Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի
«Հորիզոնի» 89 և 90 համարներում պ. Գ. Չալխուշյանը սաստիկ վշտացած է էն տեղեկություններից, որ տվել է Տորոպովը Ռուսաստանում 1915 թվականին լույս տեսած հրատարակությունների մասին։ Էս հաշվետվությունից երևում է, որ հայերը, իրենց հրատարակած գրքերի թվով, իրենց հարևան ժողովուրդների մեջ վերջին տեղն են բռնում։
1915 թվականին թուրքերը հրատարակել են 325 կտոր գիրք, վրացիները 247, հայերը 159։
Ես ուզում եմ դեռ ավելի սաստկացնել պ. Չալխուշյանի ազնիվ վիշտը։
Թող նայի հայերեն գրքերի ցուցակին և կտեսնի, որ դրա մի մասը արտատպություն է, մնացածի մի մասն էլ անպետք ու տպագրության անարժան գործեր, և վերջ ի վերջո տակը մնում է շատ խեղճ ու ողորմելի մի բան։
Ինչո՞ւ է էսպես։
Պ. Չալխուշյանը էս դժբախտ ինչուի հանդեպ աղաղակում է— «քնե՞լ ենք, թմրե՞լ, թե արդեն հնացել, մաշվել, քամվել, չգիտեմ…»։
Եվ՝ սրա ճարի վրա մտածելով՝ վերջը գալիս է էն եզրակացությանը, թե չպետք է շատ օժանդակել համալսարանական ուսանողությանը, այլ պետք է ծավալել տարրական ուսումը, կրթել ազգը, ու մենք կունենանք և՛ գրականություն, և՛ ճոխ ու շատ հրատարակություններ…
Ո՛չ, և հազար անգամ ո՛չ, ազնիվ հայրենակից, պ. Չալխուշյան. ո՛չ համալսարանական ուսանողության խորթությունն է հայոց գրականության խեղճության պատճառը, ոչ էլ տարրական ուսման պակասը։ Սա ունի մի հիմնական պատճառ, որի շուրջը շատ են պտտվել, բայց մեջը չեն մտել և վերացնելու մասին էլ մտահոգություն չեն ունեցել։
Եվ էս հիմնական պատճառը գտնելու համար երբեք չպետք է դիմել հրատարակություններին, գրքերին։ Գրքերը անշունչ թուղթ են, նրանք ձեզ ոչինչ չեն ասիլ, նրանցից չեք կարող իմանալ, թե ինչու են իրենք քիչ դուրս գալիս, դրա համար պետք է դիմել էդ գրքերը գրողներին, նրանցից պետք է հարցնել ու իմանալ, թե՝ ինչո՞ւ են իրենք քիչ գրում։
Այո՛, գրականություն ասելիս պետք է գրողներ հասկանալ, ոչ թե գրքեր, և գրողներին պետք է հարցնել, ոչ թե գրքերին։
Եվ երբ գրողներին կհարցնեք՝ նրանք ձեզ կասեն, որ իրենք գրականությամբ չեն պարապում։ Խոսքս գեղեցիկ գրականության վրա է հատկապես, և ասում եմ, որ նրանք, հայոց բանաստեղծներն ու վիպասանները գրականությամբ չեն պարապում, և պարապելիս էլ պարապում են ի միջի այլոց, պատահաբար։
Եթե ճշմարիտ չի ինչ որ ասում եմ, ապա սա մի ծանր զրպարտություն է հայոց գրողների դեմ, իսկ եթե ճշմարիտ է, մի շատ ցավալի հայտարարություն է, որի առջև լուրջ կանգ պետք է առնի ամեն մի գրականություն սիրող ու ցանկացող ժողովուրդ և քննի ու հասկանա, թե ինչո՞ւ չեն իրեն տաղանդավոր մարդիկը զբաղվում իրենց բարձր ու գեղեցիկ գործով— գրականությունով։
Ի՞նչն է սրա հիմնական պատճառը։
Այժմ գանք հայոց գրականության դժբախտության հիմնական պատճառին։
Երևակայեցեք, թե ամբողջ հայ ազգի մեջ մի 40—50 կամ 100 սափրիչ կա ընդամենը։
Ի՞նչ եք կարծում, նրանց հաջողությունը ապահովված կլինի՞, թե չէ, նրանց գործը կմեծանա՞, առաջ կգնա՞, թե չէ. նրանք իրենց արհեստը կզարգացնե՞ն, թե չէ։
Պատասխանը դրական է անկասկած։
Ինչո՞ւ։
Շատ պարզ է՝ ինչու։
Որովհետև անպատճառ պետք է ազգի գլուխը խուզել կամ երեսը սափրել։ Եվ հարյուր սափրիչը նույնիսկ մի քաղաքի չի հերիք, ո՛ւր մնաց ամբողջ ազգին։
Երևակայեցեք, թե 100 կոշկակար լիներ միայն։ Դարձյալ նույնը։ Ազգը հո չի կարող բոբիկ ման գա, թեկուզ կոշիկի գինը մեկին տասը բարձրանա, ինչպես էսօր։
Եթե հացթուխ վերցնենք. նույնը։ Ազգը հո անհաց չի մնալ, թեկուզ մի օր։
Դերձակ առնենք, դարձյալ։ Ազգը հո տկլոր չի կարող ման գա։
Տերտեր առնենք. նույնը։ Պետք է տուն օրհնի, մկրտի, պսակի, թաղի…
Իսկ եթե նույնքան գեղարվեստագետ, գրող, գիտնական ու հրապարակախոս առնե՞նք, ի՞նչ կլինի նրանց վիճակն ու նրանց գործի դրությունը։
Էն, ի՛նչ որ է։ Անպայման անապահով, անհաստատ և շատ դժար լուծելի մի խնդիր։
Ինչո՞ւ։
Որովհետև առանց գրքի ու առանց գիտության ազգը կարող է ապրել։ Իսկ էնտեղ, որտեղ առանց գրքի ու առանց գիտության կարող են ապրել, էնտեղ գրողն ու գիտնականը չեն կարող ապրել, ավելորդ մարդիկ են, և ուզեն-չուզեն պետք է իրենց ճամփից շեղվեն, իրենց գործը թողնեն, ուրիշ գործով զբաղվեն, որ իրենք էլ ապրեն, իրենց տունն էլ պահեն։ Կամ շա՜տ շա՜տ միաժամանակ երկուսն էլ անեն, ծառայեն և՛ աստծուն և՛ մամոնային։ Բայց մենք արդեն լավ գիտենք, որ չի կարելի միաժամանակ և՛ աստծուն ծառայել և՛ մամոնային։ Դրանից լավ բան չի դուրս գալ։ Իհարկե վերջ ի վերջո էսպես էլ մի բան կգրվի, բայց էն չի լինիլ երբեք, ինչ որ պետք է լիներ, և գրողը միշտ փոխանակ առաջ գնալու՝ ետ կգնա, ինչպես մեր գրողներից շատերը, որոնց գովելու ժամանակ սովորաբար առաջին գործերն են հիշատակում, մի հանգամանք, որ ցույց է տալիս, թե գրողը տաղանդ է ունեցել, բայց գրական մթնոլորտ չի ունեցել ապրելու և զարգանալու համար կամ եղածը հերիք չի եղել։
Եվ էսպես է ոչ միայն մեզանում, այլև էն տեսակ երկիրներում, ուր ոչ ուսանողությունն է խորթացած իր մայրենի ժողովրդից ու գրականությունից, ոչ տարրական ուսումն է պակաս։
Դրա համար էլ էս տեսակ երկիրներում զանազան միջոցների են դիմում՝ ապահովելու էն բոլոր բարձր արժեքները, որ ժողովրդի համար առաջին անհրաժեշտ պահանջ չեն հանդիսանում և իրենք իրենց գոյությունն ու զարգացումը ապահովել չեն կարող։ Էս տեսակ երկիրներում պետական ազգային ընդհանուր օժանդակությունով օգնության են գալիս պահպանելու գրականություն, գիտություն, թատրոն։
Ազգային-պետական օժանդակությունը անհրաժեշտ է դառնում մանավանդ էն երկրներում, ուր ժողովուրդը, թեկուզ և զարգացած, բայց իր քանակով փոքր է. օրինակ մի Շվեդիա, մի Նորվեգիա, մի Դանիա. նրանց գրողը, թեկուզ և Իբսեն լինի, չի կարող հույս դնել իր ընթերցողների քանակի վրա, և ազգային-պետական օգնությունն անհրաժեշտ է եղել, որպեսզի նա ապրեր, զորանար ու դառնար համաեվրոպական կամ համաշխարհային գրող։
