Գևոն
— Հե՜յ, հե՜յ, հե՜յ, սաթթըղըմ քեհլան[1], քեհլան, քեհլան…
Անկըճմուկենց Գևոյին ձայնն է, որ քաղաքին կեսը արձագանք կուտա, կը պոռա, կը կանչե, կը մռնչե։
Գևոն ձի կը ծախե։
Մեր տեղերը ձի ծախելը ամենավարնոց արհեստն էր, որուն համահավասարը միայն աղվնիկ խաղցնելն էր։
Ձիու ճամպազի[2] աղջիկ տալը կնշանակեր քրիստոնեական կանոնե քչիկ մը հրաժարիլ և նեզենիմ[3] աղջիկը կրակը ձգել։
Բայց ամեն արհեստ իր հերոսությունն ունի։ Զիու ճամպազին ալ հերոսը կար։
Գևոն ձիու ճամպազության հերոսն էր։
Կը գներ որևէ տեսակի ձի, որովհետև գիտեր, թե ինչպես պիտի ծախեր։
Զիու ճամպազը իր հերոսիկն ունի։ Այդ արհեստը երկու հոգիով կդառնա։
Գևոն նստած է տանը դռան առջև խաչաձևած չորս փայտերով շինված ցած աթոռի մը վրա և ներկյուլե կը քաշե։ Շատ խոր մտածմունքներու մեջ է, մերթ կը նայի գետնին, մերթ երկնքին, աչքերը կը դարձնե և կը խորհի, բայց նայվածքի մեջ խորություն չիկա, միայն իր պզտիկ ուղեղ ունեցողի ձևերն են, որ հանդիսավորություն կուտան իր խորհելուն։
Օվիկը, իր հերոսիկը, պըպըզած է իր դեմը երկյուղածությամբ և սիգարեթը պահած է ափին մեջ, որպեսզի իր վարպետը չի նշմարե իր ներկայության ծխելու անպատկառությունը և համարձակությունը, թեև վարպետը բացեն կը տեսնե ծուխը, որ կը բարձրանա Օվիկի բերնեն և քթի ծակերեն, բայց չտեսնելու կը զարնե, բավական է, որ Օվիկը կզգուշանա սիկարեթը ցուցնելե։
— Օվի՛կ— առաջինը կսկի խոսիլ Գևոն,— Խըրը ինչպե՞ս է, վաղը ծախենք որ երթա։
Օվիկը մեղմիվ կը հազա, քիչ մը բարձրանալու պես բան մը կ՛ընե ու նորեն կր պըպըզի, ֆեսը կը շտկե և կպատասխանե.
— Խըրին բանը պաշխա[4] է, աղա՛, քանի կերթա կը կատղի,— դարձյալ կը կիսաբարձրանա ու կը պըպըզի, սիգարեթը նետելով իր ոտքին տակ աննշմար։
— Հեչ լուսուն ցուցուցի՞ր,— կը հարցնէ խորհրդավոր կերպով Գևոն։
— Լուս չէ օր, քիպրիթ չէ տեսեր, աղա՛։
Օվիկը կուզէ բան մը ավելի ըսել, բայց չի համարձակիր։ Գևոն կզգա Օվիկի անհանգստությունը։
— Գիտես քի բան մը ունիս։
— Հալա, հալա,— կը հազա, խռչափողը կմաքրե,— հալա վաղը շուտ է― մեկ քանի օր ըլ թող խըզմիշ ըլլի[5], աղէկ է։
— Փեք[6] աղեկ, փեք աղեկ, Օվիկ,— կը պատասխանե Գևոն ոտքը ոտքին վրա նետելով և ավելի ցուցադրելով իր աղտոտած վարտիկի փաչաները[7],— ես դիտմամբ ըսի վաղը ծախենք, տեսնամ դուն ինչ կ՚ըսես, կամաց֊կամաց կը սովրիս, արհեստեն կը հասկնաս։
Օվիկը երջանիկ է, փղձկելու չափ ուրա՛խ…
— Օվիկ, ես քեզ մարդ պիտի շինեմ, պապուդ քով օր մնայիր՝ էշ կը դառնայիր, հը…,— գոռոզությամբ կարտասանե,— էշ՛ պիտի դառնայիր, էշ՛, կը հասկնա՞ս։
— Էվալլա՛, աղա՛, էվալլա՛, իմ հույսս ըլ դուն ես,— հազիվ շնորհակալություն հայտնելու կը համարձակի Օվիկը։
Օվիկը ավելի և ավելի բախտավոր կզգար ինքզինքը իր սողոսկող ստրկության մեջ։
Օվիկը Գևոյին քով դնելուն համար տանը մեջ իր հոր և մոր միջև պաղություն ինկեր էր։ Մայրը, խեղճ ու կրակ գավառացի կին մը, խելքին փչեր էր, որ Օվիկը եթե դպրոցը շարունակեր, ավելի լավ կըլլար, բայց հայրը ընդդիմացեր էր և պնդեր, որ ավելի աղեկ էր արհեստի դնեին և ինքն իրեն որոշած էր Օվիկը ձիու ճամպազ դարձնել, որովհետև իր արհեստը ապերախտ արհեստ էր, խալաճությամբ[8] ո՞վ կրցեր էր հարուստ ըլլալ։
Օվիկը վեց տարիե ի վեր Գևոյին կը ծառայեր, ձիերը ջրելու կըտաներ, թիմար կըներ, թրիքները կը մաքրեր, կենդանիներուն վերքերը կը լվար և ատեն֊ատեն ալ ձիու պոչ կը բռներ, որովհետև էգ ձիու տերը քառորդ մը կուտար անպայման իբրև պախշիշ։
Այս դրամով Օվիկը շիշ մը օղի կը տաներ իր հորը։
— Պապա, պախշիշի փարա է, խմե՛,— գոհունակությամբ կը հայտարարեր Օվիկը։
— Տեսա՞ր, կնիկ,— կը դառնար Օվիկի հայրը իր կնոջ― տեսա՞ր, վարժատունը պախշի՞շ պիտի տայի՜ն, աֆերիմ, տղաս, աֆերիմ, վարձքդ կատար։
Օվիկի վարձքը ձիու պոչ բռնելն էր։
— Վաղը,― կը շարունակեր խոսակցությունը ճամպազ Գևոն,— վաղը Տոռին ծախենք, հը՛, ի՞նչ կըսես ասոր, Օվի՛կ, հա՜յ գիտի թերես, մա՛րդ եղար, մա՜րդ…
— Ատոր խոսք չի կա, աղա,— կը մլավեր Օվիկը։
Երկրորդ օրն է։ Տոռին դուրս են հանած ծախելու։
Տոռին գնված էր ծախվելե տասն և յոթն օր առաջ։ Բոլորը Գևոյին վրա ծիծաղեցան։
— Ի՞նչ ձի է, որ կառնե։
Բայց ամեն անոնք, որոնք Գևոյի ճամպազական հեղինակության վրա գաղափար ունեին, գլուխնին երերցուցին և ըսին.
