Jump to content

Գրական-գեղագիտական սալոնում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գրական-գեղագիտական սալոնում
Հրապարակվել է «Մշակ» (Թիֆլիս)՝ 1917, № 22 (հունվարի 31): Հեղինակն օգտագործել է Ա. ծածկանունը: Հրապարակվում է ժամանակակից ուղղագրությամբ: Ներկայացված է «Ժողով և դասախոսութ.» խորագրի տակ:

Սալոնի ուրբաթ օրվա երեկույթը, որ նվիրված էր Կորոտկովի նոր գրած «Семирамида» պոեմային, բացվեց Ա. Աթանասյանի նախագահությամբ և տ. Մկրումյանի մի զրույցով. տիկինը ճշգրտեց այն փաստը, որ վերջին երեք-չորս տարիներում ռուս հասարակությունը սկսել է առանձնապես հետաքրքրվել հայի հոգեկան կյանքով, նրա գրականությամբ ու պատմական ապրումներով. Մ. Գորկիի «Ժողովածուն», Վ. Բրյուսովի «Поэзiя Арменiи»-ն մի-մի շոշափելի և գնահատելի ապացույցներ են Ռուսաստանում, իսկ Անատոլ Ֆրանսի հայտնի դարձվածը, թե «Հայաստանը Ֆրանսիայի քույրն է»՝ լոկ մի գեղեցիկ ֆրազա չէ հռչակավոր ֆրանսիացի գրողի կողմից, այլ մի ըմբռնում մեր հոգեկան ու ստեղծագործական կարողության:

Այդօրինակ գնահատելի արտահայտություններից է մեկն է նաև Կորոտկովի «Семирамида» նոր պոեման, որը նպատակ ունի հանձին Արայի պատկերացնել լեռնոտ, վեհ, ազատության ու սեփական ստեղծագործության սիրահար հային, երբ նրա առաջ դրված է ուրիշ ավելի մեծ, բախտավոր ազգերի և պետությունների հետ իմանալու ու նրանց մեջ ձուլվելու դիլեմմա: Հայը միշտ գերադասել է իր թեև փոքր, գուցե թույլը, բայց ինքնուրույնը՝ և դրա համար նա կանգ չի առել կրելու ամեն տեսակ զոհեր, հուսալով, որ ուշ թե շուտ նա կհասնի իր իդեալներին:

Այնուհետև հարգելի տիկինը տվեց «Շամիրամ» պոեմայիս բովանդակությունը, գտնելով որ նյութի մշակումը կատարված է աջող և միայն վերջը՝ Շամիրամի մահը՝ դուրս է եկել Խորենացուց տարբեր եղանակով: Զեկուցանողը մատնանշեց պոեմայի նաև թույլ կողմերը՝ երկարություն, մեր ներկա ժամանակի ոգու դրոշմը, սակայն այդ բոլոր պակասներով հանդերձ՝ նա գտնում է, որ «Շամիրամը» աջող փորձ է երիտասարդ բանաստեղծի կողմից:

Ցանկանալով ներկա եղող հասարակությանը ճիշտ գաղափար տալ Կորոտկովի նոր պոեմայիս մասին, զեկուցանողը գեղեցիկ առոգանությամբ և հարազատ շեշտով կարդաց պոեմայիս առաջին մասը. ապա սքանչելի երաժշտականությամբ և շատ ճկուն ձայնով կարդաց օր. Շուշանիկ Աբովյան (մեր մեծ բանաստեղծ Խաչատուր Աբովյանի թոռը):

Երկուսն էլ արժանացան բուռն ծափերի: Ընդմիջումի ժամանակ մաեստրո Բրոջիի աշակերտները երգեցին մի շարք գեղեցիկ կտորներ, իսկ ինքը, հասարակության ոգևորված «բիսերի» տարափի տակ վարպետորեն երգեց չորս կտոր զանազան արիաներ:

Զեկուցման վերջում պոեմայիս շուրջ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որոնք եկան լրացնելու և հիմնավորելու զեկուցանող տիկնոջ կարծիքները: Երեկույթը, որ գրավել էր բավական հասարակություն, ավարտվեց 11½-ին: