Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԻՆԵՐՎԱ
Օդի մեջ շողում են
ածելիները։
-Առանց բանտի՝
ինչ ազատություն։
Եվ երկաթե դռները
շրխկոցով փակվում են։
Լեռները կուզեկուզ
երբեք չեն քայլում՝
որքան էլ խավարը
աչք կուրացնի։
Ցից քարին գիշանգղը
կերտում է իրեն։
-Պողոս, ո՞ւր...
-Կերթամ մըր Էրգիր,
մըր սարեր որոնելու։
Ինքն իր մեջ մրջյունը
պտտում է երկիրը
արեգակի եւ ծառի շուրջ,
գետերը դրախտի երազը
տանում են մինչեւ ծովերը,
թռչունները կտուցներին
լույսի, մտքի եւ սիրո
թելեր են տանում
թափառական որբերին։
Մեղվի մի բզզոց
ջարդվում է ապակուց դուրս։
-Սովորիր, մանչս, որ երբ
դառնաս արքա՝
երկիր ունենաս։
Նոյի աղավնին
ուշանում է ոնց որ...
Իսկ քաշաթուխպը
թուխս է նստել գետի գլաքարերին
եւ վեր չի կենում։
|
|