնած է գրեթե նույն զուգահեռականի վրա։

Սակայն «քարի թեմային» մեկ այլ տեսանկյունից է մոտենում Դավթյանը «Լեռներդ ի վար» ութնյակում, որի շուրջ գրականագիտական քիչ վեճեր չեն եղել։

Լեռներդ ի վար քարե հեղեղ, Քարե հեղեղ ձորերդ ի վար, Վիշտն էլ սրտիդ քար է եղել, Քարերի մեջ՝ ծանր մի քար։ Ծանրության տակ այդքան քարի, Ծանրության տակ այդքան չարի, Ինչպե՞ս է, որ, իմ Հայաստան, Չի քարացել սիրտդ բարի։

Մի փոքրիկ ութնյակի մեջ գրեթե խտացված է մի ամբողջ ժողովրդի պատմություն։ Քարերի հեղեղը սիմվոլիկ իմաստ է առնում «Վիշտդ էլ սրտիդ քար է եղել» տողով։ Ուրեմն՝ եթե վիշտն էլ քար է, ապա նշանակում է` քարերը կրկնակի քար են եղել Հայաստանի սրտին, մանավանդ քարության մեջ բանաստեղծը ամբողջականացնում է նաեւ ժողովրդի տեսած արհավիրքները։ Բանաստեղծության ամեն մի տողը թաթախված է հույզի, ափսոսանքի, ցավի ու բերկրանքի շաղախի մեջ։ Ընդամենը ութ տող՝ եւ հուզական մտքի այդքան մեծ լարում։

Ժողովրդի պատմության այս կամ այն դրվագների անդրադարձումները կան Վահագն Դավթյանի գրեթե բոլոր ստեղծագործություններում։ Պատմության «մատը խառն» է անգամ նրա սիրային երգերի մեջ, իհարկե՝ ամենատարբեր ու բազմազան դրսեւորումներում.

Քո աչքերը ասես սեպագրեր էին, Անմեկնելի, խրթին սեպագրեր, Որ հայացքիս հանդեպ այդպես լռել էին, Իրենց առեղծվածով այդպես լռել։

Ուրիշ կերպ լինել չէր կարող։ Պատմությունը ժողովրդի արյան, էության մեջ է արդեն։ Իսկ ժողովրդական բանաստեղծի երգը չի կարող չլինել այդ արյան ճշմարիտ կանչը, այդ արյան խորհուրդը, որ միաժամանակ «խորհուրդն է պատմության»։ Գարսիա Մարկեսն ունի այսպիսի մի խոստովանություն. «Ես կարծում եմ, որ իմ գրելու տենդը նոստալգիայից է հայրենիքիս...»102։

Բանաստեղծը, դիմելով հայրենի հողին, ասում է. «Նահատակներիդ սրբության վրա ծխացող խունկի Հին տառապանքը, այս հին մխանքը տվեցիր դու ինձ»։ Եվ ոչ միայն դա, նա ժառանգեց «հողերի հետ պատառոտվելու ու ծարավելու» տվայտանքը, «Լուսնկայի տակ տխրորեն թեւող անտունիների, բեկված խաչքարի, փլված կամարի, խախտված սյուների», «ծաղկի վրա իջած ձյուների», թախծությունն ու խստությունը, այդ ամենի հետ եւ այդ ամենից շատ նաեւ՝ «Արշալույսի դեմ ծունկ չոքելու եւ հավատալու» տառապագին հարստությունը («Հարստություն»)։ Սա միայն բանաստեղծություն չէ, իհարկե, այլ նաեւ կենսագրություն է ու հիշողություն։

Հավատ է, մեծ հավատ։

Բանաստեղծը հավատում է իր ժողովրդի պայծառ ապագային։

Դա այն ժողովուրդն է, որ դարեր ի վեր քարեր է ձեւել ու պեղել ժայռեր, քարի քար խղճից հանել բարին, ազնվությունը խաչքարին տվել, կոթողներով, մատյաններով ու սիրո տողերով, գողթան երգերով, խորունկ վերքերով ու խոյանքներով լույս հանճարի կանգնել է անվեհեր չարության ու բռնության դեմ, սրի ու հրի դեմ («Հավատում եմ քեզ»)։

Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ,
Քե՛զ, իմ տառապանք, իմ խորին խորհուրդ,
Քե՛զ, որ Դեր-Զորի խորշակով կիզված,
Եվ այդպես ցրիվ, եւ այդպես կիսված,
Ապրեցիր նորից, նորից տեւեցիր,
Դեպի երազդ նորից թեւեցիր,
Հավատում եմ քեզ, քո արմատներին,
Քո հոգու թաքուն խորխորատներին,
Բիրտ ու բարբարոս քո կարծրությանը,
Խոնարհ ու փխրուն քո թախծությանը,
Քո հին արյանը, քո արյան կանչին,
Քո հզոր լեզվին՝ մեծասքանչին,
Քո մաքուր գինուն, քո արդար հացին,
Հարատեւության քո առեղծվածին...

Ինչպես տեսնում ենք, բանաստեղծը ոչ միայն անդրադառնում է իր բանաստեղծություններում պատմական թեմատիկային, այլ որպես գեղագետ աճել-արմատավորվել-զորացել է հենց այդ պատմության հողի վրա։

Դավթյանը ձուլված է իր ժողովրդի խոյանքներին, հողի «արարման հրաշքին»։ Եվ միանգամայն հավաստի է նրա խոստովանությունը. «Երբ կարոտել եմ խոյանքի՝ Արարատիդ եմ նայել, Լույսերի մեջ հավերժացող բաց ճակատիդ եմ ես նայել»։ Բանաստեղծության մեջ հավատավոր մարդը մեծ կենսափորձի անունից է խոսում. նա ունի իր համոզմունքները, ճշգրտված աշխարհայացքը («Երբ կարոտել եմ խոյանքի»)։ Այստեղ Արարատ, Զվարթնոց ու Հաղպատ բառերը զուտ աշխարհագրական անուններ չեն, նրանք ներկայացնում են ազգային բնավորություն, ոչ մեկ անհատի, այլ ժողովրդի բնութագրական շատ գծեր ու ընդհանրություններ։ Ուշադրություն դարձնենք բանաստեղծի խոսքի ներքին շարժումներին։

Եվ սակայն կարծր ես դու եղել բիրտ սրի դեմ ու նիզակի, Որձաքարե հիմունքներիդ, սյուն ու պատիդ եմ ես նայել։

«Որձաքարի» մեջ Դավթյանը խտացնում է տոկունություն ու կամք, ուժ եւ գեղեցկություն։ Եթե նա այդ ամենը «դժվարությամբ» չէ ներամփոփում որձաքարի մեջ, մանավանդ՝ ուժը, ապա ծիրանու մեջ դրանք բովանդակելն այնքան էլ դյուրին չէ։ Սակայն այդ ոչ դյուրինությունն էլ գեղեցիկ ձեւով է հաղթահարել բանաստեղծը։ «Սառն ու ահեղ հողմերի դեմ պտղավորված դու ծիրանի...»։

Հուզական մեծ լիցքեր է պարունակում Վահագն Դավթյանի «Հայոց լեզու» բանաստեղծությունը, որը, անսխալորեն, կարելի է համարել այդ թեմայով գրված հայ պոեզիայի լավագույն նմուշներից մեկը։ Բանաստեղծական գեղեցիկ միջոցի է դիմել հեղինակը այս ստեղծագործության մեջ։ Նա հոգու նյութ է դարձրել հող, մայր, սեր, արյուն, ցորյան, ողկույզ, հավատ եւ երդում բառերը եւ յուրօրինակ ձեւով դրանցից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերել իր աշխարհը, իր Հայաստանը, իր լեզուն, մեր սուրբ մայրենին.

Քանի գնում, այնքան քաղցրանում ես քիմքիս,
Հին գինի ես դառնում, արշալույսի տաք հաց...
Իմ մայրենի բարբառ՝ որձաքարը հիմքիս,
Դու սրբազան իմ հող, ակոս իմ բաց...
«Հող» եմ ասում ահա, եւ դու մխում ես լուռ,
Եվ մխանքից քո տաք նախնյաց հոտ է գալիս,
Եվ մխում են նորից սպիներդ տխուր,
Եվ մխում է ցավը կորուսյալի։

Հայոց լեզուն ներկայացվում է որպես հող ու մայր, որպես սեր ու արյուն, որպես ցորյան ու ողկույզ, որպես հավատ ու երդում։ Ամեն մի բառ մի խորհրդանիշ է դառնում, արտացոլելով պատմական որոշակի ժամանակաշրջան եւ հավերժություն։

Ժողովրդի լեզվի հավերժություն։

Այդպես, մի քանի տողում բանաստեղծը վարպետորեն «տեղադրում» է եւ պատմությունը, եւ նրա խորհուրդը։

Ահա բանաստեղծության քառատողերից մեկը.

Ես «Արյուն» եմ ասում, եւ դու այրվում ես հիր,
Բոցկլտում ես հեռու մուժից նախնադարյան,
Զոհասեղան դառնում Ավարայրում կարմիր,
Խենթ ոգի ես դառնում, երգում «հարյավ»...

Բանաստեղծը լեզվի մաքրության, «շիկացած հնչյունների» ուժի մեջ է տեսնում ժողովրդի հարատեւության գաղտնիքը, տեսնում է հողի ու սիրո դաշնության, ազնիվ արյան կանչի ու հավատի մեջ։ Եթե հայրենիքը նկարագրելիս աշխարհագրական առումով նա դիմում է քարին ու ժայռին, ապա այս դեպքում՝ ոգու հայրենիքը ներկայացնելիս, ինչպես ասում են, դիմում է հավատին, սիրուն, երդմանը, լույսին ու բարությանը...

