Jump to content

Գնչուներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գնչուներ
թարգմանությունը՝ Դ. Աստվածատուրյանի

Գնչուներ


Բեսարաբիայի տափաստարանների
Միջով թափառում են գնչուները։
Հասել են նըրանք մի փոքրիկ գետի,
Բացել նրա ափին մաշւած վրանները։
Ուրախ է նըրանց իջևանն, ինչպէս
Ազատութիւնը. քունը՝ անվրդով
Բաց երկնքի տակ։ Կիսով չափ գորգով
Ծածկւած սայլերի անիւների մէջ
Վառւում է կրակը. նրա շուրջ շարւած է
Ողջ ընտանիքը, ընթրիք պատրաստում.
Կրծում են խոտը ձիանը դաշտում,
Իսկ ընտանեցրած արջը պառկած է
Վրանի ետևը առանց շղթայի։
Ուրախ է հնչում տափաստանների
Միջում ամեն բան. թէ տնտանիքի
Խաղաղ հոգսերը, որը արևի
Ծագելուն էգուց ճամբայ պիտի ընկնի,
Թէ՛ կանանց երգը, թէ՛ մանկանց ճիչը,
Թե՛ սալերի վրայ երկաթի ծեծը։
Բայց ահա տիրում է թափառական
Բանակին քընի անդորրութիւնը
Եւ տափաստանում լըսւում է միայն
Ձիու խրխինջըն ու շան հաչիւնը։
Հանգիստ է շուրջը. բանակը լուռ է.
Անիւների մէջ հանգչում է կրակը,
Միայն լուսինը լուսաւորում է
Երկնքի ծայրից նիրհող բանակը։
Բայց դեռ մի վրանում չէ քնած ծերուկը.
Արդէն հանգչում է նրա առաջ կրակը,
Բայց նա մըտախոհ նայում է հեռու
Շոգիով պատած գիշերւան դաշտը։
Նրա մատաղահաս միակ աղջիկը
Գնացել է դատարկ դաշտը զբօսնելու.
Սովոր է փոքրուց նա արձակ կեանքի։
Կըվերադառնայ։ Բայց մօտենում է
Եւ կէս գիշերը. ահա թողնում է
Լուսինը անգամ հետոի երկընքի
Փայլուն ամպերը, իսկ նրա աղջիկը
Չըկայ ու չըկայ. հանգչում է կչակւ
Եւ սառչում ծերի աղքատ ընթրիքը։

Բայց և ահա նա։ Նըրա ետևից
Մի երիտասարդ գալիս է դաշտից։
Նա գնչուներին տեսքով չէ նման։
«Հայրի՛կ, ասում է հօրը Զեմֆիրան,
Մեզ հիւր եմ բերում. բլրի ետևից
Ես նըրան գտայ դատարկ դաշտի մէջ
Եւ հրաւիրեցի մեր բանակն իսկոյն։
Ուզում է լինել նա գնչու մեզ պէս.
Օրէնքն է նըրան սաստիկ հալածում
Ու նա փախչում է իւրայիններից.
Բայց ես կըդառնամ նրան ընկերուհի.
Անունն Ալեքօ է. այսօրւանից
Նա պիտի ինք հետո անբաժան լինի։
Ծերունին
Ես շատ ուրախ եմ։ Մինչ էգուց մընա
Մեր աղքատ վրանի հովանու տակը։
Կամ թէ աւելի, թէ սիրտըդ կտայ։
Ես այսօրւանից հացըն ու յարկը
Պատրաստ եմ քեզ հետ բաժանել ընդմիշտ։
Եղիր դու մերը. մեր վիճակի հետ
Մեր աղքատութեան՝ անկախութեան հետ
Լաւ ընտելացիր, իսկ էգուցւանից
Ճանապարհ կընկնինք մի սայլի վրայ.
Բայց այստեղ մի գործ քեզ համար բռնիր,
Կամ երկաթ ծեծիր, կամ երգեր երգիր,
Կամ թէ գիւղէ գիւղ արջը մա՛ն ածա՛։
Ալեքօն
Շատ լաւ, կըմընամ։
Զեմֆիրան
Սա իմն է, իմը—
Էլ ո՞վ ինձանից սրան կարայ խըլել.
բայց արդէն ուշ է... մըտաւ լուսինը,
Մութ մառախուղը դաշերն է պատել.
Քունս տանում է...



