Գող քոթոթը
Գող քոթոթը
Մի օր մեր շան
Գող Քոթոթը՝
էն կլանչան
Բրդ-բրդոտը,—
Սիրտ է անում
Նրանից թաքուն,
Ներս է մտնում
Մեր հավաբուն։
Ներս է մտնում ու մի հանգով՝
Հավանոցի թառի տակով
Դունչ է մեկնում բնակալին։
Հենց կպչում է մեջքը թառին՝
Հանկարծ թառը դրնգալի
Նրա գլխին փուլ է գալի։
Այ քեզ փորձա՜նք...
էլ չպրծանք...
Ձվի նստած Փոմփոխ հավը
Դուրս է վազում կչկչալի,
Գող Քոթոթի էս համբավը
Բակի միջին հարայ տալի։
էլ ձվածան հավ-մարիկներ,
էլ կչկչան խամ վառիկներ,
էլ թխսամեր ու ղոչ աքլոր՝
Մոտ են վազում լեղապատառ։
Մոտ են վազում
Ու կչկչում,
Փոմփոխի հետ
Հարայ կանչում։
— Տատի, տատի, էհե՜յ տատի,
էս փորձանքից եկ ազատի՛...
Գող Քոթոթը եկավ, չամփեց,
Մեր ձվանը ջարդե՜ց, լափե՜ց...
Հիմքից քանդեց թառ ու թառեք,
Ամա՜ն, հասեք, մի ճար արեք։
— Աղչի Մայի՛,
Մի դուրս նայի...
Մի տե՛ս հալա,
Դուրսը էտ ի՞նչ
Ղալմաղալ ա...
— Նանի՜, նանի՜, Քալի նանի՜,
Մահն էդ տեսակ շանը տանի...
էն անպիտան քոթոթ շունը՝
Տուն է մտել հավաբույնը,
Տուն է մտել, ջարդել, թափել,
Բնկալ ձուն կոտրել, լափել...
Հավ ու աքլոր
Լեղապատառ
Շաղ են եկել
Հակալ-հակալ։
— Ո՞վ ասիր, ո՞վ...
Գող Քոթո՞թը...
Ա՛յ կոտրվի նրա ոտը...
Փետս տուր ինձ, հոնի փետս,
Դու էլ արի, արի՛ հետս,
Նրան էնպես Քոթոթ ցույց տամ՝
Կերածն ըլի գլխին հարամ։
Նանը գնաց տնքտնքալի,
Փետը ձեռին՝ տկտկալի,—
Գնաց հասավ հավանոցին,
Հասավ ու իր սիրտն ուզածին՝
տո՛ւր թե կտաս,
էնքան տվեց գլխին, ոտին,
Աղցան շինեց գող Քոթոթին։
Խեղճ Քոթոթը հազիվհազ,
Գլուխն առավ՝ վազեվազ
Իրեն գցեց աղբանոց,
էնտեղ արավ լաց ու կոծ.—
Մեկ մղկտում կլանչում էր
— Ո՜ւ ա՛ֆ, ո՜ւ ա՛ֆ...
Մեկ կոխկոնձում ու հաչում էր
— հաֆ-հա՜ֆ, հաֆ-հա՜ֆ...
Մեկ վնգվնգում, հարայ տալի՝
— ա՜ ո՛ւ, ա՜ ո՛ւ...
Սեկ էլ ոռնում ու վայ տալի՝
— Ո՜ւ... աո՜ւ, ո՜ւ աո՜ւ...