Ստեղծագործական իր այս ըմբռնումով ու աշխարհայեցողությամբ էլ Դավթյանը շարունակում է դավանել մեր դասականների սկզբունքին, ամենից շատ Դեմիրճյանի, որի մասին Ս. Աղաբաբյանի ասած խոսքերը հիմնավորապես կարող են վերաբերել եւ ժողովրդի կյանքին ու պատմությանն այնքան շատ դիմող Դավթյանին. «Հող, հատիկ, հաց. սրանք, Դեմիրճյանի ըմբռնումով, կենցաղային սովորական հասկացություններ չեն, այլ մարդու բարոյական որակը, կեցության դաշնությունը, զարգացման լրիվությունը սահմանող չափ ու չափանիշներ են։

Հասկացությունների այդ շղթան կրում է Դեմիրճյանի փիլիսոփայական սուզումների ծանրությունը։ Դա մի ամբողջական աշխարհայացք է, որի ծայրերը պատմական հեռավորությունից ձգվում են մինչեւ ժամանակակից կյանքի Սկզբները։

...Հողից դեպի հատիկ, հատիկից դեպի հաց ձգվող տարածությունը ժողովրդական աշխարհի «տիեզերքն է», «հող հայրենիի, ամրության, հետեւաբար նաեւ` կյանքային դաշնության գործարար սկզբունքը»։

Դավթյանի նկարագրած քարե արծիվն անգամ թեւերը բացում ու թռչում է։ Նրա երգած արծիվն ասես ավելի արծիվ է, քան արծիվը։ Այդ է վկայում եւ պոետի «Զվարթնոցի արծիվը», որի մեջ Դավթյանը մարմնավորել է ժողովրդի անպարտելիության ոգին։

Այդ արծիվը յուրաքանչյուր հայ հոգու եւ սրտի մեջ է։

Դա արծիվ չէ, դա մաքառում է եւ հարատեւություն։

Դարեր ու դարեր
Թեւերը բացած
Նա դեպի վերին
Երազն է միտել,
Փետուրների մեջ
Դեռ հողմ կա ու կայծ
Ու կեռ կտուցին՝
Շանթի շեկ մի թել...

Մայր ժողովրդի պատմության լույսի տակ նոր իմաստով է բացվում «Մորս հիշատակին» երկու մասից բաղկացած բանաստեղծությունը, որը թեմատիկ առումով նոր երանգներ է ավելացնում բանաստեղծի պոեզիային։

Մայրական սիրո մոտիվները միանգամայն ուրիշ գույներով են հնչում Դավթյանի մոտ։ Բանաստեղծության մեջ օգտագործվող նովելային տարրերը խորացնում են մոր կերպարը, այն դարձնում կոլորիտային ու ավելի հարուստ։ Մայրը հանդես է գալիս մայր հողի, հայրենիքի հետ միաձույլ, մի ընդհանուր ներդաշնակության մեջ։ Մայրը բանաստեղծի համար աշխարհի ամենաբարի ու ամենատառապած էակն է։ Եվ բացի այդ, նա ներկայացնում է մայր ժողովուրդ. «Երեկ կանչեցիր, որ նստեմ կողքիդ ու Նարեկ կարդամ...»։ Բնական է ու օրինաչափ, երբ բանաստեղծը մոր ճակատին տեսնում է այն «լույսը արդար», որ տեսել է լոկ «վանքերում մեր սուրբ»։

Ու երբ մեր շեմքին կանգ առնի հանկարծ վիշտ մի անանուն, Ով պիտի դեմը մեր դուռը, սիրտը, սիրտը, մեր խիղճը բանա... Մարում ես, մայրիկ... Լսո՞ւմ ես, սակայն, այդ ի՞նչ ես անում, Ես՝ ոչինչ, խիղճը պիտի որբանա...

Բանաստեղծը զրուցում է մոր հետ, բացում է իր սիրտը նրան։ Ու մոր տառապանքը փոխվում է մի թեթեւ, ներող մի լույսի եւ նրա դեմքին ցոլում է պայծառ։ Բանաստեղծի եզրահանգումով ավելի էր իմաստնանում երգը։ Մոր մահից հետո որդին հարցնում է ինքն իրեն՝ ի՞նչ քնքշանքներ կարող էր տալ, որ չի տվել մորը։ Եվ տալիքը ահա տալիս է մայր հող դարձած մորը.

Մայր, հող ես դառնում... Ու ես քնքշանքս հողին պիտի տամ, Մայր, հող ես դառնում... պիտի քնքշանքս ստանամ հողից...

Խիստ հուզական են նաեւ Մուշեղ Գալշոյանին նվիրված «Ուր ես գնում», «Սերգեյ Եսենինի հետ», «Կա մի հայ աղջիկ» բանաստեղծությունները։

Երիտասարդ արձակագրի ողբերգական մահը ցնցել է այդպիսի քանի-քանի տաղանդների ջահել հասակում կորցրած հայ ժողովրդին, վերքի մրմուռներից է խոսեցրել ժողովրդի բանաստեղծին։ Ու նա իր վիշտը, ժողովրդի ցավը հաղորդել է բառերին։ Որքան պատկերավոր է գրում բանաստեղծը.

Այդ առավոտ Սասնա սարում
Մի աստղ ընկավ հանկարծ,
Լացն իր լացեց մի ջինջ աղբյուր
Ու չորացավ հանկարծ։

Դավթյանի ծննդավայրի կորուստների ողբերգական պատմությունը նորովի է երեւում Ս. Եսենինին նվիրված բանաստեղծության մեջ։ Ու կա՞ ավելի մեծ փառք, քան այն, երբ զոհված բանաստեղծի շիրմին դնում են նրա երգած ու նրա ծննդավայրից բերած ծաղիկը։ Եվ, անկասկած, հասկանալի է դառնում մեզ Դավթյանի հարցումը. «...Ու ես չգիտեմ, ինչու է հանկարծ Արթնանում ցավն իմ ծննդավայրի»։ Սակայն հայ մարդու հոգին միայն կորուստների ցավից չէ, որ կիզվում է։ Կա ավելի ահավոր ցավ, այն, որ կորսվել է ոչ միայն ծննդավայրում, այլ նաեւ հայրենիքում լինելու հնարքը։ Ահա «Կա մի հայ աղջիկ» բանաստեղծությունը, որտեղ բանաստեղծը խոսք է ասում ոչ միայն տաղանդաշատ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի, այլեւ ժողովրդի բոլոր այն զավակների մասին, որոնց մշտապես վառում է մայր հայրենիքի կարոտը, որոնք դեռ չեն վերադարձել եղեռնի դժնի օրերից սկիզբ առած ճանապարհներից։ Եվ հեռավոր Բուենոս-Այրես քաղաքում ապրող հայ աղջիկը օտարության մեջ ինչքան էլ որոնի «դեմքն իր մանկության», մեկ է, չի գտնի... Մինչդեռ նրա հայրենիքում «ամեն մի թփի տակ Ցողի, ճաճանչի, թարմ խոտի տեսքով մանկություններ են անփույթ թափթփված»։

Հայ աղջիկը օտար մայթերով անցնում է որպես «արյան աղերսանք ու հիշողություն»։ Եվ որովհետեւ այդ աղջիկը հայրենիքից հեռու չի գտնում իր սկիզբը, արմատն ու էությունը, բացում է «աստծո տան դուռը», որ խոսք ասի աստծուն։

Եվ այդ զրույցը գանգատ է ու քեն,
Եվ այդ զրույցը՝ հնամյա արյան ծնկաչոք աղերս,
Եվ այդ զրույցը՝ Գեղարդա վանքի կամարների տակ
Դարեր տվայտող նույն պաղատանքը,
Հրե արցունքով լացող նույն մոմը,
Բեկված խաչքարի նույն տխրությունը
Եվ Արտամետի հին խնձորենու ծաղկաթերթերի
Նույն սուգն սպիտակ...

Զրուցում է Աստծո հետ եւ, սակայն, նորից անպատասխան քայլում է Բուենոս-Այրես քաղաքի մայթերով։ «Ու չի հասկանում, թե ինչպես է աշխարհում եղել, Որ ինքն իրենից զատել են այնպես Եվ օվկիանոսներ դրել արանքում»։

Դավթյանը եթե Եսենինի շիրմին դրված ծաղկի մեջ մխիթարություն է տեսնում, ապա ինչ պիտի ասել Չարենցի շիրիմի մասին։ Եվ դրանից ավելի է խտանում թախիծը, որովհետեւ երկու մեծ բանաստեղծներն էլ ժամանակների զոհեր են, սրբազան նահատակներ։ Եվ Դավթյանի ձայնը դողոցքի պես այրում է. «... Մի գանգրահեր տղա շիրիմների մեջ հին Քո շիրիմն է փնտրում ու չի գտնում սակայն...»։

Սա միայն Չարենցի մասին չէ, ոչ։ Անթիվ են զոհվածներն անշիրիմ, եւ մնում է մտածել միայն, ինչպես Գ. Էմինն է ասում Աբովյանի մասին, որ նրանք չեն մեռել, որ նրանք դեռ կենդանի են, ապրում են ու կան։

Չարենցը անմեռ է...

Եվ պատահական չէ, որ նրան նվիրված երգով Դավթյանը ոչ միայն մեծ բանաստեղծի գովքն է երգում ու անմահությունը, այլ միաժամանակ ժողովրդի պատմության քառուղիներին է հայացքը ձգում։ Ցավի մրմուռով է ներկայացնում Չարենցի կյանքի ողբերգությունը։ Ու բնական է, որ Գարսիա Լորկայի մեջ էլ նա հարազատության երանգներ է տեսնում։ Նա էլ Չարենցի պես զոհվեց, նրան էլ մարդկության թշնամիները մի խավար գիշերի մեջ անհետացրին։ Ու հազար անգամ ճշմարտացի է Դավթյանը, երբ գրում է «Գարսիա Լորկայի հետ» բանաստեղծության մեջ.

Բանաստեղծների
Սիրտը երեւի
Լույսով է հունցել
Երկնային տերը...
Սեւ խավարի մեջ
Գնդակները սեւ
Ինչ հեշտ են գտնում
Նրանց սրտերը...

Այս տողերի մեջ մեկ ժողովրդի ճակատագիր չէ, որ խոսում է։ Դավթյանի այս կարգի գործերում առանձնանում է «Գուրգեն Մահարու հետ» բանաստեղծությունը։ Այստեղ էլ նա առիթը բաց չի թողնում հիշելու կորած Վանը, սակայն ոչ որպես աշխարհագրական անուն, այլ որպես կարոտի ու էության հայրենիք, որպես դրախտ։

Մեր ժողովրդի պատմության ողբերգական դրվագների անդրադարձները կան այդ երկի մեջ, որտեղ «Գուրգեն խանը» հանդիպում է Չարենցի ու Բակունցի հետ։ Տողից տող հյուսվում է նաեւ հայ ժողովրդի այդ երեք մեծերի ապրած դառն օրերի դաժան պատմությունը։

Վահագն Դավթյանի քնարական փոքրակտավ գործերի պսակը, անշուշտ, «Երբ վերջին անգամ», հիրավի, հրաշալի բանաստեղծությունն է.

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Եվ հայացքիս դեմ թրթռա վերջին ճառագայթը ջինջ,
Կոպերիս տակով մի վերջին անգամ կվազի, գիտեմ,
Մի ոտաբոբիկ, բարակ մի աղջիկ։

Նա, որ աչքերի առեղծվածներում լույս ուներ ու սեւ,
Նա, որ անմեղ էր եւ անմեղորեն չար ու մեղսական,
Նա, որի հետքով պատմությունս վազեց հեւիհեւ,
Վազեց կարոտով, չհասավ սակայն...

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ
Ու երբ ճակատիս թրթռա շունչը ուրիշ մի հովի,
Իմ կոպերի տակ մի վերջին անգամ կփռվի, գիտեմ,
Մի արեւավոր, հեռավոր հովիտ։

Կխշշա խաղաղ ոսկե մի գետակ ու բարդի մի զով,
Կթախծի լռին կտուրն արեւոտ տունն իմ հայրական,
Հեռու մի հովիտ, ուր կարոտներիս արահետներով
Քայլեցի անվերջ, չհասա սակայն...

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ
Ու փռվի իմ դեմ անհուն լռության ուրիշ մի եզերք,
Ծարավից ճաքած շուրթերիս վրա կդողա, գիտեմ,
Մի զարմանալի, պարզ ու տաք մի երգ։

Երգ, որ անբառ է իբրեւ թախծություն ու իբրեւ հառաչ,
Երգ, որ անհուն է, անմեկնելի է ու անեզրական,
Երգ, որ ողջ կյանքում իմ շրթունքների կարոտին թառած,
Թրթռաց, դողաց, չծնվեց սակայն...

Սա, արդյո՞ք, հենց այդ երգը չէ՝ զարմանալի պարզ ու տաք, անբառ ու անմեկնելի... Դավթյանի՝ աշխարհին հառած փիլիսոփայական հայացքն այստեղ ավելի խորն է ու խոհով ծանրաբեռ։ Բանաստեղծի կյանքի վերջին պահն անգամ, ինչպես նշված է բանաստեղծության մեջ, լի է կարոտով. «Իմ կոպերի տակ մի վերջին անգամ կփռվի, գիտեմ, Մի արեւավոր, հեռավոր հովիտ»։


Բանաստեղծի սերն ու ծննդավայրը հանդես են գալիս մի մեծ, անհուն սիրո մեջ, միասնական։

Դավթյանի պոեզիայի մասին դիպուկ է ասել Սուրեն Աղաբաբյանը. «Դավթյանի պատկերային ճկուն շրջապտույտները բառացիորեն ողողված են հայոց պատմության, բնության, ճակատագրի ու հոգեբանության մասունքներով, մանավանդ՝ գունային զուգահեռներով ու գունային պայթյուններով.

Կանաչի մեջ արածում են լուռ
Կրակի նման կարմիր
Նժույգներ...

Վ. Դավթյանը բանաստեղծության գերազանց կառուցող է, նյութին «վսեմ կերպարանք ու ձեւ» տվող, Չարենցի բառապաշարով ասած՝ իր տողերը հին վարպետների դաշնության արվեստի «ոսկյա օրենքով» հատող բանաստեղծ։

Հատկապես նրա վերջին կառուցվածքներում համարյա թե չկան երերվող հիմքեր, ճաքին տվող պատեր, անճաշակ քիվեր։ Սա այն բարձր տեխնիկան է, ուր «արհեստի» հետ հավասար ուժով խոսում է«արյան շունչը»՝ խտացած զգացմունքը»։

Վահագն Դավթյանի խոհափիլիսոփայական գործերի մեջ առանձնահատուկ տեղ ունի «Հայերգությունը» փոքրածավալ պոեմը, որտեղ նա զրույց է բացում Հայաստան աշխարհի հետ, այնպես, ինչպես որդին կխոսի սիրասուն մոր հետ։ Այստեղ էլ բանաստեղծը, խոսելով հայրենիքի տեսած ցավերի, դավերի մասին, ակնարկում է՝ ինձ ուշ ծնեցիր, կրկնելով իր մեկ ուրիշ բանաստեղծության մեջ արտահայտած միտքը. «Ախ, ինչ ասեմ, ուշ ծնեցիր, Ես քեզ արյուն պիտի տայի»։

«Հայերգությունը» հնչում է որպես հոգու անզուսպ մռունչ առ աշխարհ.

Հայաստան աշխարհ,
Բիրտ խռովքների ու քնքշանքների
Անվերջանալի ալեբախություն,
Բարբարոս բարբառ ու զտված հնչյուն,
Դու անմեկնելի ու մեծ ներշնչում,
Որ մերթ հանում ու թաթախում է քեզ
Աստղալույսի մեջ ու արշալույսի
Եվ մերթ տապալում անդունդներն ի վար...
Դու՝ լույս, դու՝ խավար,
Դու՝ խառն ու խրթին,
Որպես խավարով ու մառախուղով,
Խմորվող խռով նախաստեղծություն,
Եվ դու՝ դաշնավոր բանաստեղծություն,
Որ աղոթում է լույսի, բարության,
Քո խաղաղության ու հացի համար...
Եվ բուրում է քո հոգեւոր հացը։

Բանաստեղծի հոգեկան ապրումներն ավելի խորը հնչեղություն են ստանում հատկապես 80-ական թվականների ստեղծագործությունների մեջ։ Դարի մարդն իր կորուստների միջով աշխարհին նայում է ավելի սթափ։ Այդ կորուստների ցավն է նրան մշտապես արթուն պահողը։ Իսկ նման խոհեմության ու զգոնության կարիք ոչ մի ժամանակաշրջան այնքան չի գզում, որքան XX-րդ դարը։

Աստված նախ ստեղծեց երկիրը, ապա՝ մարդուն։ Սահյանն իր աշխարհը ստեղծելիս իր մեջ, իր տեսքով, ուներ մարդու կերպարը, ըստ որի եւ կատարեց «ձեւումները»։ Եվ ոչ մեկը Սահյանից առաջ բնությամբ չի վերարտադրել մարդկային հոգեւոր եւ ֆիզիկական կեցությունն այդքան խորը եւ ինքնատիպորեն։ Բակունցը, թերեւս, նույնը արեց արձակում։ Սահյանը գալիս է նախաստեղծության ակունքներից։

Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է...

Սխալ կլիներ նրա մասին ասել՝ աշխարհն ընկալում եւ արտացոլում է։ Նա ինքը՝ տիեզերքն է։ Մարտիրոս Սարյանն ասում է. «Արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է։ Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կհնչի նրա արվեստը»103։

Ավելին, զարգացնելով միտքը, Սարյանը այսպիսի եզրահանգում է կատարում՝ մարդը ինքը բնությունն է, բնությունը՝ մարդը։ Սահյան բանաստեղծի եւ Սարյան նկարչի արարած աշխարհների միջեւ մեծ հոգեհարազատություն ու հոգեւոր աղերսներ կան։ Սարյանի գույնը բառ է, Սահյանի բառը՝ գույն։ Համո Սահյանի ստեղծածը աննախադեպ նորարարություն է ոչ միայն մերօրյա, այլեւ ընդհանրապես հայ քնարերգության մեջ։ Նա բնապաշտական իր մտածողությամբ անմրցակից է մեր պոեզիայում եւ նոր հուն ու ակոս է բացում։

Ո՞րն է Սահյանի մտածողության ամենաբնութագրական հատկանիշը։ Նա տիեզերքն ընդգրկող իր պատկերի մեջ վերակենդանացնում-ակտիվացնում է նույն այդ տիեզերքի մասը կազմող առարկան, նրա հետ կանգնում նույն գծի վրա, շարժումը դարձնում ավելի կայուն ու անխաթարելիորեն տեսանելի։ Զուգաճորդն է դառնում քարափի։ Եվ ոչ միայն ինքն է ներսից բացում երեւույթը - Սահյանի բերած ամենամեծ նորություններից մեկը - այլեւ այնքան է երեւույթին կենսունակություն տալիս, որ նա ինքն է իրեն բացում, բացելով նաեւ իր ձուլվածքում մշտագո բանաստեղծին։

Լցված աշխարհքով ու տիեզերքով,
Խոր գիշերվա մեջ
Թափառում եմ ես գետի եզերքով։
Հալվում եմ, հյուսվում բնությանը մեծ,
Կարծես թե ես գետ, գետն է բանաստեղծ,
Եվ թափառում է գետն իմ եզերքով
Լցված աշխարհքով ու տիեզերքով։
                                                      («Գետի եզերքով»)