Արդեն բացւում է
Ծէգը. ծերունին հանդարտ շրջում է
Ամուրիների վրանի շուրջը լուռ։
«Վե՛ր կաց, Զեմֆիրա, արևն ելնում է
Հերիք է, հերիք, զարթնի՛ր, դու իմ հիւր.
Վե՛րկացէք, որդիք, փափկութեան մահճից։
Ու դուրս են թափւում արդէն վրաններից
Ամենքն աղմուկով, վրաններն հաւաքում
Սայլերը ճամպի համար պատրասում,
Շարժվում միասին բոլորը յանկարծ.
Անցնում են դատարկ դաշտերի միջով.
Էշերն են տանում ուրախ երեխանց
Իրանց վրայ գըցած բաց խուրջիններով.
Կանայք, աղջըկէք, եղբայր, ամուսին,
Թէ՛ ծեր թէ՛ մանուկ, գնում են միասին—
Ծիծաղ, աղաղակ, երգ գնչուների,
Արջի գոռոցը, նրա շղթաների
Անհամբեր շարժումն ու շխկշըխկոցը,
Ձորերի պայծառ, նախշուն գոյները,
Ծերերի, մանկանց մերկութիւնները,
Պարկապըզուկի, սայլի ճռռոցը —
Բոլորն անկարգ է ու աններդաշնակ,
Բայց այնքան ուրախ, կենդանի, արձակ,
Այնպէս օտար է մեր մեռած կեանքին,
Ինչպէս ստրուկների տաղտկալի երգին։