Էսպես է եղել ամեն ժամանակ, բոլոր երկիրներում։ Սկսեցեք Պարսկաստանից ու Հնդկաստանից, վերցրեք եվրոպական նոր ազգերը ու գնացեք մինչև լատինական ու հունական գրականությունները։ Սակավ բացառությամբ ընդհանուր երևույթ է, որ արվեստները, գրականությունն ու գիտությունը ծաղկել են ազգի ընդհանրության և կամ մեծ մեկենասների ուժեղ պաշտպանության օրերում և կարճ ժամանակում հրաշքներ են կատարել, կենդանության հզոր շունչ են ներշնչել ազգերին, մեծ թափ են տվել կյանքին, մշտական փայլ ու համաշխարհային հռչակ են վաստակել իրենց հայրենիքների համար։
Եթե լսում եք մի Օմար Խայամի, մի Վիրգիլիոսի, մի Գյոթեի, մի Շեքսպիրի և կամ սրանց նման մեծ ստեղծագործողներից մեկի կամ մյուսի անունը, պետք է իմանաք, որ նրանք իրենք էլ մի մի մեծ ստեղծագործություններ են, որոնց ստեղծագործությանը մեծ չափով մասնակից են իրենց հայրենիքները և իրենց շրջապատը։
Սակայն ինձ կառարկեն՝ թե էն ազգերը, որոնք պետություն ունեն, կարող են ազգովին էլ կազմակերպել ու հոգալ, մենք ի՞նչպես կազմակերպենք ու ո՞րտեղից հոգանք մեզանում արվեստների, գրականության ու գիտության զարգացման հոգսը։
Հետևյալ անգամ էդ մասին կխոսենք, թե որտեղից կարելի է հոգալ և ինչպես կազմակերպել։
Եվ ահա եկանք կանգնեցինք ամենադժար հարցի առաջ, թե՝ ո՞րտեղից։ Ո՞րտեղից պետք է հոգա հայ ժողովուրդը իր մեջ գեղարվեստը, գրականությունն ու գիտությունը ապահովելու ու զարգացնելու գործը։
Ես կպատասխանեմ.— Որտեղից հոգացել է ու հոգում է, էնտեղից էլ պետք է հոգա։ Միայն մի տարբերությամբ, որ իր միջոցները պետք է դասավորի ու ծախսի ոչ էնպես, ինչպես արել է մինչև օրս։
Ահա մեր ընկերություններից ամենահինը— Բաքվի Մարդասիրական Ընկերությունը, որը ոչ թե կարող է, այլև առաջինն է եղել, որ դեռ սրանից քսան տարի առաջ հարց է հարուցել, թե կենսաթոշակներով պետք է ապահովել հայոց գրականության զարգացումը և նույնիսկ սկսել էր համեստ չափերով իր որոշումը իրագործել՝ հետզհետե մեծացնելու խոստումով, արդեն երեք-չորս հոգի էլ թոշակ էին ստանում, երբ գալիցինյան ռեժիմի առջև փակվեց ու ընդհատվեց։
Նա կարող է նորից վերադառնա իր հին որոշումին և ավելի մեծ չափով, քանի որ պարզ տեսնում է, թե մի ազգ ստեղծելու, բարձրացնելու և պահպանելու գործում ինչ կարող են անել գեղարվեստը, գրականությունն ու գիտությունը։
Ահա Պետրոգրադի Եկեղեցական Խորհուրդը, որ մեծ միջոցներ ունի իր տրամադրության տակ, ամեն կերպ աշխատել է հայ ագգային կուլտուրայի բարձրացման համար, որը խոշոր գումարներ է տվել և՛ ուսանողության, և՛ ուսումնարանների, երբեք չի խնայիլ էս տեսակ մի ազգային հոգևոր-մտավոր շարժման նպաստելու։