Մտածողության այս հողի վրա էլ աճում է Սահյանի քնարերգությունը, ծաղկի մեջ հողից ներարկվող ավիշ-կենսունակության պես աննկատելիորեն, չմիջամտելու աստվածային խորհրդով, երեւույթի մեջ հայտնաբերում է իրեն, դրանով իսկ ապահովելով տիեզերքի ամբողջականությունն ու սուբստանցիայի անխաթարությունը։ Եվ այն սերը, որ բանաստեղծի ստեղծած աշխարհի առանցքն է կազմում, իմաստավորում է ամեն-ամեն ինչ՝ նորովի։ Աստվածային լույսի շողն առաջնորդում է բանաստեղծին դեպի անհայտն ու անիմանալին, դարձնում բնակելի այս երկրագնդի ամենաանտեսանելի ու անքննելի մասնիկն անգամ՝ լինի դա տերեւ, ցող, արյան գնդիկ թե ատոմ... Ու ամեն ինչն է, որ կազմում է տիեզերքը։ Հայրենիքի չափ մեծ ու հայրենիքի սիրով անսահման։ Ո՞ւր են բնության մեջ շարժում ու ընթացք ներկայացնող այն հատկանիշները, որոնք տիեզերքի ֆիզիկական ու հոգեւոր հատկանիշների ամբողջական ներդաշնակությունն են ներկայացնում մարդու՝ սա է խնդիրը բանաստեղծի։ Եվ արարքների մշտնջենական որակափոխություններն ինքնաբացահայտման ու ինքնահաստատման երեւույթներ են տիեզերական, որոնք սրում են հոգեզգայական վիճակների զարգացման միտումները, դարձնում դրանք ավելի կենսունակ։ Բարդին բարդի է եւ հայրենիքի բարդի դառնալու համար երկար ճանապարհ ունի գնալու։ Եվ այդ «երկարը» կարճվում է ոչ թե կախարդական ձողիկի մի շարժումով, այլ բարդի երգողի սովորական, մարդկային տաք շնչառությամբ։ Չէ՞ որ քարը, թուփը, ծառը, գետը եւ այլն շնչավոր են ու կենդանի շարժումն են պայմանավորում տիեզերքի, իրենց ակտիվ գոյությամբ ապահովելու մարդու, որպես միկրոկոսմոսի, ներքին հակասությունների ու ներդաշնակությունների միասնականությունը։ Եվ հենց այստեղ է, որ բարոյական, հոգեբանական, գեղագիտական հատկանիշները գալիս են լրացնելու գույնի եւ նպատակի գեղեցկությունը։ Հայրենիքի սերը ամփոփարանն է դառնում բոլոր այն գծերի, գաղափարների ու սկզբունքների, լույսի ու ոգու, առանց որոնց մենք շատ թերի ու անկատար կլինեինք։ Համո Սահյանն իր «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությունը գրել է ռազմի դաշտում, երբ հայրենիքի գլխին կախված սպառնալիքը (այն էլ եղեռն ու ավերներ տեսած հայրենիքի), զգացումի ուժն ու լարումը դարձել էր անասելի մեծ բազմապատկականության օրենքով, երբ ցավի հուրը ամենաբարձր կիզակետին էր հասել.

Նազում ես ու շորորում զմրուխտե քո շորերում,
Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի,
Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում,
Իմ հեռու՜, հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի։

Սահյանը ոչ թե բարդի ծառի միջոցով (տվյալ դեպքում այնքան կենդանի է ծառը, որ «միջոցով» բառը հնչում է վիրավորական), այլ նրա հետ միասին վերընձյուղվում է համապարփակ կարոտի ու սիրո մեջ։ Ամենաջերմ զգացմունքների մասին, սովորաբար, մարդ խոսում է ամենահարազատի հետ, ամենքի մոտ չէ, որ կարելի է խորք ու լայնքով բացվել։ Եվ, վերջապես, նա, ում հետ առնչվում ես, պիտի անկեղծ ու ազնիվ պահվածքով, վարքով հնարավորություն ստեղծի սրտաբաց խոստովանությունների։ Հայրենիքի քարն ու թուփը, խոտն ու ջուրը, ամեն մի մասնիկը այնքան արյունակցական հարազատության մեջ են բանաստեղծի հետ, որ նա չի երկնչում, չի ընկրկում՝ ամենասուրբ զգացումներով բացվելու։ Բարդին առարկա չէ, բարդին նյութ չէ, այն բացարձակ ոգու շարժման նախապայման է, որովհետեւ բանաստեղծից վերցրած «շորորը» ու «նազը» հագել է ներսից, կանգնել նրա «մանկության կանաչ արտը» տանող ճամփի վրա՝ չխնայելով փարթամ շուքը։ Եվ կանչը այնքան է զիլ ու գորովական՝ իր զնգոցի մեջ, որ բանաստեղծի սրտում հազար ու մի ձոր է բացվում կարոտի։ Ձորի կանչը ուրիշ է, ձորի կանչը կորածին գտնում է, պահ մտած հավքի թեւերի սոսափով օդը լցնում է, հույսը դարձնում է վայրի մեղվաձագին փչակում տուն տված ծառի պես կենսական, երեսին շփվող աղբրաջրի պես մաքուր է։ Այն վերջապես շարժման հավաստիություն է ու սիրո մեղեդի։

Բնությունից գալու (ինքն իրեն հաստատելով) այս մեթոդը նորություն չէ համաշխարհային պոեզիայի համար, յուրօրինակ կիրառում ունի այն նաեւ ամերիկյան պոեզիայի ժամանակակից ամենահզոր դեմքերից մեկի՝ Ռյոթքեի ստեղծագործությունում։ Ահա թե այդ մասին ինչ է գրում Արտեմ Հարությունյանը. «Եվ որքան խորանում ու իմաստնանում է Ռյոթքեի ձայնը, այնքան ավելի ռեալիստական է դառնում նրա պոեզիայում սիմվոլիկ տեղանքի եւ բնական երեւույթների պատկերումը»104։

Ահա Թեոդոր Ռյոթքեից մի քանի տող.

Մութ անձավն ասաց՝ հպվիր քամուն,
լուսինը շշնջաց, տես մեջքը ձկան,
աղը կրկնեց, նայիր ծովեզրին,
արարքներդ դեռ բավարար չեն փառաբանման համար,
սփոփանք չես գտնի դու այստեղ։

Բնության զգացողության մեջ եզակի է Սահյանը։ Բարդենու հետ զրույցի մեջ որքան մարդկային ապրումների մեջ խորանում է բանաստեղծը, նույնքան ավելի է մոտենում բարդենուն, վերջինս հանդես է գալիս որպես մարտիկ-բանաստեղծ, մարտիկ-բանաստեղծը՝ որպես բարդենի։ Տիեզերական շարժման մեջ երկուսն էլ համահավասար են, երկուսն էլ մեծ աշխարհի, տվյալ դեպքում՝ անփոխարինելի հայրենիքի խորհրդանիշներ են։ Այսպիսով, այնպես է Սահյանը երգում Նաիրյան բարդենին, որ ասես բարդենին է Սահյանին երգում։ Եվ սուբյեկտների փոփոխությունից ոչինչ չի փոխվում։ Չորս քառատողից բաղկացած այս բանաստեղծության մեջ յուրաքանչյուր չորրորդ տողում կրկնվում է՝ «Իմ հեռու, հեռու, հեռու Նաիրյան դալար բարդի»։ Ամեն անգամ յուրովի է հնչում «հեռու, հեռու, հեռու» արտահայտությունը, ինչպես ասում են, բառը հեռանում է իր նախնական իմաստից։ Առաջին «հեռուն» կարոտ է, երկրորդը՝ ափսոսանք, երրորդը՝ հավատամք ու վերադարձի հույս։ Եվ ոչ միայն։ Սահյանի տողերը հարուստ են ենթատեքստերով։ Սահյանի նկարագրած աշխարհում առարկաները վերաիմաստավորված են յուրովի եւ քար չէ քարը, եւ ծառ չէ ծառը, եւ ծաղիկը ծաղիկ չէ միայն։ Հանրահայտ իմաստների տակ բառերը ունեն խորը գաղտնիքներ ու առեղծվածներ, որ բացվում են տողի մեջ միայն։ Բարդենին մանկության շշուկ ու քայլերի խորհրդանիշ չէ, ոչ էլ, առավել եւս, քաղցր հուշերի բնակարան, այն տունն է ոգու եւ արտույտ-մանկան լինելության առաջին պայման։ Ահա թե ինչու բանաստեղծի խոսքը, ուղղված բարդենուն, առ Աստված առաքված զորավոր աղոթքի տպավորություն է թողնում, բարդենին դառնում է բերդ ու մկրտության ավազան, դառնում է կյանք ու նպատակ.

Ես երգիչ հրի, սրի, շահ չունեմ քո սիրուց զատ,
Քեզ նման կանաչ կյանքով քեզ համար ելած մարտի,
Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս,
Իմ հեռու, հեռու, հեռու Նաիրյան դալար բարդի։

Համո Սահյանով բնությունն ինքն իրեն վերագտնում է։ Բնության առեղծվածի մեջ բանաստեղծը համատիեզերական հայտնություններ է կատարում։ «Պապը» կոթողային քերթվածքի մեջ նա լավագույն ձեւով է պատկերում իր հոգեբանական վիճակը, խոսքն ակնարկումից խորացնելով մինչեւ կենսական պատկերը ոգու եւ մինչեւ ցավի մեջ իր հաստատումն ու ինքնաճանաչումը. «Իմ պապը ակոսում Պառկել ու քնել է, խառնվել այն հողին, Որ իրեն սնել է»։ Նյութի մեջ արթնացնում է գաղափարը, գծելով հայրենիքի անսահման սահմանները իր իսկ հոգու խորքերի հաշվին։ Այս տեսակետից խիստ բնութագրական է Սահյանի «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» բանաստեղծությունը, որն ավելի շատ, ավանդավեպ է հիշեցնում։

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա։

Ուրեմն, առարկան դեռ երեւույթ չէ, տարածքը դեռ հայրենիք չէ։ Հայրենիքի ամբողջացման առանձին հատկանիշները, դրանք հայրեններն են, հորովելն է, հոգու խորովվելն ու բախտից խռովելն է, ամեն ակոսից բանաստեղծի մանկության աչքերով բանաստեղծի աչքերին նայող մանկության կանչն է։ Ահա հեռավոր նշույլը այն ամենի, ինչ ասում է Սահյանը։ Բայց այստեղ ասված է նաեւ այն, ինչ չի ասվում. զավթված Արարատի փեշերին եթե Նոյ Նահապետի ժառանգը չի ապրում, ուրեմն ապրողի մեջ խաթարված է մարդը, այսինքն, միտքս ավելի հստակելու համար այսպիսի մի օրինակ բերեմ. ճանապարհը միայն քայլելու հատված-վայր չէ, այն ոչ միայն քայլի, այլեւ մտքի, հուշի, սրտի, սիրո հետագիծ է, պետք է ապրել ճանապարհը։ Սահյանի անցումն իր աշխարհի ցանկացած արահետ ու կածանով, ժայռով, քարով առաջին հերթին վերապրում է, ճանապարհորդություն է դեպի իր նախաստեղծ ակունքները, դեպի ճշմարտությունը, լույսը, դեպի գալիք օրը։ Եվ հակադիր մտքեր ու գաղափարներ արտահայտող բառերի օքսիմորոնային «հաշտեցումը» դարձնում են ավելի հարուստ բազմապատկական գույներով եւ անհամեմատ դինամիկ. «Ուրախ մի վիշտ կա քո երգի մեջ, Եվ ուրախություն մի վշտալի»։ Հայրենիքը Սահյանի երգերում ոգեղեն է, ներքին ձեւերի մեջ՝ անկրկնելի ու եզակի։ Նյութից, առանց այն ծանրաբեռնելու խինդ ու արցունքով, բանաստեղծը գնում է դեպի բացարձակ ոգին, առարկայական-նկարագրական-ծավալային մեծության փոխարեն խորքայինն ընդգծելով։ «Մորս ծաղիկ ծոցի մեջ Կար մի ծիվ-ծիվ Հայաստան»։ Այսպես Սահյանը Հայաստան է երգում առանց Հայաստան երգելու։ Սա Սահյանի երգարվեստի ամենացայտուն արտահայտված հատկանիշներից մեկն է։ Չի ասում, թե քարն իրենն է, չի ասում, թե սիրում է քարը, գնում-կանգնում է քարի մոտ, գնում-մերվում է քարին ու դրանով իսկ արտացոլում այն, ինչ չի ասվում.