Երիտասարդը աչքը գըցում է
Դեպ ամայացած տխուր դաշտերը,
Բայց նա բացատրել համարձակւում չէ
Իրա տխրութեան գաղտնի պատճառը։
Նրա հետ է նըրա թուխաչ Զէեմֆիրան։
Հիմա նա ազատ բնակիչ է երկրի
Ու միջօրէի արևըն անգամ
Նայում է այնպէս պայծա՜ռ, դուրալի՜.
Բայց ինչո՞ւ նըրա սիրտը դողում է
Ի՞նչ հոգս է արդեօք, որ նրան ճնշում է.
Անհոգ թռչունն աշխատում է
Առանց հանգիստ ողջ օրեր.
Բայց իր համար նա կարում չէ
Մի մշտական բոյն հիւսել։
Ննջում է նա ծառի ոստին,
Բայց երբ արևն է ծագում,
Նա ունկնդիր Տիրոջ ձայնին—
Թափ է գալիս ու երգում։
Հրաշագեղ գարնան ետևից
Այրող ամառն է շտապում
Եւ մառախուղ, ցուրտ, փոթորիկ
Աշունն է իր հետ բերում.
Մարդիկ կախել են յօնքերը
Թռչունն հեռու է թռչում,
Կըտրում կապուտակ ծովերը,
Անցնում աշխարհ տաք, սիրուն։
Ինչպէս թռչունը, անհոգ թռչունը
Նա նոյնպէս—չըւող աքսորականը
Չունէր իր համար մի մշտական
Ու ոչ մի բանին նա չէր հաստատւում։
Ամեն տեղ ճանպան նրա առաջ բաց էր,
Ամեն տեղ կար նրա գիշերօթիկը.
Զարթնում էր միշտ վաղ և նըւիրում էր
Աստըծու կամքին նա ամբողջ օրը.
Եւ նըրա սրտի թըմրութիւնը չէր
Կարում վըրդովել կեանքի շըփոթը։
Նըրան երբեմըն կախարդիչ փառքի
Հեռաւոր աստղը իրան էր գրաւում,
Երբեմըն փայլը ճոխ, հարուստ կեանքի
Նըրա անտէր գլխին ամպն էլ էր գոռում,
Բայց նա անհոգ էր. թէ կայծակների,
Թէ արևի տակ հանգիստ էր քնում,
Եւ նա ազատ էր. որ նենգ, կոյր բախտի
Իշխանութիւնը նա չէր ընդունում,
Բայց Տէր Աստւած իմ, նրա զգայուն սրտի
Հետ ի՜նչպէս էին կրքերը խաղում,
Ի՜նչպէս կատաղած նրանք եռում էին
Նըրա էի տանջւած, մաշւած կրծքի մէջ,
Երկար նրանք հանգած պիտի թըւային.
Ո՜չ, նրանք կըզարթեն յանկարծ, կտեսնենս։
Զեմֆիրան
Ասա, իմ ընկեր, դու չե՞ս ափսոսում
Այն բանի մասին, ինչ որ թողել ես։
Ալեքօն
Ես ի՞նչ եմ թողել.
Զեմֆիրան
Դու չե՞ս հասկանում—
Մարդիկ, քաղաքները, ուր միշտ ապրել ես։
Ալեքօն
Ինչո՜ւ ափսոսալ. թէ գիտենայիր,
Երևակայել թէ կարենայիր
Ըստրկութիւնը այդ քաղաքների,
Որտեղ մարդիկը խեղդւած են ապրում
Զուրկ առաւօտեան զովաշունչ օդից,
Շքեղ մարգերի գարնանային հոտից.
Ուր կամք, համոզմունք փողով են ծախում,
Սիրուց ամաչում, մտքերն են ծածկում,
Ուր կուռքի առաջ գլխներն են թեքում,
Ու փող, շղթաներ են միայն փնտրում։/
Ի՜նչ եմ թողել ես։ Դաւաճանութեան
Տըւած յուզմունքը, նախապաշարման
Դատավճիռը, անմիտ հալածանք
Տխմար ամբոխի, կամ թէ պլպըլան
Գոյներով ներկւած մի խայտառակ կեա՞նք։
Զեմֆիրան
Բայց կան ահագին այնտեղ պալատներ
Այնտեղ կան գոյն գոյն թանկագին գորգեր,
Այնտեղ կայ զբօսանք. խնջոյք, կերուխում,
Աղջըկանց զարդն է հարուստ ու փայլուն։
Ալեքօն
Ի՜նչ է քաղաքի ուրախութիւնը.
Այնտեղ, ուր չըկայ պարզ, անկեղծ սէրը
Երբէք տեղ չունի այդ ցնծութիւնը.
Իսկ աղջիկները... ո՜րքան սիրուն ես
Նըրանցից առանց շքեղ զարդերի,
Առանց մարգարտի և մանեակների.
Մի՛ փոխւիր, հոգիս, այդպէս դու լաւ ես,
Իսկ ես... չեմ ուզում ոչինչ աւելի,
Եթէ ոչ քեզ հետ բաժնել իմ սէրը,
Իմ աքսորանքիս բոլոր ժամերը։
Ծերունին
Դու սիրում ես մեզ, թէպէտ ծընւած ես
Հարուստ ու փարթամ ժողովրդի մէջ,
Բայց նրան, ով սովոր է փափուկ կեանքի,
Ազատութիւնը միշտ չէ սիրելի։
Մի աւանդութիւն պահւում է մեր մէջ.
Մի զօրեղ արքայ մեզ մօտ աքսորեց
Մի մարդ հարաւի հեռու աշխարհից
(Առաջ գիտէի, բայց հիմա մտքիցս
Ընկել է նըրա դժւար անունը).
Թէպէտ նա ծեր էր արդէն տարիքով,
Բայց ջահէլ, զըւարթ իր անբիծ հոգով,
Ձայնը քաղցր, ինչպէս ջրի կարչակիւնը,
Բացի սըրանից նա մի ձիրք ունէր —
Հիւսում էր սիրուն, հրաշալի երգեր։
Եւ ամենքը նրան սաստիկ սիրեցին.
Դանուբի ափին մենակ ապրում էր,
Առանց վնաս տալու մարդուն, ամենքին.
Պատմում էր սիրուն վէպեր, հէքեաթներ։
Էս փուչ աշխարհից բան չէր հասկանում.
Թոյլ էր ու անզօր երեխայի պէս,
Եւ ուրիշները նրա համար որսում
Էին գազաններ ու ձկներ պէսպէս։
Երբոր սառչում էր սըրընթաց գետը,
Ձմեռւայ մըրրիկը սուլում, մռընչում,
Նրանք գազանի մորթու հագուստը
Այդ սուրբ ծերուկին էին հագցընում.
Բայց չէր կարենում նա ընտելանալ
Այս թշւառ կեանքի հոգսերին երբէք—
Նա թափառում էր աղքատ ու նիհար.
Նա ասում էր, թէ գործել է մի մեղա
Եւ դըրա համար Աստւած պատժում էր
Եւ ապրում էր նա փրկութեան յուսով,
Եւ միշտ թշւառը տխուր, տրտում էր,
Եւ Դանուբ գետի շուրջ թափառելով
Յաճախ թափում էր աղի արցունքներ
Իր հայրենիքը մըտաբերելով...
Եւ նա կըտակեց մեռնելու ժամին,
Որ հարաւ տանեն իր ոսկորները.
Որքան չըպիտի հանգստանային
Օտար աշխարհում... Եւ մեռաւ ծերը[1]։
Ալեքօն
Օ՜հ, ա՞յս է եղել քո որդոց բախտը,
Ով Հռոմ, յաղթութեան աշխարհ կախարդիչ,
Դէ՛հ, ասա՛, ասա, ինձ, ի՞նչ է փառքը
Ով աստւածների և սիրոյ երգիչ,—
Խօսուն շիրի՞մը, պարծանքի ձայնը,
Որը սերունդից սերունդ է անցնում,
Թէ՞ ծըխով լցւած վւրանի միջում
Վայրի գնչուի խեղճ պատմութիւնը։
Երկու տարուց յետ կրկին թափառում
Են գնչուները խմբով, ինչպէս միշտ,
Եւ ամենայն տեղ նրանք են գտնում
Հիւրասիրութիւն և քաղցր հանգիստ։
Արհամարհելով լուսաւորութեան
Կապերն, ազատ է նրանց պէս Ալեքօն,
Նա անց է կացնում իր աստանդական
Օրերն, ո՛չ ցաւում, ո՛չ էլ ափսոսում։
Նոյնն է նա. նոյն է և ընտանիքը.
Չի յիշում անգամ օրերը նախկին,
Նա սովորում է գընչուի կեանքին.
Նա սիրում է նրանց գիշերօթիկը,
Նըրանց ծոյլ կեանքի հրապուրանքները,
Նրանց, թէպէտ աղքատ, բայց հնչուն լեզուն։
Նրա վըրանի մըշտական հիւրը
Իր որջին օտար թաւամազ արջը
Ճանպին պատահած տների բակերում
Շրջապատող զգոյշ ամբոխի առաջ
Գոռում է բարձր՝ ու ծանըր խաղում
Եւ ձանձրացընող շղթան կրծոտում։
Ծերուկը կռթնած իր ճանպորդական
Գաւազանի վրայ դայրա է շրջեցնում,
Իսկ նըւէրները ժողվում Զեմֆիրան։
Գիշերն է հասնում նըրանք երեքեան
Դեռ ևըս անհունձ ցորենն են եփում.
Ծերուկն է քընում.— լուռ է ամեն բան...
Խաղաղ է, հանգիստ ու մութ է վրանում։