Ահա Նոր Նախիջևանի եկեղեցական հոգաբարձությունը, որ հենց պ. Չալխուշյանի վկայությամբ, մի հարուստ հաստատություն է ու տարեկան հարյուր հազար է ծախսում ազգային կրթության վրա ու հիասթափվում, որովհետև իր ընտրած ճանապարհով իր սաները միշտ դառնում են իրենց խորթ ու օտար։ Նա, Նոր Նախիջևանը՝ Գամառ-Քաթիպայի ու Նալբանդյանի ծննդավայրը, որ էնքան մեծ դեր է խաղացել մեր գրականության և ազգային գործերի մեջ և խաղում է տակավին, նա երբեք չի զլանալ իր միջոցները նրանց, որոնք ոչ թե օտարանում են, այլ օտարացումի դեմը հանդիսանում են հզոր պատնեշ և խորթացածներին էլ վերադարձնում դեպի հայրենի ժողովուրդն ու հարազատացնում։
Ահա Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերությունը, որ էնքան ուշադիր ու նախանձախնդիր է ազգային լուսավորության գործին, և որը նույնիսկ գումարներ ունի իր տրամադրության տակ՝ հատկապես գրականությունը խրախուսելու համար։
Ահա, վերջապես, Բաքվի Հայոց Կուլտուրական Միությունը, որի ամենաառաջին նպատակներից մեկը հենց մեր առաջադրած խնդիրն է։
Ո՞վ գիտե, գուցե կան և ուրիշ ազգային համանման հաստատություններ, որ ես այժմ չեմ հիշում, բայց հենց սրանք էլ բավական են մինչև օրս մեր մեջ չտեսնված մի գեղարվեստական-գրական-գիտական շարժում առաջ բերելու համար։
Սրանց շարժվելու դեպքում անկասկած առաջ է գալիս մի բարձր տրամադրություն, գործը՝ լուրջ կազմակերպելուն պես՝ ներշնչելու է հաստատուն հավատ ու վստահություն և հրապարակում հայտնվելու են իրենց ազգի քաղաքակրթությանը նախանձախնդիր շատ ազնիվ անհատներ — կտակարարներ ու մեկենասներ։
Արդ, ակներև է, որ միջոցն էլ կա, էն էլ, եթե կուզեք՝ առատ-առատ։ Հարկավոր է միայն գործի կարևորության գիտակցությունն ու բարի կամքը։
Միջոցը եղել է միշտ և ամեն տեղ։ Անգլիայում էլ միջոց կար, բայց ավանդությունն ասում է, թե Շեքսպիրը՝ սկզբներում, Գլոբուս թատրոնի դռանը՝ թամաշա եկողների ձիանքն էր պահում, մինչև որ հազարավոր թամաշավորներից մեկը, հոգու աչք ունեցող մեկը, մի Սոուտհամտոն, նկատեց, որ էս մարդը ձի պահելու համար չի աշխարհ եկած, որ սովորական հացակերի մեկը չի, թևեր ունի, և լիասիրտ միջամտելով թևերը լայն տարածելու հնարավորություն տվեց, ու նա էլ խոյացավ դեպի վեր, մինչև երկինք։
Եթե գնահատողի սուր աչքը չլիներ և Անգլիայի օդը, թերևս մի Շեքսպիր մնար, եթե ոչ սոսկ ձիապան, համենայն դեպս մի խանգարված ու անհաջողության մատնված գրական մարդ։ Թող հազար անգամ Կոլումբոսը հեռուները ճանապարհորդելու և նոր աշխարհքներ գտնելու երազներ տեսներ ու տարիներով թափառեր դռնե դուռ, ի՞նչ պիտի աներ, եթե մի Իզաբելլա չհայտնվեր ու իրականություն դարձներ նրա շքեղ երազները։
Թող մի Դարվին ինչքան կուզեր հետաքրքրվեր իրենց համալսարանի շուրջը գտնվող բույսերով, բայց երբեք էնքան մեծանալու, Դարվին չէր դառնալու, եթե չնկատեին ու չուղարկեին աշխարհքի չորս կողմը պտտելու և դիտելու։
Մի Վիկտոր Հյուգոյի՝ դեռ տասնուհինգ տարեկան հասակից՝ մի ոտանավորի համար ֆրանսիական ակադեմիան խրախուսում է ու պարգև է տալիս։
Եվ էսպես տեսնում եք մի տեղ մեկենասն է, մյուս տեղ ազգն է, որ կարողանում է տաղանդներ գտնել, պաշտպանել, զորացնել ու դուրս բերել։ Այո՛, տաղանդի հայտնվելը ու էս կամ էն ուղղությամբ զարգանալն էլ իր պայմաններն ունի, և իրեն իրեն, պատահաբար չի լինում։
