Jump to content

Գնանք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Վրացի գրողների համագումարը որոշել է մայիսի 7-ը դարձնել վրաց բանաստեղծության և գրականության ազգային տոնի օր։

Մի վսեմ տոն, երբ մի ժողովուրդ տոնում է իր սիրտն ու հոգին, իր ցեղի հանճարը։

Եվ վրացի ժողովրդին շատ է սազում էդ տեսակ ազգային տոն ունենալը։ Նա մի բանաստեղծական ժողովուրդ է, համակված գեղեցկի բնածին զգացումներով։

Ինձ ծանոթ ժողովուրդներից և ոչ մեկի մեջ ես չեմ նկատել էն երևույթը, ինչ որ տեսել եմ վրացիների մեջ։ Նրանց գործիչներից շատերը հանկարծ կհանեն իրենց որևէ բանաստեղծի ոտանավորը, որ պահում են իրենց գրպանում և կամ կարտասանեն անգիր։ Նրանք մինչև վերջին ժամանակներս իրենց աղջիկների բաժինքում Ռուսթավելու պոեմն էին տալիս։

Էսպես է գեղեցկուհիների ու քեֆ անողների հայրենիքը։ Էսքան բանաստեղծական ու կենսուրախ, ինչպես միշտ հայտնի էր, և միաժամանակ էսքան լուրջ ու խիզախ, ինչպես երևաց այժմ, երբ հնար ունեցավ։

Ես ամեն անգամ հրճվանքով եմ վերադառնում հայ և վրացի ժոդովուրդների դարևոր անօրինակ լավ հարևանությանը, և խորին վիշտ է պատճառում ինձ մեջտեղի եղած թյուրիմացությունը։

Այո՛, թյուրիմացություն եմ ասում, որովհետև շատ են խորն ու խորհրդավոր էս հին եղբայր ժողովուրդների կապերը, որ չկարողացան կտրել նույնիսկ կառավարությունները իրենց արյունոտ սխալով։

Եվ ահա, երբ վրացին մայիսի 7-ին տոնում է իր ոգու տոնը, իր ազգային բանաստեղծության օրը, անկարելի է, որ հայը էնտեղ չլինի։ Եվ էնտեղ կլինի հայը, ու կլինի ամենից առաջ։

Արդեն որոշել է հայոց գրական, կրթական ու կուլտուրական հիմնակությունների ներկայացուցիչների ժողովը։

Եվ շատ լավ է արել։ Ժողովուրդների որոշումներն ու քայլերն ավելի արժեք ունեն, քան նրանց կառավարությունների։

Կառավարություններն ժամանակավոր են ու փոփոխելի, ժողովուրդները մշտական ու անփոփոխ։

Գնանք էդ գեղեցիկ օրը մեր եղբայր ժողովրդին այցելելու և նրա պայծառ հանճարը հարգելու։

1920