Ծերունին գարնան կարմիր արևում
Սառած արիւնը տաքացընում է.
Աղջիկն օրրոցի մօտ սէր է երգում.
Ալեքօն լըսում ու տժգունում է։
Զեմֆիրան (Երգում է)
Իմ ծեր մարդ, իմ չար մարդ,
Մորթիր ինձ, այրիր ինձ,
Հաստատ եմ, չեմ վախում
Ո՜չ սըրից, ո՛չ կրակից։
Կորի՜ր, քեզ ատում եմ,
Քեզ արհամարհում եմ.
Ուրիշին եմ սիրում—
Սիրելով մեռնում եմ։
Ալեքօն
Լըռիր, քո երգը ինձ ձանձրացնում է։
Այդպէս վայրենի երգեր չեմ սիրում։
Զեմֆիրան,
Չե՜ս սիրում, շատ լաւ, բայց ի՜նչ իմ գործն է.
Ես ինձ համար եմ երգերը երգում.
Մորթի՛ր ինձ, այրի՛ր ինձ,
Քեզ ոչինչ չեմ ասիլ.
Իմ ծեր մարդ, իմ չար մարդ,
Նըրան չես ճանաչիլ։
Թարմ է նոր գարունը,
Տաք սիրուն ամառը,
Նըրանից առաւել
Թարմ է, տաք իմ եարը։
Էն խաւար գիշերը
Ո՜նց էր ինձ պաչպըչում,
Էդ ճերմակ մազերիդ
Ի՜նչպէս էր նա ծաղրում...
Ալեքօն
Լըռի՛ր, Զեմֆիրա, հերիք է, լըռիր...
Զեմֆիրան
Ուրեմն հասկացա՞ր իմ երգի միքտը։
Ալեքօն
Զեմֆի՜րա...
Զեմֆիրան
Ի՞նչ է, կուզես բարկացիր,
Քեզ վըրայ եմ ես երգում այս երգը.
Գնում է ու երգում «իմ ծեր մարդ, իմ չար մարդ», եւ այլն։
Ծերուկը
Որդի, այդ երգը, շաը լաւ եմ յիշում,
Իմ ժամանակս էր, ով որ շարադրեց,
Արդէն շատ վաղուց երգւում է մեր մէջ
Դա ծաղրի համար։ Երբ մենք թափառում
Էինք Կաբուլի անապատներում՝
Այդ երգը ձմեռւայ մութ գիշերներում
Յաճախ երգում էր իմ Մուրալան,
Օրրելով կրակի առաջն աղջըկան։
Իմ մտքիս միջում անցած օրերը
Հետըզհետե մթնում, կորչում են անհետ,
Բայց, օ՛ այդ երգը, այդ թշւառ երգը
Շատ խորն է մըտել դաղւած սրտիս մէջ։