Դու սարերի մեջ ու ձորերի մեջ
Ամենանորը դու նորերի մեջ
Ու հների մեջ ամենահինը,
Դու իմը, իմը, ամենաիմը։
Ես՝ մի բուռ մրկած մամուռը քարիդ
Եվ հետին հյուլեն կենսական ծառիդ։
Ես՝ քո բողբոջը, ծիլը, կոկոնը,
Ես քոնը, քոնը, ամենաքոնը։

Եվ որքան հստակ ու անխառն է բանաստեղծը վերապրում իր ցավն ու զգացումը, այնքան ավելի է ենթատեքստի մեջ ընդգծվում «իր սար ու ձորի մեջ» հաստատակամ կանգնած մարդու դրաման։ Դա նույն Նարեկացու ոսկեբերան եղբայրն է՝ խոսքն ուղղած Աստծուն։ Սահյանը բնությանն է դիմում, «մոր ծոցի ծաղիկը» բացելով է հասնում Աստծուն, հասնում Հայրենիք-Հայաստանին։ Գլխավոր դեր ունի եւ այն սկզբունքը, որը հիմնաքարային է Սահյանի մտածողության համակարգի մեջ։ Բանաստեղծին, թե՛ քարի մեջ, թե ծաղկի, ամենուրեք խոսեցնողը հայրենիքի սիրո ցավն է, որն էլ ներկայանում է որպես քաղաքացիականություն։ Ռուսական ժամանակակից պոեզիայի լավագույն դեմքերից մեկը՝ Լեւ Օզերովը, Սահյանի բանաստեղծության հենց այդ հատկանիշն է համարում հեռանկարային ողջ պոեզիայի համար. «Քաղաքացիականը հնչում է անձնականի մեջ, անձնականը՝ քաղաքացիականի։ Ձեր այդ հատկությունը շատ հեռանկարային է եւ մեր ողջ պոեզիայի համար՝ հուսադրող»105։ Սահյանը չի մտածում պատկերավոր, Սահյանը առարկայի մեջ լոկ պատկերն ուղղակի արթնացնում է իր մի շշուկով կամ խորքը տանող ոտնաձայնով։ Հայրենասիրության ներբողներ ու ճառեր չի արտասանում բանաստեղծը, զգացումներ ու վիճակներ չի «պատկերավորում», պարզապես այնքան անմիջական է ներկայացնում, որ մնացածը ստեղծվում է «ինքն իրեն»։ Եղեռն տեսած, կոտորածներ ապրած ազգի ցավի մասին ոչ մի բառով չի ակնարկում, ուղղակի ականջիդ տակ ինքն իրեն խոսում է.

Մեր տան պատից մի քար լիներ,
Նստեի վրան
Ու պատմեի անտուն կյանքիս
Հեքիաթը նրան։

Պատմեի, թե այս աշխարհում
Ինչեր եմ քաշել
Եվ գլխիս տակ քանի, քանի
Քարեր եմ մաշել։

Ու լսեի վերջին անգամ
Խորհուրդը նրա
Ու մեռնեի ապուպապոտ
Այդ քարի վրա։

Այս երեք քառատողում ոչ միայն անհատի դրաման է արտահայտված, այլեւ մի ամբողջ ժողովրդի։ Հայրենի տան քարը ավելի լսող-զգացող է, քարը հանդես է գալիս որպես արյունակից, որպես ապուպապոտ աշխարհի իմաստուն խորհուրդ, որպես կենաց ծառի կանչ։ Սահյանը ձեռքը դնում է առարկաների վրա, եւ դրանք շնչավորվում են, Սահյանը դիպչում է հայոց աշխարհի քարերին, եւ, թվում է, նրանք վշտից ու տառապանքից քարացած երբեմնի հայորդիներն են, զարթնում են նորից՝ ինչպես հեքիաթում։ Ցավի ու բարության, անխառն հեգնանքի բացառիկ մի խառնուրդ կա բանաստեղծի ժողովրդական մտածողության մեջ, ոճում։ Քարերը երգի մեջ վերածում է մարգարիտների, աչքիդ առաջ փռում դրանք ու ասում՝ քարերի երկիր Հայաստանս։ Այս ուղիով է բարձրանում նրա կենսափիլիսոփայությունը։ Դեռեւս դարասկզբին երիտասարդ Չարենցը ժամանակի մորմոքներն ու տագնապները ներկայացրել է իր ամենաառաջին բանաստեղծություններից մեկի («Անքուն գիշերին») մեջ՝ «Քնել չի լինում»։ Դարակեսին իր մեծ նախորդին ձայնակցեց Էմինը՝ «քունս չի տանում»։ Եվ ապա Համո Սահյանը տարեգրեց պահը դարի «Քունս չի տանում», ավելացնելով, որ ժամանակները խառն են ու խրթին։ Խառն ու խրթին ժամանակների զգացողությունը չի լքում Սահյանին ոչ մի րոպե, խոհը բեռնավորվում է զգացումներով, բայց նյութը չի ծանրանում, տրամադրականությունը այնքան է բարձրացվում, որ քարերն անգամ կարող են թռչել։ «...Հայրենի քարափը Համո Սահյանի համար,- գրում է Ս. Աղաբաբյանը,- ամենահարազատ կետն է, գոյության խարիսխը։ Դա այն շաղոտ ու շողոտ սրբավայրն է, որ օթեւան է ընտրում վերջին երամը հոգնած կարապի, ուր սարերը քնած դարեր են, պատմություններ են անհերքելի, ուր մամուռից ու առուներից արեւի հոտ է գալիս, ուր անհաղթ բարության հեքիաթն են հուշում հերկերի մեջ ծլող հունդերը, ուր մեռած հույսերը ծնվում են կրկին, ուր սիրտը կոտրված կաքավը առաջին սիրո մորմոքն է պատմում, ուր... Էլի ուրիշ աննման ու անտես իրական ու խորհրդավոր հրաշքներ են կատարվում»106։

Բնությամբ Սահյանը մարդուն տանում է դեպի ինքնահաստատում։ Բանաստեղծը հայրենիքի ընդհանրացված կերպարի ու գծերի մեջ մեծ տեղ է հատկացնում ազգային հատկանիշների մարմնավորմանը։ Իր «Ինչ անեմ, մայրիկ» բանաստեղծության մեջ, որը պատումային հենքի վրա է կառուցված, Համո Սահյանը ազգային բնավորության համաձուլվածքների է հասնում, մայրը, սխալի համար, ապտակում էր եւ սաստում, որ լաց չլինի, իսկ ինքը իր տված ապտակի համար թաքուն լալիս էր։ Սակայն մոր մահը եղավ որդու համար ամենամեծ ապտակը, ցավի տեղը այլեւս «համբուրող չեղավ»։

Եվ իմ փոխարեն
Իմ ցավը զգացող
Ու լացող չեղավ։
Ի՞նչ անեմ, մայրիկ։

Մերդարյա հայ քնարերգությունը Շիրազի, Սեւակի եւ Սահյանի նորարարական բանաստեղծության սկզբունքներն ու ավանդները յուրացրեց ստեղծագործաբար։ Հակիրճություն, խոսքի եւ վիճակի դինամիզմ, մարդկային խոր դրամա, աննախադեպ պատկերավորություն, լակոնիկ ոճ ու ժողովրդական մտածողություն, կրքոտ անհաշտություն ու պարզություն, բնության եզակի զգացողություն եւ այլն. սրանք այն հատկանիշներն են, որոնք որակ են կազմում այսօրվա մեր քնարերգության համար եւ հեռանկարային ընթացքի ուղենիշների դեր են ստանձնել։ Քարից ավիշ քամող արմատների մեջ հենց Սահյան բանաստեղծի կերպարն է՝ ընդհանրացված տիեզերական ինքնատիպ ընկալումներով։

Բանաստեղծությունը, ասում են, տիեզերքի հայտնագործություն է։ Աշխարհի ընկալման կերպը հուշում է նաեւ վերարտադրության ու աշխարհընկալման ոճ, ծնում է հակասություններ, որոնցով, ի վերջո, պիտի հաստատվեն ներդաշնակությունները։ Մարո Մարգարյանը արեւի մի փոքրիկ շողով կարող է թափանցել հոգու ամենաանմատչելի խորքերը, լեռը գոտեւորել ծիածանի մի փշուրով։ Եվ դա ելակետային նշանակություն ունի նրա քնարերգության համար։ Մարո Մարգարյանի բանաստեղծության մեջ անկանխակալորեն երգվում է հայրենիքը։ Բանաստեղծուհին սիրո խոսքեր չի ասում, պարզապես նրան ընթերցելիս զգում ենք, որ մեր սիրտը լցվում է անբացատրելի, տաք զգացումով.

