Գորիս գյուղը
ԳՈՐԻՍ ԳՅՈԻՂԸ
Գորիս գյուղը[1] քաղաքից մի ձորով է բաժանված։ Քաղաքի բնակիչների պապերը գյուղում ապրելիս են եղել, իսկ նրանց ժառանգները՝ ծուռումուռ փողոցներին, քարքարոտ ճանապարհներին չհավանելով, անցել են ձորը և հարթ տափարակի վրա քաղաքը հիմնել. գյուղում մնացել են տնտեսապես ավելի թույլերը։
Սակայն գնալով գյուղի դրությունը վատացել է։ Հեռու իր վարելահողերից, զուրկ բանջարանոցներից ու ջրովի խոտատեղերից, հեռու արոտատեղից ու սարի խոտհարքից, գյուղն ավելի է աղքատացել։ Պատերազմի ու ազգամիջյան կռիվների ժամանակ Գորիս գյուղն ամենից շատ է տուժել։ Այսօր Զանգեզուրի գավառում այդ գյուղի նման աղքատ գյուղ չկա։
Երբեմնի փարթամ գյուղից մնացել է 277 տուն, որից 122 տունը չքավոր են, յուրաքանչյուրը՝ 1—2 կովատեր։ Սակայն չքավորների թվի մեջ չեն այրիների տասնյակ տներ, որոնց աշխատող ձեռքը կինն է. ամուսինը կամ սպանվել է կռվում և կամ մեռել «պլենում», կամ էլ անհետ կորել։
Այրիների այդ տասնյակ տներն են, որ ապրում են ծայրահեղ չքավորության մեջ, օրվա հացի կարոտ։ Նրանք չեն կարողանում իրենց հողերից օգտվել, որովհետև լծկան չունեն, սերմացու չունեն։ Հողաբաժանման ժամանակ շատերը նրանցից չեն էլ հետաքրքրվել հող ստանալու մասին։ Համարյա յուրաքանչյուր տարի այդ աղքատ տներն ստանում են սերմացու, յուրաքանչյուր տուն՝ 2—3 փութ, սակայն շատ հաճախ սերմացուն էլ է իզուր կորչում։
Ծանր է տեսնել, թե ինչպես ցնցոտիապատ կանայք (նրանցից շատերը մի պարկ ծակում և անցնում են գլուխը) քլունգներով գյուղի մոտակա սարալանջն են քերծում, ստացած կամ ունեցած մի բուռն սերմացուն այնտեղ գցելու։
Աղքատ այդ ընտանիքներին աշխատանք հայթայթում է քաղաքը. հաց են թխում, ջուր են կրում, բուրդ գզում, օգնում հանդի աշխատանքին։ Սակայն չնչին է վարձատրությունը։ Աշխատում են լուսաբացից մինչև արևմուտ։
Աղքատ այդ ընտանիքների տները ողորմելի տեսք ունեն, աղտոտ և մութ։ Ամիսներով միս չեն ուտում և եթե մի քանի կոպեկ ճարում, փորոտիք են գնում. այդ նրանց համար հիշատակելի օր է։ Հիվանդություն շատ կա, չեն էլ հետևում։ Այդ մասը կարծես աչքաթող է արված, իրենք էլ են իրենցից բեզարել։
Գյուղում շատ տներ կան կիսավեր կամ հիմնովին փլված։ Այդ՝ օտար քաղաքներ գնացած գյուղացիների տներն են, թողած այդպես անտիրական։ Գորիս գյուղը Բաքվում և Անդրկասպյան երկրի զանազան քաղաքներում ունի մոտ հարյուր տուն, որոնց մեծ մասը բանվոր է։
Գյուղն իր այդ դրությունից դուրս գալու հնար ունի։ Այդ հնարը գյուղի հիմնովին փոխադրումն է մի այլ տեղ։ Եթե նույն տեղը մնա, նա ապագայում էլ զարգանալու միջոց չպիտի ունենա։ Գյուղի ամենից լավ հողերը մնում են անմշակ, հեռավորության պատճառով։ Գյուղի ներկա դիրքը շատ անհարմար է թե երկրագործությամբ և թե անասնապահությամբ պարապելու համար։ Խորդուբորդ ձորեր, քարոտ ճանապարհներ, ծառազուրկ ապառաժներ, ահա՛ թե ինչ ունի գյուղը ներկա դիրքում։ Իսկ մի քանի վերստ հեռու կա հարթ տարածություն՝ ջրով առատ և հարմար՝ երկրագործության համար։ Այդտեղ կարելի է փոխադրել գյուղը։
Նոյեմբերի 26֊ին գյուղում կայացավ համայնքի ընդհանուր ժողովը։ Պետք է տեսնել, թե որքան մարդ էր հավաքվել։ Կանայք, որ հազվագյուտ են ժողովներին, բավական թիվ էին կազմում։ Բոլորն էլ գիտեին, որ իրենց ամենից ցավոտ խնդիրն է լուծվելու։ Եվ գյուղը կատարյալ միաձայնությամբ որոշեց փոխադրվել հարևան հողամասը[2]։ Այսպիսով՝ Գորիս գյուղը պիտի բաժանվի և կազմի 2—3 առանձին գյուղ, յուրաքանչյուրն իր հարմար տեղն ստանալով։
Փոխադրումը կապված է որոշ ծախսերի հետ։ ճիշտ է, գյուղի մի մասը հենց այսօր էլ կարող է հեռանալ, առանց դրսի օժանդակության, բայց մնացած աղքատ մասն առանց պետական վարկի ոչ մի կերպ չի կարող փոխադրվել։
Հենց այդ ի նկատի ունենալով՝ համայնական ժողովը որոշել է դիմել կառավարության՝ վարկ ստանալու համար։ Տեղական իշխանությունը և հասարակական կազմակերպություններն ևս ցույց կտան իրենց աջակցությունը։ Փոխադրվող գյուղացիք ձրի կստանան փայտեղեն՝ մոտիկ անտառից, հնարավոր կլինի նրանց որոշ ժամանակով ազատել հարկից և այլն։
Իսկ նոր տեղը փոխադրվելուց հետո գյուղը մի ազատ շունչ կքաշի և արագ կզարգանա։