Լուռ է ու հանգիստ սիրուն գիշերը...
Կապոյտ երկինքը զուգել է լուսինն.
Արթնացընում է Զեմֆիրան հօրը.
„Վերկա՛ց, վե՛ր, հայրիկ, տես Ալեքօին...
Օ, լըսիր, լըսիր, թէ ինչպէս քընում
Տնքտընքում է նա, լալի՜ս, հեկեկո՜ւմ...
Ծերուկը
Սսսս... ձեռք մի տար, լըռիր, հանգիստ կաց։
Ես շատ անգամ եմ ռըսներից լսած,
Որ այս ժամանակ՝ կէս գիշերներին
Քնած մարդուն ճնշում է տանում ոգին
Եւ արշալուսի ծագելուց առաջ
Թողնում է նըրան. մօտըս կա՛ց նստած։
Զեմֆիրան
Հայրի՛կ, «Զեմֆիրա» է նա շըշնչում.
Ծերուկը
Նա գիշեր-ցե՛րեկ քեզ է պըտռտում—
Դու նըրա համար թանգ ես աշխարհից։
Զեմֆիրան
Վաղուց սառել է նրա սէրն իմ մէջ.
Սիրտս ազատութիւն է հիմա ուզում.
Արդէն ես... բայց կաց, մի՞թէ չես լըսում,
Ուրիշի անունն է նրա շըշընչում։
Ծերուկը
Անո՞ւն։
Զեմֆիրան
Լըսո՞ւմ ես խռպոտ տընքոցը
Եւ ատամների խիստ կրճտոցը...
Սարսափելի է... կարթնացնեմ իսկոյն.
Ծերուկը
Զուր տեղ մի՛ քըշիր գիշերւայ ոգուն,
Կըգնայ և ինքը։
Զեմֆիրան
Նա շուռ է գալիս...
Ահա զարթում է... տե՛ս, կանչում է ինձ...
Գնում եմ նրա մօտ. քնից, ցըտեսութիւն։
Ալեքօն
Ո՞ր էիր։
Զեմֆիրան
Հօրըս հետ նստած էի։
Դու այս գիշեր շատ էիր չարչարւում։
Մի ինչոր ոգի տանջում է քեզի...
Ես շատ վախեցայ. դու ատամներիդ
Կըրճտացնում էիր, անունս տալի։
Ալեքօն
Զեմֆիրա. ես քեզ տեսայ երազում։
Ես տեսայ, իբըր թէ մեր մէջ արդէն...
Օհ, մի յիշեցնիր այդ երազները։
Զեմֆիրան
Դու մի հաւատար սուտ երազներին։
Ալեքօն
Ես ոչ մի բանի էլ չեմ հաւատում,
Ո՛չ երազներին, ո՛չ խոստումներին,
Եւ մինչև անգամ, ո՛չ էլ քե սըրտին։