Մի ժամանակ, երբ մեկենասներն էին պահում գրականությունը, և մեկենասներն էլ մեծ մասով թագավորներ ու իշխաններ էին, գրողներն էլ, սրանցից բարերարված, նրանց մթնոլորտում շնչելով նրանց էին փառաբանում, թագավորներին ու իշխաններին էին հերոս առնում, և պալատական կյանքն էին երգում առհասարակ։
Հետզհետե, ժամանակի ընթացքում ժողովուրդները կազմակերպվեցին, տեր հանդիսացան ինչպես շատ բաների, էնպես էլ իրենց միջից դուրս եկած տաղանդներին ու պահեցին, պաշտպանեցին։ Գրողներն ու գեղարվեստագետներն էլ մնացին ժողովրդի մեջ, ժողովրդի հետ, նրա ցավերը երգեցին, նրա տենչերով ոգևորվեցին, նրանից առան իրենց հերոսները, և արքայական ծիրանու փոխարեն մեջտեղ եկան սովորական մարդու ամենօրյա զգեստները, պալատական դրապիրովկի ու պուրակների փոխարեն տարածվեց ազատ բնությունը, ու փքուն, ճռճռան ֆրազների փոխարեն սկսեց տիրել ժողովրդական լեզուն իր կենդանի երանգներով, իր կուռ, գեղեցիկ ոճով ու իր վճիտ պարզությունով։
Առեք պալատական գրողներից թեկուզ ամենամեծերը, ամենալավերը.— մի Գյոթե, որ էնքան նոր է ու էնքան համայնապարփակ, բայց որ Վեյմարի պալատում է ապրել ու երգել, մի Ֆիրդուսի, որ Մահմուդ Շահի երգիչն է, մի Ռուսթավելի, որ Թամար թագուհու երգիչն է, էլ չեմ ասում մի Կոռնեյլի, մի Ռասինի և սրանց նման ուրիշներին, որոնք պալատից դուրս կյանք չեն էլ ընդունում. սրանց դիմացը դրեք մի Մոլիերի, մի Բեոռնսի, մի Բերանժեի կամ մի Իբսենի, որոնց թիկունքին իրենց ժողովուրդներն են կանգնած։ Խոսքս, իհարկե, տաղանդների մեծության ու փոքրության վրա չի, այլ ոգու, շնչի, ուղղության, աշխարհայացքի, և կտեսնեք ի՜նչ ահագին տարբերություն կա։ Մի տեղ տիրողներն են ապրում, մյուս տեղ ժողովուրդները։ Մի տեղ ժողովուրդներն են թամաշավոր, մյուս տեղ թագավորները։
Հայ ժողովուրդն էլ պետք է պարզ հասկանա ու տեր հանդիսանա իր ամենանվիրական ստացվածքին, իր ազգային հանճարին, պետք է ապահովի ու կազմակերպի իր ազգային ոգու արտահայտության ու հզորացման գործը, իսկ թե ո՛րտեղից կամ ի՛նչպես, էդ ամենից հեշտն է։ Ամենից դժվարը հասկանալն ու կամավորելը, ցանկանալն է։
Միայն վերև հիշած ընկերությունները հերիք են, որ մեջտեղից վերանա «որտեղից»-ի խնդիրը, այժմ կխոսենք էն մասին, թե ինչպես պետք է կազմակերպել։
Մենք տեսանք, որ հայոց գրականության զարգացումն ապահովելու միջոցը ոչ միայն հնարավոր է գտնել, այլ պատրաստ կա արդեն։
Մնում է վերջին հարցը, թե ի՞նչպես պետք է կազմակերպել գործը, ո՞ւր կենտրոնացնել միջոցները և ինչ մարմնի որոշումով ու ձեռքով բաշխել։
Ճիշտ է, էս խնդիրը կարող է վեճ հարուցանել մեզանում զանազան առարկություններով, բայց էդ վեճերը բնավ չեն կարող արգելք լինել, որովհետև արդեն հրամայողական պահանջ է դարձել մեր ազգային կուլտուրան ազգովին պաշտպանելու գործը։