Թե ինչպես են ծաղիկները
Քարերի մեջ կոկոն բանում,
Թե ինչպես է փոքրիկ ճյուղը
Պտուղների մեծ բեռ տանում...
Թե ինչպես է բուրում հողը
Իմ հեռավոր Հայաստան։
                                                 («Փշատենի»)

Մարո Մարգարյանի ստեղծագործության առանձնահատուկ գծերից մեկը Ս. Աղաբաբյանը համարում է անմիջականությունը, միաժամանակ տեսնելով «անմիջականության հետ նաեւ պատկերի իմացական լայնացում, տրամադրությունների խորացում, անգամ ենթաբնագրային մտածողության որոշ տարրեր։ Զգացմունքը, անմիջական տպավորությունը հարուցում է նաեւ բանաստեղծական բովանդակության երկրորդ պլանը»107։

Բանաստեղծուհու մտածողությանը, այո, հատուկ է տրամադրության խորացումը, զգացումի բյուրեղացումը, ապրումի հոգեբանական վերարտադրությունը կամ, ինչպես գրող Ա. Քոչարյանն է ասում. «Նրա երգի բառերը բացվում են մայիսին ծաղկած ծիրանիների բուրմուքով»։ Մարո Մարգարյանի հայացքը քնքշություն, բարություն, մեղեդայնություն է տալիս չոր քարին անգամ. «Սիրտս նման է սեւ հողին, Սիրտս նման է չոր հողին, Սիրտս նման է լուռ հողին»։ Այդպես է նա հայտնագործում իր համար երկիրը, որտեղ իշխում են բանաստեղծուհու «ստեղծած օրենքները», որտեղ «ճառագայթն անշեղ բեկվելիս անգամ, Ուղիղ գծով է կոտրվում, սահում»։ Բանաստեղծուհին բնավորություն է ներկայացնում ազգային, ներկայացնում ճակատագիր ու պատմություն ճառագայթի պատմության մեջ։ Եվ դա նրա բանաստեղծական հայտնություններից մեկն է։ Առանց խոհը ծանրաբեռնելու կամ տրոհելու, բանաստեղծուհին կատարում է եզրահանգումը, այն, որ ուղիղ ընթացող լույսն է աշխարհը պահում։ Եվ հենց այստեղ էլ հստակ է դառնում «ենթաբնագրային» ասելիքը։ Մի փոքրիկ ակնարկումով կամ իմաստավոր լռությամբ Մարո Մարգարյանն ասում է ավելին.

Դաշտով մենակ, Դաշտով մերկ, Հեռուներով անեզերք, Չնայելով քարերին, Մացառներին, փշերին, Վազում է լուռ մի աղջիկ, Ծիածանը փեշերին։

Որքա՜ն խորը զգացողություն, հոգու լարում ու մտքի սլացք կա այս մի քանի տողի մեջ։ Դարի տեխնիկական առաջընթացն ու քաղաքակրթությունը, աշխարհացունց իրադարձություններն ու աղմուկները առավել սրել են բանաստեղծուհու զգացողությունը, մարդկային վեհ արժանիքների պահպանության ջանքը դարձրել հոգու մշտական մաքառում, որը եւ ամեն ինչ անում է տիեզերքի գեղեցկություններն անխափան պահելու համար։ Մարդկային անլուր լլկանքներին ու տառապանքներին, կոտորածներին, պատերազմներին ու քաղաքների վրա նետվող ատոմային ռումբերին հակադրելով գարնանային սուրբ անմեղությունը ու կյանքի կենսունակության ծաղիկը, Մարո Մարգարյանը փորձում է վերակերտել աշխարհը յուրովի, ինչպես դա արեց Շիրազը «Գարնանամուտի» մեջ։ Եվ «ծիածանը փեշերին» վազող աղջիկը հենց «Գարնանամուտի» պատանյակի սերն է անաղարտ։ Մարգարյանի տեսողությունը հաղթահարում է ժամանակների դիմադրողականությունը եւ հասնում «անեզերք հեռուները»։ Եվ բանաստեղծությունը, որը ավելի շուտ վարպետ նկարչի հենց այնպես, «անտարբեր» վրձնահարված է հիշեցնում, իր մեջ արտացոլում է 20-րդ ատոմային դարի ողբերգությունն ու տիեզերքը նվաճած մարդու հոգեկան դրաման։ Յուրաքանչյուր բառ այնքան է զգացումի ու մտքի պաշարներով ծանրաբեռ, այնքան է բնորոշ ու դրամատիզմով հագեցած, որ, թվում է, իր մեջ ամբարած պահում է ժամանակաշրջանի ամենաբազմազան լիցքերն ու հակասությունները։ Դա հայուհու նոր կերպար է մեր գրականության մեջ, որտեղ ազգային բնավորության գծերը խորացված են ինչպես հայրենիքի աշխարհագրական, այնպես էլ հոգեբանական, պատմական ճակատագրի ու ավանդույթների, աշխարհընկալման առանձնահատուկ դրսեւորումների մեջ։ Ժամանակների մացառն ու փուշը, քարերը որքան էլ շատ՝ մեր ժողովրդի ճանապարհին, այնուամենայնիվ, նրա ուստրերն ու դուստրերը չեն կորցրել հոգու կորովը, որպեսզի ազգի համար գարուններ բերեն։ Եվ սա հայի զավակների մեջ հավերժ ապրող մեծագույն հատկանիշներից մեկն է, որ անցնում է նաեւ բանաստեղծական ոգու արարումներին՝ ազգային ասպետականությանը, ազգի համար ինքնազոհությանը։ Իսկ ազգային բարձր հատկանիշները, որոնք մարդասիրական հզոր լիցքեր են պարունակում իրենց մեջ, կարող են առավել ազնվացնել ոչ միայն մի ժողովրդի, այլեւ դարի ու դարաշրջանի, ինչպես ասում են, գեղագիտական ըմբռնումներն ու գաղափարները։

Մարո Մարգարյանի «Ծիածանը փեշերին» առած աղջիկը հասունանում է ժամանակի մեջ, ընդլայնելով հայրենիքի կերպարն իր արարումով, իմաստնանում է ավելի («Դեռ չեմ պոկել»).

Դեռ չեմ պոկել մի ցողուն, դեռ չեմ խփել մի քարի, Կյանքի մթին ճամփեքին սրտիս ճրագը վառած, Տեսքով սառն ու անտարբեր, բայց անձնուրաց ու բարի՝ Ես կարոտն եմ աշխարհի՝ կնոջ տեսք առած։ Աշխարհի չար դավերին ես անմասն ու անհաղորդ, Ամենաջինջ աստղերին հայացքս հառած, Կարոտ սրտից ելած վեր՝ ես մաղթանք եմ ու աղոթք, Ես թախիծն եմ աշխարհի՝ կնոջ տեսք առած։ Դուք ծիծաղեք սրտաբաց եւ ինձ միք դավի, Թող վայելքի ամեն դուռ բացվի ձեր առաջ, Բայց հիշեք ինձ, երբ անզոր ձեր սիրտը ցավի՝ Ես սփոփանքն եմ բարի՝ կնոջ տեսք առած։

Տառապանքի մեջ իմաստնացած բանաստեղծուհին գրում է սերնդի երգը. «Իմ սերունդը ամբողջ եղյամի մեջ է»։ Եվ այստեղ նորից հերոսանում է նույն խիզախ ոգին՝ դիմակայելով պատմության ու ճակատագրի պարտադրված արհավիրքներին։ Հայրենիքի սերմնացանները ոչ թե փխրուն հող են հերկում՝ գալիքի ցանքի համար, այլեւ հերկում են սառույց, ակոսում քար։ Ակոսել քար. Մարգարյանի պատկերային կառույցն է սա, որի մեջ ոչ այնքան առարկայական գործողության նկարագիրն է, որքան հայրենիքի ներքին պատկերը՝ ներառյալ «պատմության քառուղիները» դաժան, հոգեւոր աշխարհագրությունը երկրի, ինչու չէ՝ նաեւ ֆիզիկական եւ այլն։ Մարո Մարգարյան բանաստեղծուհին իր քերթվածքներում «առաջնորդվում» է ոչ միայն հայրենի աշխարհի երանգներով, այլեւ նրբերանգներով, սակայն դա չի խանգարում, առավել եւս՝ օգնում-նպաստում է, որ նրա քնարական հերոսուհին լինի անթերի մայր։ Մայր, որ իր մանկան օրոցքի մեջ մեծացնում է երեխայի պայծառ ապագան։ Եվ տրամաբանական ու զգայական այս գծի վրա ինքը՝ բանաստեղծուհին, արդեն իր մեջ Հայաստան աշխարհն է մարմնավորում, դառնում է սերը հայրենիքի՝ մոր տեսք առած.

Թողնեմ ես երգի բոլոր ձեւերը, Մարդկանց հույզերը, կոչումն ու դերը, Թողնեմ արեւն ու աշխարհը լայն, Երգեմ մայր կոչվող Անհատնում սերը, Ամենավերը՝ Աշխարհում այն։

Սիրո անաղարտության բանաստեղծականացման այս միտումը խորը արմատներ ունի ոչ միայն Մարո Մարգարյանի, հայ նորագույն պոեզիայի, այլեւ, ընդհանրապես, ժամանակակից ռուս եւ համաշխարհային քնարերգության մեջ։ Մեջբերենք Մարիա Պետրովիխից մի քանի տող՝ Մարո Մարգարյանի թարգմանությամբ (ես ուզում եմ ընդգծած լինել աշխարհընկալման եւ վերարտադրման հոգեհարազատությունը).

Եվ սարյակներն են ճռվողում անհոգ Ու թեւահարում Եվ պատերազմը եթե չլիներ, Աշխարհում հիմա կլիներ գարուն։

                                                   («Ապրիլ 1942 թվին») 

Որքան դարը խրթին ու անհասկանալի՝ իր կոսմիկական տարերքի մեջ ու տիեզերական հայտնություններում, պոետական խոսքի հայտնության մեջ միտք-զգացումի «անգաղտնապահությունը», սրտաբաց ու դեմքին ասվող անկանխակալ ու անշահախնդիր ճշմարտությունը դառնում են պայքարի անփոխարինելի միջոցներ, մղում պոեզիան դեպի իրականության ոլորտները։ Հենց անմիջականության այս պարագան է նկատի առել Եվգ. Եվտուշենկոն իր բանաստեղծության մեջ. «Հսկա լինելը կեղծ նպատակ է, Մեր նպատակն է փոքր չլինել»։ Այս գիտակցումը, սակայն, ոչ թե ձեռքբերովի է լինում, այլ` աստվածատուր։

Միանգամայն ուրիշ երանգներ ու գույներ ունի Հրաչյա Հովհաննիսյանի հայրենասիրական քնարերգությունը, նրա խոսքի մեջ տրամադրական ապրումներն ու խորացումներն այնքան հարուստ են, ձայնն այնքան է չմիջնորդված, որ, թվում է, մեկ-մեկ ոչ թե այս կամ այն «նյութն» է պատկերում-վերարտադրում գրողը, այլ երեւույթն ինքն է ներկայանում ստեղծագործության մեջ։ Եվ այդ հանգամանքն է ակնարկում Ս. Աղաբաբյանը. «Կարելի է ասել, որ իր սերնդի բանաստեղծների մեջ նա (Հր. Հովհաննիսյանը- Վ.Հ.) առանձնանում է մարդու բարոյական չափանիշների, կենաց սկզբունքների լայն ու պարբերական արծարծումներով»108։

Բանաստեղծի սերը հայրենիքի նկատմամբ միանգամայն ուրիշ խորք ու լայնք ունի, նա ոչ միայն խոսում է, այլեւ «գործողության մեջ է», ինչպես ասում են, ներկայացնում իր զգացմունքները, հոգու պարզությունն ու բարձրությունը։ Իր խիստ ընդգծված բնավորության վեհ գծերն է Հր. Հովհաննիսյանը տալիս ստեղծագործություններին, հային հայ պահող ու անկոտրում պահող ավանդները նա ոչ միայն զարգացնում է, այլեւ դարձնում է դրանք ժամանակի բարոյական չափանիշ։ Հայաստանը այդ ո՞ր բանաստեղծի, արվեստագետի ստեղծագործություններում է, որ չի ներբողվում որպես մոխիրներից հառնած փյունիկ թռչուն, որպես աշխարհով մեկ ցրված հայության մշտական ապաստարան ու կանչող փարոս, որպես անթառամելի փառքերի ու հիշատակների երկիր, որպես բիբլիական հող, որպես գեղեցկություն ու աստվածային դրախտավայր եւ այլն։ Սրանք, անշուշտ, մեր հայրենիքի համար խիստ բնութագրական գծեր են եւ անուրանալի հատկանիշներ, որոնց մասին գիտեն նաեւ օտարները։ Հրաչյա Հովհաննիսյանի «Հայաստանին» բանաստեղծության գեղարվեստական նշանակությունը բարձրանում է հենց այնտեղ, ուր նրա տողը «շեղվում» է վերոհիշյալ գծերից։ Ու դրանց համար չէ, որ բանաստեղծն այնքան խորն է սիրում հայրենիքը, դա խոստովանելով միայն ու միայն որդու խոսքերով.

Սիրում եմ ես քեզ, սիրուն հայրենիք,
Որ որդիդ ծանր է իր հացը դատում,
Քանզի քո սերմը հրե ժայռերի
Ու բիրտ լեռների լանջին է կախում։
Սիրում եմ, որ նա ջանքով դժվարին,
Մարգարիտ լույս է կիրճերից բերում,
Որ ամեն կաթիլ լույսի մեջ բարի
Նրա քրտինքի ծովն է երեւում։

Բանաստեղծի խոսքն այնքան ուղղակիորեն ու ներքին լարումով է ասվում, որ, բնականորեն, տեղ չի մնում «գեղարվեստական» զեղումների, այն հեռու է պաճուճվածությունից. դեմդ կանգում է մի մարդ՝ բանաստեղծության քնարական հերոսը, որ հայրենի ժայռերի պես ինչ-որ տեղ կոշտ է գուցե, բայց հեռու է «կեղծուվայելուչ» սեթեւեթանքներից, բայց անպայման կրծքի տակ մեծ սիրտ ու հոգի ունի, մանկական անմեղության աստիճանի պարզ ու ուղղամիտ է, բարու ու լույսի հավատավոր։ Եվ հայկական անխառն բնավորության գծերով է Հրաչյա Հովհաննիսյանը նկարագրում հայրենիքը, լեռ ու ձորի անուններին չի դիմում, չի դիմում չխամրող փառքերին ու հիշատակներին, այլ ազգային արժանիքներին է անդրադառնում մարդու, բնությունը տեսնում մարդու բնույթի մեջ, հայրենիքը քարտեզագրում ըստ հայ հոգու անսահման գանձերի ու հարստությունների, հայի լույսը դժվար է վառվում, ճամփան դժվար է բացվում, իղձը դժվար է կատարվում, դրա համար էլ քաղցր է հայրենիքն այնքան, քանզի տառապանքով ձեռքբերվածին ոչինչ չի հասնի։ Միակ «հեշտ» գտածը հայի երազներն են, որովհետեւ ժողովրդական ճշմարտությունն է հավաստում՝ մեծ տանջանքի մեջ են ծնվում մեծ երազները։ Հայրենիքը հեշտ է գտնում նաեւ մահերը որդիների, որովհետեւ, տրամաբանական է, որքան շատ է վտանգվում հայրենիքը, նրա որդիները նույնքան ինքնազոհ են ու անձնուրաց.

Հենց դրա՛ համար դու քաղցր ես այդքան,
Քաղցր է քո միրգը, հացը եւ գինին,
Քաղցր է քո լեզուն, լեզուն հայկական,
Քաղցր է քո նորը եւ փառքը հնի։

Բանաստեղծը չի գնում տրորված ճանապարհով, չի դիմում գրականության մեջ վաղօրոք կոդավորված, ինչպես ասում են, սիմվոլների ու պատրաստի «բանաստեղծական» կառույցաբեկորների, նա ինքն է իր բառի ու ցավի մեջ, իր հոգսի արմատում՝ թող որ երբեմն դժվարաճանապարհ։ Վերջապես, դժվար է նաեւ հայրենիքը երգել «քաղցր» բառով, մանավանդ, որ այն հնչել է այնպիսի վարպետների շուրթերով, ինչպիսիք են Թումանյանը, Իսահակյանը, Տերյանը, Չարենցը, Զարյանը, Շիրազը, Սեւակը։ Այդքանով հանդերձ, դիմել այդ բառին ու երգ դարձնել, բավականին դժվար է, եթե ոչ անհնարին։ Սակայն Հր. Հովհաննիսյանը յուրովի է թրծում պատկերն իր հոգու քուրայում։ Նրա բառը ըմբոստ է եւ ունի ընդվզումի ներքին կրակներ, շարժում՝ գուցե թե առաջին հայացքից չերեւացող։ Այս առումով խիստ բնութագրական է Հր. Հովհաննիսյանի «Նոստալգիա» բանաստեղծությունը՝ գրված 40-ական թվականների վերջին, ուր բանաստեղծը առաջին պլան է մղում կիսված հայրենիքի թեման, բացեիբաց խոսում հայոց մեծ կորուստների մասին.

Կյանքն է հոսում երգով ազատ,
Հուրն ենք վառում մեր հայրենի,
Սակայն ինչո՞ւ մեր հազարատ
Հայրենիքը կիսված լինի։
Լույս է այստեղ՝ Երեւանում,
Կարկաչում է լեզուն մեր հին,
Մինչ գիշեր է, գիշեր անհուն
Կարսի լռած ճամփաներին։

Հրաչյա Հովհաննսիյանի քնարական հերոսն այնքան տաք ու անմիջական է դիմում հայրենի սարին ու քարին, այնքան որդիաբար ու սիրով, որ դրանք ոգեղենանում են, մայրական գորովով ու սիրով սրբանում։ Եվ ինչպես չհավատալ բանաստեղծի բերկրանքին վարարուն. «Ուզում եմ փարվել բարդենուն այս, Խառնվել արծաթ այս գետակին, Խայտալով գնալ, հասնել Արաքս»։ Հայրեներգության մի բազմախորք ու բազմածալ մատյան է Հովհաննիսյանի «Հայրենի անտառը, ուր առավոտները «զարմանալի պայծառ, պայծառ են» եւ անմեկնելի խորհուրդներ ունեն կարոտի ու սիրո, ուր Տավրոսի լեռներին ցոլցլում է «մարմնացումը հայոց երազների»՝ գալիքի մարմարե ապարանքը, ուր հայոց ճանապարհը «Խալդյան աստծո առաջ ապրիլն է վառել», ուր «ամուր է մեր հոգին, Եվ անծայր է, անկանգ ճանապարհը հայոց», ուր մի աշխարհ է հասնում «Հայրենի սրնգի ձայներում, ուր «գույներ ու բույրեր ու ծիածան է» արարարում «մանկության սպիտակ ամպը», ուր բնավորված մեղուն նեկտարի համար «խախտում է սահմաններն ու պատմական Հայաստանի սրբավայրերից է նեկտար բերում, ուր ամեն ծառ՝ անխորտակելի կաղնի է ու արմատներ ունի ամենավաղնջական ժամանակների մեջ, ուր... Ուր աճեց նաեւ «Արմավենու թուփը»։ Այս բանաստեղծությունը հոգեկան մեծ դրամայի արտահայտություն է, հայկական ազգային ողբերգության արտահայտություն, ուր ներկայանում է մի ամբողջ դարաշրջան, մեր ժողովուրդը՝ իր պատմական ճակատագրով ու հայրենիքով, իր առանձնահատկություններով։ Սա բանաստեղծություն չէ, այլ պոեմ է՝ կուռ կերտվածքով ու էպիկական հզոր շնչով։ Բանաստեղծը բավականին «ահեղ ու ծանր» շնչով սկսում է իր եւ բոլորիս պատմությունը. «Իմ սենյակի մեջ կանգնած է մի տխուր արմավենի»... Մասունք դարձած ճյուղերին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, չի հիշում՝ «որտե՞ղ է ծնվել, որտեղի՞ց է նա», «Մարդկանց անտարբեր հայացքի ներքո կանգնած է մենակ»։ Մենակ... Բայց ի՞նչ մենակություն է սա, արդյո՞ք այն հոգեվիճակը չէ, որ գրչակից Սեւակի շուրթերին տարիներ հետո դարձավ «մենակ ու մենիկ» («Ճոճք»), ի՞նչ խոհեր են պարուրել արմավենուն, ինչպե՞ս է դարի ցավը նրա արմատներին սնունդ տալիս։ Հր. Հովհաննիսյանին դիմենք.