Ծերուկը
Ո՛վ երիտասարդ, ասա՛, ինչո՞ւ ես,
Ինչո՞ւ ես ծանըր հառաչում այդպէս,
Չես տեսնում, այստեղ ազատ են մարդիկ,
Երկինքն է կապոյտ, կանայք գեղեցիկ.
Մի՛ լար բարեկամ, կըմեռնիս դարդից։
Ալեքօն
Հա՛յր իմ, Զեմֆիրան չի սիրում էլ ինձ։
Ծերուկը
Նա մանուկ է դեռ, սիրտդ հանգիստ պահի՛ր,
Զուր ես անհանգիստ, զուր քեզ մի՛ տանջիր.
Դու սիրում ես դառն ու այրւած սրտով,
Նա սիրում է թեթև, կարծես հանաքով.
Բայց նայի՛ր, կապոյտ երկընքի վրայ
Ազատ լուսինը սէյրան է անում.
Բոլոր շրջակայ բընութեան վըրայ
Իմ չքնաղ լոյսն է հաւասար թափում.
Տե՛ս, խաւար ամպին նա աչքով արաւ,
Ինչպէս նրան վառ-վառ փայլեցընում է.
Բայց այժմ՝ ուրիշի ծոցը նա մըտաւ,
Բայց նրան էլ երկար այցելու չէ։
Նըրան երկնքում մի՞թէ կարող ես
Տեղ ցոյց տալ, ասել, թէ այդտեղ կանգնի՛ր,—
Մատաղ աղջկայ սրտին, ո՞նց կասես,
Թէ սիրիր մէկին, մի՛ դաւաճանիր.
Սիրտդ հանգիստ պահիր...
Ալեքօն
Ի՜նչպէս էր սիրում...
Ինչպէս քնքնութեամբ ինձ խոնարհւելու
Խաղաղ ու հանգիստ, լուռ գիշերներում
Իր սիրաբորբոք քչփըչոցներով
Ինձ երանական սէր էր խոստանում.
Ի՜նչպէս նա ուրախ թոթովանքներով,
Դիւթող, հարբեցնող իր համբոյրներով
Իմ տրտմութիւնըս մի րոպէում նա
Գիտէր փարատել. իսկ հիմա, հիմա...
Այն չէ Զեմֆիրան, չի սիրում նա ինձ,—
Իմ... իմ Զեմֆիրան սառել է ինձնից։
Ծերուկը
Դէ՛հ լըսիր, որդի, պատմեմ հիմա ես.
Իմ գըլխիս տխուր անցածները քեզ.
Վաղուց, շատ վաղուց, երբոր Դանուբին
Չէր սպառնացել գոռոզ մոսկովցին
(Տեսնում ես հիմա, թշւառ բարեկամ,
Թէ հին վէրքերըս ինչպէս նորացան),
Վախենում էինք մենք փաիշահից.
Իսկ Աղքերմանի աշտարակներից
Յայտնի Բուջաղօմ փաշան էր հսկում,
Ես ջահիլ էի. սիրտըս եռում էր
Ուրախութիւնով, սպիտակից չէր տւել
Դեռ ոչ մի ալիք իմ սև մազերում։
Մի գեղեցկուհի կար մեր բանակում,
Երկար իմ մտքում նրան փայփայում
Ու սիրում էի և նա վերջապէս
Իմ կինը դարձաւ—նա էի ինձ սիրեց։

Ջահելութիւնըս, աւաղ, շատ արագ,
Փայլեց ու հանգաւ ընկնող աստղի պէս,
Բայց դու, ո՛վ քաղցր սիրոյ ժամանակ,
Թըռար աւելի արագ,— միմիայն
Մի տարի Մարիուլան։

Լըսիր... Կագուլի ջրերի մօտերը
Իջան բանակով ուրիշ գնչուներ.
Այն գնչուները իրանց վրանները
Մեզ մօտ խըփեցին և երկու գիշեր
Անցկացրինք սարի տակը միասին։
Երրորդ գիշերը նրանք մեզ թողեցին,—
Եւ վայր գըցելով փոքրիկ աղջկան՝
Նրանց հետ գնաց իմ Մարիուլան.
Ես քընած էի. ծագեց արշալոյս.
Զարթնում եմ, բայց չեմ գտնում սիրելուս,
Կանչում եմ... բայց ո՞ւր կըգտնես նըրան,—
Լալիս էի անմայր, որբուկ Զեմֆիրան.
Իմ լացս էլ եկաւ... Այդ ժամանակից
Բոլոր կիները սառեցան աչքիս.
Երբէք մտքովըս չանցաւ՝ նրանց միջից
Մի ընկերուհի ինձ համար ընտրել,
Եւ սիրոյ ժամերս այն ժամանակից
Դեռ ոչ մէկից հետ չես բաժանել։
Ալեքօն
Բայց ի՞նչպէս, ինչո՞ւ դու չըշտապեցիր
Դաշոյնը ձեռքիդ նրանց ետևները,
Ինչու անխընայ դու չըպատռեցիր
Նըրանց դաւաճան ու լիրբ սրտերը։
Ծերուկը
Եւ ինչո՞ւ համար. ջահէլութիւնը
Ազատ է անհոգ թըռչնի կեանքից էլ.
Ի՞նչ մարդ կարող է իր սէրը զսպել,—
Հերթով է գալիս ուրախութիւնը.
Ինչոր տեսել ես, էլ այն չես տեսնիլ։
Ալեքօն
Ո՛չ, ես այդպէս չեմ. ո՛չ առանց կըռւի
Իրաւունքիցըս ես չեմ հրաժարւիլ,
Գո՛նէ անպատճառ վրէժս կըլուծեմ...
Ծովի անդընդի վըրայ որ տեսնեմ
Թըշնամուս քընած, ես երդւում եմ,
Որ ոտքըս նըրան չէր խնայելու.
Կըհրէի առանց գունաթափւելու
Նըրան կատաղի ժանտալիք ծովը.
Ամբողջ սարսափը նրա արթնանալու
Ես կընդմիջէի իմ ծիծաղովը
Եւ նրա ընկնելու թընդիւնը երկար
Ծաղրիս, հաճոյքիս նիւթ պիտի դառնար...