Մենք ունենք Գրողների Ընկերություն, որը բավական լայն կանոնադրություն ունի և դեռ կարելի է ավելի լայնացնել և որի մեջ մտնում են մեր գեղարվեստագետները, գրողները, գիտնականներն ու հրապարակախոսները, և, էդ նույն կանոնադրությամբ, Ընկերությունը հոգալու է սրանց նյութական ապահովությունն ու մտավոր զարգացումը։
Հայոց Գրողների Ընկերությունը, որ պատերազմի պատճառով՝ շատ բնական կերպով՝ կանգ առավ իր գործունեության ճանապարհին, պատերազմի վերջի հետ անշուշտ կվերսկսի իր գործունեությունը շատ ավելի մեծ թափով ու մեծ ծավալով, և հենց նա էլ կարող է լինել հայոց գեղարվեստի, գրականության ու գիտության մարդկանց ապահովության գործի կենտրոնը։ Նրա հետ միասին պետք է ստեղծել մի գրական-գիտական կաճառ, որ մի կողմից կընտրի Ընկերության ընդհանուր ժողովը, մյուս կողմից կմիանան միջոցներ տվող մարմինների և մեր այլ կրթական-կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչները։
Էս կաճառն է, որ պետք է որոշի՝ ում օժանդակել, ինչ ձևով, ինչքանով, ինչ ժամանակով ու ինչ նպատակով։
Ինչ ձևով եմ ասում, որովհետև միայն թոշակի ձևը չի, որ պետք է կիրառվի։ Բացի թոշակը ուրիշ շատ միջոցներ կան։ Օրինակ, կարելի է որոշ ժամանակով կամ միանգամ ընդմիշտ գնել էս կամ էն գրողի կամ գեղարվեստագետի երկերը։ Էսպեսով և նրա գործերը կդառնան ազգի սեփականություն ու էժան կտարածվեն ժողովրդի մեջ և նա ինքը հնարավորություն կստանա ազատ շարունակելու իր գործունեությունը։ Կամ կարելի է էս կամ էն գիտնականին, մասնագետին հանձնարարել ուսումնասիրելու մեր երկիրը, մեր պատմությունը, ժողովուրդը, լեզուն և այլն և այլն, միշտ ապահովելով նրանց գործն ու գործունեությունը։
Էն ժամանակ էլ ականատես չենք լինիլ էն տեսակ ծանր ու ամոթաբեր երևույթների, թե Նորայր Բյուզանդի պես մի գիտնական հայ ազգի լեզուն ուսումնասիրում է հենված մի օտարուհու օժանդակության վրա ու միշտ անտես առնված հայությունից և զայրույթով ցանկանում է իր գրվածքները ոչնչացնել…
Կամ Կոմիտաս վարդապետի պես մի անձնավորություն, նույնիսկ Եվրոպայում հիացմունք առաջ բերելուց հետո էլ, չի կարողանում իր հայրենիքում մի դաշնամուր ձեռք բերի կամ հնարավորություն գավառները ճանապարհորդելու և կատարելու մի գործ, որ միայն ինքը կարող է կատարել և որն էնքան պատիվ է բերում ամբողջ ազգին…
Կամ մի Պ. Ադամյան, որ ազգի պարծանքը դառնալուց հետո, երբ հիվանդանա ու մահվան մահճում դիմի իր ժողովրդին՝ սառը լռություն լինի պատասխանը, և ռուսները օգնեն հեռու Մոսկվայից, ռուսները տանեն պատսպարեն և ռուսաց դեսպանական հիվանդանոցում փչի իր վերջին շունչը…
Կամ Գամառ-Քաթիպայի պես մեկը ամբողջ ազգի կուռքը դառնալուց հետո էլ, երբ մեռնելու վրա էր, կարդում էր իր աչքով, թե ինչպես են հեռագրում ու թերթերում տպում, թե սնունդի ու դեղի փող չկա իրեն համար, և մարդը մեռավ իր վերջին ոտանավորներից մեկի տողերը շրթունքին. «Խղճալի ազգ եք, հայեր, դուք, ավա՜ղ…»։