— Գևոն սատկածն ալ կրնա ծախել, ոչ թե միայն շնչող ձին։
Տոռին գնված ատենը միայն ոսկոր էր։ Տերը փոխանակ ազատ թողնելու ձին՝ բերած էր հրապարակ իբրև կաշի ծախելու։ Գևոն վճարեց երեք մեճիտե։
Տոռին բերին տուն և պահեցին տասն և յոթն օր մութ ախոռին մեջ, դուռն անգամ զգուշությամբ բանալով և գոցելով, որպեսզի չըլլա թե լույսի շող մը իյնա Տոռի աչքերեն ներս։ Օվիկը խնամեց ուշի֊ուշով, համաձայն իր վարպետին տված հրահանգներուն։
Գևոյի տված հրահանգներեն ամենեն կարևորը այն էր, որ Օվիկը օրական մեկ քանի անգամ պիտի մտներ մութ ախոռը և զանազան ձայներով և հպումներով պիտի ջղայնացներ ձին, որպեսզի լույս աշխարհ բերած օրերնին՝ արդեն կենդանին կատաղած ըլլալու վիճակին հասած ըլլար՝ ցատկելու, անհանգիստ շարժումներ ընելու համար։
Օվիկը հեծած է Տոռիին վրա, հաճախորդները դատապարտյալի պես կանգնած են և կը դիտեն։
Օվիկը մեկ վար, մեկ վեր կերթա ու կուգա սարսափելի աղմուկներով, Գևոն կանգնած է հաճախորդներու միջև և մերթ ընդ մերթ խոսք կը նետե։
— Արաբական ճինս է, ամմա լավ չեն նայած։
Հետո կը կեցնե Օվիկը և ինք կը հեծնե վերջին անգամ ըլլալով հանդիսավորություն տալու Տոռիի քայլքին, որպեսզի հետո կարենա պետք եղածին պես խոսիլ։
— Հե՜յ, հե՜յ, հե՜յ, քեհլա՛ն, քեհլա՛ն, ծախածս քեհլա՜ն է…
Տոռին անհասկանալի ջղային շարժումներ կընե երբ մեկը կա վրան հեծած, բայց երբ կիջնե, հանդարտ կը կանգնի և գլուխը կը կախե։ Արդեն անցավ մութեն դեպի առատ միջօրեի լույսը հանկարծակի դուրս գալու ջղայնությունը։ Բայց Գևոն չի թողուր, որ Տոռին հանդարտ մնա, Օվիկը միշտ վրան է, միշտ դեպի վար և վեր։
— Հե՜յ, հե՜յ, հե՜յ, արապիստան ջեօլլերտեն[9], արապիստան…
Հինգ ոսկիեն Գևոն կիջնա մինչև մեկուկես ոսկիի և հաճախորդներեն մեկը կը համաձայնի գնել։
Օվիկը կիջնե վար, ձին կը հանձնե գնողին և կը բռնե իր վարպետին և գնողին ձեռքերը, կը միացնե իրարու և թոթվելով, հանդիսավոր կերպով կը հայտարարե.
— Տեօնենոն…
Գնողը ձին կառնե և կը հեռանա։
— Օվիկ, լավ քշեցինք, եթե վաղը փյուզյուր[10] մը դուրս չի գա նե։
— Բան մը չըլլիր, աղա, մի վախնար,— կը պատասխանe Օվիկy։
Մյուս օրը փյուզյուրը դուրս կուգա։ Ձին ետ են բերած։
— Իշու պես բան է,— կը հայտարարե Տոռին գնողը,— ականջները թիզ ու կես կը կախե, կը կանգնի։
— Դուք ձին հեծնալ չեք գիտեր, Օվի՛կ,— կը պոռա Գևոն,― մեր փալանը բեր։
Օվիկը մագնիսական, մոգական փալանը կըբերե, կը փոխե գնողի ձիուն վրա անցուցած փալանին հետ։
Գևոն կը հեծնե և նույնհետայն կը սկսին Տոռիի եռանդուն շարժումները։ Կը ցատկե, կը վրնջե, բերան են փրփուրներ դուրս կուտա։ Գևոն կը բերե ետ, կիջնե վար.
— Ես չըսի՞ օր ձի հեծնել չեք գիտեր. պետք է սովրիք, յավրում, սովրի՛ք։
Գնողը գլուխը կախ և խորապես համոզված, որ ձի հեծնել չի գիտեր, ձիուն սանձեն կը բռնե ու կը մեկնի առանց դույզն կասկածն ունենալու միամիտը, որ Գևոյին մոգությունը, մագնիսական ուժը ձին լավ հեծնելու մեջ չէր կայանար, այլ այն սուր գամերուն, որոնք տեղավորված էին Գևոյի փալանի տակը և որոնք կը ծակեին խեղճ անասունի կռնակը, և անասունը կը ցատկեր, անհանգիստ և ջղային շարժումներ կ՚ըներ։
Եվ ճամպազ Գևոն օր մըն ալ ինք չարաչար և աննախնթաց կերպով խաբվեցավ և այդ խաբվիլը ճակատագրական դարձավ իր կյանքին համար։
Ամեն վարպետին վարպետը կա. Գևոյին վարպետը երևան ելավ։
Տիգրանակերտեն ճամպազ Ֆիրիկը Խարբերդ բերած էր ձի մը և հանած էր շուկայի մեծ հրապարակը։
Գևոն գործի վրա է։
— Օվի՛կ եկուր տեսնամ, Ֆիրիկին թեք մը պիտի նետեմ։ Խըրը դուրս հանե։— Եվ իբրև վերջին հրահանգ, ավելցուց.— Աչքին ուշադրություն դարձուր։
Օվիկը պետք էր աչքին ուշադրություն դարձներ՝ Խըրին մեկ աչքը քոռ էր։
Ֆիրիկն ու Գևոն մոտեցան իրարու։
— Ալիդ խոսք չի կա,— սկսավ Գևոն։
Իսկապես Ալը նշանավոր ձի էր, բարձր, աղջկա նման կուրծքով և արսլանի նման վզի բռնվածքով, մեկ ոտքը ճերմակ, իսկ մնացածները կարմիր, ճակատին վրա ալ հավկթաձև փոքրիկ սպիտակ մը, ականջները փոքր, բաշը ջրվեժի նման ծփո՜ւն, խրոխտ, ասպետական և ազնվական ըլլալու բոլոր նշաններով։
— Քու Խըրդ ալ շատ դիմացկուն է,— պատասխանեց Ֆիրիկը։
Երկուքն ալ կարճ կը խոսեին զգուշությամբ, հազար կը չափեին, մեկ կ՚արտասանեին։
Օվիկը զբաղված էր Խըրը դարձնելով աջեն ձախ, ձախեն ալ աջ՝ նայած Ֆիրիկի ըրած շարժումներուն։ Ֆիրիկը Խըրին աջ կողմը չպիտի տեսներ. ահա՛ Օվիկի մտահոգությունը։
Օվիկը իր վերջին գովեստն պիտի ստանար և Գևոյի կողմե պիտի հռչակվեր վարպետ։
Գևոն այնքան միամիտ չէր չմտածելու, որ ինչո՛ւ Ֆիրիկը Ալը կը ծախեր, երբ ամեն կերպով անիկա ազնվական ճինսե ըլլալը հաստատելը դյուրին էր։ Վերջապես Գևոն գտավ, որ Ալին պոչի բռնվածքը լավ չէր, և Ֆիրիկը, սիրահար ըլլալով ամեն կերպով անարատ ձիու, կը ծախեր։
Գևոն երկու ոսկի տվավ Խըրին վրա և Ալին հետ փոխեց։
Ֆիրիկը Խըրը ծախեց Խարբերդի մեջ չորս ոսկիի և մեկնեցավ Տիգրանակերտ։ Ուրեմն Ալը ծախեց վեց ոսկիի։
Ֆիրիկը Օվիկի շարժումներեն հասկացավ, որ Խըրին մեկ աչքը քոռ էր և երբեք այն տեղերը չեղավ։ Գևոն կարծեց, որ Ֆիրիկը ոչինչ չնկատեց։
Վարպետին վարպետը կա։
Ֆիրիկը ավելի վարպետ էր։
Գևոն ինք հեծավ Ալին վրա և բերավ տուն։ Ախոռը մտած ատեն Ալին առջի ոտքը դպավ ախոռի սեմին։ Գևոն մտահոգվեցավ։ Գիշերը ամբողջ մտածեր և եկավ այն եզրակացության, որ «կերևա քի խամ տեղ էր, թեքերլեմիշ եղավ[11]»։
Երկրորդ օրը կեսօրին դուրս հանեց ձին, հեծավ և ուղղվեցավ դեպի քաղաքեն դուրս։
Պատահեցավ առու մը, Ալը ուղիղ գնաց և կոխեց առուին մեջ, փոխանակ հեշտությամբ ցատկելու վրայեն։
Գևոյին սիրտը դող ինկավ։ Անմիջապես ցատկեց ձիեն և, գալով կենդանիին դեմը, ձեռքերու ահաբեկիչ շարժումներ ըրավ անոր աչքերուն առջև, ձին երբեք չցնցվեցավ։ Այն ատեն նշմարեց, որ Ալի աչքերուն մեջ լույսի թրթռումներ չի կային։
Ալը քոռ էր երկու աչքերեն։
Գևոն կոտրվավ։
Հեծավ ձին և ամենայն զգուշությամբ եկավ տուն, որպեսզի չըլլա թե ուրիշը նշմարե՝ ճանապարհին ինքնիրեն մրմնջելով.