Ալեքօն քնած է, նա ծանր է շնչում.
Նա ինչոր խառն երազներումն է.
Յանկարծ ճըչում է, զարթում է մթնում
Եւ ձեռքն անկողին նա տարածում է.
Նա սարսափում է—նրա ձեռքն է ընկնում
Դատարկ ու սառը վերմակը միայն—
Ո՞վ գիտէ ուր է նրա Զեմֆիրան...
Նա վեր է կենում, ականջ է դնում...
Բայց շուրջը լուռ է, ո՛չ ձայն, ո՛չ ծպտուն։
Նա դողդողում է. նա վախենում է,
Սառն ու տաքհովը մարմնովն է անցնում.
Նա դուրս է գալիս դատարկ վըրանից.
Ահռելի դէմքով նա թրև է գալիս
Սայլերի շուրջը... բայց անդորրութիւն
Քընած դաշտերի վըրան է տիրում.
Մութն է, լուսինը ամպերն է մտած,
Միայն աստղերը աղօտ լուսի տակ
Ցողի վրայ տեսնում է ինչոր հետքեր...
Հետքերը հեռու բլուրն են գնում
Եւ նա ուղղում է քայլերն անհամբեր,
Ուր չարագուշակ հետքերն են տանում։

Նրա առաջ հեռու շաւիղի ծայրին
Մի գերեզման է տալիս սպիտակին,—
Այն կողմն է քայլում անզօր ոտքերով.
Նա ճընշւած ծանըր նախազգացումով.
Նըրա ծնօտները իրար են զարկւում,
Ծընկներն են դողում... գընում է... յանկարծ...
Սա երազ խօ չէ՞, քնած է թէ արթուն...
Յանկարծ տեսնում է նա իրան առաջ
Երկու ըստւերներ. ականջ է դնում—
Եւ նա անպատւած գերեզմանի վրայ
Տեսնում է... ամեն բանը աշկարա։
Առաջին ձայն
(Զեմֆիրա)
Հերիք է...
(Երկրորդ ձայն)
(Մի պատանի գնչու)
Դեռ կա՛ց...
Առաջին ձայն
Հոգի՛ս, հերիք է...
Երկրորդ ձայն
Ո՛չ, ո՛չ, կա՛ց, մինչև լուսանայ։
Առաջին ձայն
Ուշ է։
Երկրորդ ձայն
Ա՜խ, այդ ինչպէս ես սիրում... մէկ րոպէ...
Առաջին ձայն
Խայտառակ կանես դու ինձ, սիրելիս։
Երկրորդ ձայն
Մէկ րոպէ...
Առաջին ձայն
Եթէ մարդըս առանց ինձ զարթնի՞...
Ալեքօն
Զարթնեցայ։ Է՛յ, մի՛ փախչիր, կա՛ց.—
Երկուսդ էլ արդէն լաւ տեղ էք ընտրած—
Ձեզ շատ է յարմար հէնց այս գերեզմանն։
(Զեմֆիրան Գնչուին)
Փախի՛ր, սիրելիս, փախիր, օ՜, փախիր...
Ալեքօն
Ո՞ւր, ո՞ւր, կաց, սիրուն պատանի, պառկիր,
(Դանակը խրում է նրա կուրծքը)
Պառկի՛ր...
Զեմֆիրան
Ալեքօ՛։
Գնչուն
Մեռնում եմ...
Զեմֆիրան
Գազա՛ն,
Սպանեցի՞ր նրան. դու շաղախւած ես
Արիւնով. անսի՜րտ, այդ ի՜նչ արիր...
Ալեքօն
Ո՛չինչ։ Դէ՛հ հիմա նրա սիրով շնչիր...
Զեմֆիրան
Ոչ, ո՛չ, հերիք է, չեմ վախում էլ ես
Քո սպառնալիքըդ արհամարհում եմ,
Ըսպանութիւնըդ ես անիծում եմ։
Ալեքօն
Դէ՛հ, դու էլ մեռիր (դանակը խրում է և նրա կուրծքը)։
Զեմֆիրան
Սիրւած մեռնում եմ...



