Գուցե լույս դառնամ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բանաստեղծները Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Գուցե լույս դառնամ)

Վարդան Հակոբյան

Ես անձրեւին ուղեկցում եմ
ԳՈՒՑԵ ԼՈՒՅՍ ԴԱՌՆԱՄ


Ինձ մի տարեք այնտեղ, ուր որ ես չեմ ուզում երբեք գնալ,
մի հորդորեք անել բաներ, որ չեն խոսում իմ հոգու հետ,
փուչ քայլերից մաշել են եւ ճամփեքը, թող հանգստանան,
մարմինս մի ասեղնոտեք սերերով, որ շատ չեն անկեղծ,
թողեք, խնդրեմ, մեկի համար գուցե մի դուռ դառնամ, բացվեմ։

Աչք մի խոթեք ոտնահետքս՝ թողած հերկում խորն ու հասուն,
վարող եզան ոտնատեղում սերմն ավելի խիտ է աճում,
ինչքան էլ ինձ կալմեջ անեք՝ ես իմ օրվա հասկն եմ կալսում,
դուք՝ հոգսերիս կամին նստած կալվորը միշտ, ես՝ լծքաշն եմ,
թողեք, խնդրեմ, մեկի համար գուցե մի հույս դառնամ, բացվեմ։

Ինչքան էլ մենք նման իրար, ես ուրիշ եմ բոլորովին,
բաց ճամփեքը մի կողմ թողած, փակված դռան դեմն եմ կանգնում,
հասկանում եմ, քմծիծաղ եք տալիս հիմա, թե՝ շա՜տ է հին,
չեկած պահի որդի եմ ես, սրտիս եւ ձե՛ր շանթն եմ կրում,
թողեք, թողեք, ես ձեզ համար գուցե մի լույս դառնամ, բացվեմ։