Կամ մի Պարոնյան։ Էնքան տաղանդավոր գործեր կուտակելուց հետո էլ ստիպված էր կանաչի ծախելով ապրել և մեռնել իբրև մի խեղճ խանութպան…
Բայց ո՞ր մեկն ասեմ… Չի կարելի հանդիսավոր օրերը գրականությունը մեջտեղ դուրս բերել խաչվառի նման ու հանդեսից հետո, նորից ետ տանել կոխել մի մութ խորան, որտեղից դուրս էին բերել։ Եվ եթե ասում եմ մեր ժողովուրդը ազգովին պաշտպանում է կամ պետք է պաշտպանի էս տեսակ մարդկանց, բնավ ես էնպես չեմ մտածում, թե մի բարեգործություն պետք է անի կամ մարդասիրություն կամ սրա նման մի բան։ Երբե՛ք։ Այլ, ասում եմ, նա պետք է գոնե որոշ չափով պարտավճար լինի, քանի որ արդեն ստանամ է ավելի շատ, քան տալիս է, և իր պարտաճանաչությունը արդարացնում է իր ետամնացությունով։ Եվ էսպես է պահանջում նրա ազգային շահը ամեն տեսակետից։
Ահա հենց «Հորիզոնի» էն վերջին համարում, ուր տպված էր իմ նախորդ հոդվածը, հենց նույն համարում մի հարգելի հայուհի[1] հոդված է գրել «Մեր ցավերից խոշորագույնը» վերնագրով. գանգատվում է, թե Իգդիրից մինչև Բաքու անց է կացել և հայերի բերանից հայերեն խոսք չի լսել։ Էս գանգատը պարբերաբար, գրեթե ամեն շաբաթ մի քանի անգամ ամեն տեղից հայտնվում է մեր մամուլի մեջ, և խոսվում է ամեն անկյունում։
Արդ, ի՞նչ ունի հայ ժողովուրդը գոնե այժմ, քաղաքական հանգամանքներում, էս երևույթի դեմը հանելու։ Դպրոց և գրականություն։ Դպրոցը որոշ չափով պաշտպանվում է և դեռ ավելի պետք է ուժեղացնել, բայց գրականությունը թողած է քամու հոսանքին և տակավին չի հասկացված, թե ազգային լեզվի ու ինքնաճանաչության գործի մեջ ինչ արժեք ու նշանակություն ունի էս կամ էն գրողի գոյությունը — մի Րաֆֆիի, մի Գամառ-Քաթիպայի, մի Աղայանի և այլն, և այլն։ Եվ ոչ ոք չի էլ մտածում, թե նրանք մի՞թե էն կտային, ինչ որ տվել են, եթե նպաստավոր հանգամանքներում լինեին։
Վերջապես, ասում են, թե հայերը վաճառական ժողովուրդ են։ Նայենք և էս տեսակետից։ Առնենք գրողներից ամենաթանկը, որ ամենից շատ ծախք է նստել իր երկրին. օրինակ մի Գյոթե։ Հաշվեցեք, թե ինչ է նստել նա, և մի՞թե այժմ միայն էնքան արժե իր երկրի ու իր ժողովրդի համար։
Ի՞նչ բան է Անգլիայի կամ մի որևէ անգլիացու տվածը մի Շեքսպիր պահելու համար, մի Շեքսպիր, որին էսօր նույն Անգլիան չի փոխում ամբողջ Հնդկաստանի հետ։
Էսպես էլ ամեն մեկը, մեծից մինչև փոքրը։ Բայց նրանք, որոնք Շեքսպիրներ ու Գյոթեներ են ուզում պատրաստի, երբեք չեն ունենալ, ինչպես Շեքսպիրն ու Գյոթեն էլ պատրաստի Համլետ ու Ֆաուստ չեն գտել փողոցում։
Գրականություն ունենալու համար ժողովուրդները պետք է ոչինչ չխնայեն, և նույնիսկ պաշտպանելու դեպքում էլ լավ իմանան, որ իրենց պահածներից ու պաշտպանածներից տասնից մինն է միջակ գրող դուրս գալու, հարյուրից մինը տաղանդավոր և հազարից մինը հանճարեղ։
Այո՛, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել։
1916
Տողատակեր
[խմբագրել]- ↑ Նայել «Հորիզոն», 16, № 102։