Արդէն կարմըրել է արևելքը,
Բայց մարդասպանը բըլրի ետևը
Դանակը ձեռքին, արնում թաթախւած
Տապանաքարի վըրայ է նստած.—
Նրա առաջ երկու դիակ կայ ընկած.
Սարսափելի է նրա պղտոր դէմքը...
Նրան գնչուները շրջապատում են
Հեռւից վրդովւած ու վախվխելով.
Մի կողմը հողը նրանք փորում են.
Կանայք անցնում են լացով ու կոծով
Եւ մեռածների աչքերն համբուրում.
Միայն ծերուկը նստած է, նայում
Մունջ մեռած դէմքով սիրած աղջըկան.
Ահա դիակներ առան ու տարան—
Եւ սև ու խոնաւ հողին յանձնեցին
Անբա՜խտ, անմուրազ սիրահարներին։
Ալեքօն նըրանց նայում է հեռւից։
Երբ հողի վերջին բուռը թափւեցավ.
Նա լուռ, թուլացած տեղից շարժւեցաւ
Եւ գետին ընկաւ տապանաքարից։
Այն ժամանակը վերկացաւ տեղից
Եւ դարձաւ նըրան ծերն սպառնալից.
«Թո՛ղ մեզ, գոռոզ մարդ, հեռացի՛ր մեզնից,
Մենք վայրենի ենք, մենք չունինք օրէնք։
Բայց չենք ըսպանում, մենք գիշատում չենք.
Ո՜չ տընքոց լսել, ո՛չ արիւն տեսնել.
Ո՜չ մարդասպանի հետ կուզենք ապրել.
Դու ազատութեան համար չես ծնւած
Երբ դո՛ւ ես ուզում միայն լինել ազատ.
Քո ձայնն այսուհետ սարսափ կըբերի։
Մենք վախկոտներ ենք, բայց հոգով բարի—
Դու չար, համարձակ—ուրեմըն թո՛ղ մեզ,
Թո՛ղ մեզ, մնաս բարով, գընա՛, Տէր ընդ քեզ,
Ասաց ծերուկը և աղմըկալից
Այն թափառական բանակը չըւեց
Սարսափով լցւած մահաշունչ հովտից
Եւ հեռու շուտով ամեն բան ծածկւեց
Տափաստանումը. մի սայլ միմիայն
Ծածկւած քրքըւած ու մաշւա՛ծ գորգով
Կանգնած էր անշարժ այն օրհասական
Դաշտի մէջ։ Այսպէս, երբ ուշ աշնանը
Խոնաւ, մըշուշոտ, միգապատ օրով
Դաշտից բարձրանում կռընկի երամը
Եւ աղաղակով հարաւ է թռչում,
Մէկը հրացանի գնդակով խոցւած
Մընում է մենակ, անտէրո՜ւնչ դաշտում
Իրան վիրաւոր թևը քարշ արած։
Հասաւ գիշերը, բայց մութ սայլի մօտ
Չըկար մէկ հոգի, որ կըրակ վառէր.
Չըկար մէկ հոգի, որ մինչ առաւօտ
Շարժուն յարկի տակ քընում երազէր...


ՎԵՐՋԵՐԳ



Երգի կախարդիչ զօրութիւնովը
Իմ մառախլապատ յիշողութեան մէջ
Պատկերանում են իմ տեսածները
Թէ ուրախ, թէ մռայլ րոպէների մէջ։
Այն երկրի մէջ, ուր պատերազմական
Ահեղ թնդիւնը երկար չէր լըռում,
Որ յաղթող ռուսը հրամայողական
Ձայնով Ստամբօլ սահմանն էր կարճում,
Աչքովըս տեսայ տափաստաններում
Հին բանակների կանգնած տեղերում
Խաղաղ սայլեր են գնչուների—
Մեղմ-անկախութեան այդ զաւակների։
Անապատներում պարապ ես նըրանց
Խմբի ետևից թափառում էի,
Ես քընում էի նրանց կրակի առաջ։
Պարզ կերակուրը բաժանում էի
Այս ճամպորդութեան մէջ սիրում էի
Ես նրանց ուրախ երգի հնչիւնը։
Երկար-երկար ես կրկնում էի
Մարիուլայի քնքոյշ անունը։
Բայց երջանկութիւնը չըկայ և ձեր մէջ,
Ով դուք բընութեան թշւառ զաւակներ։
Եւ այդ ճոթըռտւած վըրանների մէջ
Ապրում են տանջող, մաշող երազներ.
Եւ անապատում ձեր թափառական
Յարկը չազատւեց գալոց փորձանքից.
Ամեն տեղ հիմա—կիրք օրհասական
Ոչ ոք չի փախչում բախտի հարւածից։


  1. Գնչուի պատմած աւանդութիւնը վերաբերում է Հռոմի հռչակաւոր բանաստեղծ Օւիդիոսիին։ Օգոստոս Կայսրը կասկածելով իր քրոջ Յուլիայի եւ Օւիդիոսի սիրային յարաբերութիւնների վրայ՝ վերջինիս աքսորեց Սեւ ծովի հիւսիսային կողմերը։