Ես գավաթով եմ հանգցնում նրա ծարավը անհագ,
Մինչ մի ժամանակ Եփրատն էր նրան մայրաբար ջրում։

Թփի վրա բացվող բիբլիական արեւին փոխարինել է լամպի լույսը հիվանդոտ, երկնքի փոխարեն առաստաղն է ծանրորեն խեղդում վերից։ Եվ ապա.

Օազիսներով ծաղկած հեռավոր դրախտի դիմաց
Մի տակառ հող է աշխարհում նրան բաժին մնացել։

Փոխաբերական իմաստը խորն է ու պարզ։ «Արմավենու թուփը» իր պատկերային լուռ կառուցվածքի մեջ արծարծած գաղափարներով, տրամադրություններով ներկայացնում է հայ մարդու ճակատագիրը, նրա երեկվա ու այսօրվա կյանքի հակադրություններն է նժարում ժամանակի մեջ հանուն գալիքի։ Բանաստեղծության յուրաքանչյուր բառ կարող է, բռնելով թելը հուշի, պատմական մի դարաշրջան բացել իրենով։ Դրամատիզմը գնալով տողերի մեջ դառնում է ավելի պայթունակ, բանաստեղծի տխրալի մտակառույցի մեջ նշմարելի է արեւ կանխատեսող հույսի հավաքագրման կոչը։ Իրավիճակը, ռեալ ու անթաքույց, իր ժխտողական («որ հիմա չկա») երանգի մեջ ելքի ու վերագտնումի հորդոր է հնչեցնում.

Եվ նման մենակ չվող կռունկի մեռնող թեւերին՝
Ընկնում են նրա տերեւներն անհոգ, անձայն, անզգա...
Իմ սենյակի մեջ կանգնած է տխուր մի արմավենի՝
Դժբախտ մասունքը մի մեծ անտառի, որ հիմա չկա։

«Արմավենու թփին» անդրադառնալով, Գ. Էմինը նշել է. «...Այս բանաստեղծության նյութը ոչ մեր ազգային բանաստեղծության մեջ հաճախ հոլովվող փշատենին է, ոչ հայոց քարերը եւ ոչ էլ Մասիսն ու Որոտանը... Բայց կարդում ես եւ զգում, որ արմավենու թփի մասին այդպես կարող էր գրել միայն հայ բանաստեղծը եւ այստեղ ազգայինը բանաստեղծի հույզի ու մտքի այն երանգն է, որը պայմանավորված է երկրի ու ժողովրդի պատմական ճակատագրով»109։

Արմավենու մեջ բանաստեղծը մարմնավորում է հայկական բնության ոգին, ծառի մեջ կարդալով կենսագրական նկարագիրն իր ցավի ու մաքառման, տրամաբանական պատկերների վերաճող տրամադրությունների տակ խոսքը մշտապես հեռու պահելով իմիտացիայից, բնությունը կենդանացնելով, շնչավորելով յուրովի։

Հրաչյա Հովհաննիսյանի քնարը ցավերգում է ոչ միայն իր օրն ու ապրումը, նրա ձայնը բազմաստեղ է ու բազմախորհուրդ, բանաստեղծի հերոսը բոլորանվեր է, ուզում է աշխարհը տեսնել մաքուր, անաղարտ, արդարության լույսով օծված։ Եվ նրա ամենամեծ ցանկությունը, որ դառնում է բոլոր երգերի համար բնութագրական, այն է, որ լույսն ավելի շատ լինի, լինի աշխարհով մեկ.

Ավելի լույս՝ մութ ծովերի փարոսներին,
Մայրիկներին տարալեզու, բայց համասիրտ,
Ավելի լույս՝ ճշմարտության քարոզներին,
Խոստումներին՝ ավելի լույս, լույս անբասիր։

Բանաստեծը ծովի լռությունը խոսք է դարձնում, արեւոտ կղզու խորհուրդը, հրաշալի այգեպանի օրհնանքները թե հայրենի անտառի շշուկները, ինչ երեւույթ էլ բացվում է նրա գրչի տակ, շարժման առաջին նախապայմանը անբասիր լույսի ավետիսն է, «տիրամայր մայրն» առավոտյան առաջին շողի կանչով է ելնում ու «կանգնում շեմին» («Ոսկի աքաղաղ»), որ մասնակցի լուսադեմին «աստղակաթի» կայացմանը։

Ճշմարտությունն այն է, որ Հրաչյա Հովհաննիսյանը բացում է իր հոգին, ու հոգու հետ նրա աշխարհն է բացվում։ Եվ եթե համեմատաբար քիչ տեղ է տրված նրա գործերում մայրականին, դա չի նշանակում, թե բանաստեղծի մայրերգությունը խոսուն չէ։ Ոչ, նա մայր հայրենիքի կերպարի մեջ մշտապես մոր կերպարն է հարստացրել, որովհետեւ Հրաչյա Հովհաննիսյանը, լինելով անկեղծ դավանանքի այր, մշտապես անկոտրելի է սկզբունքի մեջ՝ թե կյանքի, թե գեղարվեստի.

Աշխարհում մաշվում են, մեռնում են սարերը,
Հավիտյան քնով են աստղերը քնում,
Աշխարհի ծնունդը մնացին մայրերը,
Աշխարհի վախճանը նրանք են մնում։
                                                     («Մեր անցած մայրերը»)

Ինչպես նկատելի է, Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծությունները ներքին հակումներ ունեն մարդախուզության, մի հատկանիշ՝ առանձնահատուկ նրա ամբողջ սերնդին, որին ժամանակին անվանել են «ռոմանտիկ երազողների» սերունդ՝ ի տարբերություն նախորդ «բանվոր-հարվածայինների սերնդի, որի նյունթը մուրճի, մկանի, ղեկի, ծխնելույզի երգն է»։ Եվ ահա նոր սերունդը ասպարեզ եկավ «հոգու երգի», «կյանքի երգի»՝ ներաշխարհի արտահայտման պահանջով»։ «Հոգու երգն» ու «կյանքի երգը» հենց այն է, որը տանում է դեպի ռեալիստական զգացողություն, դեպի բարձր մարդասիրություն, դեպի կյանքի ու ճշմարտության գեղարվեստական լիարժեք վերարտադրություն, նոր ոճի ու մտածողության հաստատում։ Իսկ այս միտումները զարգացման արգասավոր հող գտան ոչ միայն հայ, այլեւ ռուս, ամերիկյան, ֆրանսիական, լիտվական, վրացական եւ այլ ժողովուրդների պոեզիայում։ Հայ գրականության երեւելիների կողմից կատարված թարգմանություններն այնպիսի հեղինակներից, ինչպիսիք են Ուիթմենը, Էլյուարը, Լորկան, Ռոբերտ Ռյոթքեն, Ռիլկեն, Պոլ Վալերին, Մորիս Փոցխիշվիլին, Էդուարդաս Մեժելայտիսը, Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Ռասուլ Համզատովը, Եվգենի Եվտուշենկոն, Մարիա Պետրովիխը, Ռիմա Կազակովան, Աննա Ախմատովան, Բելլա Ախմադուլինան, Մարչինկյավիչուսը, Իվան Դրաչը, Անդրեյ Վոզնեսենսկին, Դավիթ Սամոյլովը եւ ուրիշներ, զգալիորեն ակտիվացրել են «գեղագիտական փոխհամագործակցություններն» ու գրական շահավետ շփումները, մի դասական դաս, որ «էն գլխից» լավ են սերտել հայ արվեստագետները, սկսած Մաշտոցից մինչեւ մեր օրերը։ Եվ դրա շնորհիվ է նաեւ, որ այսօր հայ քնարերգությունը դիտվում է աշխարհի ամենաբարձր պոետական երեւույթներից մեկը՝ զարգացման ազգային ու համամարդկային իր միտումներով։ Թումանյանը, թարգմանելով Պուշկինին ու Լերմոնտովին, ստեղծագործաբար յուրացրեց նրանց ազգային ավանդույթն ու հարստացրեց մեր պոեզիան. սա ճանապարհ հանդիսացավ դարի մյուս գեղագետների համար։ Ասել է թե՝ հայրենիքի սահմանները վերաճում են հոգեւոր անսահմանություններում։ Նույն երկրում չապրելը դեռեւս չի կարող մթագնել նույն ժամանակի մեջ ապրելու գաղափարն ու խորհուրդը։ Ասել է թե՝ երկրից, ազգային հողից աճող երգերը բարձրանում են տիեզերական ժամանակի մեջ։ Ահա այստեղ է, որ դարի տագնապը, դարի կորուստն ու ցավը, դարի գերխնդիրը դառնում է համամարդկային՝ յուրաքանչյուր գեղագետի մոտ գտնելով առաջնային լուծում։ Վերջին հաշվով` թե կյանքում, թե գրականության մեջ քեզ ուրիշի աչքերով մեկ-մեկ դիտելը անպայման բարենպաստություն ունի ինքնաճանաչման գործում։ Օսիպ Մանդելշտամն իր համար հայտնագործեց նոր Հայաստան։

Քարերի տիրապետություն,
Հայաստան աշխարհ,
Խռպոտ սարերի զինակոչություն-
Հայաստան աշխարհ,
Ասիայի արծաթ շեփորով տարվող
Հայաստան աշխարհ,
Արեւի ոսկին բուռ-բուռ շռայլող
Հայաստան աշխարհ։

Քսաներորդ դարի հայ քնարերգության մեջ առանցքային եւ հիմնորոշ տեղ ունի հայրենասիրությունը։ Աճել է հայրենիքի երգը՝ իր մեջ պահելով դարի ու ժամանակի ամենաբնորոշ ու առանձնահատուկ կողմերը, գծերը, հայտնաբերելով ազգային իր դեմքն ու դիմագիծը, բարձրանալով համամարդկայինի մակարդակի։