— Գևո՛, խաբվար, հարա՛մ ըլլի ճամպազությունդ։
Տուն հասնելուն, ձին քաշեց ներս։ Չէր խոսեր։ Օվիկը մոտեցավ վարպետին, ինքն ալ վարպետ այլևս.
— Աղա՛, ի՞նչ կա քի,— հարցուց Օվիկը։
— Ալը քոռ է երկու աչքերեն, Օվիկ։ Տիարպեքիրցին լավ նետեց մեզի, աղեկ տոլապ էր։
Օվիկը գլուխը ծռեց և չխոսեցավ։
— Օվիկ, ուշանալ չըլլիր, Ալը վաղը պետք է քշենք,— հարեց Գևոն։
— Քշե՛նք,— պատասխանեց Օվիկը։
Երկրորդ օրը ամենայն հեշտությամբ ծախեցին Ալը թուրք սպայի մը։
Անցավ մեկ֊երկու շաբաթ։ Թուրք սպան Ալը ետ բերավ։ Այդ արաբական ազնիվ ձին տասը Օսմանյան ոսկիի ծախելու գաղտնիքը իմացված էր։
Թուրք սպան տասը ոսկին կուզեր։ Աղմուկ, իրարանցում։
Գևոն կը ջանար հաստատել, որ երկու շաբաթ անցած է, երևի գլխուն զարկեր են, իսկ անասնաբույժները հաստատեցին, որ Ալին քոռությունը տարիներու խնդիր էր։
Ալը զարմանալի կուրություն ուներ, աչքերը բաց էին, կանոնավորապես կը թարթեր, բայց լույս չի կար մեջը։ Ճերմակ չէր իջած վրան, ջուր չէր վազեր, մաքուր աչքեր ուներ, բայց չէր տեսներ։
Պախար քոռ էր։
Գևոն ընդդիմացավ և չուզեց տասը ոսկին ետ տալ։
— Աղա,— ըսավ Օվիկը,— տուր օր երթա, նորեն կը ծախենք։
— Չէ՛, չէ՛, Օվիկ, արդեն բոլոր տեղը ձայն գնաց, եթե առանց աղմուկի, սուս֊փուս բերեր ետ տար, կառնեի, մյուս օրն ալ կը ծախեի,— հառաչանքով պատասխանեց Գևոն։
— Ես կը տանիմ Սվազ, կը ծախեմ, կուգամ,— առաջարկեց Օվիկը։
— Ո՞վ մինչև Սվազ սոլուխ պիտի առնե, չեմ տար։
Թուրք սպան այդ օրը գնաց և պատվիրեց, որ մտածե և պատասխան տա իրեն մյուս օրը։
Օվիկը և Գևոյի կինը շատ խնդրեցին իրիկունը, բայց Գևոն չհամոզվեցավ։
Գևոյին օրհասը մոտեցեր էր։
Առավոտուն թուրք սպան եկավ, տասը ոսկին ուզեց, Գևոն վերջնականապես մերժեց։
— Ալ՛ սանա[12],— ըսավ սպան և ատրճանակի մեկ հարվածով գետին փռեց Գևոն իր տան դռան առջև։
Օվիկը փախավ։ Կինը դուրս ցատկեց ներսեն, բռնեց ճակատը, որ արյունը կանգնեցնե, բայց ճամպազ Գևոն չիկար, անիկա մեռեր էր անդարձ։
1921 թ.