Jump to content

Գորտն ու ագռավը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գորտն ու ագռավը

Մի գորտ ընկած ցամաք առուն
Կռկռում էր, հա՜ կռկռում:
— Քիչ կռկռա, այ գորտ քեռի:
Աշուն կգա, ջուր կբերի, —
Հույս էր տալիս մի սև ագռավ:
— Է՛, ի՞նչ անեմ, սիրտս վառավ,
Մինչև ցամաք առուն ջուր գա,
Գորտի աչքն էլ հո՜ դուրս կգա: